Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՀՄԱՆ
ՍԱՀՄԱՆ

ՍԱՀՄԱՆ

Ես այնքան եմ քոնը, զինվո՛ր,

Որ կարող եմ կրկնել ճշմարտությունը.

«ՀԱՂԹՈՂԻՆ ՉԵՆ ԴԱՏՈՒՄ…»

♦♦♦

Մեր սահմանը գիծ չէ, ոչ էլ խրամատ:

Մեր սահմանը զինվոր է`

Քաջազուն երակ,

Որի բաբախով մենք մտնում ենք կյանք…

♦♦♦

Այսօր ես խոցվեցի երեք զինվորով:

Ու արդարությունը խոցվեց երեք միլիարդ տեղից…

♦♦♦

Սահման, բարակած մեր խաղաղություն:

Զգույշ` չկտրվես մկրատով արյան…

♦♦♦

Ես հաշվեցի այսօրվա կրակոցները…

Իմ ձեռքն անզոր է հանումներ անել

մատաղ կյանքերից…

♦♦♦

Սահմանը կարմիր հիշողությունն է

արթուն հարվածի,

Մեզ հետապնդող մեր ինքնությունն է,

ոգին հաղթածին…

♦♦♦

Այստեղ բախտն անգամ հայրենիք ունի…

♦♦♦

Տղերք են ընկնում սահմանի վրա:

Մինչդեռ այս կողմում դեռ չեն գիտակցում

ՍԱՀՄԱՆԸ ՉԱՓԻ…

♦♦♦

Խրամատնե՜րը…

Հիասթափության ու հիացումի

քանի խաբկանք են իրենցով տարել:

♦♦♦

Վառոդի հոտից շնչահեղձ է արդեն հրադադարը:

Զինվո՛ր, մնում է քո բազկով փրկենք այն,

ԻՆՉ ԱՐԴԱՐ է:

♦♦♦

Մահդ` ափիդ մեջ,

Կյանքդ` երկնքում,

Սխրանքդ` հավատ,

Սխրանքդ` երդում:

♦♦♦

Մեր Հույսերը սովոր են հատվել,

Մեր Երազները սովոր են խաբվել,

Մեր Հավատը սովոր է խաչվել:

Բայց դու, Հա՛յ Զինվոր, չես կարող պարտվել…

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ