Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՊԱՅԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՒ ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ



Ինչպիսի՞ն է հայ հասարակությունը պատկերացնում ազգային բանակի սպային, ինչպե՞ս է գնահատում նրա վարվեցողության կանոնակարգը, կրթական եւ բարոյական դրսեւորումները, հայրենասիրական պահվածքն ու նվիրվածությունը իր գործին:

Այս եւ նման մի շարք հարցերի պատասխաններ պարզելու նպատակով «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ համատեղ ապրիլի 28-ին կազմակերպեց կլոր սեղան: Կլոր սեղանի մասնակիցները հանդես եկան «Սպայի կայացման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների համատեքստում» ու «Բանակը եւ հասարակությունը. արդի խնդիրներ» զեկույցներով:
Ըստ «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Գրետա Միրզոյանի` Հայաստանի ռազմական կրթօջախներում սովորող ապագա սպաները պետք է գիտակցեն, որ իրենց քայլերով հասարակության մեջ ձեւավորում են հայոց բանակի մասին կարծիք ու պատասխանատվություն են ստանձնում նույն այդ հասարակության առջեւ. «Ամենակարեւորն այսօր այն է, որ կարողանանք մեր սպայակազմը հասցնել մի մակարդակի, որպեսզի ասենք՝ մեր սպան իսկական սպա է, եւ որպեսզի յուրաքանչյուր մարդ գիտակցի՝ ազգային բանակի սպան հասարակության ամենասիրված մարդկանցից է»: Նպատակն իրականություն դարձնելու համար «Զինվորի մայր» ՀԿ-ն պաշտպանության նախարարության այլ կառույցների հետ համատեղ տարբեր քննարկումների ու միջոցառումների շնորհիվ փորձելու է վերհանել այն խնդիրները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստվերում են հայ սպայի պատիվը, կասկածի տակ դնում նրա հեղինակությունը:
Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ «սպան պետք է իմանա եւ կատարի իր բոլոր պարտականությունները՝ անընդհատ կատարելագործելով սեփական գիտելիքները ռազմագիտության ոլորտում, որը անընդհատ առաջընթաց է ապրում: Սպան պետք է ոչ միայն տիրապետի այդ գիտելիքներին, այլեւ կարողանա դրանք կիրառել գործնականում: Ոչ պակաս կարեւոր է, թե ինչպես նա կանի դա: Սպային ներկայացվող պահանջները շատ են, բայց չպետք է անտեսել մեկ հարց եւս՝ ի՞նչ է անհրաժեշտ սպային ներկայացվող պահանջները լավագույնս կատարելու համար»:
Քննարկմանը մասնակցող ԵԱՀԿ դեսպանի տեղակալ Կարել Հովստրան անթերի հայերենով ներկայացրեց իր տեսակետները եւ նշեց, որ սպայական համակարգի, զինուժի ձեւավորման հիմնախնդիրներն արդիական են բոլոր երկրներում: Նա կարեւորեց սպաների նյութական ապահովվածությունն ու սոցիալական պաշտպանվածությունը, նաեւ՝ սպայական կադրերի կայացման գործում ուսումնական ծրագրերի որակը եւ մատնանշեց, որ կրթական օղակների արդյունավետությունից է կախված որակյալ սպայական կադրերի պատրաստումը:
ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ, փոխգնդապետ Մ. Շիրինյանն ընդգծեց, որ հայկական բանակի սպայական կազմի պատրաստումն ու վերապատրաստումը պետք է դառնան առաջնահերթություններ, որոնք կօգնեն հետագայում բացառել սպային անհարիր վարքագծի դրսեւորումները. «ՀՀ ՊՆ-ն կարեւորում է նոր հայեցակարգի մշակումը, որը թույլ կտա ուսուցանել երիտասարդ սպաներին՝ լինելու ավելի մարտունակ, պատրաստված ու կիրթ: Ծրագրերի մի մասն էլ ՀՀ պաշտպանության նախարարությունն իրականացնում է Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, քանի որ բարձրագույն ռազմական կրթությունը եւս մտնում է Հայաստանի կողմից վավերացված Բոլոնյան կրթական համակարգի ծրագրերում»: Ռազմակրթական նոր հայեցակարգի նախագիծը կդառնա այն փաստաթուղթը, որն առաջիկա տարիներին կկարգավորի մեր երկրի ռազմակրթական քաղաքականությունը եւ լուծում կտա ժամանակի պահանջներին համապատասխան սպայակազմ ունենալու խնդրին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը նշեց, որ սպայի կայացումը բարդ գործընթաց է, որը սկսվում է դեռ նախազորակոչային շրջանից: Հաջորդ փուլը սպայական կազմի կրթությունն է ռազմաուսումնական հաստատություններում, պակաս կարեւոր չէ նաեւ, թե ինչպես երիտասարդ սպային կդիմավորեն զորամասում. «Գիտակցությունը, որ ցանկացած դժվարության բախվելիս ինքը կստանա հրամանատարության օգնությունն ու աջակցությունը, սպային հնարավորություն է տալիս է՛լ ավելի նվիրվելու իր անմիջական պարտականությունների կատարմանը»: Ըստ Վ. Ավետիսյանի` սպան պետք է հնարավորինս քիչ ունենա կենցաղային, բնակարանային հոգսեր. «Անցած տարիների ընթացքում քիչ աշխատանք չի կատարվել` հարյուրավոր սպաներ ապահովվել են ծառայողական բնակարաններով, պետպատվերի շրջանակներում ստացել են անվճար բուժսպասարկում»:
Նա կարեւորեց նաեւ ավագ սերնդի սպաների փորձի փոխանցումը երիտասարդներին, ինչպես նաեւ նշեց, որ յուրաքանչյուր բանակի հիմնարար եւ խորքային բնութագիրը նրա բարոյական վիճակն է եւ մարտական ոգին. «Սպա լինելը միայն աշխատանք չէ, այլ հատուկ առաքելություն եւ պատիվ, այն հսկայական պատասխանատվություն է ենթակաների նկատմամբ: Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք, որովհետեւ մեկ անգամ չէ, որ պատերազմի ընթացքում շարքային զինվորները տեսել են, թե ինչպես է իրենց հրամանատարը գրոհի նետվում ռազմաճակատի ամենավտանգավոր տեղամասերում: Անձնական օրինակ` ամենաազդեցիկ կռվանը զինվորին սեփական ուժերի նկատմամբ վստահություն ներշնչելու համար»: Վ. Ավետիսյանն ընդգծեց, որ սպան զինվորի կողմից ավելի հարգված կլինի, եթե ապահովի հավասար պայմաններ եւ իսպառ բացառի ենթակայի արժանապատվության ոտնահարումը:
ՀՀ ԶՈԻ ԱՀՏԱ վարչության պետ գնդապետ Ա. Ալեքսանյանը իր զեկույցում անդրադարձավ երիտասարդ ու նորավարտ սպաների հիմնախնդիրներին: Նա նշեց, որ ՌՈՒՀ-ի շրջանավարտների մեծ մասը զորամասերում իրենց ծառայության առաջին օրվանից հանդիպում են տարաբնույթ դժվարությունների. «Նոր միջավայրում սպաները ստիպված են լինում հաղթահարել հրամանատարների եւ պետերի ավելորդ միջամտությունը, սոցիալ-կենցաղային ոչ բարվոք պայմանները, ֆիզիկական եւ բարոյական ծանրաբեռնվածությունը եւ այլն: Կարող են զգացնել տալ նաեւ փորձի պակասը, համոզմունքների բացակայությունը, տաքարյունությունը…»: Վերոնշյալ խնդիրները, ըստ զեկուցողի, հաղթահարելի են, եթե ռազմաուսումնական հաստատության շրջանավարտ սպայի անձնական բնութագիրը օբյեկտիվ է եւ ամբողջական, ինչը թույլ կտա հրամանատարին ճշգրիտ որոշել նրա պատրաստվածության մակարդակը եւ նախանշել աշխատանքի հիմնական ուղղությունները: Հետագա ծառայության վրա նպաստավոր ազդեցություն է ունենում նաեւ բաշխման ժամանակ արդարացիության սկզբունքի պահպանումը. «Պետք է նաեւ իսպառ բացառել հրամանատարի կողմից սպայի վրա գործադրվող որեւէ ճնշում»: Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն իր հերթին առանձնացրեց, որ սպան բանակի ողնաշարն է, եւ որպեսզի նա հաջողություններ արձանագրի, պետք է գերազանցապես տիրապետի զինվորականի մասնագիտությանը, օտար լեզուների եւ ժամանակակից տեխնիկական միջոցներին: Իր անձնական դիտարկումների արդյունքում խորհրդի նախագահը արձանագրել է, որ երիտասարդ սպաները սայթաքում են, քանի որ փորձում են իրենց առավելությունները ենթակա զինվորների նկատմամբ դրսեւորել զինվորների արժեքային համակարգի խախտման հաշվին, փորձում են ապացուցել, որ իրենք «տղայական հարաբերություններում» եւս առավել են: Ըստ դիտարկումների` սպաները խուսափում են ենթակա զինվորի վարքագծի վերաբերյալ զեկուցագիր ներկայացնել հրամանատարությանը. «Զինվորը եւս պետք է սովորի դիմումներ, բողոքներ, նամակներ գրել: Նրանց փոխարեն այսօր դա անում են ծնողները»:
Ըստ մանկավարժական համալսարանի դասախոս Կամո Վարդանյանի` սպա լինել նշանակում է լինել լիդեր, որին պետք է ընդօրինակեն զինվորները: Հոգեբանը ուսումնասիրել է բանակում ինքնասպանությունների դեպքերը եւ եկել հետեւյալ եզրակացության. «Այն զորամասերում, որտեղ կանոնակարգային հարաբերությունները հստակ են, որտեղ զինվորը մշտապես զբաղված է, այնտեղ արտառոց դեպքերը բացառվում են: Հետեւություն՝ սպան պրոֆեսիոնալ մակարդակով պետք է կազմակերպի զինվորի առօրյան, եւ պետք է տիրապետի ենթակաների հետ հարաբերություններում դրսեւորվող մարդկային-հոգեբանական նրբությունների»: Բանախոսը ռազմական ինստիտուտին առաջարկեց համագործակցել հանրապետության բուհերի հետ` լուծելու մանկավարժական որոշակի խնդիրներ:
Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն էլ ընդգծեց, որ բանակին այսօր բավարար չէ փայլուն սպայակազմ ունենալը, պետք են նաեւ տեսաբաններ, սոցիոլոգներ, հոգեբաններ: Ըստ նրա` կարիք կա առողջացնելու բանակ-հասարակություն կապը. «Հասարակությունը սկսել է բարձրաձայնել բանակի խնդիրները, ուրեմն որոշակի մտահոգություններ ունի: Մեր օրերում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, հասարակությունը գերազանցապես տեղեկացված է բանակից, քանի որ ծառայելուց հետո զինվորները դառնում են ինֆորմացիայի աղբյուր»: Սոցիոլոգը նշում է, որ հայկական ընտանիքը զավակապաշտ միջավայր է, ուստի ծնողները պետք է համոզված լինեն, որ իրենց որդիները, բացի հայրենիքը պաշտպանելուց, նաեւ պաշտպանված են:
Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, անդրադառնալով տեղեկատվական դաշտին, նշեց, որ գործում է երկու ծայրահեղ մոտեցում. բանակի մասին՝ կամ լավը, կամ՝ ոչինչ, եւ հակառակը. բանակի մասին՝ կամ վատը, կամ՝ ոչինչ: Գ. Հարությունյանը նշեց, որ երկու դեպքում էլ արդյունքները էլ չեն կարող կառուցողական լինել, քանի որ անհրաժեշտ է բազմակողմանի վերաբերմունք` արձանագրել թե՛ վատը, թե՛ լավը:
Իսկ ովքե՞ր են հետաքրքրված բանակով: Հասարակական խորհրդի նախագահը առանձնացրեց հետեւյալ խմբերը` Արցախյան պատերազմին մասնակցած եւ այդ պատերազմում կորուստներ ունեցած հասարակական մի շերտ, որը գաղափարական է իր տեսակով, երկրորդ հասարակական շերտն են կազմում բանակում կորուստ կրած ծնողները. այն յուրօրինակ հոգեբանական վիճակ ունի, երրորդ` ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունները, որոնք շահագրգռված են բանակում մարդու իրավունքների խնդիրներով, բանակի հանդեպ քաղաքացիական վերահսկողություն են իրականացնում, այս շարքում կարելի է դիտել նաեւ ՊՆ հասարակական խորհուրդը, որը հասարակական ներկայացուցչական մարմին է եւ բանակ-հասարակություն կապը բերում է գործնական մակարդակի:
Գեղամ Հարությունյանը առանձնացրեց ծնողական հանրույթը, որը մի շարք առանձնահատկություններ ունի, օրինակ. «Ծնողը երեխայի հետեւից գալիս է բանակ, բայց չի գալիս որպես համաբանակային խնդիրներով մտահոգ մարդ. նա գալիս է իր երեխայի ծառայության խնդիրները կարգավորելու: Սա անցանկալի մոտեցում է, քանի որ բանակ են ներմուծվում մի շարք արատավոր երեւույթներ, օրինակ՝ կոռուպցիոն դրսեւորումները»:
Բայցեւայնպես, բազմաթիվ թերություններով եւ խնդիրներով հանդերձ, ըստ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանի, հայոց բանակի սպայակազմը կայացած է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #17 (882) 4.05.2011 – 11.05.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


12/05/2011