Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ



Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից իրականացվող «Երկրի օր» քարոզարշավը մեկնարկել էր ապրիլի 1-ին։ «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսով քարոզարշավի ընթացքում ամենատարբեր միջոցառումներին զուգընթաց կազմակերպվել են մի շարք ծառատունկեր ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում։ Երկրի օրվան նվիրված միջոցառումների ամփոփիչ ծառատունկի միջոցով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին։
Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ «Երկրի օր» քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը։ Ծառատունկին մասնակցում էին Երեւանի տարբեր դպրոցների, բուհերի ուսանողներ, սկաուտներ։ Նրանց մասնակցությունը կամավոր սկզբունքով էր։
«Ծառ տնկելու խորհուրդը ձեր կյանքում»,- այս հարցով դիմեցինք ծառատունկի մասնակիցներին։
– Ծառ տնկելը իր մեջ կյանքի շարունակության խորհուրդն ունի։ Քո երկրի ընդերքը խորացող, ընդերքից սնվող ընձյուղները մեր երազանքները, մեր ապագան սնող երակներն են։ Ծառ տնկելը Եռաբլուրում իր մեջ կրկնակի խորհուրդ ունի։
Ռուբեն Խաչատրյան «Վայրի բնության եւ մշակութային
արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ

– Մեր այսօրը մեզ պարգեւած հերոսների հիշատակը հավերժացնելու համար ամեն մի հայ, ամեն մի անհատ պետք է իր ուժերի ներածին չափով մի գործ անի։ Շնորհակալ ենք կազմակերպիչներից։ Այս մի փոքր ներդրումն էլ մեր կողմից թող լինի։ Եռաբլուրում ծառ եմ տնկում մեծ հավատով ու նվիրումով։
Գեւորգ Գասպարյան
(օպերատոր, մանկավարժական համալսարանի ուսանող)

– Այս ծառատունկն իր մեջ եւս մեկ խորհուրդ է պարունակում. ծառատունկի տարածքը խնամելու համար օգտագործվում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված սգո ծաղիկների վերամշակումից ստացված պարարտանյութը։
Նարինե Առուստամյան, Մանե Մադոյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներ։
Մասիսի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների այցը Եռաբլուր համընկավ ծառատունկին, եւ նրանք սիրով իրենց մասնակցությունը բերեցին այդ գործին։
Ինձ համար պատիվ է Եռաբլուրում ծառ տնկելը։ Գեղեցիկ միջոցառում է, ապրեն կազմակերպիչները։ Պատերազմից պարզճակատ դուրս եկանք։ Մենք պետք է հաղթենք նաեւ խաղաղ ժամանակներում՝ շենացնելով, իրար սատար կանգնելով, հիշողության ծառ տնկելով։ Ժողովուրդն ասում է. «Ոսկերիչը գիտի ոսկու գինը, իսկ ծառի գինը՝ ժողովուրդը»։ Առավել եւս՝ Եռաբլուրում տնկված ծառերի գինը։
Ժորա Մանուկյան (քոլեջի ռազմագիտության ուսուցիչ)

-Ամեն մի ծառ եւ այն էլ անվանական՝ վերածնունդ է՝ կյանքի, երազի, ապագայի վերածնունդ։ Ասում են՝ ժամանակին Մասիսի փեշերին է եղել Սոսյաց անտառը, որտեղ ամեն մի ծառ, ամեն մի թուփ սուրբ է եղել մեր ժողովրդի համար։ Եռաբլուրում տնկված ամեն մի ծառ Սոսյաց անտառի խորհուրդն ունի։ Այս ծառերն էլ են սրբացել, որովհետեւ հով են անում դյուցազնական ոգով մեր հերոսների շիրիմներին։
Սուրեն Խաչատրյան (գնդապետ, Եռաբլուր պանթեոնի տնօրեն)

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #19 (884) 18.05.2011 – 25.05.2011, Բանակ և հասարակություն


26/05/2011