Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ



«E-cube» ՀԿ նախագահ, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ ելույթը ռուս-հայկական «Հայաստանը եւ հարակից երկրները» կլոր սեղանին (Երեւան, 2015թ. նոյեմբեր):

Թուրքիայի ռազմամիջուկային ներուժը մնացել է ընթացող բուռն իրադարձությունների ստվերում: Մինչդեռ այն սպառնալիք է մեր ողջ տարածաշրջանի համար, սպառնալիք, որ դեռ մինչև վերջերս ամբողջովին գիտակցված չէր և զարմանալիորեն քիչ էր շոշափվում:

2011թ. վերջին առիթ եմ ունեցել հարցի վերաբերյալ հնչեցնել մեր ուսումնասիրությունների հետևյալ եզրակացությունները.

-Ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով գործող որոշակի միտումները կտրուկ բարձրացնում են Թուրքիայի՝ սեփական ռազմական միջուկային ներուժ ստեղծելու հակումը:

-Հավանական է, որ Թուրքիայում քաղաքական որոշում է կայացվել հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանը՝ 2023 թվականը, դիմավորել սեփական ռազմամիջուկային ներուժով,

-Ի տարբերություն Իսրայելի և Իրանի, Թուրքիան ցեղասպանածին երկիր է, որը հետևողականորեն հերքում է իր անցյալը: Ավելին, ակնհայտ են Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ մակարդակով,

-Այս ամենը լուրջ և ուղղակի սպառնալիք է Թուրքիայի հարևանների՝ առաջին հերթին Հայաստանի և ՌԴ-ի համար:

Կանգ կառնենք վերջին 3-4 տարիներին ի հայտ եկած մի շարք նոր տվյալների, ինչպես նաև հարակից մի շարք նոր գործընթացների վրա:

Նոր տվյալներ: 2014թ. սեպտեմբերի 22-ին միջազգային մի շարք ազդեցիկ հրատարակություններում Գերմանիայի ՊՆ պլանավորման վարչության նախկին ղեկավար Հանս Րյուլեն հրապարակեց Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության տվյալները, որոնք լիովին հաստատում են մեր եզրակացությունները: Մասնավորապես, ըստ Րյուլեի, «Գերմանիայի և մի շարք այլ երկրների հետախուզական հանրությունը կարծում է, որ Թուրքիան աշխատում է ինչպես իր սեփական ռազմական միջուկային, այնպես էլ միջուկային լիցքերի փոխադրման միջոցների ստեղծման ծրագրերի վրա»:

2014թ. սեպտեմբերի 24-ին ռուսական մամուլում ներկայացվեց ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի ակադեմիկոս, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի կարծիքը. «Հավանաբար ԱՄՆ-ը որոշակի հույսեր է կապում Թուրքիայի հետ՝ փորձելով նրա վրա դնել ողջ մեծ տարածաշրջանի համար պատասխանատվությունը՝ ներառյալ Մերձավոր Արևելքը: Այդ նախագիծը (թուրքական միջուկային ռումբի) ամենայն հավանականությամբ համատեղ որոշման արդյունք է. կամ ամերիկացիներն են այն նախաձեռնել, կամ էլ թուրքերն են ամերիկացիներին համոզել»:

Նույն օրը հնչեցվեց նաև Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու կարծիքը. «Թուրքիան կփորձի ինքնուրույն միջուկային ռումբ մշակել, իսկ Սաուդյան Արաբիան անհրաժեշտ ամեն ինչը կստանա Պակիստանից»: Մինչդեռ ռազմական փորձագետ Անատոլի Էլ-Մյուրիդի կարծիքով՝ «Անկարայի ձեռքում միջուկային ռումբի հայտնվելը պետք է սպասել 2020թ.-ից ոչ շուտ», ինչը, ի դեպ, լիովին համընկնում է մեր գնահատականին՝ 2023թ.:

Նկ.1. Թուրքական օդուժի չորս F-16C և F-16D կործանիչ-ռմբակոծիչները «Steadfast Noon-2014» միջուկային վարժանքներում:

Այս ամենը խնդրի միայն մի կողմն է: Բանն այն է, որ Թուրքիան արդեն տասնամյակներ ի վեր ռազմամիջուկային երկիր է: Ընդ որում, այս հարցը կարծես թե դիտմամբ ստվերվում է ու պատվում անորոշության քողով: Միտումնավոր ստեղծված մի իրավիճակ, որը հաճախ հանգեցնում է ոչ համարժեք մեկնաբանությունների, ինչն էլ հղի է ծանր հետևանքներով: Ներկայումս Թուրքիայի ռազմամիջուկային զինանոցը ներկայացված է գրավիտացիոն (ազատ անկման) ջերմամիջուկային B61 ընտանիքի տակտիկական ռումբերով (mod 3, 4, 10 և 11), օժտված փոփոխական տեղակայվող լիցքի համակարգով (daial-a-yield համակարգ): Մինչև 1980-ականների վերջը այս ընտանիքի ավելի քան 150 ջերմամիջուկային ռումբեր գտնվում էին Թուրքիայի 5 ռազմաօդային հենակայաններում՝ Ակինչի, Բալիքեսիր, Էսքիշեհիր, Էրհաչ և Ինջիրլիկ: 1980-ականներին դրանց պահպանման և օգտագործման համար կառուցվել էին հատուկ պաշտպանված կամարապահեստներ (ՊԿՊ), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է B61 ընտանիքի 4 ջերմամիջուկային ռումբի համար: Նույն այդ ՊԿՊ-ներում տեղակայվում են նաև F-16 կործանիչ-ռմբակոծիչներ:

Ընդ որում, ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա պաշտոնապես հայտնի չէ Թուրքիայում գտնվող B61 ընտանիքի ջերմամիջուկային ռումբերի ո՛չ ճշգրիտ թիվը, ո՛չ էլ դրանց տիպը (կամ տիպերը): Մասնագիտական աղբյուրներում խոսվում է «մի քանի տասնյակ» միավորի մասին: Ըստ ԱՄՆ ատոմային գիտնականների ֆեդերացիայի գիտնական, դոկտոր Հանս Քրիստենսենի՝ 2009թ. վերջի դրությամբ Թուրքիան ուներ B61 ընտանիքին պատկանող 90 միավոր ռումբ: Պրոֆեսոր Մուստաֆա Կիբարօղլին Թուրքիայից խոսում էր 40 ռումբերի մասին: Հնչել են նաև այլ գնահատականներ՝ 50, 60 և 20 միավոր, սակայն ոչ մի խոսք այդ ռումբերի տիպի (կամ տիպերի) մասին: Պաշտոնական տեղեկատվություն չկա ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Թուրքիայում և ոչ էլ ՆԱՏՕ-ում: Եվ սա դեռ չարյաց փոքրագույնն է, թեև, կարծում եմ, որ «մի քանի տասնյակ» արտահայտությունն ավելի շատ սազում է հավկիթի, քան թե ջերմամիջուկային ռումբերի քանակությանը:

Որտե՞ղ են դրանք գտնվում: Նույն աղբյուրները՝ դ-ր Քրիստենսենը և պրոֆ. Կիբարօղլին, տեղեկացնում էին, որ 1994-ից Ակինչի և Բալիքեսիր հենակայաններից B61 ընտանիքի 20-ական ռումբ է տեղափոխվել Ինջիրլիկ, և այսօր Թուրքիայի տարածքում դրանք տեղակայված են միայն այնտեղ: Ի վերջո՝ ինչքա՞ն: Քսա՞ն միավոր, միգուցե՝ իննսո՞ւն: Իսկ ի՞նչ եղավ մնացած չորս հենակայաններում հատուկ ստեղծված միջուկային ենթակառուցվածքը: «Ապաակտիվացված են Էսքիշեհիրում և Էրհաչում, կոնսերվացված են Ակինչիում և Բալիքեսիրում»,- հնչում է պատասխանը: Իսկ որտեղի՞ց է հայտնի: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «Ապաակտիվացված են», եթե Էսքիշեհիր և Էրհաչ հենակայանների արբանյակային լուսանկարներում հստակ նկատելի են WS3 տիպի ՊԿՊ-ները:

Վտանգավորն էլ այն է, որ այս ամենից հետո ձեզ կարող են ասել (ինչը եւ անում են հարյուրավոր սիրողական հրապարակումներում) մոտավորապես հետևյալը. «Դե լավ, այդ ամենն այդպես է: Բայց չէ՞ որ ամերիկյան զենք է, և այն տեղակայված է Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Այդ զենքի վերահսկումը, պահպանումը, պլանավորումը և կիրառումը գտնվում է ամերիկացիների ձեռքում»: Այստեղ տեղին է նորից հարց տալ. որտեղի՞ց է հայտնի: Մանավանդ, որ և՛ դ-ր Քրիստենսենը, և՛ պրոֆ. Կիբարօղլին, գլխավորը՝ ՆԱՏՕ-ի Միջուկային պատասխանատվության բաշխման պայմանագրերն ասում են ճիշտ հակառակը:

Այսպես, դեռ 1960-ականների կեսերից թուրքական զինված ուժերն ակտիվորեն մասնակցում էին ՆԱՏՕ-ի ռազմական միջուկային քաղաքականության մշակմանը, միջուկային զենքի տեղակայման, պահպանման, սպասարկման և, իհարկե, կիրառության պլանավորմանը: Թուրքական օդուժը ամենաակտիվ մասնակցությունն ուներ ՆԱՏՕ-ի ուսումնական-մարտական միջուկային համատեղ վարժանք-առաքելություններին՝ ջերմամիջուկային ռումբերի տեղափոխման և կիրառման նպատակով: Ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայի տարածքում (օրինակ՝ Կոնիայում), այլև նրա սահմաններից դուրս (օրինակ՝ Թունիսի Բեն Խալիֆում):

«Բայց չէ՞ որ դա վաղուց էր» – հավանաբար կասի ոմն մեկնաբան: «Ոչ մի նման բան», – պատասխանում է դ-ր Քրիստենսենը Ֆեդերացիայի 2009թ. իր հաշվետվությունում. «2009թ. դրությամբ, Թուրքիայի Ինջիրլիկ հենակայանում տեղակայված B61 ջերմամիջուկային 90 միավոր ռումբերից 40-ը գտնվում են թուրքական ռազմաօդային ուժերի ենթակայության ներքո: Դրանք նախատեսված են թուրքական F-16C/D կործանիչ-ռմբակոծիչների համար, որոնք, սակայն, ներկայումս տեղակայված են առանձին՝ թուրքական Բալիքեսիր և Ակինչի հենակայաններում»: Ճիշտ է, պրոֆ. Կիբարօղլին վերջերս հաղորդել էր, որ 1990-ականների կեսերից թուրքական ռազմաօդային ուժերը չեն մասնակցում ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային ուսումնամարտական վարժանք-առաքելություններին: Որտեղի՞ց է դա հայտնի հարգարժան պրոֆեսորին:

Ավելին՝ ըստ դ-ր Քրիստենսենի, 2014թ. դրությամբ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի բոլոր 28 անդամ երկրների հետ մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական միջուկային քաղաքականության մշակմանը, 27 երկրների հետ՝ միջուկային պլանավորմանը (չի մասնակցում միայն Ֆրանսիան), 9-ի հետ՝ միջուկային ռազմական վարժանքներին:

Նոր զարգացումներ: Ժամանակն է անցնելու ՆԱՏՕ-ի կանոնավոր անցկացվող միջուկային ուժերի «Steadfast Noon» վարժանքներին: Վերջին այդպիսի վարժանքը կայացավ անցյալ գարնանը՝ հյուսիսային Իտալիայում՝ Գեդի Թորե հենակայանում՝ թուրքական օդուժի մասնակցությամբ: Նկ. 1-ում ցուցադրված են հիշյալ վարժանքներում թուրքական օդուժի 9-րդ ավիաթևի 191-րդ էսկադրիլիայի (Բալիքեսիր հենակայան) չորս F-16C և F-16D կործանիչ-ռմբակոծիչները: Ճիշտ է, դրանք թռչում էին առանց սպառազինության և B61 ռումբի փոխարինիչի, այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, դ-ր Քրիստենսենը հիմք ուներ պնդելու, որ Թուրքիան շարունակում է մասնակցել ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային վարժանքներին:

2009թ.-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պրահայում հայտարարեց միջուկային զենքից զերծ աշխարհի իր տեսլականի մասին, ԱՄՆ-ը հայտնվեց յուրօրինակ «միջուկային թակարդում»: Իսկապես, այս հայտարարությունն իսկական ջղաձգություն առաջացրեց ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում, հատկապես՝ Թուրքիայում: Բանն այն է, որ Թուրքիան արդեն սովոր է իրեն ռազմամիջուկային տերություն համարել (ի տարբերություն մեր որոշ վերլուծաբանների) և միանգամայն ընտելացել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջատար երկիր լինելու իր իսկ ընկալմանը: Իր տարածքից ջերմամիջուկային ռումբերի դուրս բերելու հեռանկարը լրջորեն անհանգստացրեց նեոօսմանիզմ դավանող իշխող վերնախավին եւ ստիպեց մտածել այլընտրանքի մասին: Պատահական չէ, որ, համաձայն վերը հիշատակված պրն. Րյուլեի, Թուրքիայում ուրանի հարստացման և միջուկային զենքի մշակման ծրագրի մեկնարկի մասին վարչապետ Ռ. Էրդողանի գաղտնի որոշումը թվագրվում է Պրահայում ընդունված հռչակագրի հաջորդ իսկ տարով՝ 2010 թվականով:

Ավելին, Թուրքիայի հետզհետե ազգայնականացող և իսլամացող բնակչությունը բոլորովին էլ հակված չէ կորցնելու վերջին տասնամյակում ձեռք բերված ինքնավստահությունն ու նկրտումները: Այսպես, 2012 թ. մարտին Թուրքիայում անցկացված սոցհարցումը բացահայտեց աղմկահարույց արդյունք. Թուրքիայի քաղաքացիների 54%-ը կարծում էր, որ իրենց երկիրը պետք է սեփական միջուկային զենք ունենա, և միայն 8%-ն է, որ կարծում է, թե ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցը» բավարար է: Ընդգծենք, որ 2004թ.-ին պատկերը տրամագծորեն հակառակն էր:

Նկ. 2. Միջուկային հարված իրանական Ֆորդո միջուկային կենտրոնին 360կտ հզորությամբ B61-7 ռումբով: Համեմատության համար բերված է նաև ակտիվ նյութերի թափման տիրույթը 10 կտ հզորությամբ B61-12 ռումբի համար:

Ստեղծված իրավիճակը բարդ է և չափազանց վտանգավոր: Թուրքիայում մարտավարական ջերմամիջուկային զենքի առկայությունը, անկասկած, սպառնալիք է մեր տարածաշրջանի համար, սակայն այն ինչ-որ չափով նաև զսպող գործոն է ամբողջովին սեփական ռազմամիջուկային կարողությունների ստեղծման հարցում: Մյուս կողմից՝ Թուրքիայում առկա ռազմամիջուկային կարողությունները տասնամյակներ շարունակ սնուցել են Թուրքիայի ամրացող ինքնավստահությունը, նրա ծավալապաշտական ձգտումները: Եվ այժմ արդեն թուրք ժողովուրդն ինքն է ուզում սեփական միջուկային ռումբ ունենալ: Ինչպես վերջերս գրել էր մի թուրք վերլուծաբան. «Հարցը բոլորովին էլ այն չէ, թե արդյոք Թուրքիան կդառնա՞ միջուկային տերություն, այլ այն, թե ե՞րբ և ինչպե՞ս կդառնա այդպիսին»: Այս իրավիճակում ԱՄՆ-ի համար մտահոգիչ է անգամ ձայն հանելը Թուրքիայից 20 (կամ 90, ում ինչպես դուր է գալիս) միավոր ջերմամիջուկային ռումբերի դուրսբերման մասին, մանավանդ, որ դրանցից 40-ը գտնվում է թուրքական օդուժի ենթակայության ներքո: Ինչպես ասում է հայկական ասացվածքը, «էշ նստելը՝ մի ամոթ, էշից իջնելը՝ երկու»:

Իրականում, սա ոչ միայն Թուրքիայի և մեր տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի խնդիրն է: Քանի որ, նախ՝ նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Թուրքիայում, այլև, օրինակ, Հարավային Կորեայում: Երկրորդ՝ 2010թ. Լիսաբոնի գագաթաժողովում հայտարարվեց. «ՆԱՏՕ-ն կմնա միջուկային, քանի դեռ աշխարհում գոյություն ունի միջուկային զենք»: Սա նշանակում է՝ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կմնա ռազմամիջուկային տերություն, ճիշտ է, որոշակիորեն «աղավաղված» կարգավիճակով: Եվ վերջապես, երրորդ՝ դիտարկելով Թուրքիայի ռազմամիջուկային ներուժը, մենք պետք է հաշվի առնենք, մի կողմից, ԱՄՆ-ի մարտավարական միջուկային զենքի կատարելագործման ծրագրերը, մյուս կողմից՝ Թուրքիայում հեռահար և բարձր ճշգրտության միջուկային լիցք կրող զինատեսակների մշակման ծրագրերը:

Դեռեւս 2012թ. նշում էինք, որ ԱՄՆ-ի ընդունած B61 ընտանիքի մարտավարական ջերմամիջուկային զենքի արդիականացման Life Extension Program ծրագիրը մեզ համար հղի է նոր սպառնալիքներով: Մանավանդ, որ ծայրահեղ տհաճ զուգադիպությամբ այն պետք է ամբողջանա Թուրքիայի համար հոբելյանական 2023 թվականին: Եվ, ահա, 2015թ. հուլիսի սկզբին տեղեկություններ հայտնվեցին B61 mod 12 նոր ռումբի առաջին հաջող թռիչքային փորձարկման մասին: Կարևորն այս դեպքում այն է, որ, ի հակասություն նախկինում արված պաշտոնական հայտարարությունների, նոր ռումբն ունի սկզբունքորեն նոր հատկանիշներ: Նախ՝ այն բազմանշանակ է, կոչված է փոխարինելու B61-ին և կարող է կիրառվել մի ամբողջ խումբ ինքնաթիռներից, այդ թվում և հիմնականում՝ նորագույն F-35-ից: Երկրորդ, ի տարբերություն բոլոր նախկին վերափոխությունների, B61-12-ն ունի փոքրացված հզորություն, բայց արդեն ուղղորդվող է ու շատ ավելի ճշգրիտ: 2015թ. հոկտեմբերին տեղեկություններ հայտնվեցին Գերմանիայում և Թուրքիայում B61-12 ռումբերը մինչև 2018-20թթ. տեղակայելու մտադրության մասին:

Բացի ակնհայտ պատճառներից, սա մեզ համար լրացուցիչ սպառնալիք է, և ահա թե ինչու: Նոր B61-12-ի նվազեցված հզորությունը, ավելացված ճշգրտության և խոցելու ունակության մեկտեղումը, շոշափելիորեն թուլացնում են այսպիսի զենքի կիրառման թույլատրելիության հոգեբանական հակազդումը, ընդունելի դարձնելով վիրահատական հարված հասցնելու ցանկությունն ու գայթակղությունը: Ահա թե ինչպես է դա պատկերում նույն դ-ր Քրիստենսենը, անցյալ տարվա մայիսին ՄԱԿ-ի իր զեկույցում (նկ. 2): Ֆորդոյում իրանական ստորգետնյա ատոմային կենտրոնին 360կտ հզորությամբ չկառավարվող B61-7 ռումբով (սա B61 ընտանիքի ռազմավարական ռումբ է) միջուկային հարված հասցնելու դեպքում էական վարակման կենթարկվի Իրանի մայրաքաղաք Թեհրանը: Այնինչ, եթե այս լավ պաշտպանված օբյեկտի նկատմամբ կիրառվի 36 անգամ ավելի փոքր հզորությամբ, սակայն շատ ավելի ճշգրիտ ու թափանցող B61-12 ռումբը, ապա օբյեկտը երաշխավորված կոչնչացվի, իսկ ռադիոակտիվ տեղումների շառավիղը Թեհրանին չի հասնի:

Սա ինքնին բավականին տագնապալի է, թեպետ կա ևս մեկ հանգամանք, որ այն ավելի վտանգավոր է դարձնում մեզ՝ Հայաստանի և Արցախի համար: Սովորաբար չափազանց ճշտապահ դ-ր Քրիստենսենն այստեղ մի անճշտություն է թույլ տվել (դիտմամբ, թե պատահմամբ, չեմ ուզում դատել)՝ այս տեսագրությունը թվագրելով ոչ թե 2014 թվականով, երբ արվել էր զեկույցը, այլ 2018-ով: Իսկ սա ոչ միայն Թուրքիայում և Գերմանիայում մարտավարական միջուկային զինանոցի նորացման տարին է, այլև Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի ու Իրանի սահմանին մարտական գործողությունների վերսկսման տարին՝ համաձայն ԱՄՆ-ի բանակի «GAAT» հրամանատարական-շտաբային խաղի սցենարի:

Հիշեցնենք, որ նախատեսված սցենարով ռազմական և այլ միջոցառումների հիմնական նպատակը Ադրբեջանի տարածքային «ամբողջականության վերականգնումն» է և Իրանի մասնատումը: Մեջբերենք այդ վարժանքի 2012-13թթ.-ի ուսումնական տարվա ձեռնարկից մի հատված. «Այսօր 2019թ. դեկտեմբերի 1-ն է, և դուք հանդիսանում եք ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության J5/8 դիրեկտորատի անդամ… 2018 թ. Ադրբեջանում նախագահական ընտրություններում վարչապետը մի փոքր առավելությամբ հաղթանակ է տանում Ի. Ալիևի նկատմամբ: Սակայն Ղարաբաղյան հարցը լուծելու չկատարված խոստումը և Ադրբեջանի հարավում սկսված խռովությունները ստիպում են Ալիևին բողոքարկել ընտրությունների արդյունքները և սկսել իշխանության համար պայքարը… Վերսկսվում են մարտական գործողությունները ԼՂՀ-ում… Իրականացվում է ահաբեկչություն Հայկական ԱԷԿ-ի վրա… Ադրբեջանը դիմում է Թուրքիային՝ ռազմական օգնություն ստանալու համար… Իրանը մասնատվում է 3 հատվածների … («GAAT» հրամանատարաշտաբային սցենարի տեղեկատու, գիրք 1, մաս 2, «Տարածաշրջանային ներածական-2019թ.»):

Ավելացնենք, որ հենց 2018թ.-ին են նախատեսվում նաև հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի առաջին մատակարարումները Թուրքիա՝ հնացած F-4 «ֆանտոմները» և հնացող F-16-երը փոխարինելու համար: 2014 թ. մայիսին Թուրքիայի կառավարությունը պատվիրել է առաջին 2 միավոր F-35-ը՝ նախատեսվող 100 միավոր խմբաքանակից: F-35-ի հիմնական հարվածային ունակությունը հենց B61-12 նորագույն ջերմամիջուկային ռումբն է: 2018թ.-ին թուրքական Roketsan ընկերությունը նախատեսում է արձակել իր առաջին SOM-J թևավոր հրթիռը՝ ԹՀ: Այն նախկին SOM ԹՀ-ի փոքրացված տարբերակն է, սակայն ավելի բարձր ճշգրտությամբ ու բարելավված մարտավարա-տեխնիկական բնութագրերով: Այսօր SOM ԹՀ-ն ամբողջությամբ ինտեգրված է թուրքական F-16 Block 40 և F-4E հետ: F-35-ը ընդունելուց հետո F-35/SOM-J պլատֆորմը կդառնա թուրքական օդուժի հիմնական հարվածային գործոնը: Հատուկ պարզաբանումների կարիք չկա հասկանալու համար, որ սովորական լիցքով բարձր ճշգրտության զենքի կիրառումը հարակից երկրների միջուկային թիրախների նկատմամբ իր հետևանքներով հավասարազոր է միջուկային զենքի կիրառմանը:

Թարգմանեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի այս զեկույցից հետո մեր տարածաշրջանում ծավալված բուռն իրադարձությունները հաստատեցին հնչեցված որոշ հարցերի և խնդիրների արդիականությունը: Նախ՝ հոկտեմբերին և նոյեմբերին Ինջիրլիկ հենակայանում Դաիշին («Իսլամական պետություն») հարվածներ հասցնելու նպատակով տեղակայվեցին ԱՄՆ/ՆԱՏՕ և թուրքական օդուժի միջուկային լիցք կրելու ունակ մարտական ինքնաթիռներ և հարակից այլ ուժեր: Այսպիսով՝ վերջ տրվեց Թուրքիայում միջուկային լիցքերի պահմանման (Ինջիրլիկ հենակայան) և դրանց կրիչների (F15, F-16, Tornado) ֆիզիկական տարանջատմանը՝ առաջին անգամ 1994թ.-ից ի վեր:

Այնուհետև, նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16-ի կողմից խոցվեց ՌԴ օդուժի ռմբակոծիչը: Դրան հաջորդած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հակասական պարզաբանումները, ՆԱՏՕ ղեկավարության շփոթված ու անհամոզիչ հայտարարությունները ի ցույց դրեցին Թուրքիա-ԱՄՆ-ՆԱՏՕ համատեղ ռազմավարական պլանավորման խնդիրներում առկա էական անորոշությունը ու դրա ծանրագույն հետևանքները ողջ տարածաշրջանի համար:

Վերջապես, դեկտեմբերի 6-ին հրապարակվեց Լեհաստանի ՊՆ փոխնախարարի հայտարարությունն առ այն, որ այս երկրի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել ՆԱՏՕ-ի շրջանակներում Լեհաստանում միջուկային զենքի տեղակայման խնդրի քննարկմանը:

Ա. Մ.

Խորագիր՝ #49 (1118) 17.12.2015 - 23.12.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


17/12/2015