Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀՈՎՀԱՆՆԵ՛Ս ՊԱՊ



Oգոստոսի 15-ին Հովհաննես պապը դարձավ 90 տարեկան: Մեծ միջոցառում է կազմակերպել: Դեռ ամիսներ առաջ որդուն` Կամոյին, ու հարսին` Անահիտին, տեղյակ պահեց իր ցանկության մասին. «Ուզում եմ այդ օրը հավաքվեն մեր գերդաստանի բոլոր անդամները, ուտեն-խմեն, քեֆ անեն, թե չեն ճանաչում իրար` ճանաչեն, թե ճանաչում են` ավելի մտերմանան, որովհետև մեր ազգը շատ ճյուղեր է տվել, ապրում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս»: Հովհաննես պապի խոսքը օրենք է, և զավակները ոգևորությամբ ձեռնամուխ եղան այդ տոնակատարությանը: Լեհաստանից վերադարձավ որդին` Կորյունը, կնոջ` Հասմիկի հետ: Երջանիկ մարդ է եղել պապը` ժողովրդական խոսքի իրականությամբ նա յոթ որդով` Սոկրատ, Սմբատ, Բագրատ, Երվանդ, Ենոք, Կորյուն, Կամո, սեղան է նստել: Յոթ եղբոր միակ քույրը Զինան է: Եվ այդ երջանկությանը ուղեկից հաճախ են խոնավացել նրա աչքերը, հատկապես Ենոք որդու ու Վարսենիկ կողակցի կորստյան ցավից հետո:

Կորստյան էլի ցավեր է տեսել, սակայն ժամանակը դրանք փորձել է սպիացնել նոր ծնունդների ճիչերով: Պապի զրույցն այսօր չգիտես ու չես կարող գուշակել` ավելի շատ ու՞մ հետ է` ապրողների, թե երկրային կյանքին հրաժեշտ տվածների, որոնց թիվն էլ շատ է, և զգում ես, որ Հովհաննես պապն իր լռության ժամերը նրանց հետ է անցկացնում: Հաճախ է պատահում նաև, որ թաքուն թաշկինակը տանի աչքերին: Սակայն լռությունը մշտապես չքանում-անհետանում է որդիների, թոռների, ծոռների մշտական ներկայությունից. հարցերից, հետաքրքրասիրությունից: Իսկ Հովհաննես պապը միշտ փորձում է բավարար ու հետաքրքիր պատասխաններ տալ նրանց հարցերին: Պապի առաջարկով պետք է կազմվի ազգի տոհմածառը:

Այսօր Հովհաննես պապը ունի 67 թոռ ու ծոռ: Կենսուրախ է, կատակասեր. «Ասում են՝ թոռը քաղցր է, համաձայն եմ, սակայն Աստված տա, այնքան ապրեք, որ ծոռան քաղցրությունն էլ զգաք: Այդ սիրո քաղցրությունը չես կարող բացատրել, դա զգալ է պետք: Իմ մաղթանքն է, որ դուք դա զգաք»,- ասում է պապը:

Հետո հերթականությամբ թվում է թոռների, ծոռների անունները, հատկապես հպարտությամբ է տալիս նրանց անունները, որոնք զինվորագրվել են հայոց բանակին, ծառայել կամ ծառայության մեջ են` Ռուդիկ, Արման, Հովիկ, Ենոք, Արգամ, Սևակ, Վահե, Դավիթ:

Հովհաննես պապի առաջարկով բոլորը ոտքի վրա խմում են հայոց բանակի և այդ բանակին մաս կազմող իր թոռների ու ծոռների կենացը: Այդ կենացը շատ է կարևորում.

-Այս տարի լրացավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Հարյուր տարի առաջ թուրք հրոսակները որոշել էին բնաջնջել մեր ազգը, որոշել էին «մեկ հայ թողնել և այն էլ` թանգարանում»: Սակայն դա նրանց չհաջողվեց, որովհետև մեր ապրելու ձգտումը, հայի ապրելու կամքը զորավոր է: Դրա վկայությունը իմ մեծ պապի ժառանգներն են, որոնցից շատերը իրենց ծառայությամբ, իրենց աշխատանքով նպաստում են մեր անկախ Հայաստանի հզորացմանը:

Դարավոր ընկուզենու տակ փռված սեղաններից դեռ երկար հնչում են շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր:

-Շնորհավոր ծնունդդ, Հովհաննե՛ս պապ:

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #32 (1101) 20.08.2015 – 26.08.2015, Բանակ և հասարակություն


20/08/2015