Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ 100- ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁ



Զրույց Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ

-Պարոն Արիստակեսյան, առաջին անգամ մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ պետականորեն նշվեց Մուսա լեռան ինքնապաշտպանության տարեդարձը, տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, որոնցից ամենամեծն ու ամենահիշարժանը նոյեմբերի 14-ին կայացած տոնակատարությունն էր` գեղեցիկ, բովանդակալից և հանդիսավոր:

-Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահը, ՀՀ պաշտպանության նախարարը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, դեսպանության բազմաթիվ ներկայացուցիչներ, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, նավապետ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի իրավատերերը, Տորոնտոյի հայկական համայնքի ղեկավար, մուսալեռցի Հակոբ Ջանբազյանը, բազմաթիվ պաշտոնյաներ, հյուրեր:

Լուի Դարթիժ դյու Ֆուրնեն ֆրանսիական 3-րդ նավախմբի հրամանատարն էր, որի հրամանատարությամբ հինգ նավով տարհանվել են 4092 մուսալեռցիներ: Ուստի, պատահական չէր, որ «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրու կողքին դրված էր Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի կիսանդրին, և մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հայ ժողովրդի երկու մեծ բարեկամներին:

-Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյակը նշում էինք և ֆրանսիացիներին երախտագիտության խոսք էինք ասում հենց այն օրը, երբ ահաբեկչության հետևանքով հարյուրավոր ֆրանսիացիներ էին զոհվել, և Ֆրանսիան ինքը քաջալերանքի և զորակցության կարիք ուներ: Մեր շնորհակալության և ցավակցության խոսքերը հնչում էին միասին:

-Բարբարոս ուժը նույնն էր երեկ, նույնն է այսօր` տարբեր դրսևորումներով, և վտանգից ապահովագրված չեն նույնիսկ ամենահզոր երկրները: Առաջընթացի և քաղաքակրթության թշնամիների դեմ պետք է պայքարել միասնական ուժերով` մերժելով բոլոր տեսակի բռնությունները, ցեղասպանություններն ու ահաբեկչությունները: Ինչպես նշեց ՀՀ նախագահն իր բանավոր խոսքում, մենք բարեկամություն ենք անում Ֆրանսիայի հետ ոչ թե այն բանի համար, որ Ֆրանսիան ուժեղ երկիր է, այլ մենք համակրում ենք ֆրանսիական արժեհամակարգը և չենք կարող մոռանալ, որ հարյուր տարի առաջ, սեփական կյանքը վտանգելով, ֆրանսացի նավապետները փրկեցին 4092 հայի կյանք: Մենք պարտավոր ենք քարոզել հումանիզմի, կարեկցանքի այդ դրսևորումը` իբրև օրինակ ամբողջ աշխարհի համար, որովհետև այդ մարդասիրությունը հիրավի եզակի է համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Մեր երախտագիտության դրսևորումներից մեկն էլ խորհրդանշական «Դեզե» հածանավի ներսույթում իրականացված ցուցադրությունն է. թանգարանը նոր թանգարանային առարկաներ և փաստաթղթեր է ներկայացնում հասարակությանը, որոնց մի մասը ևս ֆրանսիական ծագում ունի:

Նյութերը վերցված էին ֆրանսիական արխիվներից: Այն մեզ էր տրամադրել ժորժ Գևորգյանը, որը ֆրանսիական արխիվներից գտել, հրապարակել էր բազմաթիվ նոր տեղեկություններ, լուսանկարներ:

Մեր ուժերով նույնպես բանասիրական-պատմագիտական մեծ աշխատանք է իրականացվել, որը կամփոփվի «Մուսա լեռան հերոսամարտը» փաստավավերագրական նյութերի ժողովածուի մեջ:

-Շատ խորհրդանշական էր, որ Ֆրանց Վերֆելի և Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի կիսանդրիները կողք կողքի էին. նրանք Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության «վկաներն» են և մարմնավորում են բարեկամության, կարեկցանքի և մարդասիրության գաղափարը:

-Նրանց կողքին իր ուրույն տեղն ունի «Անշեջ կրակ» հուշակոթողը` ի հավերժացումն հերոս մուսալեռցիների և ի փառաբանումն մեր փառապանծ հերոսամարտի, իսկ Ռաֆայել Իսրայելյանի էսքիզով պատկերված թրի տակ ամփոփված են Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ զոհված 18 քաջորդիների մասունքները և խորհրդանշում են հանուն հայրենիքի նահատակվելու սխրանքը:

Այսպիսով՝ պատմությունը վկայում է, որ մենք մեր հայրենիքը չենք նվիրել թուրքին, չենք մորթվել հլու հնազանդ, այլ կենաց-մահու պայքար ենք մղել Վանում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում…

Մենք պիտի կարողանանք արժանապատիվ ներկայանալ աշխարհին: Եվ դրա առաջին քայլը կլինի այն, որ պետական տոնացույցում նշվի նաև մեր ինքնապաշտպանական մարտերի հիշատակության օրը:

-Պարոն Արիստակեսյան, շատ կարևոր քայլ է Մուսա լեռ և Պտղունք գյուղերի փողոցներից մի քանիսի և կրթական հաստատությունները ինքնապաշտպանության ղեկավարների անուններով անվանակոչելու նախաձեռնությունը, բայց առավել ազդեցիկ և տպավորիչ կլիներ, եթե գոնե Մուսա լեռան ինքնապաշտպանության հարյուրամյակին ընդառաջ մեր գրողներն ու արվեստագետները ստեղծեին այդ հիրավի փառապանծ ու ոգեղեն իրադարձությանը նվիրված գեղարվեստական գործեր` ֆիլմեր, նկարչական ցուցադրություններ, վեպեր, պատմվածքներ, օպերա կամ բալետ… Չէ՞ որ արվեստի լեզուն ավելի հուզական է և առինքնող:

-Սերբ արձակագիրներից մեկը ասել է. «Հայրենիքի համար պետք է կռվել մուսալեռցիների նման, և հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես մուսալեռցիներն են սիրել»: Իրոք, Մուսա լեռան հերոսամարտը ներշնչանք պետք է լինի արվեստագետների և գրողների համար. Վերֆելի անմահ ստեղծագործության կողքին թերևս միայն կարելի է դնել Պ. Սևակի «Եռաձայն պատարագը»: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա դրանք ընդամենը երեքն են: Կարծում եմ` նոր խոսքի, նոր ասելիքի անհրաժեշտություն, իսկապես, կա:

-Պարոն Արիստակեսյան, շնորհավորենք բոլորին Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձի առթիվ: Մաղթենք, որ նախնիների հերոսական ոգին երբեք չխամրի հայոց բարձրացող սերնդի սրտում և գիտակցության մեջ:

-Մեր ժողովրդին ցանկանանք խաղաղ հայրենիք և նոր արարումներ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1114) 19.11.2015 - 25.11.2015, Պատմության էջերից


19/11/2015