Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՆԿԱՏԱՐ ԹՈՂԱԾ ՄԻ ՀԻՆ ԽՈՍՏՈՒՄ…



1993 թվականի հունվարի 22-ին, թե 23-ին էր… Ադրբեջանական երկու ուղղաթիռներ հայտնվեցին օդում եւ կրակ բացեցին եկեղեցու ուղղությամբ. մտածում էին՝ եկեղեցում պետք է պատսպարված լինենք… Գմբեթից դղրդյունով ընկավ փշրվեց հսկա խաչը, վնասվեցին եկեղեցու պատերը… Հաջորդ օրը մտանք «Երից մանկունք» եկեղեցի: Մեր՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը նայեց ու ասաց. «Պետք է վերականգնենք եկեղեցու խաչը»: Եվ բոլորս միասին ուխտեցինք, որ կտեղադրենք ընկած խաչը: Հետո Մեղրյանի հրամանով մեկնեցինք հետախուզության՝ դեպի Սարսանգի ջրամբար… Մեկնելուց առաջ էլ ես լուսանկարեցի տղաներին:

Եվ պատերազմը մեզ տարավ իր ճանապարհներով. շատ չանցած՝ զոհվեց Շահեն Մեղրյանը, հետո՝ տղաներից շատերը… Եվ անկատար մնաց մեր ջոկատի տղաների «Երից մանկունք» եկեղեցու պատերի տակ ընդունած ուխտը: Իսկ այս լուսանկարն ինձ հանգիստ չէր տալիս ու անընդհատ հիշեցնում էր հեռավոր 1993թ.-ի հունվարի 22-ի, թե 23-ի այդ օրը…

…Մի օր էլ՝ մոտ 21 տարի անց, երբ սիրտս բացեցի տղաների առաջ, ներկաներից մեկը՝ Կարեն Թանգյանը՝ բանակի սպա, ասաց. «Ես կօգնեմ. տղաների ուխտը պետք է կատարվի, ու պետք է սուրբ խաչը տեղադրվի «Երից մանկունք» եկեղեցու գմբեթին»: Մեկ էլ զանգեց, թե՝ գնանք եկեղեցին տեսնենք, չափումներ անենք: Գնացինք՝ մեզ հետ տանելով լեռնագնաց տղաների: Հենց նրանք էլ հատուկ պարանների միջոցով բարձրացան գմբեթի վրա եւ անհրաժեշտ ճշգրտումներ արեցին: Շուտով մեզ միացավ Շահեն Մեղրյանի եղբայրը՝ Պետրոսը: Նրա խորհրդով էլ հանդիպեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին: Պարզեցինք, որ խաչի չափսերը պետք է համեմատական լինեն եկեղեցու մեծությանը, բարձրությանը, ինչպես նաեւ՝ ամեն մարդ չէ, որ իրավունք ունի խաչ պատրաստելու…

…Եվ դարձյալ, շատ չանցած, զանգեց Կարեն Թանգյանը, այս անգամ էլ թե՝ խաչը պատրաստ է: Գնացինք Կարենենց տուն եւ կանգնեցինք նրա ավտոտնակի դռան առաջ՝ մտածելով, որ այնտեղ պահած կլինի խաչը: Ավելի ուշ պարզվեց, որ տանը՝ հինգերորդ հարկում է պահում հսկա՝ մոտ հարյուր կիլոգրամանոց երկաթյա խաչը:

…Եվ ուրախ ու թեթեւ սրտով, ինչպես ասում են՝ խաչով-ավետարանով, գնացինք դեպի «Երից մանկունք»՝ կատարելու Շահեն Մեղրյանի, «Եղնիկներ» հատուկ ջոկատի տղաների 21 տարի առաջ արած ուխտը… Խաչը օծվեց եւ ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնությամբ կրկին բազմեց «Երից մանկունք» եկեղեցու գմբեթին:

Նկարում (ձախից աջ)՝ Աբովյանցի Վազգեն, Շահեն Մեղրյան, Վահե Բաղդասարյան, Աբովյանցի Վանիկ, Սաշա Կուրեպին, Աբովյանցի Գեւորգ: Նստածներ՝ Թոկի Կամո, Արայիկ Հովհաննիսյան, Սեւան Նահապետյան եւ Աբովյանցի (՞):

Հակոբ ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախյան ազատամարտի մասնակից, լուսանկարիչ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


21/10/2015