Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԻՆՁ ԷԼ ԵՔ ՍՐՍԿԵԼՈ՞Ւ



Որդիս շուտով զորակոչվելու է բանակ. ինձ արդեն ամեն ինչ, ինչ կապված է բանակի հետ, հետաքրքիր է և կարևոր: Տեղեկացել եմ, որ զորահավաքակայանում այլևս պատվաստումներ չեն կատարում, դրանք իրականացվում են քաղաքացիական բուժհիմնարկներում։ Ինչո՞ւ է փոխվել այդ կարգը:
Նարինե ԳԱԼՍՏՅԱՆ
ք. Երևան

2014 թվականի ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարների համատեղ հրամանով` զորակոչիկների նախնական պատվաստումներն իրականացվում են ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հիմնարկներում: Համաձայն հրամանի` հաստատվել է զինակոչիկների եւ նախազորակոչիկների շրջանում պատվաստումների կատարման կարգը:

Պատվաստումները կատարվում են ՀՀ զինկոմիսարիատներում 15 տարեկանների կցագրումից անմիջապես հետո եւ ավարտվում են 16 տարեկանում` ապահովելով հեպատիտ Ա, մենինգակոկային, պնեւմակոկային, ԿԿԽ, ԱԴՓ-Մ, տուլարեմիա պատվաստանյութերի մեկական դեղաչափ: Բացառության կարգով նշված ժամկետներում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք պատվաստվում են հնարավորինս շուտ` մինչեւ ՀՀ զինված ուժեր զորակոչվելը:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող, զորակոչի ենթակա անձանց կանխարգելիչ պատվաստումները կատարվում են զորակոչվելուց մի քանի ամիս առաջ ՀՀ զինկոմիսարիատներին կցագրված պոլիկլինիկաներում:

Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու նպատակով որոշեցինք այցելել քաղաքային պոլիկլինիկաներից մեկը:

-Մինչ այս որոշումը, նորակոչիկների պատվաստումները կատարվում էին ՊՆ կենտրոնական հավաքակայանում` զինակոչիկներին զորամասեր ուղարկելուց ժամեր առաջ: Առավել նպատակային ու արդյունավետ է, որպեսզի պատվաստումները կատարվեն տարածքային պոլիկլինիկաներում, քանի որ անձն այստեղ արդեն իսկ հետազոտվել է, այստեղ ավելի տեղեկացված են նրա առողջական վիճակի մասին, գիտեն` ինչ է ցուցված կամ հակացուցված, կա նախազգուշական մոտեցում: Նոր կարգը նաեւ հնարավորություն է տալիս հետպատվաստումային շրջանում զինակոչիկների առողջության նկատմամբ լիարժեք հսկողություն սահմանել,- նշում է «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի տնօրեն Արեգ Նարգիզյանը:

Բուժհիմնարկի կանխարգելիչ պատվաստումների կաբինետում ենք£ Բժշկուհի Կարինե Հովսեփյանը նշում է, որ իրենց պոլիկլինիկայում պատվաստվում են 1999-2000թթ. ծնվածները՝ նախազորակոչային տարիքի տղաները: Նա եւս իր խոսքում շեշտում է զինակոչիկների պատվաստումները նախքան զորակոչվելը կազմակերպելու կարեւորությունը. «Վաղօրոք պատվաստելով հնարավոր է դառնում խուսափել հետպատվաստումային բազմաթիվ բարդություններից: Զինակոչիկը տվյալ դեպքում չի ենթարկվում նոր միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը. երկար ճանապարհ, կլիմայական պայմաններ, ծառայական ռեժիմ, սթրես: Ինքս` որպես ծնող եւ որպես բժիշկ, կարծում եմ, որ վաղօրոք պատվաստելը շատ ճիշտ որոշում է: Անձամբ իմ որդին տարիներ առաջ զորահավաքակայանում պատվաստվել եւ միանգամից մեկնել էր ծառայության: Ծառայավայրում ջերմությունը կտրուկ բարձրացել էր: Պատկերացրեք մեր ապրումները:

Կանխարգելիչ պատվաստումները պաշտպանում են մի շարք վարակիչ հիվանդություններից` առաջացնելով կայուն դիմադրողականություն: Լինում են դեպքեր, թեեւ շատ հազվադեպ, երբ ծնողը հրաժարվում է զավակին պատվաստելուց` պատճառաբանելով, թե, իբր, այդպես կխուսափեն հետպատվաստումային ծանր բարդություններից: Բժիշկները հնարավորինս մատչելի բացատրում են, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան ամենածանր հետպատվաստումային հետեւանքի հավանականությունը»£

♦♦♦

Կանխարգելիչ պատվաստումների կաբինետում պատվաստանյութերը պահվում են հատուկ սառնարաններում, որոնցում ինդիկատորների շնորհիվ պահպանվում է տվյալ վակցինայի համար նախատեսված ջերմային ռեժիմը: Պատվաստանյութերը բելգիական արտադրության են: Պատվաստումները կատարում են վերապատրաստված մասնագետները եւ ամենայն բարեխղճությամբ եւ հոգատարությամբ: Արվում է հնարավորը, որ նորակոչիկները վարակներից եւ հիվանդություններից հնարավորինս ապահովագրված մեկնեն ծառայության:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/10/2015