Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՇԳԱՌՆԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԲԱՇԳԱՌՆԵՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Միշտ չէ, որ աշխատասիրությունը, տաղանդն ու բարձր ճաշակը օգտակար են եղել մեզ՝ հայերիս համար։ Այս բարձր հատկանիշների պատճառով հաճախ ենք ենթակա եղել օտարների նախանձին, չարությանը եւ ատելությանը։ Իսկ երբ միջնադարյան հզոր Պարսկաստանի տիրակալ Շահ Աբասը 1603թ. եկավ նվաճելու պետականությունից զրկված Հայաստանը, պարզամիտ հայ ժողովուրդը նրան նվիրեց ոսկեղեն, արծաթեղեն, գորգեր… Հիացած հայ վարպետների տաղանդով` Շահ Աբասը որոշեց դատարկել Հայաստանը, ժողովրդին տանել Պարսկաստան եւ հայերի միջոցով զարգացնել իր երկրի արհեստագործությունը, առեւտուրը, մշակույթը։ Այդպես նա բռնի կերպով հայաթափեց Նախիջեւանը, Արարատյան դաշտավայրը, Շիրակը, Կոտայքը, Սյունիքը, Արցախը… Հայաստանում խիստ նվազեց հայերի թիվը, իսկ ամայացած գյուղերում ու քաղաքներում սկսեցին հայտնվել եկվորները՝ սելջուկ թուրքերը, թաթարները, որոնք մինչեւ այժմ էլ ձգտում են ոչնչացնել կամ սեփականել մեր հողի վրա մեր իսկ ստեղծած մշակույթը։
Բարեբախտաբար, 1827-28թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, ռուս հեռատես դիվանագետ Գրիբոյեդովը հասկացավ, որ տարածաշրջանում, մանավանդ Ռուսաստանի համար, քրիստոնյա ուժեղ Հայաստանի առկայությունը շատ կարեւոր է, եւ կազմակերպեց հայության վերադարձը բուն Հայաստան։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած Մակու քաղաքից եկած մի խումբ հայեր, անցնելով Արարատյան դաշտով, Ազատ գետի հովտով վեր բարձրացան եւ հաստատվեցին Շահ Աբասի ժամանակներից անմարդաբնակ մնացած Գառնի գյուղում։ Այսօր դժվար է ասել` կայի՞ն նրանց մեջ նախկին գառնեցիներ, թե ոչ։ Բայց մի բան հաստատ է։ Մակուից վերադարձած հայերը սիրեցին Գառնին, որովհետեւ այն իր դիրքով, օդ ու ջրով նման էր Մակու քաղաքին։ Այսպես սկսվեց հինգհազարամյա Գառնի գյուղի նոր պատմությունը։ Եվ շատ չանցած, ընդամենը 60-70 տարի անց, գյուղն այնքան հզորացավ, որ սկսեց կոչվել Բաշ Գառնի։ Քսաներորդ դարի սկզբին այն արդեն ազգային-ազատագրական շարժման կենտրոններից մեկն էր դարձել։ Գյուղի տղաները, դեռ պատանեկան տարիքից, հայրենիքի փրկության երդվյալների շարքերն էին համալրում։ Իսկ առաջինն ու առաջնորդը Քաչալ Ղազարն էր, ազատագրական պայքարի ղեկավարների վստահելին ու քաջ խմբապետը։ Նրա գործով ոգեշնչված՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու, հայրենիքն ազատելու պայքարին նվիրվեցին Մարտիրոս Աբրահամյանը, Խնկո Ասատրյանը, գյուղի գրեթե բոլոր երիտասարդները։ Հատկապես մեծ էր Մարտիրոսի հեղինակությունը։ Նա իսկական առաջնորդ էր ու բանիմաց ռազմական գործիչ, Դրոյի սիրելին ու աջ թեւը։ Դրոյի գրեթե բոլոր ճակատամարտերը տեղի են ունեցել Մարտիրոսի մասնակցությամբ։ Հիշարժան է հատկապես 1916-ին ռուսական զորքի եւ հայկական կամավորական չորս գումարտակների ռազմերթը դեպի Արեւմտյան Հայաստան։ Կամավորական երկրորդ գումարտակի հրամանատարը Դրոն էր, իսկ հարյուրապետներից մեկը՝ Մարտիրոսը, որի զինվորներն էլ գերազանցապես գառնեցիներ էին։ Գաղտնիք չէ, որ այդ ռազմերթի նպատակները չարդարացան։ Հասունացող բոլշեւիկյան հեղափոխությունը կանխելու պատրվակով ռուսական ցարը Վանից հետ կանչեց իր զորքը։ Հայկական գումարտակները նույնպես հարկադրված էին վերադառնալ, որովհետեւ ցեղասպանությունից հետո երկիրը զրկվել էր զորքին աջակցող ժողովրդից, չկար նաեւ բավարար քանակությամբ զենք ու զինամթերք։ Հայտնի է, որ այդ արշավանքներին մասնակցում էր նաեւ երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով վերադառնալով գրեց հանրահայտ «Դանթեական առասպել» պոեմը, որի հատվածներից մեկում ներկայացնում է տեղի ունեցած ճակատամարտերից մեկը.
…Կռիվն սկսվեց-անողոք ու գոռ։
Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից
Հարձակվում էին նրանք-բյուրավոր,
Մերթ հետ նահանջում մեր խիստ գրոհից,
Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր-
Ու փախչում էին ու գալիս նորից։
Կասկած չկա, որ խոսքը Մուշ քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտի մասին է, որի ժամանակ զոհվեցին Մարտիրոսի տասներկու զինվորները՝ գառնեցիներ Մուկուչ Բաբայանը, Վիրապ Եղոյանը, Խեչո Մելքոնյանը, Վարդան Եղոյանը, Վասիլ Հակոբյանը, Բարսեղ Ղազարյանը, Ղամբո Կարապետյանը, Թադեւոս Մուրադյանը, Գառնիկ Հարությունյանը, Վարանցով Վարդանյանը, Վիրապ Սարգսյանը եւ Ալեք Ներսիսյանը։ Ճակատամարտից հետո մարտընկերները նրանց թաղում են մեկ եղբայրական գերեզմանոցում։ Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած տարբեր մարտերում զոհվում են նաեւ գառնեցիներ Կարո Ալոյանը, Կարին Հովհաննիսյանը, Կարապետ Խաչատրյանը, Սոլո Իսրայելյանը եւ Ստեփան Մուրադյանը։
Հայրենիքի ազատության համար զոհված այս մարտիկների հիշատակի հավերժացումը տասնամյակներ շարունակ գառնեցիների թաքուն երազանքն է եղել։ Այն իրականություն դարձավ միայն այժմ՝ նրանց զոհվելուց 95 տարի անց։ Հայրենական մեծ պատերազմում զոհված 262 գառնեցիների հուշարձանի կողքին տեղադրվեց բաշգառնեցիների անունը հավերժացնող խաչքար-հուշարձանը։ Հայրենասիրական այդ ձեռնարկն իրականացվեց Համայակ Բաբայանի հովանավորությամբ։
♦♦♦
Մայիսի 29-ին տեղի ունեցած ազատության զինվորների ոգեկոչման արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, պետական, ազգային գործիչներ, երկրապահ կամավորականներ, արվեստագետներ։
Խաչքարի բացման պատիվը տրվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Այնուհետեւ հուշարձան-խաչքարը եւ Մուշի եղբայրական գերեզմանից բերված հողը օրհնեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը։
♦♦♦
…Քսաներորդ դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի նահատակ-նվիրյալների գործն իզուր չի անցել։ Ժառանգելով իրենց նախնիների՝ բաշգառնեցիների հայրենասիրությունը` Արցախյան պատերազմի տարբեր ճակատներում սեփական կյանքի գնով թշնամու առաջխաղացումը կանգնեցրին տասներկու գառնեցիներ։ Նրանք են` Դերենիկ Աբրահամյանը, Պողոս Կարապետյանը, Արտակ Մելքոնյանը, Սամսոն Կյուրեղյանը, Էդիկ Ադամյանը, Արեն Ստեփանյանը, Մեհրաբ Խաչատրյանը, Հայրապետ Հայրապետյանը, Բաղդասար Ալոյանը, Գարիկ Վարդանյանը, Արման Թադեւոսյանը եւ Հակոբ Խուրշուդյանը։ Այս տղաների մարմիններն ամփոփված են Գառնիի պանթեոնում, այնտեղ, որտեղից հարյուր տարի առաջ գառնեցիները հայրենիքի փրկության, ասել է թե, գիտակցված մահվան էին ճանապարհում իրենց որդիներին։ Արտասահմանից վերադարձվել եւ թոռների կողքին են վերահուղարկավորվել նաեւ Քաչալ Ղազարի, Մարտիրոս Աբրահամյանի եւ Խնկո Ասատրյանի մասունքները։ Գառնեցիները չեն կասկածում, որ մի օր շարունակվելու եւ ամբողջանալու է վերջիններիս կիսատ գործը, իրականանալու է Արարատի չորս կողմում ազատ ու անկախ ապրելու` հայ ժողովրդի իրավունքը։
♦♦♦
Խոսելով օրվա խորհրդի մասին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց.
-Սիրելի գառնեցիներ, մարտական ընկերներ, որպես ՀՀ պաշտպանության նախարար, ինձ համար մեծ պատիվ եմ համարում այսօր լինել այստեղ եւ մասնակցել մեծ եւ նվիրական խորհուրդ ունեցող այս իրադարձությանը։ Շնորհակալություն եմ հայտնում Բաբայանների ընտանիքին իրոք այս հայրենանվեր նախաձեռնության համար։ Մենք երախտագիտությամբ ենք հիշում գառնեցիների ցուցաբերած խիզախությունը Մուշի, Ապարանի, Սարդարապատի ճակատամարտերում եւ որպես շարունակություն նշում նրանց մասնակցությունը Շուշիի ազատագրմանը, Մարտակերտի, Մարտունու, Արցախի տարբեր շրջանների պաշտպանությանը։ Դրոյի զինվորների, քաջ գառնեցիների ոգին արտացոլվել է այն 350 երկրապահ կամավորականների մեջ, որոնք պաշտպանում էին Արցախը եւ պատրաստ են ցանկացած պահի համալրել մեր բանակի շարքերը։ Այդ ոգին ուժ է տալիս մեր զավակներին, մեր զինվորներին եւ նրանց մղում նորանոր սխրանքների։
Այնուհետեւ նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգեւատրեց ԵԿՄ անդամներ Արգիշտի Շամիրյանին, Սիրակ Խաչատրյանին եւ Ստեփան Գաբրիելյանին։
Միջոցառման ընթացքում պատմական անդրադարձներով, գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Հայհամերգի» մենակատարները, Գառնիի մարզամշակութային կենտրոնի սաները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ