Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Ապրիլի 26-ին ազգային բանակի ուսումնական զորամասերում սկսվեցին ավարտական քննությունները։ Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի կազմավորած հանձնաժողովները շուրջ մեկ շաբաթ կստուգեն կուրսանտների գիտելիքները, որից հետո կկատարվի տեղաբաշխում, եւ երիտասարդ մասնագետները ծառայությունը կշարունակեն մարտական զորամասերում։ Կուրսանտների ստացած գնահատականները կկարեւորվեն ինչպես նրանց տեղաբաշխման, այնպես էլ զորամասերի գործունեության գնահատման ժամանակ։
Քննությունների առաջին օրը եղանք գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորային զորամասի ուսումնական գումարտակում։ Մինչ հանձնաժողովի նախագահ գնդապետ Հ. Հարությունյանը, վաշտերի հրամանատարները եւ հանձնաժողովի անդամները քննական հարցաթերթիկներն էին բաժանում, զրուցեցինք ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Կ. Անդրեասյանի հետ։
-Գումարտակը տարիներ շարունակ եղել է լավագույններից ուսումնականների շարքում եւ բանիմաց ու որակյալ սակրավորներ, ինժեներական տեխնիկայի մասնագետներ է պատրաստել մեր բանակի համար,- ասաց փոխգնդապետ Կ. Անդրեասյանը եւ շարունակեց։ -Ստանձնելով գումարտակի հրամանատարությունը՝ միշտ ձգտել եմ պահպանել եւ զարգացնել ձեռքբերումները, հնարավորինս բարձրացնել ուսման որակը։ Ուսումնական փուլի ընթացքում բացթողումներ, ծառայական կարգապահության խախտումներ չենք ունեցել։ Ծրագրով նախատեսված բոլոր առաջադրանքները կատարվել են։ Յուրաքանչյուր շաբաթ մեր ուժերով, զորամասի հրամանատարի կազմավորած հանձնաժողովն ընդունել է ստուգարքներ, կատարել գիտելիքների ստուգում։ Ուսման մեջ թերացող բոլոր ստորաբաժանումների եւ կուրսանտների հետ տարվել է լրացուցիչ աշխատանք։ Շատ ավելի ծանրաբեռնված են եղել գործնական պարապմունքները։
Մարտի 12-ից մինչեւ ապրիլի 11-ը կազմակերպել ենք ճամբարային հավաք, որի ընթացքում աշխատել ենք կատարելագործել գործնական հմտությունները։ Եվ քանի որ այդ ընթացքում զորամասը կազմակերպել էր պահեստազորի հավաք, ճամբար այցելեց եւ գումարտակի պարապմունքի ընթացքին ծանոթացավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնեմ, որ գումարտակը պատրաստում է ինժեներասակրավորներ եւ ինժեներական տեխնիկայի մեխանիկ-վարորդներ։ Մասնագիտական առարկաներից բացի, կուրսանտները քննություններ են հանձնելու նաեւ համազորային առարկաներից, որոնցից շատ ենք կարեւորում հատկապես կրակային պատրաստությունը։ Ընդհանուր առմամբ, ուսումնական գործընթացն անցել է հաջողությամբ, եւ գումարտակը կարող է ստանալ բարձր գնահատական։

ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայոր Մանվել Սարգսյանի ինժեներասակրավորային վաշտի քննությունն ընդունում էին փոխգնդապետներ Ա. Հակոբյանը եւ Ա. Նազարյանը։
Հարցաթերթիկն ստանալուց քիչ անց կուրսանտ Արտակ Հարությունյանը, ձայն խնդրելով, ասաց, որ պատրաստ է հանձնելու քննությունը։
Կուրսանտը, իրոք, լավ էր պատրաստվել քննությանը եւ լիարժեք պատասխաններ տվեց։ Այնուհետեւ նա պատասխանեց գնդապետ Հ. Հարությունյանի եւ փոխգնդապետ Ա. Հակոբյանի տված լրացուցիչ հարցերին։ Ի վերջո, կուրսանտ Արտակ Հարությունյանն ստացավ «լավ» գնահատական։ Նրանից հետո պատասխանելու իրավունք խնդրեց կուրսանտ Վարդան Խաչատրյանը։
1) Պայթուցիկ նյութերի դասակարգում, 2) Հակահետեւակային ականադաշտերի տեղադրում, 3) Պառկած դիրքից կրակելու համար խրամատի պահանջվող չափսերը. այս հարցերին կուրսանտ Վ. Խաչատրյանը տվեց շատ լավ պատասխաններ եւ նույն հաջողությամբ պարզաբանեց սպաների լրացուցիչ հարցերը։ Նա նույնպես ստացավ «լավ» գնահատական եւ արժանացավ հանձնաժողովի անդամների գովեստին։ Այդ ժամանակ էլ իմացանք, որ նրա հայրը՝ վերանորոգման զորամասերից մեկի զինծառայող կապիտան Ռուբեն Խաչատրյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, երկու անգամ ծանր վիրավորվելուց հետո վերադարձել է շարք ու շարունակել պայքարը հայրենիքի ազատության ու անկախության համար։
-Աստված մի արասցե, եթե կրկին մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշեն, վստահ եմ՝ կապիտան Ռուբեն Խաչատրյանը դարձյալ կհայտնվի մարտադաշտում՝ իր որդու, բոլորիս որդիների կողքին,- ասաց գնդապետ Հ. Հարությունյանը մարտընկերոջ մասին։

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Քննությունն ընթանում էր այս առարկայի ուսուցման համար նախատեսված եւ համապատասխանորեն կահավորված լսարանում։ Կապիտան Արմեն Ներսիսյանի ինժեներական վաշտի դասակներից քննությունն ընդունում էր փոխգնդապետ Ս. Մելիքյանը։ Արդեն քննությունը հանձնել եւ «լավ» գնահատականներ էին ստացել կուրսանտներ Արման Կարապետյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Պարգեւ Ներսիսյանը եւ Մեսրոպ Մնացականյանը։ Ի դեպ, վերջինս արցախցի է եւ այստեղ սովորելու է գործուղվել պաշտպանության բանակից, առանձնանում է կարգապահությամբ, սովորելու, զենքին լիովին տիրապետելու համառությամբ։
Քննություն հանձնելու հերթը հասել էր կուրսանտ Լեւոն Սողոմոնյանին։ Նրա հարցերն էին. 1) ՀՀ ազգային հերոսները, 2) Շարքայիններին տրվող տույժերը՝ ըստ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնադրության, 3) Հայկական մշակույթը։
Ակնհայտ էր, որ երիտասարդը բանավոր խոսքի ասպարեզում այնքան ճարտար չէ։ Փոխգնդապետ Ս. Մելիքյանը լրացուցիչ հարցերի միջոցով փորձեց բացահայտել կուրսանտի իմացության իրական պատկերը, բայց չստացվեց։ Լեւոնը «բավարար» ստացավ։ Իսկ կուրսանտ Էդգար Ֆրանգուլյանի պատասխանը տպավորիչ էր։ 1) Ստորաբաժանումները ցամաքային զորքերի զորամասերում, 2) Մահապարտների «Արծիվ» գումարտակը, 3) Հայ զինվորականության պատվո վարքականոնների հիմնադրույթները։ Այս եւ լրացուցիչ հարցերին Էդգարը պատասխանեց մեկ շնչով եւ ստացավ «լավ» գնահատական։

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Այս առարկայից քննություն էին հանձնում կապիտան Արմեն Ներսիսյանի վաշտի դասակները։ Քննությունն ընդունում էր գնդապետ Հ. Աբաջյանը։ «Ականադաշտի տեղադրում։ Ականազերծման (անցումների բացում) աշխատանքներ» հարց-առաջադրանքից «լավ» գնահատական ստացան Գոռ Կարապետյանը, Իսկանդեր Մանուկյանը, Խաչիկ Մաթեւոսյանը, Դավիթ Ղահրամանյանը։ Տարածքի ականազերծման առաջադրանքը շատ լավ կատարեց նաեւ սերժանտ Արա Հայրապետյանի ջոկը՝ կուրսանտներ Հայրապետ Մկրտչյանը, Ռոբերտ Բայրիկյանը, Անատոլի Չիլինգարյանը, Լեւոն Հակոբյանը, Արման Մելքոնյանը եւ Արսեն Բաբայանը։
Ականաքուղի միջոցով հակատանկային ականադաշտի տեղադրման առաջադրանքը կատարեց սերժանտ Հենրիկ Փանոսյանի ջոկը։ Մարատ Հովհաննիսյանը, նրա եղբայր Կարո Հովհաննիսյանը, Ստեփան Գեւորգյանը, Գոռ Կարապետյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Վահրամ Ղամբարյանն առաջադրանքը կատարեցին սահմանված լավագույն նորմատիվային ժամանակից էլ շուտ։ Առաջադրանքի կատարման ընթացքում վաշտի հրամանատարը Հովհաննիսյան եղբայրներին տվեց «Գազեր» հրամանը, որն անմիջապես կատարվեց։ Եղբայրները հակագազերով էլ ավարտեցին ամբողջ աշխատանքը, ինչից հետո էլ զրուցեցինք նրանց հետ։
-Երեւանցի ենք, սովորել ենք Պուշկինի անվան դպրոցում։ Ես 2007-ին եմ ավարտել միջնակարգը, իսկ Կարոն՝ 2008-ին,- ասաց Մուրադը։ -Քանի որ մեր ծնողները գտնվում են ՌԴ Տվեր քաղաքում, դպրոցից հետո հաջորդաբար մեկնել ենք այնտեղ եւ ընդունվել Տվերի պետական համալսարանի «Կառավարում եւ սոցիոլոգիա» ֆակուլտետը։ Հայաստան ենք վերադարձել բանակում ծառայելու, զինվորական պարտքը կատարելու համար։ Ես փոխադրվել եմ վերջին՝ հինգերորդ կուրս, իսկ Կարոն՝ չորրորդ։ Կարող էինք համալսարանն ավարտել, հետո գալ, բայց չուզեցինք ուշանալ, որ այստեղ չմտածեն, թե ծառայությունից խուսափում ենք։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

-Քննությունը հաջողությամբ շարունակվում է։ Առայժմ գոհ եմ արդյունքներից։ Երիտասարդ տղաները բավական լավ են պատրաստված, կարող են ինքնուրույն աշխատել։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ նրանք դեռեւս չորս ամսվա զինծառայողներ՝ կուրսանտներ են, եւ տեղափոխվելով մարտական զորամասեր, պետք է շարունակեն ուսումը,- ասաց գնդապետ Հ. Հարությունյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան