Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՎԻՐՈՒՄ՝ ԱՀԱ ՍԲ. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԸ
ՆՎԻՐՈՒՄ՝ ԱՀԱ ՍԲ. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԸ

ՆՎԻՐՈՒՄ՝ ԱՀԱ ՍԲ. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԸՎ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաների մասնակցությամբ ինստիտուտի անձնակազմի և Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Սբ. Սարգսի տոնին նվիրված հանդիսություն անցկացվեց նաև Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: Տեր Կարապետ քահանա Կարապետյանի հանդիսապետությամբ մատուցված Ս. Պատարագից անմիջապես հետո, եկեղեցու բակում   ռազմական ինստիտուտից ժամանած 70 կուրսանտներից 14-ը հագան Սուրբ Սարգսի 14 զինվորների  խորհրդանշական պատմուճանները և հանդիսավոր թափորով շրջեցին եկեղեցու բակում հավաքվածների մեջ՝ որպես նվիրումի կենդանի պատգամ հայ  պարմանիներին ու պարմանուհիներին:

Այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հոգևոր սպասավոր Սարգիս սարկավագ Ծատուրյանը և Սբ. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Նորայր Բաղդասարյանը եկեղեցու ներսում՝  խորանի առջև  կանգնած կուրսանտների հետ միասին համայն հայության երիտասարդների օրհնության կարգ անցկացրին:

Օգտվելով առիթից՝ զրուցեցի միջոցառման նախաձեռնողներից մեկի՝ 5-րդ բանակային կորպուսի և կայազորի հոգևոր սպասավոր, պատասխանատու Ենովք քահանա Եսայանի հետ:

– Տոնի գլխավոր խորհուրդն ու պատգամը նվիրումն է: Սուրբ Սարգիսը և նրա որդին՝ Մարտիրոսը, նվիրվեցին, զոհվեցին հանուն ընդհանուր բարօրության: Սա շատ կարևոր է: Այսօր, փառք Աստծո, պարտադիր չէ, որ անպայման մարտիրոսվեն, չնայած  դրա օրինակներն էլ ունենք: Խորհուրդը բուն քրիստոնեական է. Քրիստոս պատգամեց, որ չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր կյանքն է տալիս այլոց համար:

-Մեզանում այս տոնի հետ կապված մի այլ ընկալում էլ կա. այն զուգորդվում է երիտասարդների, բարի բախտի, ամուսնության հետ:

– Այո՛, ինչու չէ:  Այս խորհուրդը, ինչպես Աստվածաշնչյան ցանկացած խորհուրդ, մարդկանց մատուցվում է ամենամատչելի կերպով: Աստվածաշունչն ինքը ամբողջովին պատումների տեսքով է մեզ մատուցվել և մատչելի է հասարակության ամենատարբեր շերտերի, տարբեր տարիքի մարդկանց համար: Օրինակ՝ «աղի բլիթի» ավանդույթը մեր եկեղեցին չի մերժում, քանի որ սա մեր մշակույթի մի մասնիկն է: Սրբերը պարբերաբար նաև մեր աղոթքների հասանելիությունն են ապահովում Աստծո առաջ, մեր բարեխոսներն են, նաև պարբերաբար հայտնվում են մարդկանց: Հին ժամանակներում ամուսնության հետ կապված հարցերը շատ բարդ են եղել: Եվ երիտասարդ աղջիկներն ու տղաները, որոնց  ամուսնական կապին դեմ են կանգնել ծնողները կամ համայնքը, դիմել են Սուրբ Սարգսի  միջնորդությանը և սրտատրոփ սպասել են իրենց երազանքի կատարմանը: Ահա այստեղից է եկել Սուրբ Սարգսին սիրո և ամուսնության հետ կապելու ավանդույթը:

-Ի՞նչ դեր ունեն նման միջոցառումները մեր զինվորների ու զինվորականների կյանքում:

-Միջոցառումներն իրենց հերթին, բայց արդեն 56 հոգևոր սպասավոր ունենք  բանակում, և մեր զորքերում այժմ  հոգևոր կյանքի ընթացքին միայն հեռուստացույցով չեն հետևում: Բանակում պարբերաբար մատուցվող պատարագը, խոստովանությունը նպաստում են, որ այստեղ հաշտ լինեն միմյանց հետ: Եթե զինվորը չի հաշտվել իր ընկերոջ հետ, նրան հաղորդություն չի տրվում: Եվ այսպես մի շարք խնդիրներ են լուծվում: Սա շատ կարևոր համագործակցություն է, մանավանդ՝ միջանձնային հարաբերությունները կարգավորելու, ինքնասպանության, ինքնախեղման դեպքերը կանխելու համար: Կոնկրետ փաստեր կան, որ հոգևոր սպասավորների անհատական աշխատանքի, առանձնազրույցների շնորհիվ զինվորը ետ է կանգնել նման մտքերից,  հասկացել է դրանց մեղսավոր լինելը, գիտակցել, որ կյանքը կարելի է զոհաբերել միայն հանուն Հայրենիքի և այլ վեհ գաղափարների: Սա էլ Սուրբ Սարգսի տոնի գլխավոր խորհուրդն է, նրա պատվիրանը:

-Եվ իհարկե, այս ամենը զինվորներն իրենց զորացրվելուց հետո նաև տանում են հասարակություն:

– Ես պետք է ասեմ, որ զինվորներից շատերը (ինչպես հեռավոր գյուղերից եկած երիտասարդները, այնպես էլ քաղաքաբնակները), անցնելով «բանակի դպրոցը», բոլոր առումներով ավելի կրթված են դառնում: Կան, օրինակ, երիտասարդներ, որոնք  երբևէ չեն առնչվել հոգևորականի կամ հոգեբանի հետ (շատերը, օրինակ, սխալմամբ մտածում են, որ հոգեբանը հոգեբույժն է, հիվանդների հետ գործ ունի): Մեր աշխատանքը նպաստում է այս բոլոր թյուրըմբռնումների վերացմանը, և երիտասարդը ավելի գիտակից, տեղեկացված է վերադառնում իր միջավայրը: