Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ

1991-ի նոյեմբերից ի վեր Շուշիից արձակվող հրթիռները (մինչեւ 1992-ի մայիսի 8-ը շուրջ 15.000 արկ ու հրթիռ) ավերում էին Ստեփանակերտը, եւ պարզ էր դառնում, որ ադրբեջանաբնակ Շուշին ու հայկական Ստեփանակերտը կողք կողքի չեն կարող գոյատեւել:
Խոջալուի ազատագրումից մի քանի օր անց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացած խորհրդակցությունում, նկատի առնելով Շուշիի մատույցները երիզող կրակակետերի շուրջ 35 կիլոմետր ձգվածությունը, ինչն ունեցած սակավաթիվ ուժերի ու միջոցների պատճառով անհնար էր դարձնում ողջ ճակատով հարձակողական մարտերի ծավալումը, որոշվեց ստեղծելով հարվածային խմբավորումներ` քաղաքը գրոհել չորս ուղղություններով:
Ապրիլին Ստեփանակերտ եկան Գուրգեն Դալիբալթայանը, Լեոնիդ Մարտիրոսովը ու այլ բարձրաստիճան զինվորականներ, հավաքեցին բոլորին ու սկսեցին պարապմունքները:
Լեոնիդ Մարտիրոսովը մեկնելով ղեկավարելու օպերատիվ աշխատանքները, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի խնդրանքով կազմակերպեց նաեւ հրետանավորների պարապմունքները: Ամեն հրետանավորի հետ կար մի կապավոր, ու բոլորն ունեցան իրենց ազդականչերը: Առաջին անգամ էին նման բան տեսնում՝ հրետանային կրակի կառավարում: Այդպես սկսվեց Շուշիի ազատագրման հրետանային ապահովման նախապատրաստությունը:
Ապրիլի 19-ին ԻՊՈՒ հրետանու պետ փոխգնդապետ Ռազմիկ Մելքումյանն Արկադի Տեր-Թադեւոսյանին զեկուցագիր ներկայացրեց, թե հրետանային որքան զինամթերք է անհրաժեշտ Շուշիի ազատագրման համար, եւ թե այդ պահին ինչ ունեն: Դ-30-ի 6 արկ կար, 122մմ հրանոթի՝ լրիվ լիցքով 12, չկոմպլեկտավորված՝ 10, պակասեցված լիցքով՝ 8, ինքնագնաց հրետանային կայանքի եւ տանկի տարբեր արկեր՝ 40 հատ: Գրադի 99 հրթիռ կար: Այս ամենը թվարկելով՝ Մելքումյանը գրել էր` հրետանու աջակցությունն անհնար է:
Փոխարենը, ինքնապաշտպանության ուժերը լավ հետախուզություն ունեին, ճշտել էին բոլոր նշանակետերը՝ շտաբները, հենակետերը, հրետանային կայանքները եւ անցկացրել քարտեզի վրա, կատարել բոլոր հաշվարկները: Տեղանքի մակետ էին պատրաստել, եւ գեներալ Մարտիրոսովն առավոտյան պարապում էր հրամանատարների, երեկոյան՝ հրետանավորների հետ:
Շուշիի գործողության ժամանակ առաջին անգամ ՀՀ զինված ուժերում ստեղծվեց հրետանու խմբավորում՝ կազմված երեք Դ-30 հաուբիցներից, երեք 120մմ ականանետներից, երկու «Գրադից» եւ մեկ ԿՍ-19-ից: Հետեւակի հետ էլ մի քանի 82մմ ականանետներ կային: Ապա ընտրեցին հրետանու կրակադիրքերը եւ որոշեցին, թե կրակելուց հետո ով ուր պիտի տեղափոխվի. ունեին երկու ԲՄ-21-ներ եւ ուղղաթիռով բերված 401 հրթիռ ու 395 պայթուցիչ: Այդքանով պիտի ազատագրեին Շուշին…
Պաշտպանության բանակի կապի բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Աշոտ Այդինյանը հիշում է, որ դեռ քսան օր առաջ իրենց ուղարկեցին Շոշի ուղղություն, ապա բերեցին առաջին քսան «Ալինկո» գերկարճալիք կայանքները, որոնք գրոհի նախօրեին դրվելով կոնկրետ հաճախականությունների վրա՝ բաժանվեցին ջոկատների հրամանատարներին: Նրանցով կապ էր ապահովվում վերադաս հրամանատարության, իսկ ԼՂՀ պայմաններում իրենց լիովին արդարացրած խորհրդային Ռ-159-ներով՝ ենթակա ստորաբաժանումների հետ: Եվ Այդինյանն ինքը մայիսի 8-9-ը երեք կայանքներով էլ աշխատում էր:
Շուշիի ազատագրումն Ինքնապաշտպանության ուժերի համար կապի կազմակերպման առումով առաջին դասական գործողությունն էր, որի նախապատրաստությունը տեւեց շուրջ մեկ ամիս:
Հրետանավորները կրակադիրքեր մեկնեցին ապրիլի 24-ին: Մի քանի անգամ «Պատրաստություն համար 1» տվեցին, բայց կրակի հրաման չեղավ: Ապրիլի 28-ին, թե 29-ին վերջնականապես դադար տվեցին: Այնքան անձրեւ էր եկել, որ կասկածում էին, թե հրթիռները խոնավացած կլինեն: Իսկ հետո ձյուն եկավ:
Շուշիի գրոհի բոլոր ինը ուղղություններում իրենց գործն իմացող քսանից ավելի սակրավորներ կային: Ինքնապաշտպանության ուժերի ինժեներական ծառայությունն արդեն լուրջ ուժ էր: Իսկ նախօրեին Այդինյանն իր սակրավորների հետ հսկա շրջանցում կատարելով, Զառիսլուի ուղղությունում էր բավական ականներ տեղադրել: Բացի այդ, Շուշիի ազատագրմանը հատկապես Քոսալար-Ջանհասան հատվածում հարձակման ինժեներական ապահովման մեծ աշխատանք նախորդեց: Սակրավորները գրոհից մեկ շաբաթ առաջ այնտեղ էին, իսկ երկու օր առաջ՝ հարձակման իրենց ուղղությունների ելման դիրքերում:
Խոջալուի ազատագրումից հետո Ինքնապաշտպանության ուժերի ռազմաբժշկական ծառայության հիմնադիր Վալերի Մարությանը վերլուծելով գործողության ռազմաբժշկական ապահովման դասերը եւ անգամ… ամերիկյան ու արեւմտյան մարտաֆիլմերից քաղած ինֆորմացիան ընդհանրացնելով, հրամանատարության մոտ պնդել էր, որ վիրավորների արագ տեղափոխման հնարավորություն չունենալու դեպքում որակավորված բժշկական օգնության ցուցաբերելու միակ ելքը ռազմադաշտային հոսպիտալները ճակատին առավելագույնս մոտեցնելն է, եւ բերդաքաղաքի գրոհի ժամանակ այդպես էլ արվեց:
Ենթադրվում էր, որ ամենադաժան մարտերը թիկունքում էին լինելու, եւ Սղնախի ու Քարինտակի միջեւ, առաջին գծից երկու կիլոմետր հեռավորության վրա, դաշտային հոսպիտալ բացազատվեց: Վալերի Մարությանի ղեկավարությամբ այն Սղնախի բնակիչների օգնությամբ կառուցեցին… ծղոտի հակերից, իսկ տանիքը ծածկեցին ունեցած երկու վրաններով: Սակայն ապրիլի 30-ին առատ ձյուն եկավ (այն կրկնվեց նաեւ մայիսի 5-ին), ողջ «շինությունը» ճկվեց, ծռվեց, բայց դիմացավ ձյան ծանրությանը: Առանց այն էլ չափազանց վատ, այժմ նաեւ ձյունածածկ ճանապարհներով Քարինտակի ուղղությունից անհնար էր վիրավորներին ժամանակին տեղափոխել Ստեփանակերտ, ու մեծ բուժանձնակազմով, ներառյալ Հայաստանից եկած բժիշկները, որոնք վիրավորներին առաջին բուժօգնություն էին ցույց տալու, մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու ունակ հոսպիտալ սարքավորեցին: Հայաստանյան բժիշկներին ղեկավարում էր Մարատ Բոյաջյանը, իսկ Ստեփանակերտի ախտորոշիչ կենտրոնում մնացած բուժանձնակազմին՝ Արամայիս Գրիգորյանը: Բայց վիրավորների սպասված հոսք չեղավ, եւ հիմնական ծանրությունը Ստեփանակերտի հոսպիտալը կրեց:

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Ճակատագրական ու դարձակետային այդ գրոհի նախօրեին Արթուր Փափազյանը բոլոր զինվորական կապավորներին շարել եւ երեք անգամ պահանջել էր, որ խնդիրներ ունեցողները շարքից դուրս գան: Այդպիսիք քիչ, բայց, բնականաբար, եղել էին, ու Փափազյանը զարմանալի հմտությամբ կարողացել էր նրանց ունակություններն այնպես օգտագործել, որ հետո ավելորդ խոսակցություններ քիչ լինեին:
Մայիսի 8-ի գիշերը, ժամը 2.30-ին տրվեց հարձակման հրամանը, եւ երկու հազար մարտիկներ չորս ուղղություններով սկսեցին բերդաքաղաքի գրոհը:
Ստեփանակերտի ուղղությունը ղեկավարում էր Վալերի Չիթչյանը, Շոշ գյուղի ուղղությունը՝ Արկադի Կարապետյանը, Լիսագորի ուղղությունը՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանը, իսկ Ջանհասան-Քոսալարի ուղղությունը՝ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր Գեորգի Գասպարյանը հիշում է, որ համբուրվեցին, հրաժեշտ տվեցին միմյանց ու գնացին Հասանաբադի մոտ գտնվող կրակադիրքեր՝ հավատացած, որ հաղթելու են, թեեւ շատ մեծ զոհերով, եւ որ քչերն են տեսնելու հաղթանակը:
Չիմանալով թշնամու ուժերի եւ միջոցների ճշգրիտ դասավորությունը՝ հրետանավորները Շուշին բաժանել էին երեք մասի եւ համազարկային կրակով հատված առ հատված խփեցին, որպեսզի մեծ տարածք խոցվեր, ապա նշանակետերի վրա աշխատեցին բոլոր կայանքները:
Երեք արկ կրակեցին քաղաքի ներքեւի մասի վրա. դիտակետից հայտնեցին, որ լավ է, ու 17 հրթիռ էլ արձակեցին, ապա վերին քաղաքամասի վրա՝ նույն ձեւով: Առաջին մեքենան, 40 հրթիռն արձակելով, մեկնեց վերալիցքավորման: Նորմատիվներով դա պիտի կատարվի 40-ից 60 րոպեում, վերալիցքավորեցին… 7 րոպեում: Ապա մեկնեցին պահեստային կրակադիրք՝ Խնածախի շրջակայք, եւ սկսեցին կրակով օգնել գրոհողներին: 40 րոպեանոց նախապատրաստությունը կատարյալ անակնկալ էր ադրբեջանցիների համար:
1992-1995 թվականներին պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետ Ռոլես Աղաջանյանը պատմում է, որ Շուշիի գրոհի ժամանակ թշնամին բետոնե բլոկներով փակել էր գլխավոր ճանապարհը, եւ տանկերը սարերով շրջանցեցին այդ հատվածը: Հակառակորդը բլոկների շուրջը հող էր լցրել ու ականապատել: Բայց շտապել էին, ու որոշ ականներ անգամ երեւում էին: Սակրավորներն արագ մաքրեցին ամեն ինչ, ու զորքը շարունակեց ճանապարհը:
Ամեն ինչ հարթ էր ընթանում, մինչեւ տանկը խփվեց, ապա ՀՄՄ-ն շուռ եկավ, եւ գործողությունը վտանգվեց: Բայց Արկադի Տեր-Թադեւոսյանը հրամայեց դիմանալ: Ձյուն էր ու ցուրտ… վերելքը բարձրանալ կարողանալու համար ոչ ոք բուշլատ չէր վերցրել, բայց մնացին դիրքերում, մինչեւ առավոտյան 4-ին գրոհի հրաման տրվեց:
Կապավորները կորուստներ չունեցան. միայն մի բեկոր խփել էր Արկադի Սարգսյանի ռադիոկայանին, փրկելով նրա կյանքը. Շուշիի գրոհի 4 ուղղություններում 23 կապավոր էր աշխատում, ովքեր անգիր գիտեին «61»-ում մշակված բոլոր ծածկագրերը:
Ինքնապաշտպանության ուժերի կապի պետ Արթուր Փափազյանը թեեւ ձեռքից վիրավոր էր, այդպես էլ մասնակցեց Շուշիի ազատագրմանը, ավելի ճիշտ՝ հարձակողական գործողության կապի ապահովումը ղեկավարելուն զուգընթաց նաեւ հրամանատարական կետում գործող կապավորի դերակատարություն իրականացրեց. հարձակման ողջ ընթացքում կապավորների ու հրամանատարության միջեւ կապը նա էր ապահովում: Շուշին գրավելու համար գործի կեսն արդեն արված էր…
Կեսօրին արդեն կռիվներ էին մղվում շուկայում ու քաղաքի կենտրոնական մասում: Իսկ Քիրս լեռան ուղղությամբ գործող կամավորական ջոկատները, գրավելով կարեւոր բարձունքները, սկսեցին վերահսկել Շուշի-Լաչին ավտոճանապարհը, ինչը վերջնական խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում: Հետո ադրբեջանական ինքնաթիռը եկավ, ապա երկու ուղղաթիռներ, բայց ապարդյուն… թշնամին արդեն տարբեր ճանապարհներով փախչում էր ազատագրվող քաղաքից:
Կապավորները սովորաբար աշխատում էին մեկօրյա, իսկ լարված իրավիճակներում, երբ դժվար էր բազմաթիվ հաճախականություններով միաժամանակ կապ ապահովել՝ 12-ժամյա հերթափոխով: Սակայն Շուշիի գրոհի ժամանակ «61»-ի ռադիոկապավորները կարճալիք ու գերկարճալիք կայանքներով 3 հոգով վեց ժամը մեկ միմյանց փոխելով աշխատում ու մի կերպ էին հասցնում:
Շուշիի ազատագրման հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Ստեփանակերտի երկնքում հայտնվեց ադրբեջանական ՍՈՒ-25-ը, որն ադրբեջանցի օդաչու Վագիֆ Կուրբանովը («Ստրելա-2» եւ ԶՍՈՒ 23/4 կայանքներով Ասկերանի երկնքում խոցվեց 1992թ. հունիսի 13-ին) մեկ ամիս առաջ Սիթալչայի ռազմական օդանավակայանից փախցրել էր Եվլախ, եւ ԼՂՀ մայրաքաղաքն առաջին անգամ ենթարկվեց օդային հարվածի: Բայց զոհեր չեղան: Այդ ռմբահարումը Ստեփանակերտի երկնքում սկսվելիք օդային ռազմավարական, արյունալի ու ամոթալի օպերացիայի նախերգանքն էր:
Նույն օրն ադրբեջանական բանակը մի քանի տասնյակ տանկերի ու զրահամեքենաների աջակցությամբ հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի հատվածում, անգամ մտավ սահմանամերձ մի քանի բնակավայրեր, բայց, այս հարձակումը թանկ զոհերի գնով կանգնեցվեց:
Ազատագրման հաջորդ օրը հոսպիտալը տեղափոխվեց Շուշի՝ սպասարկելու Լաչինի միջանցքի բացման սկսվելիք գործողության վիրավորներին:
Կապավորները Շուշիից, ինչպես եւ Խոջալուից, խորհրդային արտադրության ժամանակակից բավական ռադիոկայանքներ վերցրին: Իսկ թշնամու տանկերն ու շարժական հրետանին հասցրել էին հեռանալ, եւ վեց հրետանային կայանք ռազմավար մնաց, բայց նաեւ մեծաքանակ զինամթերք ռազմավար վերցվեց: Գնդապետ Վալերի Կարապետյանը հիշում է, որ «Շուշիից մի քանի հազար հրթիռ հանեցինք: Ժողովուրդը տոնում էր հաղթանակն ու փրկությունը, մենք բեռնատարներով օր ու գիշեր հրթիռներ էինք տեղափոխում, պահեստավորում, սպասարկում: Մենք երբեք այդքան արկ ու հրթիռ չէինք տեսել»:
Իսկ առջեւում Լաչինի մարդասիրական միջանցքի բացումն էր…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ