Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՄԵՐԸ ԼԻՆԻ



Զրույց զորամասի հրամանատար, փոխգնդապետ ՍՈՂՈՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

ԱՅՆ ՄԱՍԻՆ,

♦ թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին եվ 25-ին հանրապետության հյուսիսարեվելյան սահմանին,
♦ թե ինչպես հակառակորդը 10 րոպեում 14 անգամ կրակեց Դովեղի ու Բերդավանի ուղղությամբ,
♦ թե ինչպես մի քանի հարվածով լռեցվեց թշնամու «խոշոր» կրակակետը,
♦ թե ինչպես հակառակորդի զորքը խուճապահար փախավ՝ անպաշտպան թողնելով սեփական գյուղերը,
♦ թե ինչպես բերդավանցիները անփորձանք խաղող հավաքեցին…

-Պարոն փոխգնդապետ, Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի թիկունքում սահմանամերձ յոթ բնակավայրեր են` Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ ու Բերդավան: Այստեղ ամեն օր լսվում է հակառակորդի կրակոցի ձայնը, սակայն սեպտեմբերի 24-ն ու 25-ը տարբերվում էին: Տպավորությունն այնպիսին էր` ասես պատերազմ էր…

-Լարված օրեր էին: Քսանչորսին հրաձգային զենքերի կռիվ էր, իսկ քսանհինգին` հրետանու: Սեպտեմբերի 24-ին մինչեւ լուսադեմ անդադար կրակում էին «ԴՇԿ» տեսակի գնդացրից: Ճնշեցինք: Առավոտը խաղաղ բացվեց: Հաջորդ օրը կրակոց չեղավ, միայն կեսօրին մեր գումարտակներից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ 82 մմ ականանետ կիրառեցին: Պարզ էր` նշանափորձի են բերում զենքը: Անմիջապես բարձրացրի զգոնության աստիճանն, ու զորամասի հրետանու պետի հետ շարժվեցինք այդ ուղղությամբ: Ավելի ուշ այդ նույն կրակային դիրքից նորից ականանետ գործածեցին: Վերադարձանք նախապատրաստած 120 մմ ականանետային մարտկոցի դիտակետ: Այդտեղից դաշտը պարզորոշ էր: Դիտարկեցինք և խնդիրներ առաջադրեցինք: Մենք ավելի վաղ հայտնաբերել էինք հակառակորդի կրակակետը և հաշվարկած ականանետ ունեինք այդ ուղղությամբ: Նրանք 10 րոպեում 14 անգամ կրակեցին Դովեղի ու Բերդավանի ուղղությամբ: Մենք էլ երկու անգամ կրակեցինք, երկրորդը շատ դիպուկ էր` ուղիղ կրակակետին: Եվս մի քանի հարված, և «խոշոր» կրակակետը լռեցվեց: Հակառակորդի զորքը խուճապահար սկսեց փախչել: Այնուհետեւ երկու այլ կետերից գործի դրեցին 60 մմ ականանետները: Մեկի ուղղությունը հետախուզված էր, մեր առաջին իսկ ականը խրվեց նրանց խրամատի մեջ: Հրետանու պետը հաշվարկեց մյուս կետը, և տղաներն անվրեպ գործեցին: Դաշտը ամբողջովին բաց մնաց, հակառակորդի գյուղերը` անպաշտպան…

-Ադրբեջանը կիրառեց զինատեսակներ, որոնք օգտագործվել են միայն պատերազմի թեժ շրջանում: Պարոն հրամանատար, ի՞նչ է նա փորձում ապացուցել` որ ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ իրե՞ն:

-Ծանր զինատեսակների կիրառումը, ըստ իս, նշանակում է` «արի կռվենք»: Հակառակորդը անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձելով մեզ վնաս հասցնելու գոնե մեկ ճանապարհ գտնել: Եվ չի գտնում: Այս անգամ էլ հրետանին գործի դրեց, ու նորից` պարտություն: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդին, չեմ ուզում ասել, թե թույլ են: Ո՛չ, այդպես չէ: Պարզապես մենք ենք ուժեղ: Թող անհամեստ չհնչի, բայց շատ ուժեղ ենք: Մենք հաշված րոպեների ընթացքում երեք ականանետի համար նախատեսված դասակի կրակային կետ ենք ոչնչացրել: Կարծում եմ` հակառակորդը հետեւություն արեց` մեր զենքերն անընդհատ թարմացվում են, և դրանք լիարժեք պատրաստ վիճակում են:

-Փոխվե՞լ են արդյոք զորամասի խնդիրներն այս դեպքերից հետո:

-Հակառակորդի կրակային կետերը խոցելուց հետո պարզ էր` ձեռնամուխ են լինելու նորերի տեղաբաշխմանը: Այժմ ուժեղացրել ենք թե՛ հրետանային, թե՛ համազորային (հետախուզական) դիտարկումները: Պարզել ենք, թե որ կողմ է հակառակորդը տեղափոխվում: Այդ կետերն արդեն հաշվարկված են: Այնպես որ, այս պահին մեր հիմնական նպատակը հակառակորդի շարժի վերահսկումն է, նաեւ` բերդավանցիները խաղող են հավաքում, մենք էլ անընդհատ դիտարկում ենք: Հրաման է տրված անմիջապես խոցել այն կրակակետը, որից կփորձեն կրակել գյուղացու ուղղությամբ: Այլ կերպ լինել չի կարող. ժողովուրդն ամբողջ տարին հոգատարությամբ մշակել է հողը, ջանք թափել, և, երբ եկել է բերքը հավաքելու ժամանակը, հակառակորդն ասում է` ոչ: Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ. կրակի տակ հասունացած բերքը մեզ համար ուրիշ արժեք ունի: Այն կիլոգրամով չի չափվում, այլ գյուղացու արժանապատվության ցուցիչն է, նրա ուժի, կամքի արտահայտությունը…

Ընդհանրապես, առաջնագծում օրն է որոշում, թե ինչի պատրաստվես: Նայեք, հիմա իրիկնադեմ է, հանգիստ է, բայց այս լռությունը խաբուսիկ է: Այն թելադրում է բարձրացնել զգոնությունը: Մենք իրավունք չունենք որեւէ մանրուք աչքաթող անելու, դեռ չենք հասել այն վիճակին, որ թեթեւ շունչ քաշենք: Հակառակորդը պատժված է, և սպասվում է, որ նոր գործողությունների կդիմի… Այսօր նույնպես որոշիչ ժամանակներ են, և պատասխանատվությունը մեր ուսերին է, իմ սերնդակիցների: Մենք պատրաստ ենք: Մեր ստորաբաժանումների համար կիրառման շրջանները զբաղեցնելը արդեն րոպեների հարց է: Հրամանը տալիս ես և աչքդ էլ չես հասցնում թարթել, մեկը մյուսի հետևից զեկուցում են` «պատրաստ, պատրաստ, պատրաստ»: Մենք ավելի արագաշարժ ենք դարձել…

-Զինվորն էլ, բնականաբար, ավելի ինքնավստահ…

-Բոլորս էլ մարտական փորձ ձեռք բերեցինք և հիմա զենքը շատ ավելի վստահ ենք կիրառում: Այսօր դիրքում զինվորներիս ասացի` լսո՞ւմ եք խաղաղության ձայնը, դուք եք վաստակել, ձեր հմուտ գործողությունների արդյունքն է: Մեր զինվորին ընդամենը պետք է ճիշտ ուղղություն տալ, պետք է ոգեւորել, կողքին կանգնել, և նա կհերոսանա: Նա իր գործը կանի այնպես, ինչպես չես էլ պատկերացրել: Ես համոզվել եմ: Հակառակորդի դիտավորյալ, նշանացուցված կրակին պատասխանելու խնդիր եմ առաջադրում, և հարկ չկա րոպեն մեկ զանգելու: Գիտեմ` վերջին կրակոցը միշտ մերն է: Վերջին կրակոցը պետք է միշտ մերը լինի: Մեր զինվորը կրակում է ոչ թե ձայն ապահովելու համար, ոչ, մենք մեր պետության ունեցածը քամուն տալու իրավունք չունենք: Նա քիչ է կրակում, բայց այնպես, որ հակառակորդը հասկանում է` մեկը կողքին պայթեց, հաջորդը ճակատին է դիպչելու: Մեր զինվորի շնորհիվ է, որ հակառակորդը իր խրամաբջիջում իրեն ապահով չի զգում, կրակում է ու փախչում:

-Ի դեպ, ապահովության մասին, մենք այսօր դիրքերում ինժեներական կահավորման նորամուծություններ նկատեցինք: Կրակակետերը «վերազինե՞լ եք»:

-Դիրքի կահավորումն անընդհատ կատարելագործվում է: Ձեր նկատած նորամուծությունը նպատակ ունի բարձրացնելու կրակակետի ապահովության աստիճանը: Ի վերջո, ապահով դիրքից կրակ վարողը շահում է, քանի որ և՛ նշանառությունն է դիպուկ, և՛ իր գործողություններում է ավելի ազատ: Այսօր խրամատում ոչինչ սիրունության համար չի արվում, այդտեղից մարտ է վարվում: Մենք փորձում ենք հնարավորինս մխրճվել հողի մեջ, հողն է պահողը, ինչքան հողի մեջ խորն ես, այնքան ապահով ես:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/10/2015