Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄՆԵՐ



ԱՐՑԱԽՅԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄՆԵՐՆման բան թերևս վաղուց չէր եղել. հունվարի վեցին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ, Էջմիածնի Մայր Տաճարում Ջրօրհնեքի, որ խորհրդանշում է Հիսուսի Մկրտությունը, Խաչի քավորը դարձավ հայոց բանակի բարձրաստիճան սպաներից մեկը: Իսկ հետո այդ օրհնված, սուրբ մյուռոնով օծված սուրբ Խաչը տարվեց սահմանամերձ զորամասեր, դիրքապահ զինվորների մոտ, որպեսզի այս թեժ ու լարված օրերին պահպանի և զորացնի Հայոց բանակի մարտական ոգին:

Այս ամենը հենց այնպես, պատահականորեն տեղի չի ունենում, այլ մեր Տիրոջ Ամենակարող Աջի զորության շնորհիվ, որ հայ ժողովուրդը հիշի հաղթական ոչ վաղ անցյալը և վերստին զորանա, որպեսզի չընկճվենք գալիք դժվարությունների ու փորձությունների առաջ, եւ Տերը մեզ մեր բազկով ու աղոթքով, մեր հաղթանակած սրբերի բարեխոսությամբ հերթական հաղթական հրաշապատումների արժանացնի։

 

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

 

Կինը պատմում էր. «Արցախյան ազատամարտի դժնի տարիներն էին։ Տխուր ու հուսահատ լուրեր էին անընդհատ գալիս ռազմի դաշտից։ Թվում էր, թե այդ պատերազմը վերջ չի ունենալու։

Շուշիի ազատագրումից մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքում պատերազմի հերթական զոհերի հուղարկավորությունն էր. տխուր էր, անչափ տխուր այս ամենը։ Աստված էի կանչում զօր ու գիշեր, որ խնայի մեր ժողովրդին։

Հունիսի վեցի գիշերը մի երազ տեսա, որն անչափ ուրախացրեց ու հուսադրեց ինձ։ Ես մթության մեջ կանգնած էի և թախանձագին Տիրոջն էի կանչում։ Հանկարծ այդ պահին մի փոքր, շա՜տ փոքր՝ ասեղի ծայրի չափ լույս առկայծեց երկնքում և այդ լույսը, իր առանցքի շուրջը պտտվելով-պտտվելով, իմ աչքի առաջ մի հեքիաթային տեսարան բացեց. նախ՝ երևաց եկեղեցու սրածայր գմբեթը, բայց առանց Խաչի, այնուհետև՝ եկեղեցին ամբողջությամբ։ Ամեն ինչ լուսավոր էր, շուրջբոլորը լույսի ամպեր էին։ Բայց անսպասելիորեն այդ ամենը ընկղմվեց խավարի մեջ։ Ես նեղսրտած աղաղակում էի ու Աստծուն կանչում, որ լույս տա։ Ու նորից կրկնվեց նույնը.   ասեղի անցքի չափ լույսը սկսեց պտտվել¬պտտվել, ու կրկին երևաց առանց Խաչի եկեղեցին։ Եկեղեցին ու իր շրջակայքը լուսավորվեցին, սակայն երկինքը խավարի մեջ էր։ Հանկարծ այդ խավարամած երկնքում Խաչի տեսքով մի լույս տեսա, որ սկսեց դանդաղորեն ներքև իջնել, ապա վերափոխվելով ճերմակազգեստ մի երիտասարդ տղամարդու, կանգնեց եկեղեցու գմբեթի վրա, որտեղ սովորաբար Խաչն է լինում։ Այդ տղամարդը գեղեցիկ էր ու շագանակագույն մազերով։ Նա ինձ նայելով՝ ասաց, որ եկել է իմ խնդրանքը կատարելու, քանի որ լսել է իմ աղերսը ու փրկելու է մեր ազգն ու ջահելների կյանքը։ Այդ պահին նոր ըմբռնեցի, որ Հիսուսին եմ տեսնում, և ձեռքերս վեր բարձրացրած՝ վազեցի դեպի Նա։ Հիսուսը կանգնած տեղից Իր ծակված ձեռքերի միջից կայծականման լույս արձակեց, որը իմ աջ ձեռքի ցուցամատով մտավ իմ մեջ, ու ես մի անսովոր ու քաղցր ջերմություն զգացի, որը մինչև սրտիս խորքերը հասավ։ Այդ զգացողությունով էլ ես քնից վեր թռա ու դեռ կիսարթուն վիճակում շարունակում էի տեսնել լույսերի մեջ ողողված եկեղեցու գմբեթն ու վրան՝ մի գեղեցիկ Խաչ։ Այդ սքանչելի երազի մասին ուրախ¬ուրախ պատմեցի ամուսնուս՝ ասելով, որ Հիսուսը եկել էր ազատագրելու հայերին ու փրկելու մեր զոհվող տղաներին։

Հունիսի 7-ի առավոտյան՝  Խաչվերացի տոնին հայտարարեցին Շուշիի ազատագրման մասին։ Բոլորս ցնծում էինք, բայց քչերը գիտեին, որ այդ հաղթանակը Աստվածատուր էր՝ ի վերուստ շնորհված Հիսուս Քրիստոսի կողմից»։

 

ԴԵՊՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

Պատմում է ընկերոջս որդին. «2003 թվականն էր։ Զորակոչվեցի սահմանամերձ զորամաս։ Տեղանքը ադրբեջանցիների դեմ դիմաց էր, այդ պատճառով միշտ խրամատներում էինք լինում, որովհետև թշնամու դիպուկահարները ուշիուշով «որս» էին փնտրում։ Ես բարեպաշտ ծնողներիցս սովորել էի աղոթել ու միշտ առիթ էի փնտրում առանձնանալու՝ աղոթելու իմ ընկերների ու իմ անփորձանք ծառայության համար։

Մի անգամ մեր դիտորդ տղաներից մեկը տագնապ հնչեցրեց, որ իր առջեւ ադրբեջանցիների է տեսնում։ Ես արդեն խմբի ավագ էի նշանակվել եւ իսկույն հեռադիտակը ձեռքս առնելով՝ մի հարմար տեղից նայեցի հակառակորդի դիրքերի ուղղությամբ. ոչ ոք չկար, ամեն բան խաղաղ էր։ Ու այդ պահին, չգիտեմ ինչու, որոշեցի խրամատից դուրս գալ ու ավելի բարձր տեղից զննել տեղանքը։ Երբ ամբողջ հասակով կանգնած էի խրամատի եզրին, հանկարծ որտեղից որտեղ ինձ «որսաց» նրանց դիպուկահարն ու կրակեց։ Դա վայրկենական կատարվեց. աճուկիս շրջանում սուր ծակոց զգացի։ Շտապ ինձ խրամատից ներս գցեցի, որ ուրիշներն էլ իմ  հետևից գալով՝ չվիրավորվեն։ Մի քանի քայլ անելուց հետո զգացի՝ անդրավարտիքս տաքացավ ու թրջվեց, կարծես տակս միզած լինեի. հասկացա, որ տաք արյունս է դուրս հորդում։ Գոռացի տղաներին. «Խփեցի՛ն ինձ, վիրավոր եմ»։ Իսկույն մի վիրակապ դրեցին ու հոսպիտալ տարան։

Դրանից մի քանի օր առաջ երազ էի տեսել. մեծ տատս (տատիս մայրը) եկավ ու ասաց. «Արի գնանք հետս, այստեղ շատ լավ է»։ Տատս, որ դեռ ողջ էր, նրան հանդիմանեց. «Էս տղի հետ ի՞նչ գործ ունես, դեռ ջահել է, թող գնա ապրի», ու ձեռքիցս քաշեց, չթողեց գնամ։ Այդ հիշեցի հոսպիտալում, երբ վիրաբույժները փամփուշտի վերքն էին զննում ու զարմացած գլուխները օրորում։ Հետո նրանցից փորձառու ու տարեց բժիշկներից մեկն ասաց. «Այսքան վերքեր եմ տեսել, բայց նման դեպքի առաջին անգամ էի հանդիպում, որ փամփուշտը մտնի ու դուրս գա՝ ոչ մի կենսական օրգան չվնասելով: Երևում էր՝ կրակողը կինարմատ է եղել և ուզեցել է մի կրակոցով էս մեր տղին կնիկ սարքել, բայց չի հաջողել»։

Դեպքը պատահել էր Սուրբ Զատկի Ճրագալույցին, երբ հայրս գնացել էր եկեղեցի ու պատարագին մասնակցելուց հետո մոմեր էր հետը բերել տուն ու մեկն էլ իմ փոխարեն վառել»։

 

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

 

Այս վկայությունը արել է ծանոթներիցս մեկը: Նրա քսանամյա որդին Արցախյան պատերազմի ժամանակ ականազերծող է եղել.

«Չեմ ուզում ոչինչ ավելացնել, քանզի իր անձնազոհ արարքով իմ որդին ցույց է տվել, թե ինչ ազնիվ հոգի է ունեցել և  հայի ինչպիսի տեսակ:

Մի անգամ, ադրբեջանցիներից ազատագրված մի գյուղի մոտով անցնելիս, Վալիկոն տեսնում է քարե ցածրիկ պարսպից այն կողմ այգու հասած ու գեղեցիկ նռները: Սիրտը քաշում է, տղերքին ասում է. «Դուք մինչև խրամատները հասնեք, ես կգամ: Էս նռները ինձ աչքով են անում: Գնամ ծոցս լցնեմ ու գամ»: Ոչինչ չկասկածելով՝ տղաները ոտ-ոտ առաջ են անցնում ու շուտով պահվում բլրի հետևը: Մագլցելով պարսպից այն կողմ՝ Վալիկոն սկսում է նռները քաղել ու ծոցը լցնել: Երբ արդեն ցանկացել է դուրս գալ այգուց, հանկարծ երեք ավտոմատավոր ադրբեջանցիներ դեմն են ցցվել՝ զենքերը նրան ուղղած: Վալիկոս, որ լավ գիտեր վախկոտ ադրբեջանցիներին, առանց մի րոպե իսկ շփոթվելու և երկյուղի նշույլ ցույց տալու, անսպասելի աջ ձեռքը խոթել է ծոցը, մի նուռ է առել բուռն ու հատ-հատ ռուսերենով, որ նրանց հասկանալի լինի, ասել. «Ռեբյատա, ու մենյա զա պազուխոյ պալնո գրանատ, եսլի վաշա ժիզն դարագա վամ, շագայտե դալշե, կուդա իդյոտե», այսինքն՝ ծոցումս լիքը գրանատ կա, եթե ձեր կյանքը թանկ է ձեզ, քայլեք ուր որ գնում եք: Թշնամու զինվորները մի պահ սառել են այդ անսպասելի շրջադարձից ու իրար երեսի նայելով, ավտոմատները իջեցրել են ի նշան համաձայնության և արագ-արագ հեռացել: Վալիկոս իրեն համարել է Աստծո հրաշքով փրկված: Հետո տղաներին հյուրասիրելիս ասել է. «Զգո՛ւյշ, տղերք, նռները չպայթեն, որովհետև քիչ առաջ ադրբեջանցիները հարյուր տոկոսով հավատացին, թե ծոցումս լիքը պայթուցիկ գրանատ կա»:  Հետո Վալիկոս իր իմացած մի սաղմոսից այս տողերն է ասել. «Բարձրյալին քեզ ապավեն արեցիր, չարիքը քեզ չի պատահի…,- ապա ավելացրել: -Ու ճշմարությունը քեզ կզրահապատի..»: Եվ բացատրել է տղաներին. «Տղերք, հասկացա՞ք, ես ադրբեջանցիներին ճշմարտությունը ասացի՝ ծոցումս գրանատ կա, իսկ նրանք պայթուցիկ ռումբ հասկացան, որովհետև ռուսերեն լեզվով գրանատն ու ռումբը նույն խոսքերով են գրվում, ու չարիքը ինձ չպատահեց: Քանի որ Աստված Իր խոսքի Տերն է:

 

Հավաքեց   Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1122) 28.01.2016 - 03.02.2016, Հոգևոր-մշակութային


10/02/2016