Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Ամանորի նախօրեին եղանք գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող եռակի մարտական դրոշակակիր զորամասում, պարզվեց, որ հրամանատարը նախատոնական ժողով է անցկացնում անձնակազմի հետ։ Քննարկվում էին տոնական օրերին զորամասի գործունեության ծրագիրը, միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցերը։ Ընդհանուր առմամբ, զորամասը հաջողությամբ է ավարտել ուսումնական տարին, եւ այժմ հարկավոր է հավուր պատշաճի դիմավորել Ամանորը, հանգստանալ, ուժերը վերականգնել եւ նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։
-Ինչպես միշտ, այս անգամ էլ կանենք ամեն ինչ, որ մեր զինվորների սեղանը շատ չտարբերվի տոնական սեղանից։ Արդեն պատրաստ է խորովածի միսը, կլինեն քաղցրավենիքի տեսակներ, հյութեր, խորհրդանշական (առանց ալկոհոլի) շամպայններ։ Զորամասի հրամանատարը եւ մենք՝ սպաներս, կլինենք այստեղ` զորամասում, եւ տոնը կանցկացնեք մեր զինվորների հետ,- ասաց մայոր Սպարտակ Առաքելյանը։
Շրջելով զորամասում` տեսանք, որ զորանոցների ձեւավորումը տոնական է, տեղադրված են զարդարված տոնածառեր։
Իսկ փոխգնդապետ Գ. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասում տոնն արդեն սկսվել էր։ Զինվորները հավաքվել էին մեկ հարկի տակ։ Նվագախմբի ջոկի հրամանատար սերժանտ Ժորա Շահինյանը, ակորդեոնահար Վահե Հարությունյանը եւ տմբլաչի Պերճ Մելիքսեթյանը զորանոցում իսկական քեֆի տրամադրություն էին ստեղծել։ Ուս ուսի տված պարում էին ավագ սերժանտ Արգիշտի Մակարյանը, դասակի հրամանատար ավագ Սուրեն Չիլինգարյանը, կրտսեր սերժանտ Արթուր Սահակյանը, շարքայիններ Նարեկ Բադալյանը, Հայկ Սիմոնյանը, Մկրտիչ Սարգսյանը, Սուրեն Սահակյանը, Նարեկ Սարգսյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Զիրոյանը, Պավել Խոնդկարյանը, շարքայիններ Աշոտ Ներսիսյանը, Անդրանիկ Շահինյանը, Գեւորգ Օրդյանը, Ռզգար Ալոյանը, բոլորը։ Քիչ անց նրանց միացան գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գ. Մուրադյանը, գումարտակի շտաբի պետ Ա. Գրիգորյանը, մայոր Սպարտակ Առաքելյանը, ակումբի պետ կապիտան Մարգարիտա Պետրոսյանը, վաշտի հրամանատար կապիտան Արթուր Ղուլյանը, ուրիշ սպաներ եւ զինվորներ։
Ուրախությունը շարունակվում էր, կարճատեւ դադարների ժամանակ նոր՝ 2011թ. սպասելիքների մասին զրուցեցինք սպաների եւ զինվորների հետ։
-Ուզում եմ խաղաղություն լինի, որ իմ զինվորները բարեխղճորեն իրենց պարտքը կատարեն, տուն վերադառնան եւ իրենց եռանդը ծառայեցնեն մեր երկրի շենացմանը,- ասաց փոխգնդապետ Գ. Մուրադյանը։
-Որպես մայր, որն ամեն օր հարյուրավոր զինվորների հետ է շփվում, ուզում եմ, որ եկող տարին էլ անցնի այնպես, ինչպես վերջին տասնչորս տարիները, եւ ժպիտը մեր որդիների, նրանց ծնողների դեմքից թող չպակասի,- ասաց կապիտան Մ. Պետրոսյանը։
-Ես մեր եզդի ժողովրդի անունից բոլորին ցանկանում եմ առողջություն եւ խաղաղ երկինք,- ավելացրեց շարքային Ռզգար Ալոյանը։
-Ունեմ մեկ տղա, որին մաղթում եմ արեւշատություն, բոլոր հայերին՝ խաղաղություն եւ հաջողություն,-ասաց սերժանտ Ժորա Շահինյանը։
-Մեկ աղջիկ էլ ես ունեմ, Աստված նրան պահապան, իսկ երկրի խաղաղությունը մենք կապահովենք,- ավելացրեց կրտսեր սերժանտ Արթուր Սահակյանը։
-Ես այժմ երիտասարդ զինվորների հետ եմ աշխատում։ Գիտեմ, որ նրանց ծնողներն անհանգիստ են, մտածում են, թե ինչպես են տղաները նշելու Նոր տարին։ Ամեն ինչ նախապատրաստել ենք, երիտասարդ զինվորները ոչ մի բանի կարիք չեն զգա, տունը շատ չեն կարոտի։ Շնորհավոր բոլորիս Նոր տարին,- ասաց ավագ սերժանտ Արգիշտի Մակարյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Ազգային բանակ


29/12/2010