Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ



Հիշեցում՝ զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանխարգելիչ աշխատանքը, որի բաղադրիչներից է անձնակազմի հրահանգավորումը, երբեք չպետք է կրի երկրորդական բնույթ, այլ պետք է դառնա ամենօրյա, ստեղծագործ աշխատանք ու բազում կյանքեր զերծ պահի մահվան ելքով ու խեղման դեպքերից:

«Զինծառայողի անվտանգությունը զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս նրա պաշտպանվածությունն է վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունից»,- նշված է ՀՀ ԶՈՒ ԶԾԱ հայեցակարգում:

Զինծառայողների հրահանգավորումն անվտանգության պահանջների վերաբերյալ նրանց` ամենօրյա գործունեության ընթացքում անվտանգության պահանջների կատարմանը նախապատրաստման անբաժանելի մասն է և իրականացվում է պարբերաբար` զինվորական ծառայության բոլոր փուլերում:

Հրահանգավորման նպատակներն են. իրազեկել զինծառայողների` զորամասում զինվորական ծառայության անվտանգության պայմանների վերաբերյալ, խնդիրները, վարժությունները, աշխատանքները կատարելիս զինծառայողների վրա ազդող վտանգավոր գործոնների բնույթի և առանձնահատկությունների պարզաբանումը, դրանց կատարմանը խեղումների և այլ դժբախտ դեպքերի կանխման միջոցները, պարապմունքներից և ծառայողական գործունեության այլ միջոցառումներից առաջ անվտանգության պահանջների պարզաբանումը խնդիրների կատարման անվտանգության վերաբերյալ, նախկինում ստացած գիտելիքների և ձեռք բերած գործնական հմտությունների ամրապնդումը, անվտանգության կանոնների խախտման դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ հաղորդումը, անվտանգության սահմանված պահանջների, զինվորական ծառայության և ծառայությունից ազատ ժամանակ հիվանդությունների, վնասվածքների կանխման միջոցների նկատմամբ յուրաքանչյուր զինծառայողի պատասխանատու և գիտակցված վերաբերմունքի ձևավորումը:

Հենց այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղերձով 2010 թվականից կյանքի է կոչվել զորամասի կազմով զինվորական ծառայության անվտանգության համալիր մեթոդագործնական պարապմունքների անցկացման գաղափարը:

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջի՝ զորամասի կազմով յուրաքանչյուր կիսամյակում երկու անգամ պարտադիր, ըստ անհրաժեշտության` նաև լրացուցիչ, անցկացվում են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով համալիր պարապմունքներ՝ բաղկացած առնվազն յոթ ուսումնական տեղերից:

Ուսումնական փուլում զինվորական ծառայության անվտանգության ռիսկերը նվազեցնելու նպատակով վերոնշյալ երկու մեթոդագործնական պարապմունքներն անցկացվում են նախապատրաստական փուլերում՝ պարտադիր զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:

Միջոցառումն իրականացնելու նպատակով արձակվում է ավագ հրամանատարի (պետի) հրաման, ենթակայությամբ իջեցվում կազմակերպչական ցուցումներ, ստեղծվում վերահսկիչ խումբ:

Օգոստոսի 4-ին նմանաբնույթ միջոցառում է կազմակերպվել ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության կենտրոնական ենթակայության զորամասերում, որտեղ զորամասի առանձնահատկությունը հաշվի առնելով բացազատվել էին ավելի քան յոթ ուսումնական տեղեր՝ ծառայության պետերի ու առավել հմուտ ու պատրաստված սպաների ղեկավարությամբ:

Միջոցառումն ընդգրկված էր զորամասի ամսական պլանում և հրամանատարության կողմից մեծ ուշադրություն էր դարձվել նախապատրաստական աշխատանքներին, քանի որ միջոցառման որակական ցուցանիշը կախված է հենց նախապատրաստությունից:

Զորամասերում միջոցառման նախապատրաստական աշխատանքները հանձնարարված էին զորամասերի շտաբների փորձառու պետերին, որոնք լինելով զորամասերի ԶԾԱ հանձնաժողովների նախագահներ, պատվով կատարեցին հանձնարարականը՝ ուսումնական տեղերը դարձնելով դիդակտիկ, գործնական աշխատանքի համար ուսումնանյութական բազան հագեցված, պարապմունքների ղեկավարները ուսուցանված:

Միջոցառումը վերահսկվում էր ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու, ինչպես նաև ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության սպաների կողմից:

Վերահսկողական շրջայցին նկատելի բարձր մակարդակով պատրաստվածությունը թույլ է տալիս փաստելու, որ գնդապետներ, Ա.Բաղդասարյանի, Ռ.Շահգելդյանի, Ա.Պետրոսյանի, Մ.Հովհաննիսյանի, Ս.Տարախչյանի հրամանատարության զորամասերը «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» միջոցառման որակյալ կազմակերպման ու անվտանգության ռիսկերի նվազեցման գործում հետևողականություն ցուցաբերող 2015թ. ԶՈՒ առաջատար զորամասերից են, իսկ ԶՈՒ ՀԶ և հրետանու վարչությունը՝ ԶՈՒ առաջատար վարչությունը:

Որպես հիշեցում՝ զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանխարգելիչ աշխատանքը, որի բաղադրիչներից է անձնակազմի հրահանգավորումը, երբեք չպետք է կրի երկրորդական բնույթ, այլ պետք է դառնա ամենօրյա, ստեղծագործ աշխատանք ու բազում կյանքեր զերծ պահի մահվան ելքով ու խեղման դեպքերից:

Որպես մաղթանք՝ նոր ուսումնական փուլում բոլորին մաղթում ենք խաղաղ և անվտանգ ծառայություն:

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԳՇ զորքերի ծառայության
եվ ԶԾԱԱ վարչության պետ
գնդապետ

Խորագիր՝ #30 (1099) 6.08.2015 – 12.08.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/08/2015