Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. «ՇԱՆԹ-2015»



«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ» ՋԱԽՋԱԽՎԵԼ Է

Հայկական բանակը եւ նրա կազմում գործող յուրաքանչյուր ստորաբաժանում, զորամաս, զորամիավորում այսուհետ եւս ջանք ու եռանդ չի խնայելու բանակի առջեւ դրված խնդիրները կատարելու, զորավարժությունների ընթացքում սովորածը անմիջապես առաջին գծում, մարտական հերթապահության ժամանակ փորձարկելու եւ երկարատեւ խաղաղության պայմաններ ստեղծելու համար:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Սեպտեմբերի 11-ն է: ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» ուսումնական կենտրոնի զորավարժարանում ժամեր անց կմեկնարկի «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ակտիվ գործողության փուլը: Նախքան մեկնարկը զորավարժության շտաբի ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ շրջում են զինտեխնիկայի ցուցադրության տաղավարներում: Այստեղ ներկայացված է ե՛ւ հայկական արտադրության զինտեխնիկան` հրազեն, զինամթերք ու սարքավորումներ, նաեւ «Կռունկ», «Բազե» անօդաչու թռչող սարքեր, ե՛ւ ՌԴ 102-րդ ռազմակայանի զինտեխնիկան՝ համազարկային կրակի «ՍՄԵՐՉ» ռեակտիվ կայան, «Ս-300Վ» եւ «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ:

Ցուցադրությունից հետո զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, որ նաեւ զորավարժության կրակային փուլի հրամանատարն է, ներկաներին ծանոթացնում է զորավարժության պլանի հետ: Ըստ այդմ` պայմանական հակառակորդը մեծ ուժերով հանկարծակի հարձակվելու եւ մոտ 2,5 կմ մխրճվելու է հայկական տարածք: Պաշտպանական մարտերի ընթացքում հայկական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը. «Գունդը բերվելու է մարտական բարձր պատրաստականության աստիճանի, ապա իրականացվելու է համակցված եղանակով տեղաշարժ, կենտրոնացման շրջանի զբաղեցում եւ հարձակողական մարտի նախապատրաստում, խորքից առաջխաղացմամբ՝ հարձակման անցում, հակառակորդի պահեստազորի հակագրոհի հետ մղում, գրոհի զարգացում, նահանջող հակառակորդի հետապնդում, նպաստավոր բնագծի զբաղեցում և անցում պաշտպանության»:

Եվ ահա շեփորահար, շարքային Տիգրան Բարսեղյանն ազդարարում է զորավարժությունների մեկնարկը: Պայմանական հակառակորդի դեմ գործի են դրվում տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, ավիացիա, տանկային եւ մոտոհրաձգային զորամիավորումներ: Կիրառվում են 82 մմ ականանետներ, Դ-30 հաուբիցներ, «Գրադ» տեսակի հրթիռներ: Գրոհում է զրահատանկային ուժեղացված դասակը` շեղելով հակառակորդի ուշադրությունը: Ապա «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ով խոցվում է հակառակորդի օդային թիրախը: Հարվածներ են հասցնում Սու-25 գրոհիչներն ու Մի-24 ուղղաթիռները: Հակառակորդի թիրախները մեկը մյուսի հետեւից խոցվում են «Ֆագոտ» հակատանկային կառավարվող հրթիռներով, գրոհի են անցնում տանկերն ու հետևակի մարտական մեքենաները: Մարտադաշտ է տեղափոխվում լրացուցիչ անձնակազմ: Մարտը շարունակվում է, եւ հակառակորդը վերջնականապես ջախջախվում է:

…Անձնակազմը շարվում է զորավարժադաշտի հրապարակում, եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարական ու գերատեսչական պարգեւներ, հուշանվերներ է հանձնում զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին.

«Հայկական բանակը եւ նրա կազմում գործող յուրաքանչյուր ստորաբաժանում, զորամաս, զորամիավորում այսուհետ եւս ջանք ու եռանդ չի խնայելու բանակի առջեւ դրված խնդիրները կատարելու, զորավարժությունների ընթացքում սովորածը անմիջապես առաջին գծում, մարտական հերթապահության ժամանակ փորձարկելու եւ երկարատեւ խաղաղության պայմաններ ստեղծելու համար: Օպերատիվ մարտավարական գործնական այս զորավարժությունները բարձրացրին զինծառայողների դաշտային վարժվածության, ֆիզիկական կոփվածության մակարդակը, բարելավեցին բարոյահոգեբանական մթնոլորտը»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց զորավարժությունների բոլոր մասնակիցներին՝ հատկապես շարքային զինծառայողներին, «որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր մարտում կարողանում ենք հասնել հաջողության»:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Հովհաննիսյանը, որ զորավարժությունների ժամանակ առաջին անգամ էր գործածել «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն եւ խոցել պայմանական հակառակորդի օդային թիրախը, մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր ամենահիշարժան օրն է ինձ համար: Ոգեւորություն, հուզմունք, հպարտություն` ամեն ինչ խառնվել է իրար: Մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ նաեւ իմ կրակից էր կախված զորավարժության ընդհանուր գնահատականը: Եթե վրիպեի, ինքս ինձ չէի ների»:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Նախատեսված հերթական զորավարժությունների ընթացքին հետեւում էին բարձրաստիճան զինվորականներ: «Հայ զինվորի» խնդրանքով նրանք գնահատեցին զորավարժության ընթացքը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ,
գեներալ-լեյտենանտ
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

-Տպավորությունս դրական է, քանի որ ներգրավված ստորաբաժանումները` հրաձգային, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, օդուժ, դրսեւորեցին իրենց ներուժն ու պատվով կատարեցին առաջադրված խնդիրները: Զորավարժությունն առանձնահատուկ էր ոչ ստանդարտ գործողություններով, ինչը խոսում է այն մասին, որ ստեղծագործական մոտեցում է ցուցաբերվել, սա շատ ողջունելի է: Պետք է նշեմ, որ ստորաբաժանումների հրամանատարները ճիշտ եւ համարձակ աշխատեցին, ինչի շնորհիվ էլ ենթակաները մարտական խնդիրների կատարումը չձախողեցին: Չեմ ուզում առանձին-առանձին անդրադառնալ զորատեսակներին, նշեմ միայն՝ թող ոչ ոք կասկած չունենա հայ սպայի ու զինվորի հնարավորությունների վերաբերյալ:

Զորամիավորման հրամանատար,
գեներալ-մայոր
ԻՇԽԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

-Զորավարժության դրվագները լավ էին մտահղացված` հագեցած տարբեր զորատեսակների կիրառմամբ գործողություններով: Զինվորական մասնագիտության մեջ բոլոր զորատեսակների փոխգործակցությունը ճիշտ, տեղին, ժամանակին եւ ըստ խնդիրների կազմակերպելը գերագույն վարպետություն է պահանջում, ինչը եւ ցուցադրվեց, ապա որպես արդյունք ստացանք գրեթե բոլոր նշանակետերի խոցում: Յուրաքանչյուր կրակային միջոց, յուրաքանչյուր զորատեսակ հստակ եւ ժամանակին հայտնվեց նշանակված բնագծում, ինչն էլ ապահովեց հաջողությունը: Այսօր մենք եւս մեկ անգամ համոզվեցինք` զորքի պատրաստությունը ստուգելու ամենաարդյունավետ ձեւը զորավարժությունն է իրական մարտական կրակով: Մեկ բան է զորքը լսարաններում ուսուցանելը, մեկ այլ բան այն վարժեցնելը զորավարժադաշտում: Ի վերջո, մեկ բան է նայել տանկին, մեկ այլ բան՝ կիրառել այն: Սա զինվորի համար հնարավորություն էր՝ զգալու իր զենքի հզորությունը եւ այն վերածելու վստահության, հոգեւոր էներգիայի: Այսպես է ձեւավորվում ռազմական ներուժը:

Զորավարժության ղեկավարի օգնական,
ինժեներական զորքերի վարչության պետ,
գեներալ-մայոր
ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Նախ եւ առաջ, նշեմ, որ զորավարժություններում ընդգրկված էին նաեւ ինժեներական ստորաբաժանումներ: Դրանք նախապատրաստական փուլում ծավալուն աշխատանք են կատարել` նախապատրաստել են տեղանքը, կենտրոնացման շրջանները, համապատասխան երթուղիները, որպեսզի մյուս ստորաբաժանումները ժամանակին դուրս գան գրոհի բնագծեր: Իսկ զորավարժության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները իրականացրին նմանակումներ, այսինքն` նրանց ուժերով պայմանական հակառակորդի ականադաշտում անցումներ բացվեցին: Սա մեզ համար վարպետությունը դրսեւորելու, ինչպես նաեւ փորձ կուտակելու եւս մեկ հնարավորություն էր: Վերջնական գնահատականը կտրվի մանրամասն հաշվարկներից, ուսումնասիրությունից հետո, ասեմ միայն, որ նախնական արդյունքները գոհացնող են:

Զորավարժության ղեկավարի օգնական,
ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության պետ,
գեներալ-մայոր
ԿՈՄԻՏԱՍ ՄՈԻՐԱԴՅԱՆ

-Գաղտնիք չէ` թե՛ պատերազմի եւ թե՛ զորավարժության ժամանակ ջոկի հրամանատարից մինչեւ զորամիավորման հրամանատար ղեկավարումն իրականացնում են կապի միջոցներով: Զորավարժության կարեւոր բաղկացուցիչներից մեկն էլ անխափան կապի ապահովումն էր բոլոր զորատեսակների միջեւ: Սա հնարավորություն տվեց գործելու հաստատուն, հրամանները կատարելու անվրեպ, ղեկավարելու անկաշկանդ: Մեր ստորաբաժանումները միշտ պատրաստ են ապահովելու պատշաճ որակի կապ:

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության
վարչության պետ,
գնդապետ
ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Զորավարժությունը հնարավորություն էր ցուցադրելու մեր ներուժը առաջադրված խնդիրները լուծելու համար տրված հնարավորությունների սահմաններում: Վարպետորեն իրականացվեցին հակառակորդի թեւանցման ու շրջանցման գործողությունները: Բարձր մակարդակի էր ղեկավարումը: Զորավարժությունն ընդգծեց` մեր մարտունակությունը գերազանց է:

Զորամասի հրամանատար,
գնդապետ
ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆ

-Մենք այսօր ականատես եղանք, թե ինչպես գրոհային ստորաբաժանումը նախապատրաստեց գրոհը եւ հիմնական ուժերի համար ստեղծեց գործելու բարենպաստ պայմաններ: Ամեն ինչ կատարվեց անթերի, գրոհային ստորաբաժանումն ավիացիայի եւ հրետանու աջակցությամբ վարպետորեն գրավեց առանցքային դիրք եւ մարտը վարելու նպաստավոր իրավիճակ ստեղծեց: Զորատեսակները գործեցին օպերատիվ եւ փոխգործակցեցին համակցված ու համահավասար: Զորավարժության այս պլանը կիրառելի է առաջնագծում:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1105) 17.09.2015 - 23.09.2015, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/09/2015