Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ



«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հրավերով` մի հարկի տակ էին հավաքվել «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Նալչաջյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, հոգեբան Դավիթ Ջամալյանը, ՀՀ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժության բաժանմունքի պետ, մայոր Տիգրան Թունյանը, բազմաթիվ զինվորական բժիշկներ: Հավաքը բավականին ներկայացուցչական էր, իսկ քննարկման թեման` հույժ կարեւոր:

Հավաքի նախաձեռնողը` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, մանրամասնեց խորհրդակցության դրդապատճառների ու նպատակների մասին: Նա ասաց, որ իր բազմաթիվ հանդիպումներն ու պարբերական շփումները զինվորների ծնողների ու հասարակության տարբեր շերտերի հետ, ինչպես նաև այցելությունները զորամասեր, բերել են այն համոզման, որ հոգեբանական ծառայությունների աշխատանքի բարելավումը մեծապես կօգնի և՛ զինվորների ծնողներին, և՛ զինվորներին: Ըստ նրա` հարկավոր է ստեղծել մի կառույց, որը կլինի զինվորների ծնողների կողքին և կօգնի առավել դյուրին հաղթահարել որդուն բանակ ճանապարհելու և նրա վերադարձին սպասելու ընթացքը, թոթափելու անհարկի լարվածությունն ու սթրեսները:

Դոցենտ Կարինե Նալչաջյանը առաջարկությունը գնահատեց խիստ կարևոր ու իրատեսական և որպես ասվածի ապացույց պատմեց մի դեպք, որին ականատես էր եղել զորամաս հերթական այցելությունների ժամանակ: Զինվորի ծնողը բառացիորեն դժոխքի էր վերածել որդու կյանքը՝ անհարկի այցելություններով, մտահոգություններով ու տագնապներով: Հրամանատարների բնութագրմամբ` զինվորը հեշտորեն հարմարվել էր ծառայական կյանքին, մնում էր միայն ազատվել մոր անհարկի «խնամքից»: Տիկին Նալչաջյանը զարգացրեց միտքը, ասելով, որ հոգեբանները պետք է ապագա զինվորների ծնողների հետ աշխատեն դեռ զինվորի նախազորակոչային շրջանից: Հիշեց մի դեպք, երբ ծնողը տարիներ շարունակ որդուն ասել էր, որ վերջինս հիվանդ է ու բանակ չի գնալու: Սակայն զորակոչի ժամանակ պարզվել էր, որ հիվանդությունը գրեթե վերացել է, ու տղան պիտի զորակոչվի: Եվ ահա զինվորը չէր կարողանում հարմարվել ծառայությանը:

Պաշտպանության համակարգի համապատասխան կառույցների աշխատակիցները փաստեցին, որ բանակի հոգեբանական ծառայությունը դեռևս կայացման փուլում է, և հարկավոր է խթանել այդ գործընթացը: Մասնավորապես, խնդրահարույց է ռազմական հոգեբանների պակասը, որոնց կարիքը խիստ զգացվում է հատկապես զորային օղակում: Նրանց խնդիրն է աշխատել թիկունքում և առաջնագծում` օգնելով զինվորներին հաղթահարելու ծառայության առանձնահատկություններով պայմանավորված սթրեսները:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը առաջարկեց զինված ուժերում հոգեբանական ծառայության աշխատանքները բարելավելուն միտված մի շարք լուծումներ, մասնավորապես` ներդնել սպա հոգեբաններ պատրաստելու բազային կամ մագիստրոսական կրթության համակարգ, ինչպես նաև զորային օղակում պարբերաբար հանդես գալ սթրեսի կառավարման վերաբերյալ դասախոսություններով:

Խորհրդակցության երկրորդ հատվածը վերաբերում էր բանակում հոգեբուժական ծառայության խնդիրներին, ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժության բաժանմունքի պետ Տիգրան Թունյանը ներկաներին պատմեց ծառայության աշխատանքին խոչընդոտող հանգամանքների մասին և մանրամասն փաստարկեց ծառայությունն ընդլայնելու իր առաջարկը:

Շատ հետաքրքիր ու օգտակար էր ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելիք-Փաշայանի ելույթը: Նա կարծիք հայտնեց, որ պետք է նախազորակոչային տարիքում ավելի խոր հետազոտություններ կատարել` կապված ապագա զինվորների հոգեկան առողջության հետ, ինչը թույլ կտա եթե ոչ բացառել, ապա նվազագույնի հասցնել հոգեկան խանգարումներ ունեցող զինակոչիկների մուտքը բանակ, ինչպես նաև առաջարկեց փոփոխություններ կատարել հոգեկան և վարքի խանգարումներ ունեցող զինակոչիկների առողջական վիճակի գնահատման չափորոշիչներում: ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանը կարևորեց տիպային հոգեբուժարան կառուցելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին որոշում կայացվեց բոլոր առաջարկությունները ներկայացնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, դրանք քննարկելու և հավանության արժանացնելու դեպքում, իրագործելու համար:

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ազգային բանակ


21/10/2015