Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ…



Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն իրենց որդիներին բանակ ճանապարհեցին ավանդական ձևով` երգ ու պարով, ուրախ սրտով: Մայրերն անթաքույց հիանում էին իրենց որդիներով, քույրերը` եղբայրներով … Անհամեմատ ավելի զուսպ էին տղամարդիկ. նրանցից յուրաքանչյուրը, ամենայն հավանականությամբ, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ վերհիշում էր իր բանակ գնալը. տարեցները` Հայրենական պատերազմը, համեմատաբար երիտասարդները` Արցախյան հերոսամարտը…

Այդ երկու` հաղթական սերունդների անունից էլ խոսեց Հայրենական պատերազմի վետերան Զավեն Գասպարյանը.

-Նոր սերունդը գալիս է շարունակելու իրենց հայրերի ու պապերի հերոսական ճանապարհը: Եվ ես համոզված եմ, որ դուք ձեր քաջությամբ չեք զիջելու մեզ: Աշխարհը դարձյալ անհանգիստ է, և դուք ձեր ուժն ու քաջությունը, համոզված եմ, անհրաժեշտության դեպքում ցույց կտաք թշնամուն: Հայրենիքը պետք է հանգիստ լինի, քանի որ ձեզ նման որդիներ ունի: Եղեք ձեր հայրենիքի արժանի զավակները և բազմապատկեք ձեր հայրերի փառքը:

Այնուհետև Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի մասնագետ Ռիտա Մայիլյանն ընթերցեց շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի ուղերձը. «Սիրելի՛ զինակոչիկներ, դուք մեր խաղաղ երկրի վաղվա տերերն եք, մեր երկրի պահապանը, մեր կապույտ երկնքի անդորրը հսկողը: Մեր ժամանակի հերոսը զինվորն է, ուստի ցանկանում եմ, որ ձեր մեջ բացակայի պարտվողական տրամադրությունը, քանի որ դուք հաղթանակած բանակի, հերոս ժողովրդի որդիներ եք: Վստահ եմ, որ ձեր մեջ միշտ արթուն է Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին: Մեր միասնականության խարիսխը Հայոց բանակն է: Բանակն իսկապես հայ ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի մենք պարտավոր ենք գերազանցել հակառակորդին: Մեր հաջողությունների բանաձևը հայրենապաշտ լինելն է, մենք տերն ենք ու պաշտպանը մեր հայրենիքի, մեր հողի ու մեր արմատի»:

Հուզիչ էր հատկապես զինակոչիկի մայր Մարգարիտա Ավետիսյանի խոսքը: Նա, դիմելով իր որդուն, ասաց.

-Արսե՛ն ջան, որդի՛ս, ես խաղաղ սրտով եմ քեզ բանակ ճանապարհում, որովհետև, գիտեմ` դու մեր ընտանիքի պատիվը և հայ տղամարդու պատիվը բարձր ես պահելու: Որդի՛ս, կլինես խոնարհ, կլինես համեստ և հրամանատարներիդ հրամանները կկատարես անթերի ու սիրով։ Այնպես կանես, որ ես միշտ քո մասին բարի լուրեր իմանամ և բոլորի առաջ` բարեկամ, թե հարևան, հպարտանամ քեզնով, ասեմ` որդիս զինվոր է, հայրենիքի պաշտպան:

Բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև Էրեբունի վարչական շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Սահակ Սահակյանը, «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, բանակի հոգևոր սպասավոր Սուրեն սարկավագը, տողերիս հեղինակը և ուրիշներ:

Եվ, իհարկե, բոլորի խոսքը ավարտվում էր ժողովրդական կարճ, բայց իմաստուն մաղթանքով` բարով գնաք և բարով վերադառնաք:

Մերուժան ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրենական պատերազմի
2-րդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Բանակ և հասարակություն


16/07/2015