Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՆՇԱՁՈՂԸ



Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ

-Պարոն փոխնախարար, մեր հասարակության մեջ պաշտոնները խիստ անձնավորված են։ Պետական կառույցի աշխատանքը ուղղակիորեն պայմանավորվում է դրա ղեկավարի գործունեությամբ ու բարոյական նկարագրով, ղեկավարի անվան հետ են կապվում ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները, ե՛ւ ձեռքբերումները, ե՛ւ ձախողումները։ Այս երեւույթը բնորոշ է նորակերտ պետություններին։ Երբ Դուք նշանակվեցիք պաշտպանության նախարարի տեղակալ, առաջին միտքը, որ ծագեց մարդկանց գլխում, այն էր՝ ո՞վ է Դավիթ Տոնոյանը, ի՞նչ կենսագրություն ունի, ինչպիսի՞ անձնավորություն է, ի՞նչ է արել մինչ օրս երկրի եւ բանակի համար։ Եթե խնդրեմ ինքներդ Ձեզ ներկայացնել ժողովրդին, որքան թույլ է տալիս այս զրույցը՝ ճանաչելի դառնալ հասարակությանը, ի՞նչ կպատմեք Ձեր մասին։
-Իմ ընտանիքի բարոյական ընկալումների եւ հպարտության առանցքը Գրիգոր պապս էր ու նրա եղբայրը՝ Խաչիկ Դաշտենցը։ Մանկության ու պատանեկության տարիներին, հորս միջնորդությամբ, այս երկու մարդկանց կերպարները ահռելի ազդեցություն են ունեցել իմ ներաշխարհի ու մտածելակերպի վրա։ Հորս շեշտադրումները յուրահատուկ էին։ Հայրենասիրական թրթիռներից զատ նա նշում էր, որ իր հայրն ու հորեղբայրը, եղեռնի ժամանակ կորցնելով բոլոր ազգականներին ու հայտնվելով ամերիկյան որբատանը, տոկացել են, միայնակ ու ազնվորեն ճանապարհ են հարթել իրենց համար, բարձրագույն կրթություն են ստացել, աշխատել են, ի վերջո ձեռք են բերել վաստակ, կշիռ, հեղինակություն։ Ոչինչ չի կոտրել նրանց, չի շեղել դժվար, բայց շիտակ ուղուց։ Գրիգոր պապս ղեկավարել է գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսումնական բաժինը, հետո աքսորվել է՝ որպես ժողովրդի թշնամի։ Աննա տատս ամուսնու բացակայության ժամանակ ոչ միայն իր երեխաներին է պահել, մեծացրել, դաստիարակել, այլեւ, որպես մանկատան տնօրեն, խնամել է բազմաթիվ որբերի։ Մեր ընտանիքի ամենավառ հատկանիշը բարոյական սկզբունքների գերակայությունն էր։
-Մանկության եւ պատանեկության տարիներին ո՞վ էր ներում Ձեր «շեղումները» բարոյական սկզբունքներից, ո՞վ էր երես տալիս Ձեզ։
-Ինձ ոչ ոք երես չէր տալիս։ Ես գիտեի, որ յուրաքանչյուր վրիպում, սխալ պատժվելու է արդարամտորեն։ Ինձ սովորեցրել էին հասկանալ, որ պատիժն արդար է։ Դա շատ կարեւոր էր, որովհետեւ պատժվելու ժամանակ քեզ ոտնահարված չես զգում։ Իմ կյանքի ամենամեծ հեղինակությունը եղել է հայրս։ Նա արդար ու առինքնող կերպար էր։ Հայրս երկրաբան էր՝ որոնող, հայտնագործող, պեղող, մոտ բնությանը, տարերքին։ Նա հանդուգն եւ խիզախ տեսակ էր, իր երազանքի հետեւից գնացող, ռիսկի մարդ, հեռու «ասֆալտի» նյութապաշտությունից, շահախնդրությունից, մանրությունից։ Լեռներում էր աշխատում, երբեմն՝ հայրենիքից հեռու… Հայրս մաքսիմալիստ էր բոլոր հարաբերություններում՝ սիրելիս, երազելիս, նվիրվելիս, խիզախելիս…
-Իսկ Դո՞ւք, Դուք էլ ե՞ք մաքսիմալիստ՝ սիրելիս, երազելիս, նվիրվելիս, խիզախելիս…
-Ես շատ էի սիրում հորս կերպարը, ես նման էի նրան եւ ուզում էի նմանվել։ Երազում էի երկրաբան դառնալ։ Երբ ավարտեցի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետը, իմ աշխատանքային փուլը համընկավ խորհրդային երկրի փլուզման սկզբնական շրջանի հետ, որը խիստ սահմանափակեց մասնագիտությամբ աշխատելով ինքնարտահայտվելու եւ կայանալու հնարավորությունս։
-Ու Դուք փորձեցիք Ձեզ «ռեալիզացնել» ներքին գործերի նախարարության 6-րդ (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) վարչությունում։
-Այդպես էլ կա։ Ես պետական համալսարանի երկրորդ կուրսից զորակոչվեցի խորհրդային բանակ։ Ծառայության տարիները մեծ ազդեցություն ունեցան իմ հետագա մասնագիտական կողմնորոշման վրա։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էի եւ, որպես տղամարդ, կայանալու խնդիր ունեի։ Ուժային կառույցում կայանալը երիտասարդ տղամարդու համար վատ տարբերակ չէր։ Դա ծանր, վտանգավոր, ուժ եւ կամային որակներ, հնարամտություն ու համարձակություն պահանջող գործ էր, որը ինձ օպերատիվ աշխատանքի մեծ փորձառություն տվեց։ Հետո ես այդ փորձը օգտագործեցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, ապա ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին։ Որպես օպերատիվ աշխատող՝ ես շատ եմ սովորել Վահրամ Խորխոռունուց։ Նրա կերպարը երբեմն միանշանակ չէր ընկալվում հասարակության կողմից, բայց մի բան հաստատ է՝ նա հմուտ պրոֆեսիոնալ էր։ Օպերատիվ աշխատանքի փորձը ինձ օգնեց հետագայում՝ ռազմադիվանագիտական գործունեության մեջ։
-Իսկ ես ցանկանում էի հարցնել՝ շատ կտրուկ ու անտրամաբանական անցում չէ՞ր. ռազմական ոստիկանից, օպերատիվ աշխատողից դիվանագիտական գործունեության։
-Անկեղծ ասած, այդ անցումը իմ նախաձեռնությամբ չէր, բայց իմ սրտով էր։ Ղեկավարությունը որոշեց, որ հենց ես պիտի գնամ ուսանելու ռազմադիվանագիտական ակադեմիայում։ Բնականաբար, այդ որոշումը պատահական չէր։ Ես մոտ տասը տարի ներկայացրել եմ Հայաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ում, հետո ղեկավարել եմ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչությունը։
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության ղեկավարման համակարգը ուժեղացրեց միանգամից երկու փոխնախարարի նշանակմամբ (Դուք եւ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը)։ Դա հաջորդեց մի քանի աղմկահարույց հանցագործությունների, որոնք կատարվեցին զորքերում։ Վլադիմիր Գասպարյանի նշանակումը առաջին հայացքից էլ հասկանալի էր՝ նա կտրուկ քայլերի, վճռական գործողությունների, այսպես ասած, «ուժային մոտեցումների» ջատագով է։ Ի՞նչ խնդիր էր լուծելու Ձեր նշանակումը տվյալ իրավիճակում։
-Իմ նշանակումը, ըստ իս, կապված չէր իրավիճակային խնդիրների լուծման հետ։ ՀՀ նախագահի կողմից պաշտպանության նախարարության առջեւ դրվեցին նոր պահանջներ՝ կապված աշխատանքի կազմակերպման, կառավարման եւ այդ աշխատանքը ներկայացնելու մեթոդների հետ։ Սահմանադրական դրույթը՝ զինված ուժերի գործունեությունը կազմակերպել քաղաքացիական վերահսկողության ներքո, թելադրում էր աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ ու սկզբունքներ։ Իմ գիտելիքներն ու փորձառությունը թույլ էին տալիս մասնակցելու եւ որոշակի ավանդ ունենալու նոր ժամանակների ոգուն ու պահանջներին հարիր փոփոխությունների ձեւավորմանը։ Օրինաչափորեն ավարտվում է բանակաշինության այն փուլը, երբ պաշտպանության նախարարությունը պետական կառավարման համակարգում սոսկ զինված ուժերի ղեկավարման մարմին է, իսկ ներքին դաշտում գերակայում է սոցիալական գործոնը։ Այսօր խնդիր է դրված պաշտպանության նախարարությունը դարձնել պաշտպանական քաղաքականություն իրականացնող մարմին, որին զուգահեռ կբարեփոխվի ե՛ւ անձնակազմի կառավարման քաղաքականությունը, ե՛ւ տեղեկատվական աշխատանքի կազմակերպումը։ Իսկ բանակ-հասարակություն կապը կկազմակերպվի առավել քաղաքակիրթ եւ ժամանակակից մեթոդներով։
-Խոսքը որակական փոփոխությունների մեկնարկի մասի՞ն է։
-Այո՛, խոսքը օպտիմալացման մասին է՝ ավելի քիչ ռեսուրսով՝ ավելի ծավալուն եւ որակյալ աշխատանք։
-Վերջին շրջանում բանակը ավելի հաճախ էր դառնում հանրային քննարկման թեմա։ Կա տպավորություն, որ բանակում կատարված հանցագործությունները ավելացել են։ Մի տեսակ, լարվածություն կա, անհանգստություն…
-Դա ընդամենը տպավորություն էր։ Ժամանակին ձեւավորվել էր բանակի մասին բացասական կարծիք չհայտնելու մտայնություն, խոր հոգեբանական արգելք՝ կապված Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած եւ զինադադարի պայմաններում կյանքը վտանգելով սահմանը անառիկ պահող զինվորականների մասին բացասական կարծիք հայտնելու հետ։ Որոշակի ժամանակահատվածում այդ երեւույթը օրինաչափ էր եւ արդարացված, սակայն եկավ մի պահ՝ բանակի զարգացման եւ կատարելագործման մի շրջան, երբ նման դիրքորոշումը խոչընդոտում էր բանակի առաջընթացը, եւ բանակը ժողովրդի առաջ բացելու հասարակական պահանջ առաջացավ։
Մյուս կողմից՝ վերջին տարիների պատերազմները (Բոսնիա-Հերցոգովինա, Կոսովո, Վրաստան, Աֆղանստան, Իրաք, Լիբիա) ժողովրդին ստիպում են ավելի նախանձախնդիր լինել սեփական բանակի մարտունակության հանդեպ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքներն ամրապնդելու անհրաժեշտությունից։ Եթե դրան հավելենք տեղեկատվական հոսքերը, որոնք հնարավորություն են տալիս հայ հասարակությանը ծանոթանալ զարգացած երկրների բանակների մակարդակին եւ ունենալ համեմատելու եզրեր, ապա կհասկանանք, թե ինչու է բանակը հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում, եւ ինչու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսօր անհանդուրժող այն բացթողումների հանդեպ, որոնց մի քանի տարի առաջ գուցեեւ մեծ ուշադրություն չէին դարձնում։ Ասեմ, որ այս մտայնությունը շահավետ է երկուստեք։ Հասարակական հսկողությունը ստիպում է բոլորիս ավելի լավ աշխատել, ավելի շրջահայաց ու զգոն լինել։ Հասարակությունը բարձրացրել է նշաձողը, եւ մենք չենք կարող հաշվի չնստել այս իրողության հետ։
-Պարոն Տոնոյան, եկեք խոսենք մի նշանակման մասին եւս. փոխվեց զինվորական դատախազը։ Այսինքն՝ զինվորական դատախազության աշխատանքը բարեփոխելու խնդիր դրվեց։ Ի՞նչն էր թերի, որո՞նք էին զինվորական իրավապահ համակարգի խոցելի կողմերը։
-Զինվորական դատախազության ղեկավարումն ստանձնեց մի պաշտոնյա, որը մինչ այդ չէր աշխատել դատախազական համակարգում եւ որոշակի դերակատարում էր ունեցել իրավապաշտպանության ոլորտում։
-Մի մարդ, որը հայտնի է իր անաչառությամբ, սկզբունքային դիրքորոշումներով եւ անբասիր կենսագրությամբ։ Ես զրուցել եմ նրա ուսանողների հետ եւ միայն դրական կարծիք եմ լսել։
-Այն, որ զինվորական իրավապահ համակարգը իր օրինապահության մակարդակը բարձրացնելու խնդիր ունի, անկասկած է, բայց կա նաեւ մեկ այլ շեշտադրում՝ զինդատախազության աշխատանքը դիտարկել ոչ միայն կատարված հանցագործություններին իրավական գնահատական տալու, այլ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւս։ Սա նույնպես հասարակական պահանջարկի արդյունք է։ Այսօր զարգացած երկրների բանակներում զինծառայողների իրավունքները գնահատող միջազգային չափանիշները հստակ են, ու դրանք ճանաչելի են նաեւ մեր հասարակության շրջանում։
-Բանակը ինքնամաքրման կարիք ունի։ Բանակում (ե՛ւ վարչական ապարատում, ե՛ւ զորքերում) կան ցածր արդյունավետությամբ աշխատող կադրեր։ Փոփոխություններ սպասվո՞ւմ են կադրային քաղաքականության մեջ։
-Այսպես ասած՝ կադրային ջարդ չի լինելու։ Որակական փոփոխությունների ընթացքը կկազմակերպվի սահուն եւ անցնցում։
-Ինչպես հասկացա՝ տեւական։
-Այո՛, տեւական։ Մենք փորձում ենք ձեւավորել մի համակարգ (անխոցելի եւ հնարավորինս արդար), որը ինքնաբերաբար կվանի անմրցունակ կադրերին։ Օրինակ՝ քաղաքացիական հատուկ ծառայության համակարգ ներդնելով՝ մենք առաջ քաշեցինք աշխատանքային անձնագրի գաղափարը, որը հստակեցնում է յուրաքանչյուր աշխատակցի ֆունկցիոնալ պարտականությունները, նրան առաջադրված պահանջները։
-Այստեղ դեմ ենք առնելու հովանավորչության խնդրին՝ ո՞վ եւ ինչպե՞ս է երաշխավորելու արդար մրցակցության սկզբունքը։
-Դուք զրույցի սկզբում նշեցիք, որ մեր հասարակության մեջ պաշտոններն անձնավորվում են, եւ պետական կառույցի աշխատանքը պայմանավորվում է դրա ղեկավարի մարդկային հատկանիշներով եւ ունակություններով։ Մենք պիտի ձեւավորենք այնպիսի համակարգ, որտեղ սուբյեկտիվիզմի գործոնը կմղվի հետին պլան, եւ համակարգը ինքը կթելադրի գործելաոճ եւ սկզբունքներ։ Պրոտեկցիոնիզմը բնորոշ է բոլոր երկրներին՝ տարբեր չափի դրսեւորումներով։ Այն նվազեցնելու միակ ճանապարհը բիզնես-աշխատաոճի եւ բիզնես-հոգեբանության ներդրումն է համակարգում։ Հասարակությունն այսօր պահանջում է, որ իր վճարած հարկերի հաշվին ձեւավորված բյուջեն իրացնող կառույցը աշխատի առավելագույն արդյունավետությամբ։ Կառույցի ղեկավարներին ներկայացված են հստակ պահանջներ։ Ղեկավարը այդ պահանջները չի կարող բավարարել թույլ կադրերով եւ կձախողվի։ Պարզապես պիտի ղեկավարն այլընտրանք չունենա, պիտի ստիպված լինի տեղ տալ պրոֆեսիոնալներին, ունակներին, աշխատասերներին։ Պրոտեկցիոնիզմը պիտի դրսեւորվի գոնե երկու լավ կադրերի մրցակցության ժամանակ, ոչ թե լավի եւ վատի։
-Պարոն փոխնախարար, Ձեր նշած հեռանկարը իրագործման ի՞նչ ժամկետներ է ենթադրում։
-Գործընթացն սկսված է։ Ուզում եմ նշել, որ պաշտպանության նախարարի գլխավորությամբ՝ գաղափարակիր մարդկանց մի մեծ խումբ վճռականորեն է տրամադրված եւ աշխատում է ուժերի գերլարումով։
-Ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների ու նախահարձակ կոչերի ֆոնին Սեյրան Օհանյանի հավասարակշիռ, զուսպ, խաղաղ կերպարը երբեմն տարակարծության տեղիք է տալիս։ Մեր նախարարի հանգստությունը մի կողմից վստահություն է ներշնչում, մյուս կողմից՝ մարդիկ ցանկանում են լսել հակառակորդին ուղղված համահունչ սպառնալիք, ադեկվատ պատասխան։
-Սեյրան Օհանյանն ունի մասնագիտական զինվորական կրթություն եւ Արցախյան պատերազմի ամենավառ դեմքերից է։ Նա երկար տարիներ ղեկավարել է պատերազմը չավարտած (զինադադարի մեջ գտնվող) երկրի՝ Արցախի բանակը։ Ի պատիվ իրեն` Սեյրան Օհանյանը ուժ գտավ ազատվելու պատերազմի զորականի ռազմաշունչ կերպարից ու դարձավ քաղաքակիրթ երկրի բանակի ղեկավար՝ պետական գործիչ։ Մենք հաղթած երկիր ենք։ Ինչպես ասում է մեր երկրի նախագահը` մենք հակառակորդին պարտադրեցինք խաղաղություն: Եվ այսօր ռեւանշիստական կոչերի ու հոխորտալու կարիք չունենք, ի տարբերություն Ադրբեջանի։ Ուժեղն ավելի քիչ է ցուցադրում իր ուժը։ Սեյրան Օհանյանն ունի ճգնաժամային կառավարման մեծ փորձ եւ ունակություն, իսկ այսօր նա հեռահար խնդիրներ է լուծում. մեր անվտանգության երաշխիքները պիտի շատ ամուր լինեն այսօր եւ, մանավանդ, ապագայում։
-Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի ռազմաշունչ կոչերը միայն արտաքին սպառման համար չեն, ըստ իս։ Ադրբեջանի ղեկավարները սեփական ժողովրդին հոգեբանորեն պատրաստում են պատերազմի, բարձրացնում են ոգին, ներշնչում հավատ սեփական ուժերի հանդեպ։
-Ես այդ կարծիքին չեմ։ Ի՞նչ է նշանակում ժողովրդին նախապատրաստել պատերազմի… Նրան դարձնել ավելի քա՞ջ, հայրենասե՞ր, ինքնազո՞հ, պատվախնդի՞ր, ոգեղե՞ն։ Ստիպել, որ նա Արցախն իր հայրենիքը համարի եւ կյանքը տա այդ հողի համար… Ինչպե՞ս։ Ռազմակոչերով կարելի՞ է այս ամենը «նախապատրաստել»։ Պատերազմին պատրաստ լինել-չլինելու, պատերազմը շահել-պարտվելու խնդիրը ժողովրդի պատմության, անցած ճանապարհի, հոգեկերտվածքի մեջ է։ Այն մի քանի տարում, մի քանի տասնամյակում չես փոխի։ Արցախյան պատերազմի ելքը դրա վառ օրինակն է. ո՞վ էր ավելի լավ նախապատրաստված, եւ ո՞վ հաղթեց։ Իմ կարծիքով, պաշտոնական Բաքվի հիստերիան ավելի շատ արտաքին սպառման համար է։ Մեզ համար։ Սակայն այստեղ էլ հաշվարկները ճիշտ չեն։ Օրինակ, երբ վերջին շրջանում ադրբեջանական դիպուկահարներն աշխուժացան, մեր ժողովրդի առաջին արձագանքը համապատասխան եւ ավելի ուժեղ հարված տալու պահանջն էր։ Այսինքն՝ մենք ոչ թե վախեցանք, ինչպես ենթադրում էին Ադրբեջանում, այլ ավելի հավաք ու վճռական դարձանք։
-Մենք կատարեցի՞նք ադրբեջանցի դիպուկահարների գործողություններին ուժեղ հարվածով պատասխանելու հասարակական պահանջը։
-Բավարարեցինք։ Մենք ցույց տվեցինք, որ այսուհետ թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն շատ խիստ ենք պատժելու, մեր «ադեկվատ» պատասխանը անհամեմատ ծանր է լինելու։
-Պարոն Տոնոյան, Դուք ասում եք, որ մենք պատրաստ ենք պատերազմի եւ փաստարկում եք մեր հոգեկերտվածքը՝ քաջությունը, հայրենասիրությունը, անձնազոհությունը։ Կցանկանայի, որ խոսենք ավելի պրագմատիկ ու շոշափելի երաշխիքներից։
-Մեր վերջին 17 տարիների (խաղաղ բանակաշինության) աշխատանքը ուղղված է եղել հենց այդ երաշխիքների ձեւավորմանը։ Այսօրվա բարեփոխումները նույնպես միտված են այդ երաշխիքների ամրապնդմանը։ Երաշխիքը մեր բանակի մարտունակությունն է, մեր սպայի ու զինվորի արհեստավարժությունն ու ոգին։ Երաշխիքը մեր սպառազինության որակն է՝ ի տարբերություն Ադրբեջանի անտրամաբանական ու անհասկանալի քանակի։ Երաշխիքը մեր դիրքային առավելությունն է, առաջնագծում մեր կատարած ահռելի աշխատանքը, մեր ամրաշինական կառույցների հուսալիությունը։ Ասեմ ավելին. եթե Ադրբեջանը հանդգնի պատերազմ սանձազերծել, ես աշխատանքի իմ բաժինը, իմ արդյունքը կհամարեմ զրոյական ու ձախողված, որովհետեւ, ի վերջո, մեր նպատակը հզոր պաշտպանական համակարգ ստեղծելն է, ինչը կզսպի թշնամուն՝ չթողնելով ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծելու ոչ մի հավակնություն։ Այդուամենայնիվ, ես դարձյալ պիտի խոսեմ հոգեբանական գործոնի մասին. չնայած բոլոր վայրիվերումներին, մենք ունենք կոնսոլիդացված եւ մոնոլիտ հասարակություն։ Կենտրոնաձիգ հասարակություն՝ համախմբված ազգային-գաղափարական առանցքի շուրջ։ Վերջին 20 տարվա ընթացքում երիտասարդ տղամարդկանց մի մեծ զանգված անցել է խրամատով։ Ժողովուրդը կասեր՝ նրանց վախը վաղուց չափված է, ու դատարկ սպառնալիքներով նրանց չես վախեցնի։ Այսօր շատ ուժեղ երիտասարդ սերունդ է բարձրանում։ Եթե համեմատենք այլ երկրների հետ (ցանկացած երկրի), որակական առումով մենք շահեկանորեն առաջատար ենք։ Եթե նկատել եք, վերջին շրջանում ակտիվացել է բանակի ղեկավարության շփումը երիտասարդության հետ, մենք փորձում ենք ավելի մոտ լինել բանակի հիմնական ռեսուրսին, նրան կանչել անկեղծ երկխոսության, բացատրել, թե ինչ ենք անում մենք, ինչ ենք ակնկալում իրենից, հասկանալ նրա ցանկություններն ու նկրտումները։
-Ինչո՞ւ է ժողովուրդն այդքան ցավոտ տանում բանակի թերությունները։
-Հայեցողական ընկալմամբ՝ այն պատճառով, որ բանակում իր զավակն է, եւ հասարակության պահանջարկը բանակից առաջին հերթին առնչվում է զինվորի ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական պաշտպանվածության խնդիրներին։ Իրականում ժողովուրդը պահանջում է հայրենիքի անվտանգության ավելի ամուր երաշխիքներ, ու կենտրոնում բանակի մարտունակության խնդիրն է՝ որպես Հայաստանի սահմանների պաշտպանության առաջին երաշխիք։
-Ի՞նչ կասեք երկրի արտաքին անվտանգության միջազգային երաշխիքների մասին։ Արդյոք արտաքին քաղաքականությունն արե՞լ է հնարավորը՝ լավագույնս օգտագործելու ռազմաքաղաքական դիվանագիտության առկա ռեսուրսները։ Արտաքին կապերի ոլորտում նոր կողմնորոշումներ կամ ընդլայնումներ չե՞ն սպասվում։
-Արտաքին կապերն ուրվագծված են, կողմնորոշումները՝ նույնպես։ Ունենք դրանք օպտիմալացնելու խնդիր։ Ռուսաստանի Դաշնության՝ մեր ռազմավարական եւ ավանդական դաշնակցի հետ արդյունավետ գործընկերությունը էլ ավելի ենք ընդլայնելու։ Մենք միշտ ունեցել ենք ընտրության հնարավորություն եւ ընտրել ենք, ինչը մեզ ավելի համարձակ ու ճկուն քաղաքականություն վարելու հնարավորություն է ընձեռում։ Մենք աշխարհաքաղաքական տեսանկյունից ճիշտ հորիզոնականի վրա ենք այսօր։ Ունենք անհրաժեշտ կապեր բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իրանի, ե՛ւ Չինաստանի, ինչը հուսալի երաշխիք է` զսպելու Ադրբեջանի արկածախնդիր նկրտումները։
-Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում քարոզչական պատերազմում։ Կարողանո՞ւմ ենք դիմակայել մրցակցությանը եւ պահպանել հավասարակշռություն։
-Այն, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում քարոզչական պատերազմում, ակներեւ է։ Մեկնարկային հնարավորություններով մենք գերազանցություն ունենք Ադրբեջանից, քանի որ պաշտոնական Բաքուն տառապում է պարտված եւ պատմականորեն խոցելի երկրի ղեկավար լինելու բարդույթով ու շատ ավելի ծանր խնդրի առջեւ է կանգնած։ Տեղեկատվական հակազդման ենթատեքստում մեր թիրախները երեքն են՝ Հայաստանի զինված ուժերը, Հայաստանի հասարակությունը եւ արտաքին աշխարհը (այդ թվում՝ Ադրբեջանը)։ Մենք փորձում ենք բանակի քարոզչամեքենան տեղափոխել ժամանակակից ռելսերի վրա ե՛ւ տեխնոլոգիաների, ե՛ւ աշխատաոճի, ե՛ւ գաղափարական մոտեցումների առումով։ Սակայն էական արդյունք ապահովելու համար անհրաժեշտ են ոչ թե մասնավոր, տեղային շտկումներ, այլ համակողմանի ու ծրագրավորված գաղափարախոսական-քարոզչական աշխատանք համապետական ծավալով։ Այդ գործընթացն արդեն իսկ սկսված է։
-Պարոն Տոնոյան, հասցրե՞լ է պաշտոնն ինչ-որ բան փոխել Ձեր բնավորության մեջ՝ բացասական կամ դրական։
-Ես, անհամեստ չհնչի, ինքնաբավ մարդ եմ։ Ու պաշտոնը շատ փոքրիկ դիպված է իմ բնավորության մեջ ինչ-որ բան փոխելու համար։ Պարզապես պատասխանատվությունն է մեծացել։ Ինչպես շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, ես նույնպես լարված եմ աշխատում ու ստիպված եմ հրաժարվել մի շարք նախասիրություններից ու սովորություններից։ Օրինակ՝ եթե ազատ ժամանակ ունենայի, ավելի շատ կզբաղվեի սպորտով (ես ձյուդո մարզաձեւից սպորտի վարպետության թեկնածու եմ դեռեւս ԽՍՀՄ տարիներից), ավելի հաճախ կշփվեի ընկերներիս հետ, գիրք կկարդայի։
-Ո՞րն է Ձեր ինքնաբավության պատճառը։
-Տղամարդու համար շատ կարեւոր է իր դիրքն ու կշիռը հասարակության մեջ։ Բայց շտապեմ ասել, որ դա ոչ թե պայմանավորված է պաշտոնի մեծությամբ, այլ՝ քո արած գործը կարեւորելու եւ ներքին ուժերդ բացահայտելու կարողությամբ։
-Պարոն Տոնոյան, իսկ ինչի՞ պակաս ունեք, ի՞նչը Ձեզ չի հերիքում այսօր։
-Ես այնքան տարված եմ աշխատանքով (ֆիզիկապես եւ հոգեբանորեն), որ ինքնասեւեռումի հնարավորություն չունեմ։ Գուցե մի օր, երբ ավարտվի իմ գործունեության այս փուլը, ես հասկանամ, որ ինչ-որ բան բաց եմ թողել, որ ինչ-որ բանի կարիք ունեմ։
-Կան մարդիկ, որոնք էությամբ մարզիկ են՝ մարտիկ։ Նրանց մեջ ուժեղ է մրցակցության ոգին։ Աշխատանքը նրանց համար մրցահարթակ է, որտեղ պիտի կամ հաղթեն, կամ պարտվեն…
-…Կամ էությամբ երկրաբան են՝ որոնող, պեղող։ Ու եթե ինչ-որ բան չգտնեն, կհամարեն, որ տանուլ են տվել։
-Պարոն փոխնախարար, շնորհակալ եմ հետաքրքիր, անկեղծ ու շահեկան զրույցի համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/06/2011