Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐՀՆԱՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ



ՕՐՀՆԱՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆՀունվարի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ զինկոմիսարիատի մոտ մարդաշատ էր. սկսվել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Շրջանի տարբեր բնակավայրերի զորակոչիկները ծնողների, բարեկամների, ընկերների ուղեկցությամբ տեղ էին հասել և ներկայացել զինկոմիսարիատ:  Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ բոլորին էլ բժշկական հանձնաժողովը զննել է, առողջական խնդիրներ չունեն ու պատրաստ են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: Նա կարևորեց այն փաստը, որ համայնքների ղեկավարները բարեխղճորեն օժանդակում են զորակոչը ժամանակին իրականացնելու գործընթացին:

Զորակոչի բաժնում զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը վերջնական տեսքի էր բերում զորակոչիկների փաստաթղթերը, զրուցում նրանց հետ, ճշտումներ անում: Արդեն կա որոշում, համաձայն որի զորակոչիկների ծնողները նույնպես պատասխանում են մի քանի հարցերի՝ իրենց զորակոչիկ որդու հետ կապված որոշակի մանրամասներ հաղորդելով: Բոլոր ծնողներն էլ հաստատեցին, որ բարձր տրամադրությամբ են ուղարկում իրենց զավակներին ծառայության՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու:

Հակ գյուղից է Հայկ Մաղաքի Մանուկյանը, որի հայրը վախճանվել է 2008 թվականին: Կ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ նա կծառայի իրենց բնակավայրին ամենամոտ զորամասում: Հայկի մայրը՝ Աելիտա Սահակյանը, համոզված է, որ որդին կծառայի արժանավայել, կդառնա հայրենիքի իսկական պաշտպան:  Սոնասարի գյուղական համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեխյանը բանակ էր ճամփում իր միակ որդուն՝ Սամսոնին, որը կրում է Արցախյան գոյամարտում զոհված հորեղբոր անունը: Հայրը ցանկացավ, որ որդին նույնպես նվիրումով ծառայի և տուն վերադառնա հայրենիքի իսկական զինվորի պես: Սամսոնն էլ հաստատեց՝ գնում է բանակ՝ գիտակցելով, որ առաջինը պաշտպանում է իր ծնողներին, տատին, քույրերին: Վահան Եփրեմյանն ունի 5 երեխա՝ 3 աղջիկ, 2 տղա, որոնցից այսօր Արթուրն է մեկնում բանակ: Վահանը նշեց, որ որդուն ուղարկում է բարձր տրամադրությամբ՝ հույսով, որ օրինակ կդառնա Վահեի համար: Նշեց նաև, որ արդեն 20 տարի ապրում են Քաշաթաղի Սոնասար գյուղում, որդիներն էլ այնտեղ են ծնվել:

ՕՐՀՆԱՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆՄոշաթաղ համայնքի Հերիկ գյուղից Տիգրան Բակունցը ծնողների 4 որդիներից ավագն է: Ավարտել է Հերիկի հիմնական դպրոցը: Աշխույժ եւ ուրախ երիտասարդը համոզված է, որ բոլոր հայ տղաների նվիրական պարտքն է պաշտպանել երկրի անդորրը: Հովհաննես Հարությունյանը բնակվում է Լեռնահովիտ համայնքում: Երկրորդ որդուն՝ Արթունին է ուղարկում բանակ: Անդրանիկ որդին՝ Սամվելը, այժմ ծառայում է հանրապետության զորամասերից մեկում: Նա ցանկություն հայտնեց, որ եղբայրները ծառայեն միասին: Վարազդատ Հայրապետյանը Բերձորից է, ուսանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Նշեց, որ ինքն ու ընկերները պատվով կկատարեն ծառայությունը և հուսախաբ չեն անի ծնողներին, ընկերներին, հարազատ-բարեկամներին: Վասիլյան Արմենը 2015-ին ավարտել է Վանի միջնակարգ  դպրոցը, ցանկանում է ծառայել որպես տանկիստ, տրամադրությունը բարձր է:

Եվ այս անգամ եւս զորակոչը շրջանում մեկնարկում է մեծ ոգեւորությամբ՝ դհոլ-զուռնայով:

Եկավ հրաժեշտի պահը: Զորակոչիկները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում: Կապիտան Կ. Ալավերդյանը մեկ անգամ ևս հետաքրքրվեց՝ արդյոք ինչ-ինչ կարգի խնդիրներ չկա՞ն: Ապա զինկոմ, մայոր Ստ. Օհանջանյանը բարի ճանապարհ և բարի վերադարձ մաղթեց նորակոչիկներին: Տղաներին ողջունեց ու բարի ծառայություն մաղթեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Զինկոմիսարիատից զորակոչիկները ծնողների, հարազատ-բարեկամների, շրջվարչակազմի և զինկոմիսարիատի աշխատակիցների հետ ուղևորվեցին Բերձորի սբ. Համբարձման եկեղեցի, մոմեր վառեցին՝ հավատով, որ երկու տարի անց նույն ոգևորությամբ տուն են գալու՝ ուրախացնելու իրենց մայրերին:  Լուսանկարվեցին նաև եկեղեցու դիմաց՝ Տիրամոր քանդակի մոտ, այնուհետ հրաժեշտ տվեցին իրենց ուղեկցողներին և զինվորականի հրահանգով տեղավորվեցին ավտոբուսում ու մեկնեցին Ստեփանակերտ:

Հուզված մայրերն օրհնանքով ճանապարհեցին հայրենիքի պահապան որդիներին՝ հույսով ու հավատով՝ Տերը զորավիգ է լինելու նրանց, իսկ նրանք՝ Հայոց երկրին:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Ազգային բանակ


10/02/2016