Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳՈՎ ՈՒ ՍՐՏՈՎ ՆՎԻՐՎԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԴ



ՀՈԳՈՎ ՈՒ ՍՐՏՈՎ ՆՎԻՐՎԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԴ«ՀՀ ԶՈՒ», «Հայոց  բանակ», «Հայ  զինվոր», «Հայրենիքի  պաշտպան» արտահայտությունները, որ այնքան շատ ու գրեթե  ամեն  օր  լսում ենք, ինձ համար որոշակի իմաստ ու բովանդակություն ստացան, հատկապես հարազատ ու սրտամոտ դարձան, երբ եղբայրս՝  Վլադիմիր  Մուրադյանը, զորակոչվեց  բանակ: Հիմա մեր տանն էլ՝ իմ, մայրիկիս, հայրիկիս բերանում ամենից շատ հենց հայոց բանակին վերաբերող արտահայտություններն են հոլովվում:

Իմ  սիրելի  Վլադ, իմ  փոքր  եղբայր,  արդեն  ութ  ամիս  է, ինչ  դու  ծառայում  ես  հայոց  բանակում: Քեզ  շա՜տ  ու  անսահման  կարոտել  ենք: Կարոտն  ինչ-որ  տեղ  փարատում  է  հպարտությունը: Հպարտ  ենք, որ  պաշտպանում  ես  մեր հայրենիքի  սահմանները: Հպարտ  ենք, որ  չես  քնում  ու  հսկում  ես  բոլորիս  անդորրը: Ուրախ  ու  երջանիկ  ենք, որ  ունենք  քեզ  նման  զինվոր:

Գիտեմ, սիրելի եղբայր, դժվար  է  տնից-տեղից հեռու լինելը, որ դու շատ ես մեզ կարոտում, բայց այդ ամենը ժամանակավոր է: Հոգով  ու  սրտով  ծառայությանը  նվիրվելով՝ ժամանակն ավելի  արագ  ու  աննկատ  կանցնի, իսկ  մենք  այստեղ    կհպարտանանք  քո  հաջողություններով  ու  ձեռքբերումներով:

Երբ  հեռուստատեսությամբ զինվոր ենք տեսնում, բանակային  կյանքին  նվիրված  հաղորդումներ են հեռարձակում, չենք  կարողանում  առանց  հուզվելու դիտել: Երբ  փողոցում  կամ  երթուղայինում  տեսնում  ենք  զինվորական  համազգեստով ինչ-որ  տղայի, անմիջապես  դու  ես  գալիս  մեր  աչքի  առաջ:  Ամեն  օր  ու  ամեն  ժամ  մտքով  զրուցում  ենք  քեզ  հետ, ինքներս մեզ հարցնում՝ տեսնես ի՞նչ  է  անում  հիմա  մեր  զինվորը:

Շարքային  Մուրադյան, հաճելի է քրոջ համար այսպես քեզ դիմելը,  դու  մեր  հպարտությունն  ես, մեր  պարծանքը, մեր  առօրյան: Շատ  եմ  կարոտել  այն  օրերը, երբ  միասին  գնում  էինք  համալսարան, ճանապարհին  զրուցում  էինք  ու  կատակում: Անհամբեր  սպասում  եմ  վերադարձիդ, որ  նորից  միասին  դասի  գնանք:

Ասում  են`   բանակային  երկու  տարիները  ինչ-որ  տեղ  փոխում  են  տղաների  աշխարհայացքը,  մտածելակերպը: Երբ  դու  զորակոչվեցիր  բանակ,  արդեն  ունեիր    հասուն  մտածելակերպ, համոզված  եմ,  որ  վերադառնալու  ես է՛լ ավելի  հասունացած  եւ հավասարակշռված:

Վլադ  ջան,  արդեն դարձար  19  տարեկան:  Պապան, մաման, Տաթեւը, ես, մեր  բոլոր հարազատներն ու բարեկամները, ընկերներդ շնորհավորում ենք քեզ: Բարեմաղթանքների  մեջ  առաջնահերթ  նշում  ենք  բարի եւ  անփորձանք, խաղաղ  ծառայությունը, առողջությունը: Ցանկանում  ենք, որ  բանակային  օրերդ,  կյանքիդ  բոլոր  օրերն  անցնեն բովանդակալից,  ուրախ  ու  երջանիկ, ցանկանում ենք, որ միշտ  շրջապատված  լինես  լավ ընկերներով, խելացի մարդկանցով…

Եղի՛ր  ազգիդ  ու  հայրենիքիդ  արժանի  զավակը:

Սիրում  ենք  քեզ  եւ անհամբեր  ու  կարոտով  սպասում վերադարձիդ:

 

Քույրդ՝  Մայրանուշ

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Բանակ և հասարակություն


30/03/2016