Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ



Արցախյան ազատամարտը, որ սկսվեց քսանյոթ տարի առաջ, շարունակվում է: 1994թ. կնքված հրադադարի պայմանագիրը կարծես կորցրել է իր նշանակությունը: Պայքարի այս փուլում թշնամին ընտրել է դիրքային պատերազմի մարտավարությունը: Վախենալով մեծ ու լայնածավալ պատերազմ վարելու և լիարժեք պարտություն կրելու հեռանկարից՝ Ադրբեջանի իշխանություններն իրենց զինվորականներին պարտադրում են փոքր ստորաբաժանումներով մեր մարտական հենակետերի վրա անակնկալ հարձակումներ գործել, որոնք, անկախ տխուր հետևանքից, ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես առաջնագծում գրանցված «մեծ հաջողություններ»: Իշխանությունը երկարաձգելու համար այս կեղծ հնարքները խիստ կարևոր են Ադրբեջանի նախագահի և իր մերձավորների համար, իսկ թե իրականում ինչպե՞ս են ավարտվում կամ ի՞նչ հետևանք են ունենում թշնամու թվացյալ «քաջագործությունները», իրականում լավ գիտեն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորները: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ թշնամու դիվերսիոն խմբից ոչ մեկը չի կարողացել վերադառնալ ելման դիրքեր: Միշտ էլ պատասխանը եղել է անհամաչափ՝ մեկին՝ հինգ, մեկին՝ յոթ, մեկին՝ տասը…

2012 թ. հունիսի վեցի գիշերը թշնամու դիվերսիոն խումբը հարձակվեց մեր զորամասերից մեկի մարտական հենակետի վրա: Դիտորդից ստանալով տագնապի ազդանշանը՝ ջոկն անմիջապես մարտի բռնվեց: Կարճատև փոխհրաձգությունից հետո թշնամին ճողոպրեց: Օգնության եկած ուժերը մարտադաշտում հայտնաբերեցին թշնամու զինվորներից երեքի մարմինները, ցավոք, զոհվել էր նաև ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը, որը, զինվորներից առաջ անցնելով, փակել էր թշնամու առաջխաղացման ճանապարհը և կրակի հիմնական ծանրությունը վերցրել իր վրա:

Վարդան Օհանյանին հուղարկավորեցին Աշտարակում: Խիզախ հայորդու հրաժեշտի արարողությունն աշտարակցիների՝ հատկապես երիտասարդների համար վերածվեց հայրենասիրության յուրօրինակ դասի: Շատ չանցած՝ 2012 թ. հունիսի 18-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Օհանյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Վարդանը սովորել է Մուղնի գյուղի հիմնական դպրոցում: Դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը և ուսուցչական կազմը որոշեցին ստեղծել սիրելի աշակերտի անվան փառքի սրահ: Որոշմանը հավանություն տվեց և հնարավոր ամեն ինչով աջակցեց Արագածոտնի մարզպետարանը: Հայրենիքի համար մարտիրոսված զինվորի լուսանկարով և անձնական իրերով ձևավորված սրահը կարճ ժամանակում վերածվեց հայրենագիտական և հայրենասիրության լսարան-թանգարանի: Հունվարի 28-ին՝ Բանակի տոնի առթիվ դպրոցի մանկավարժական անձնակազմն ու աշակերտները Վարդանի ծնողների՝ Նվարդ Վարդանյանի, Ռոբերտ Օհանյանի և Սիրանույշ տատիկի մասնակցությամբ նախ թարմ ծաղիկներով պատեցին նվիրյալ զինվորի շիրմաքարը, որից հետո փառքի սրահում կազմակերպեցին ոգեկոչման ցերեկույթ: Իրենց խոսքերում Վարդանի ապրած կարճատև կյանքն իմաստավորեցին տնօրեն Գրետա Համբարձումյանը, ուսմասվար Գայանե Ավետիսյանը, ՆԶՊ ուսուցիչ, ավագ լեյտենանտ Ժորիկ Հովհաննիսյանը, ՀՕՊ ուսումնական զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Միսակ Թորոսյանը, մարզպետարանի կրթության բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Նալբանդյանը, դպրոցի աշակերտները:

-Հպարտությամբ կարող եմ նշել, որ ինչպես առհասարակ մարզում, այնպես էլ մեր դպրոցում շատ է կարևորվում ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Իշխանություններն ու ժողովուրդը միշտ հիշում ու մեծարում են ազատագրական պատերազմի մասնակիցներին, զոհվածներին: Օրինակ՝ մեր ռազմագիտության դասարանն էլ զոհերից մեկի՝ Հմայակ Պետրոսյանի անունն է կրում: Վստահ եմ՝ կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանի հերոսական կերպարը այսուհետ էլ ոգևորելու է մատաղ սերնդին, նրանց, ովքեր վաղը, հինգ կամ տասը տարի անց մեր բանակի սյուներն են դառնալու,- ասաց ՆԶՊ ուսուցիչ Ժորիկ Հովհաննիսյանը:

Մայոր Միսակ Թորոսյանն էլ ավելացրեց.

-Զորամասը սերտորեն համագործակցում է շրջանի դպրոցների հետ: Մենք դասախոսություններ ենք կարդում դպրոցներում, իսկ ուսուցիչներն ու աշակերտները այցելում են զորամաս, մասնակցում պետական ու բանակային տոներին, ծանոթանում զինծառայության պայմաններին ու օրենքներին: Զորամասի յուրաքանչյուր զինծառայող, որպես քաջության եւ հերոսական ոգու վառ օրինակ, իր առջեւ տեսնում է Վարդան Օհանյանի սխրանքը:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1076) 26.02.2015 – 4.03.2015, Բանակ և հասարակություն


26/02/2015