Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՇԵՂԻ ԵՎ ՆՐԱ ԿՌՎԻ ՄԱՍԻՆ



Արցախյան գոյամարտի ազատամարտիկ ՄՈՒՇԵՂ ՕՀԱՆՅԱՆԻ հիշատակին

Երեկոյան Մուշեղը ուշ քնեց: Վաղ առավոտյան զարթուցիչը արթնացրեց ամուսիններին: Մուշեղը շտապ վեր կացավ, հագնվեց և սափրվելու պարագաները ուսապարկի մեջ տեղավորելով՝ այն դրեց ննջասենյակի դռան հետևում:

Գլխավորը դեռ առջևում էր. նախ հրաժեշտ տալ ծնողներին, ապա` երեխաներին դպրոցում:

-Բարի լույս,- ասաց հորը:

Որդու ձայնը լսելուն պես շուռ եկավ ու բարևն առավ:

-Հը, ի՞նչ կա, տղա՛ս:

-Գնում եմ, պա՛պ, եկել եմ մնաս բարով ասելու:

Հայրը, որ նախկին ճակատային էր, Մեծ Հայրենականի մասնակից, վաղուց էր նկատել որդու անհանգստությունը արցախյան դեպքերի առիթով և երբեք մտքի ծայրով անգամ չէր անցկացրել դեմ գնալ նրան, ավելին՝ որոշել էր նույնիսկ խրախուսել:

-Ապրե՛ս, տղա՛ս, ճիշտ որոշում ես ընդունել, եթե ոչ դու, ապա ո՞վ:

Մայրը ցնցվեց լսածից, աչքերը արցունքոտվեցին: Մի կերպ բռնվելով մահճակալից՝ մոտեցավ որդուն ու փարվեց նրան, սկսեց խնդրել-աղաչել, որ հետաձգի գնալը, որ դեռ երեխաները փոքր են, դեռ տանը շատ գործեր կան անելու:

-Ոչի՛նչ, մայրի՛կ, հենց որ պատերազմն ավարտվի` կգամ եւ ամեն ինչ կավարտեմ միանգամից…, շուտ կվերադառնամ:

Բակում` աստիճանների մոտ, սպասում էր կինը` ձեռքերը կրծքին խաչած: Ողջագուրվեց կնոջը, մի անգամ էլ պատվիրեց, որ լավ նայի ծնողներին, երեխաներին: Հետո վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դպրոց:

-Կարո՞ղ եմ երեխաներիս տեսնել, գնում եմ, տղաները սպասում են,- դիմելով ուսմասվարին՝ խնդրեց Մուշեղը:

Հերթով մոտեցավ այն դասարանների դռանը, որտեղ երեխաներն էին` Էդիկը, Գագիկը, Արայիկը: Հերթով թակեց դռները, ուսուցիչների թույլտվությամբ դուրս եկան երեխաներն ու խմբվեցին հոր շուրջ: Հայրը ծնկեց երեխաների առջև.

-Դե, ես գնացի, խելոք կլինեք, չարություն չանեք, կլսեք մամային, տատիկին, պապիկին, մինչև ես գամ…

Մուշեղը դուրս եկավ դպրոցի բակից ու քայլերն ուղղեց եկեղեցու կողմը, որտեղ նրան էին սպասում տղաները, որտեղից էլ մեկնեցին Արցախ:

…1991 թ. աշնանից սկսվում է Մուշեղի մարտական սխրանքի ուղին: Շրջանի նոր կազմավորված գումարտակի կազմում նա մեկնում է Լաչին և կանգնում հայրենի պաշտպանների դիրքերում: 1993 թ. ջոկատը մեկնում է Մարտակերտի ճակատ և մասնակցում Ումուդլու, Դրմբոն գյուղերի ազատագրմանը, դուրս է գալիս Սարսանգի ջրամբարի արևելյան ափ: 1994 թ. հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, խումբը կրկին մեկնում է Մարտակերտի ճակատ, որտեղ հունվարի 29-ին զոհվում է խիզախ հերհերցին:

Այդ օրվա մասին այսպես է հիշում նրա զինակից ընկերը՝ Գվիդոն Հարությունյանը. «Վաղ առավոտյան թշնամին մեր դիրքերի վրա թափեց «Գրադի», ականանետների, հրանոթի տասնյակ արկեր: Մուշեղը փոխարինում էր վիրավոր հրամանատարին: Կռիվն ընթանում էր Հակոբ Կամարի ու Մատաղիս գյուղերի արանքում: Մուշեղի ջոկատը նետվում է գրոհի:

Երկինք-գետին դղրդում էր պայթյուններից, Մուշեղն արդեն գիտեր արկերի, ռումբերի պայթելու «լեզուն» ու որքան էլ ընկերներին զգուշացնում, կարողանում էր ժամանակին հեռու պահել մահացու վտանգից, ինքը չկարողացավ խուսափել «Գրադի» մահաբեր արկերից: Առաջին անգամ վիրավորվեց կողքից, երկրորդ հարվածը խոցեց կուրծքը»:

Մուշեղ Օհանյանն ընկավ հերոսի մահով՝ չխնայելով կյանքը հանուն հայրենիքի:

Պատվական ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Հայրենական պատերազմի վետերան
Վայոց ձորի մարզ, գ. Հերհեր

Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Ճակատագրեր


29/05/2015