Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՀԱՅ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԻՐ ԱԶԳԻ, ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ



Հարցազրույց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ

-Սրբազան, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների կապակցությամբ Ձեզ շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը՝ Ձեր կրծքին ամրացնելով «Ոսկե արծիվ» շքանշանը: Այս կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք Ձեզ, մաղթում քաջառողջություն:

-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Պիտի ասեմ, որ իհարկե շատ զգացված ու պատվված եմ այսպիսի կոչման արժանանալու համար: Մենք՝ հոգևորականներս, ընդամենը ծառա ենք, հերոս չենք: Մենք մեր անելիքն ենք անում ընդամենը:

-Ձեզ իրավամբ համարում են Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը, ով արժանապատվորեն ծառայում է իր ժողովրդին, իր պետությանը: Այստեղ կարծում եմ չափազանցություն չկա:

-Գիտեք, ես կարծում եմ՝ դրանք շատ բարձր խոսքեր են: Մենք ընդամենը փորձում ենք մեր համեստ լուման բերել, պայծառացնել մեր եկեղեցին, հզորացնել Արցախի թեմը, սատարել մեր ժողովրդին, մեր բանակին: Ընդամենը մենք աշխատում ենք որքան հնարավոր է օգնել մեր հայրենիքին և մեր ազգին: Այս է մեր արածը:

-Սրբազան, առհասարակ ինչքան հայը պայքարել է, կռվել է, հաղթել է, այդ հաղթանակի մեջ մեծ է եղել մեր եկեղեցու դերը, հոգևորականի դերը: Երևի չկա մի հաղթանակ, որտեղ հոգևորականը չլինի հայոց զորականի կողքին ուս ուսի տված: Եվ մեր բոլոր պատմական հաղթանակներն էլ կերտվել են նաև եկեղեցու սպասավորների շնորհիվ…

-Շատ բնական է: Հիշենք Ղևոնդ Երեցին, Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին, Խրիմյան Հայրիկին, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցին՝ Սարդարապատի ժամանակ, Գեւորգ Չորեքչյանին՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, Ջալալյան կաթողիկոսներին, որոնք ազատագրական շարժումն սկսեցին Արցախից: Արցախյան գոյամարտում մի շարք հոգևորականներ իրենց հոգևոր զավակների հետ եղան առաջին գծում, իրենց աղոթքով, օրհնությամբ փորձելով գոտեպնդել նրանց, կիսել իրենց հետ բոլոր դառնությունները և ուրախությունները: Նույն ազգն ենք, բոլորս էլ մեր հայրենիքի զավակն ենք, և դա շատ բնական է:

-Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը նշելու շեմին ենք, Ձեր պատկերացմամբ՝ ինչպե՞ս պետք է լինի Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը, նրա զարգացման հեռանկարները:

-Այս օրերը, երբ հայ ժողովուրդը հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի ոգեկոչում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, համոզված եմ, դառնալու են մեր ժողովրդի համախմբման ու հզորացման նոր ազդակ: Եվ այդ համախմբմամբ էլ պետք է շատ զորեղ լինենք: Մենք ազգովի պիտի լինենք միշտ միաբան: Դա մեր բոլոր հաղթանակների գրավականն է և պայմանն անշուշտ: Գիտեք, պիտի ավելի լինեն մեր կապերը: Սփյուռքահայերը պիտի հաճախ լինեն մայր հայրենիքում, ավելի լավ ընկալեն մեր առօրյան, և պիտի փորձենք ճանապարհներ գտնել ավելի միաբանվելու: Գիտեք, ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպիսի նախաձեռնություններ են գալիս Սփյուռքից, օրինակ՝ բժիշկների միություն, ոսկերիչների միություն, ճարտարապետների, իրավաբանների կամ դատապաշտպանների միություններ ստեղծելը: Դա շատ լավ է: Մենք մի հսկա զանգված՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք, իրար հետ միացնում և փորձում ենք մի ճակատ ստեղծել: Դա շատ կարևոր է: Համահայկական խաղերը` դրանք սքանչելի են: Երբեմն տեսնում ենք երգչախմբեր, պարախմբեր են Սփյուռքից գալիս: Հիմա՝ այս հունիսին, արևելյան ափից, Ամերիկայից 126 հոգանոց մեծ պարախումբ` Նյու Յորքից, Նյու Ջերսիից պիտի գա Հայաստան, Արցախ: Դրանք շատ լավ երևույթներ են: Եվ պիտի գան: Եվ ուրախ եմ, որ Հայաստանի մեր մշակույթի գործիչները իրենց համերգներով, ելույթներով հանդես են գալիս Սփյուռքում: Իրար կապող ամուր կամուրջներ են ստեղծվում:

-Պարգեւ սրբազան, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերածնունդը համընկավ Արցախյան շարժման հետ: Ըստ Ձեզ, դա պատահականությո՞ւն էր…

-Ես կարծում եմ, որ այստեղ իհարկե Աստծո մատը խառն է: Մեր շարժումը երբ սկսվեց, դիմեցինք կաթողիկոսին, Մոսկվա և, հակառակ Բաքվի կամքին, Մոսկվան արտոնեց երկու վանք և երկու եկեղեցի բացել: Բայց ես ձեզ ուրիշ մի զուգահեռ բերեմ, որտեղ զգացվում է Աստծո ձեռքը: 428 թվականին, երբ Հռոմեական կայսրությունը և Պարսկաստանը կիսեցին Հայաստանը, մենք զրկվեցինք թագավորից, բայց գործում էր Ամենայն Հայոց կաթողիկոսը: Այդ ժամանակ պարսիկներն արտոնեցին, որ Արցախում, Ուտիքում և Աղվանքում մենք հայոց թագավոր ունենանք: Զարմանալի բան. մայր Հայաստանում մենք թագազրկվեցինք, իսկ Արցախում, այսպես ասենք, ունեցանք թագավոր պաշտոնապես, և թագավորը Աղվանից և Գանձասարի կաթողիկոսների հետ մեկտեղ պահեցին հայկականությունը մինչև Արցախի մելիքները: Կա այստեղ Աստծո ձեռքը: Եվ շարժումը երբ սկսվեց, եւ երբ մենք բացեցինք Արցախի թեմը, մենք քանդեցինք նաև հոգևոր բլոկադան: Եվ 1930 թվականից, գիտեք, Բաքուն փակել էր բոլոր եկեղեցիները և վանքերը: Մենք որ քանդեցինք հոգևոր բլոկադան, գրեթե երեք տարի անց ֆիզիկական բլոկադան քանդվեց, Արցախը Շուշի-Բերձոր-Գորիս միջանցքով միացավ Մայր Հայրենիքին: Որտեղից վայր ընկանք, այնտեղից էլ վեր կանգնեցինք: Այնպես որ՝ կա Աստծո ձեռքը զորեղ:

-Այսօր լայն թափ է ստանում եկեղեցաշինությունը, եկեղեցիներ, վանքեր են կառուցվում: Առհասարակ պետության ներսում առկա դժվարությունները հաղթահարելուն սա որքանո՞վ է խթանում:

– Նայեք մեր գաղթօջախների պատմությանը` առաջին հերթին եկեղեցի են կառուցել, հետո դպրոց… Հավատք, լուսավորություն, կրթություն, հետո նոր սկսել են զբաղվել իրենց տներով: Եթե խոստովանեմ, մեր ժողովրդի առաջ ամոթով ենք մնում: Ինչո՞ւ: Ամեն գյուղից ամեն ամիս նամակներ ենք ստանում՝ Սրբազան ջան, մի ճար արեք, մեր գյուղի եկեղեցին նորոգեք: Ճիշտ է, ես ի վիճակի չեմ 500 բարերար միանգամից ճարել, 500 գյուղի եկեղեցիներ նորոգել: Հասկանում եմ իրենց: Ամեն մեկը ցանկանում է իր սրբավայրը գործող տեսնել: Ուզում է, որ գյուղի մեջ, որտեղ իր պապերը, տատերը, ծնողները կնքվել, պսակվել են, իրենք էլ իրենց հարազատ գյուղի սրբավայրում մկրտվեն: Դա շատ լավ ցանկություն է: Եվ մենք պիտի փորձենք կամաց-կամաց, ինչպես ասում են, բավարարենք իրենց հոգևոր կարիքները: Արդեն ունենք 70 կառուցված կամ վերանորոգված եկեղեցի, վանք, որ իհարկե շատ քիչ է: Եթե հաշվի առնենք, որ մենք ունենք 272 համայնք, նշանակում է՝ նվազագույնը 272 գործող եկեղեցի պիտի ունենանք: Լավ, գոնե 200: Բայց դեռ հեռու ենք այդ նվազագույն չափանիշից: Բայց կհասնենք, և այդ օրը սարերի հետևում չէ:

-Որտեղի՞ց Ձեզ այդ աստվածատուր ուժն ու զորությունը, ինչի շնորհիվ ժողովուրդն ընդունում, հավատում ու վստահում է Ձեզ:

-Առանց Աստծո ընդհանրապես ոչինչ չկա այս աշխարհում: Մենք ապրում ենք Աստծո շնորհիվ: Բայց ես մի բան գիտեմ, որ մանկուց ահավոր սիրել եմ իմ ազգը: Միշտ էլ երազել եմ հայկական հաղթանակ տեսնել: Դա իմ մանկության երազանքն է եղել, որովհետև ծնողներս, պապեր, տատերս այդպես են մեզ դաստիարակել: Եվ ես ուրախ եմ, որ իմ աչքերը տեսան գոնե Արցախյան հաղթանակը: Ես շատ եմ սիրում ու պաշտում իմ ազգը: Ես տեսա այս պատերազմի ժամանակ տասնյակ, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ճշմարիտ հայրենասեր են: Ոմանք նահատակվեցին, մենք լավագույն տղաներին ֆիզիկապես կորցրինք, բայց ես տեսա մեր ազգի ճշմարիտ դեմքը, որ ազգը պատրաստ է համբերել, դիմանալ հանուն վսեմ գաղափարի:

-Ձեր կյանքում ի՞նչ հուշ է անջնջելի հետք թողել…

-Օպերայում, երբ սկսվեցին մեր ցույցերը հանուն Արցախի, մոտ չորս օր ես ցնցված էի: Ես այդ ժամանակ Էջմիածնի Հռիփսիմե վանքի վանահայրն էի և ամեն օր Օպերայի բակում էի: Երբ ես տեսնում էի կես միլիոն մարդ կանգնած ո՛չ խոտ է տրորում, ո՛չ ծառի ճյուղ է վնասում, ուտելիք է կիսում, ուրախությունից լաց էի լինում: Ինձ թվում էր, թե Սուրբ հոգին իջել և իմ ազգը սրբացրել է: Ազգը դարձել էր մեկ շունչ, մեկ միտք, ազնիվ, խիզախ: Այ սա իմ ազգն էր: Ես միշտ երազել եմ համախմբված տեսնել ազգս: Սա ինձ ցնցել էր…

-Ձեր մաղթանքները Հայ զինվորին…

-Ես Չարդախլու գյուղից եմ, մեզ մոտ զինվորականը ամենաբարձր դասն է: Եվ ես միշտ կոչ եմ անում՝ անկախ դիրքից, պաշտոնից, մասնագիտությունից՝ ամեն հայ պիտի լինի իր ազգի, իր հայրենիքի զինվորը: Ես էլ եմ զինվոր: Թող հավերժի մեր բանակը, մեր խաղաղության, մեր հավատքի, մեր ինքնության պատվարը:

Բարի ծառայություն:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


30/04/2015