Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ



Հուլիսի 20-ին դարձյալ մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի հարակից տարածքը: Հերթական զորակոչն է, և շրջանի տարբեր բնակավայրերից եկել են զինվորացու տղաները հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ:

Զորակոչային բաժնի պետ, ավագ լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը, որը նոր է նշանակվել այս պաշտոնին, ևս մեկ անգամ ստուգում է փաստաթղթերը, հետաքրքրվում նորակոչիկների ինքնազգացողությամբ, անձնական խնդիրներով: Քիչ հեռվում ծնողները, սեղանի շուրջ խռնված, լրացնում են հատուկ զորակոչի համար պատրաստված հարցաթերթիկները, որ այս տարի առաջին անգամ են կիրառվում:

Արայիկ Օրդուբեկյանը Սոնասար համայնքից է, անցած տարի է բնակություն հաստատել այստեղ: Բազմազավակ ընտանիքի ավագ որդին է: Կրտսեր 4 եղբայրները հետո կփոխարինեն նրան, իսկ երկու քույրերը կսպասեն եղբայրների վերադարձին:

-Տրամադրությունս բարձր է,- ասաց Արայիկը,- պարտքս հայրենիքի հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես:

Մայրը լրացնում է հարցաթերթիկը՝ տառ առ տառ նշելով. «Որդուս ուրախ սրտով եմ բանակ ճամփում: Թող բարով գնա, բարով վերադառնա»:

Գարիկ Մնացականյանը, Արտակ Ասոյանը և Գեղամ Քոչարյանը Բերձորից են, համադասարանցիներ, ավարտել են Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ասացին, որ միևնույն է, թե ուր, ինչ զորամաս կուղարկեն, և լավ գիտակցում են՝ ուր են գնում, ինչի համար: Հետո տղաները ներկայացան զորակոչային բաժին, լրացրին անհրաժեշտ փաստաթղթերը:

Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը վերջին անգամ հետաքրքրվեց նորակոչիկներին հուզող խնդիրներով: Տղաները մեկ մարդու պես պատասխանեցին՝ պատրաստ են ծառայելու հայրենիքին:

-Երկու տարի դուք եք պաշտպանելու հող հայրենին, ուրեմն պետք է լինեք կարգապահ, արի, առանց վերապահության ենթարկվեք հրամանատարների հրահանգներին, իսկ զորամասում ու առավել ևս դիրքերում միմյանց հետ վարվեք հարազատի, եղբոր պես, -շարունակեց խոսքը զինկոմը և բարի երթ մաղթեց տղաներին:

Տարիների ավանդույթ է` մինչև հավաքակայան հասնելը զորակոչիկներն այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի` մոմավառության: Մոմեր վառեցին նաև մայրերը և աղոթեցին, որպեսզի Տերը զորավիգ լինի հայ զինվորին: Հաջորդ ուխտավայրը, դեպի ուր ուղևորվեցին զորակոչիկները, Բերձորի Արցախյան գոյամարտի հերոսներին նվիրված հուշահամալիրն էր: Երեք խոնարհված պատերի մոտ, որոնց վրա Քաշաթաղի տարածքում նահատակված տղաների անուններն են քանդակված, շարվեցին տղաները:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ողջունելով զորակոչիկներին, ասաց.

-Յուրաքանչյուր հայ տղայի համար պատիվ է ծառայել ազգային բանակում, դառնալ հայրենիքի պաշտպան: Ձեզ տրված է այդ բացառիկ հնարավորությունը, ուրեմն մաղթում եմ ձեզ բարին այդ դժվարին և պատասխանատու գործում: Եվ չմոռանաք, որ տանը ձեզ սպասող ծնողներ կան` քույր, եղբայր, հարազատներ:

Իրենց թոռանը՝ Գոռ Հարությունյանին, որն ուսանում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, բանակ էին ուղարկում Ձորափի գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Առուշանյանն ու իր կինը՝ Մարտունաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Ռիման:

-Ուրախ ենք, որ զինվորացու թոռ ունենք,- ոգևորությամբ ասաց տիկին Ռիման և իր մայրական օրհնանքը տվեց բոլոր զորակոչիկներին.- մաղթում եմ անփորձանք ծառայություն: Համոզված եմ, որ նրանք բարձր են պահելու հայ զինվորի, քաշաթաղցու պատիվը: Աստված բոլորին պահապան:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Ազգային բանակ


23/07/2015