Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ



Բժշկական ծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանը ծնվել է 1970թ. Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում։ Ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը։ Ուսանողական տարիներին կամավորական ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողությունների (Քարվաճառ, Արծվաշեն, Հորադիզ)։ Պատերազմից հետո նշանակվել է N զորամասի բուժծառայության պետ։ 2000-2003թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով եւ ոսկե մեդալով։ 2003-2006թթ. կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնում ավագ օրդինատոր էր, 2006-2009թթ.՝ ռազմաբժշկական վարչության հոսպիտալային բաժնի ավագ սպա։ 2009թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական պոլիկլինիկայի պետ:

-Պարոն Սերոբյան, Դուք 2009թ. հունիսին նշանակվեցիք ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի պետ։ Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Ձեր ղեկավարած կառույցը այս ընթացքում։

-Պետք է խոստովանեմ, որ պոլիկլինիկայի շենքային պայմանները այդ ժամանակ հեռու էին մխիթարական լինելուց։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի՝ պոլիկլինիկան արագ նորոգելու համար։ Բարեկարգման հսկայածավալ աշխատանք կատարվեց։

-Աշխարհում բժշկությունը զարգանում է արագ տեմպերով, օգտագործվում են նոր, առավել արդյունավետ բուժսարքավորումներ։ Ձեր ղեկավարած կառույցն ունի՞ անհրաժեշտ բուժտեխնիկա՝ որակյալ բուժծառայություն ապահովելու համար։

-Հակիրճ պատասխանեմ։ Պոլիկլինիկան վերազինվել է բժշկական նորագույն սարքավորումներով։ Բոլոր կաբինետները հիմնականում ապահովված են անհրաժեշտ բուժտեխնիկայով։

-Իսկ ի՞նչ կասեք բժշկական կադրերով ապահովվածության, մասնագիտական որակների մասին։ Որովհետև, այդուհանդերձ, որակյալ բուժծառայության առաջին երաշխավորը բարձր մասնագիտական ունակություններով օժտված բժիշկն է։

-Մեր բժիշկները վերապատրաստվում են մայրաքաղաքի առաջատար կլինիկաներում, մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական գիտելիքները։ Նույնը կարող եմ ասել բուժանձնակազմի միջին օղակի մասին։ Բուժքույրերը ևս վերապատրաստվում են։ Կադրերի խնդիր չունենք, ապահովված ենք անհրաժեշտ բոլոր մասնագետներով, անգամ մանկաբույժ ունենք՝ զինծառայողների երեխաների համար։ Ունենք նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիա, մեզ մոտ կատարվում է էլեկտրասրտագրություն, սոնոգրաֆիկ հետազոտություններ։

-Իմ դիտարկմամբ՝ պոլիկլինիկան աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով. այցելուների մեծ հոսքը նկատելի է։

-Մեր մասնագետները սպասարկում են զինծառայողներին, զինծառայողներին հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամներին, խաղաղապահ գումարտակի մարտիկներին, ռուսական զորքին, զինվորական թոշակառուներին, զինհաշմանդամներին, զոհված ազատամարտիկների հարազատներին… Անհրաժեշտության դեպքում հիվանդներին ուղեգրում ենք քաղաքացիական բուժհիմնարկներ, որտեղ նրանք բուժվում են պետպատվերի շրջանակներում։

-Նախքան մեր հանդիպումը՝ զրուցեցի մի քանի այցելուների հետ և միայն գոհունակության խոսքեր լսեցի. պոլիկլինիկան բարի համբավ ունի։ Ասում են՝ բուժանձնակազմը ուշադիր է, համբերատար, հարգալից, հոգատար, բարեխիղճ…

-Բժիշկը նաև իր սրտացավ վերաբերմունքով և ուշադրությամբ է բուժում։ Բժիշկը կարող է մեկ հատիկ ջերմ խոսքով գոտեպնդել հիվանդին, հուսադրել։ Բժիշկը խորապես կարող է տիրապետել բժշկական գիտելիքներին, տեղեկացված լինել մասնագիտական ամենանուրբ դետալներին, բայց այս ամենը կմնա անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին ամոքելու կարողություն։ Ես մեր ժողովների, զրույց-քննարկումների ժամանակ մշտապես կրկնում եմ «Վարվեք ձեր հիվանդների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք ձեզ հետ վարվեր բժիշկը»։

-Աստվածաշնչյան պատգամ է՝ բժշկական մեկնաբանությամբ:

Պարոն Սերոբյան, իսկ ի՞նչ խնդիրներ, հեռանկարային ի՞նչ ծրագրեր ունեք։

-Կատարելագործման ընթացքն անընդհատ է ու շարունակական։ Պետք է համահունչ քայլել ժամանակին, բարձրացնել տեխնիկական հագեցվածության մակարդակը։ Է՛լ ավելի բարելավել շենքային պայմանները, բարձրացնել բուժանձնակազմի մասնագիտական ունակությունները։

-Եվս մի քանի օր, և զինվորական բժիշկները կնշեն իրենց մասնագիտական տոնը. ի՞նչ բարեմաղթանքներ ունեք… Բժիշկները առաջին հերթին կարեւորում են առողջությունը:

-Ես առաջին հերթին բոլորին խաղաղություն եմ մաղթում, որովհետև պատերազմը չի խնայում ո՛չ առողջներին, ո՛չ հիվանդներին։ Խաղաղություն մեր երկրին, մեր զինված ուժերին ու բոլորիս օջախներին։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր պոլիկլինիկայի բուժանձնակազմին՝ կատարած աշխատանքի համար, մաղթել միասնական և միահամուռ հետագա արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ մեր բանակի։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Հ.Գ. -Նոյեմբերի 11-ին լրանում է փոխգնդապետ Մհեր Սերոբյանի 45-ամյակը։ 45-ից 25-ը՝ բանակում։ «Հայ զինվորը» սրտանց շնորհավորում է զինվորական բժշկին՝ մաղթելով« որ իրականանա նրա ամենանվիրական ցանկությունը՝ խաղաղություն մեր երկրին և բոլոր օջախներին։

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Ազգային բանակ


12/11/2015