Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԻՍԻՆ ԵՂԵԼ ԵՄ, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԿԱՄ ՈՒ ԿՄՆԱՄ



Հարցազրույց Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

2015 թվականի ամառային զորակոչը Գորիսում կատարվեց ժամանակին և պատշաճ մակարդակով: Վերջին ութ տարիներին Գորիսի զինկոմիսարիատը գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ երկրորդ կարգի զինկոմիսարիատների մեջ հանրապետությունում երեք անգամ ճանաչվել է լավագույնը, իսկ մեկ անգամ էլ` լավագույնը ողջ հանրապետությունում: Եվ նման արդյունքն ամենևին էլ պատահական չէ, քանզի զորակոչի անցկացմանն օժանդակող յուրաքանչյուր օղակ քաջ գիտե իր անելիքը: Զինված ուժերի համալրման գործընթացը Գորիսում դրված է ամուր հիմքերի վրա: Մշտապես պահպանվում են իրազեկման թափանցիկությունը, բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտը: Բժշկական հանձնաժողովի փորձառու և բանիմաց մասնագետների աշխատանքի շնորհիվ բացառվում է անառողջ զինակոչիկի զորակոչը ազգային բանակ:
Այստեղ հրաշալի գիտակցում են, որ արդար զորակոչով է ամրապնդվում բանակի և հասարակության միջև հաստատված սերտ կապը, ԶՈՒ հանդեպ ժողովրդի վստահությունն ու հավատը:

«Ես բացառում եմ կեղծ հիվանդություններով եւ քրեորեն պատժելի արարքների միջոցով զորակոչից խուսափող գեթ մեկ զինակոչիկի առկայությունը մեր շրջանում: Գորիս քաղաքն ու շրջանի քսանչորս գյուղերը զորակոչի օրերին միախմբվում, մեկ բռունցք են դառնում…»

-Պարոն գնդապետ, շնորհավորում եմ Ձեզ, Ձեր անձնակազմին հերթական զորակոչը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: Ձեր ղեկավարության ութ տարիների ընթացքում Գորիսի զինկոմիսարիատը հասցրել է չորս անգամ աչքի ընկնել: Այն, որ գորիսեցիք զորակոչին միշտ էլ վերաբերվել են բարձր պատասխանատվությամբ, գաղտնիք չէ: Բայց, կարծում եմ, պակաս կարևոր չէ նաև հեղինակության գործոնը…

– Առհասարակ, Սյունիքի մարզը և, մասնավորապես՝ Գորիսի շրջանը, զորակոչի օրերին մշտապես աչքի են ընկել բարձր արդյունավետությամբ: Իմ պաշտոնավարման տարիներին չենք ունեցել զորակոչից խուսափելու դեպքեր, ազգաբնակչությունը միշտ էլ ընդգծված հարգանքով ու մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել զորակոչին: Ութ տարիների ընթացքում երեք անգամ լավագույնն ենք եղել երկրորդ կարգի զինկոմիսարիատների մեջ, մեկ անգամ էլ՝ առաջինը ամբողջ հանրապետությունում: Գուցե ինչ-որ տեղ իմ գործոնն էլ որոշակի դեր է խաղում, բայց առաջադրանքի հաջող կատարումը առաջին հերթին մեր ժողովրդի կազմակերպվածության շնորհիվ է, մեր երիտասարդության դրսեւորած բարձր գիտակցության շնորհիվ:

-Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ պարտադրված ենք ունենալ ուժեղ բանակ, ուժեղ պաշտպանություն: Սա հրաշալի գիտակցում է ամեն մի հայ:

-Հայրենիքին օգնելու, սատար կանգնելու գործը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է: Այսօր երաշտ է: Նման բան հարյուր քառասուն տարին մեկ է լինում: Եվ եթե, Աստված մի արասցե, մի տեղ հրդեհ բռնկվի, պետք է բոլորս գնանք այն մարելու: Եթե բոլորս չգնանք, այն կտարածվի եւ իր երախի մեջ կառնի ամեն ինչ: Եթե պատերազմ է կամ էլ սահմանում անհանգիստ իրավիճակ, պետք է բոլորս բանակ գնանք: Ազգովի պետք է զինվորագրվենք, որ հաղթենք: Ոչ մեկի մտքով չպետք է անցնի, թե ինքը կարող է խուսափել զորակոչից: Դու այս երկրի քաղաքացին ես ու պետք է գիտակցես, որ հենց քեզնից է կախված երկրի անվտանգությունը: Պետք է մտածես. կամ ես՝ կա՛ ՀԱՅԱՍՏԱՆ, չկա՛մ ես` չկա՛ ՀԱՅՐԵՆԻՔ: Զինվորն է մեր երկրի պահապանն ու պաշտպանը՝ ԱՊԱԳԱՆ: Զինվորով է բանակը ուժեղ ու զորավոր: Առանց ուժեղ բանակի ոչ մեկը մեզ չի հարգի: ՈՒժն է հարգվում, ուժեղին են հարգում: Թույլերին բարեկամ չեն ընտրում եւ ոչ էլ հաշվի են նստում թույլերի հետ:

– Պարոն գնդապետ, Դուք հայտնի անուն եք ոչ միայն Գորիսում, այլև հանրապետությունում: Եվ հայտնի է, թե ինչու. Արցախյան պատերազմի տարիներին եղել եք Տեղ գյուղի հայտնի «Մելիք Բարխուդար» ջոկատի, տանկային զորամասի, հետո էլ բրիգադի հրամանատար… Կապը պահո՞ւմ եք նախկին ջոկատայինների, մարտական ընկերների հետ:

– Առանց այդ կապի ո՞նց կլինի: Մի օրինակ բերեմ: Օրեր առաջ ինձ զանգահարեց իմ նախկին զինվորներից մեկը՝ Մեծամորից, թե՝ հրամանատար քեռուս տղան վիրավորվել է, բայց, փառք Աստծո, վիճակը լավ է: Գիտենք, որ սահմանին անհանգիստ է: Եթե պետք է, հրամանատա՛ր, հավաքվենք-գանք մեր տղերքին օգնության: Չեք պատկերացնի՝ ինչքան են զանգում: Նշանակում է, որ ես իզուր չեմ ծառայել, անտեղի շարք չեմ կանգնել: Եվ եթե ես իմ շարքային զինվորին մի բառ, մի միտք եմ ասել, նա դա պահել է իր մեջ: Այսօր էլ, երբ զինակոչիկներին ճանապարհում ենք բանակ, ես նրանց ասում եմ՝ դուք գնում եք հաղթանակած բանակ, ուրեմն ձեր բարոյահոգեբանական վիճակը պետք է կայուն լինի, պետք է ժպիտով գնաք: Իսկ ադրբեջանցի զինակոչիկը շատ լավ գիտի, որ ինքը գնում է պարտված բանակ, նրա հոգեբանությունն ուրիշ է:

-Ձեզ հիշելիս բոլորն առաջին հերթին նշում են Ձեր հայրենասիրությունը…

-Ես որտեղ էլ ծնվեի, նույնն էի լինելու: Մարդու երակներում ինչ դաստիարակություն որ կա, այն էլ կմնա: Ինչու պիտի, ասենք, իմ հայրենասիրությունը կամ պարտքի զգացողությունը պակասի: Ինչպիսին եղել եմ, այնպիսին էլ կամ ու կմնամ:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


20/08/2015