Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԴԵՊ` ԵԴԵՍԻԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԻՑ



Սկիզբը՝ նախորդ համարում

Գազանացած դահիճները երեխաներին խլում էին իրենց հոր, թե մոր գրկից եւ նրանց ոտքերից բռնելով` խփում էին պատերին կամ սալահատակին, ուր այդ մանուկները սրտակեղեք ճիչերով խյուսի էին վերածվում մոլեգին թուրք կանանց ու մանուկների ոտքերի տակ: Մյուսները` գլխատված եւ արյունահոս գլուխներով զարդարված նիզակները վեր պարզած, սատանայական գոչյուններով պտտվում էին փողոցից փողոց:
Ոմանք էլ` մսավաճառների կեռերից կախված եւ տակավին կյանքով գալարուն մանուկների մսերն էին ամենայն պաղարյունությամբ հոշոտում… Հրացանների գնդակներից կամ դաշույնի հարվածներից մեռնողներն ամենաբախտավորներն էին…
Այդպիսի ճգնաժամային վիճակների ժամանակ, կռվին անվարժ ժողովրդի սրտում կորովն ու գորովը կարծեք տեղի են տալիս աղետալի սարսափի, ու ինքնապաշտպանության բնազդն այնքան է նվազում, որ բանական էակը գրեթե մի իր է դառնում: Այլ կերպ չեմ կարող բացատրել գաղտնիքն այն վիճակի, որի մեջ գտնվում էր Ուրֆայի հայությունն այդ չարաժամ պահին: Կոտորածի պահին տեսել եմ ծնողների, որոնք, մոռանալով իրենց բոլոր պարտականությունները, փախուստով կամ ուրիշ միջոցներով ճգնում էին միմիայն փրկել իրենց կյանքը: Տեսա ընտանիքի հայրերի, ամուսինների, որոնք իրենց կանանց, մանկահասակ զավակների թիկունքում էին պատսպարվում, տեսա հուժկու երիտասարդների, հաղթանդամ կտրիճների, որոնք իրենց դահիճների, նույնիսկ թուրք ու քուրդ մանուկների առջեւ ծնրադիր, բազկատարած խնդրում էին խնայել իրենց, մինչդեռ կարող էին բռունցքի հարվածով նրանց գետին տապալել եւ նրանց զենքերին տիրանալ:
Բայց տեսա նաեւ մի ծաղկահասակ օրիորդի` անվեհերության, պարտքի գիտակցման մի տիպար, որ անվիճելի ու մշտապես հիշվող փաստերով հավաստեց, որ այն ցեղը, որ ծնել է իրեն, այդպիսին է` փոքր-ինչ ցանկության դեպքում կարող է առյուծանալ ու սարսափեցնել թշնամիներին: Այդ մատղաշ հայուհին, կանգնած մի դռան առջեւ, պաշտպանվում էր երկարաձող մի տապարի միջոցով: Քսանից ավելի թուրքեր եւ քրդեր էին իրենց սրերով, դաշույններով կռվում այդ հերոսուհու դեմ: Հայուհին հիանալի դյուրաշարժությամբ, անդիմադրելի հարձակումներով թշնամիների մի երկուսին զսպելով, կայծակի արագությամբ` իր տապարը մյուսների գլխին էր իջեցնում: Երբ ինքը, իրենից անկախ, իր թիկունքը պահող միակ պաշտպանը հանդիսացող տան պատից կես քայլ առաջ էր մղվում, մարդասպանները մի տասը քայլ ետ էին ընկրկում: Ինչ օգուտ` միայնակ էր. մինչդեռ մեկ տապալվածին փոխարինում էին չորսը:
Այդ աննման դյուցազնուհին շատերին էր տապալել եւ թեպետ արդեն հոգնած` գերբնական ուժով շարունակում էր մահ սփռել իր շուրջը, երբ չգիտեմ որ կողմից հրացանի մի գնդակ նրա ճակատին դիպավ եւ գետին տապալեց: Երկու վայրկյան չանցած՝ մաս-մաս էր արված այդ զարմանահրաշ հայուհու պաշտելի մարմինը…
Գուցե սխալվում եմ, բայց, ըստ իմ տեսածների, կարող եմ հայտարարել, որ մի քսան քաջասիրտ եւ անձնվեր հայեր պիտի կարողանային այդ թաղամասի հարյուրավոր մարդասպաններին ծայրեծայր հալածել: Ասում են՝ ուրիշ թաղամասերի հայերն այն աստիճան չեն համակերպվել եւ այնպիսի մի ընդունելություն են ցույց տվել մարդասպան խուժանին, որ եթե այս վերջիններին օգնության չգար կանոնավոր զորքը՝ գնդակահարելու հայերին, Ուրֆայի խնդիրը հայերի համար փառավոր վախճան կունենար: Ինչ էլ լինի, ճշմարիտ է, որ այն հայուհին հեղաշրջեց իմ կարծիքը: Այսօր համոզված եմ, որ հայերը եվրոպական այս կամ այն տերության ոտքը ստրկաբար լիզելու փոխարեն իրենց հույսն իրական կդարձնեն, եթե ինքնապահպանության փոխարեն խոհեմությամբ ու լրջորեն ինքնապաշտպանության դիմեն:
Մարդասպանները հերոսուհու մահից հետո թողեցին այդ տունը եւ իրենց կատաղությունն այլ կողմ ուղղեցին, բայց հայրը եւ մեծ մայրը սրտի կսկիծով նույն օրը մեռան:
– Այս աննկարագրելի ահ ու դողի մեջ այն աստիճան կորցրել էի ինքս ինձ, այնքան քարացած էի, որ չեմ կարող ասել, թե այս անլուր նախճիրը որքա՞ն տեւեց, որքա՞ն ժամանակ ես այնտեղ` դռան առջեւ մնացի, ինչպե՞ս չվնասվեցի այն դիվահարների կողմից, որոնք վխտում էին շուրջս:
Խուժանը սկսել էր ցրվել, մանկասպանները, արդեն նոր զոհեր չգտնելով, հեռանում էին, բայց հրաձգությունն ու կոտորածը շարունակվում էր քաղաքի այլ կողմերում, որտեղ ապաստանել էին հայերը:
Հանկարծ զգալով, որ ինչ-որ մեկը ձգում է մազերս, ետ դարձրի գլուխս եւ մի ճիչ արձակեցի: Չորս ավազակի ձեռք էի ընկել, որոնք, անշուշտ, ինձ բախտակից կդարձնեին այն անմեղներին, եթե հանկարծ մեկը հեռվից չգոչեր.
-Հյուպատոս է, մի՛ դիպչեք, թե չէ հերներդ կանիծվի:
Այսպես ասելով հանդերձ՝ նրանց ցույց տվեց գլխարկս, որ, բարեբախտաբար, գլխիցս վայր չէր ընկել:
Ինձ անմիջապես արձակեցին:
Աբդուլլան, որովհետեւ նա էր իմ փրկարարը, ձեռքս բռնեց եւ արյան գետի միջով, անհամար մահացածների եւ հոգեվարքի մեջ գտնվողների միջով անցկացնելով, ինձ իր տուն տարավ:
-Այս սենյակում մնա, – ասաց, – եւ մինչեւ իմ վերադարձը այստեղից դուրս չգաս:
Զգայազուրկ փռվեցի գետնին:
Երբ բացեցի աչքերս, կանթեղի լույսի միջով տեսա Աբդուլլային, որ ընթրում էր ճոխ սեղանի առջեւ: Իմ շարժումից ինձ դառավ եւ ասաց.
-Քնեցի՛ր եւ լավ արեցիր, որովհետեւ արշալույսին պետք է դուրս գաս քաղաքից: Քեզ համար արդեն մի ձի եմ վարձել եւ արաբի զգեստ եմ պատրաստել: Այսօր կարողացա քեզ ազատել, բայց վաղվա համար երաշխավորել չեմ կարող: Կառավարությունը գիտե, որ դու ո՛չ հյուպատոս, ո՛չ էլ օտարահպատակ ես: Քո միակ առավելությունն այն է, որ չես պատկանում դատապարտված ազգին: Իսկ հիմա արի՛ ու կե՛ր:
Դողահար մարմնով սեղանին մոտեցա, բայց կարո՞ղ եք պատկերացնել` անկարելի եղավ մի պատառ իսկ կուլ տալը: Իմ մտածմունքի միակ առարկան հնազանդվելն էր իմ պարտապանին, որի ձեռքերում էր կյանքս:
Ճաշելուց հետո Աբդուլլան դուրս եկավ եւ քիչ հետո վերադառնալով` տարբեր տիպի դրամներով վճարեց իր պարտքը: Քանի որ գիտեի, որ մի օր առաջ չուներ այդ գումարը, հիշեցի այն օրն ինձ վճարելու իր խոստումը եւ իսկույն կռահեցի այդ դրամի աղբյուրը: Դա, պարզապես, արդյունքն էր կոտորածի վերջաբանը հանդիսացող թալանի: Սաստիկ զայրացա, բայց իմ զգացմունքներն ի հայտ չբերելու համար, ճանապարհին չկողոպտվելու վախի պատրվակով, հնարավորինս անտարբեր դեմքով նրան առաջարկեցի հետաձգել այդ պարտքի վճարումը: Կարծեք թե Աբդուլլան հասկացավ միտքս, քանզի ժպտաց եւ ասաց.
-Դու գիտես, բայց իմացիր, որ մենք ճշմարիտ հավատացյալի մեր պարտականությունն անթերի կատարեցինք` հայերին վճարելով մեր դրամական բոլոր պարտքերը: Մեզ ի՞նչ, որ իրենք չկարողացան պահպանել իրենց ունեցվածքը:
Հետո, բարի գիշեր մաղթելով, ինձ մենակ թողեց:
Չէի կարողանում ո՛չ քնել, ո՛չ էլ հանգիստ մնալ` քստմնելի ցերեկը աչքիս առաջ էր:
Չգիտեմ՝ քանի՞ ժամ հետո տան մոտերքը հրազենի կրակոցներ լսեցի: Տերեւի պես դողում էի եւ չէի կարողանում ոչ մի կերպ հասկանալ այդ հրաձգության պատճառը, քանի որ թրքաբնակ թաղամասի մեջ էի գտնվում:
Քիչ անց Աբդուլլան եկավ ինձ մոտ եւ ինձ հանդարտացնելու համար ասաց.
-Սպանվողները չորս վատ թուրքեր են, որոնք մի քանի «գյավուր» են փախցրել: Տե՛ս, ինքս ինձ ի՛նչ վտանգի ենթարկեցի քեզ ազատելու համար: Այն չորս թուրքերի դիակները հիմի հայոց թաղամասը պիտի տարվեն, ցույց տալու համար, թե հայերն են սպանել:
Էլ սիրտ չունեի եւ աշխարհի վրա որեւէ այլ բան չէի ցանկանում, քան միայն անմիջապես հեռանալ այդ անիծյալ քաղաքից:
♦♦♦
Հանկարծ տան մեջ ողբ ու կոծ սկսվեց: Ես, վախով համակված, հազար ու մի ենթադրությունների մեջ էի, երբ սենյակիս դուռը մի անդիմադրելի ուժով բացվեց, եւ ներս խուժեց արտասվաթոր, հերարձակ ու բոկոտն մի կին, որի հետեւից վազում էր Աբդուլլան` զայրագին գոչելով. – Ի՞նչ ես անում, Ֆաթմա, անօրեն կին, երեսդ բաց օտարականի առջե՞ւ ես ելնում…
-Էհ, ինձ թո՛ղ, – բղավեց կինը, – զավակս մեռնում է, իսկ դու «նամեհրամի» մասին ես խոսում:
Միաժամանակ կինը, առջեւս ծնրադիր չոքած, մի քանի ամսական երեխայի էր ինձ երկարում, աղերսելով.
-Էֆենդի, գթա՛, փրկի՛ր Օսմանիս:
Շփոթվել էի եւ սարսափել, քանզի չգիտեի՝ ո՞վ էր այդ կինը եւ ի՞նչ էր ուզում, թե որքա՞ն հանցապարտ պիտի ճանաչվեի, ակամա մի թրքուհու դեմքը տեսնելուս համար, որը չի քողարկված, եւ որն իրեն իմ հայացքին էր արժանացրել: Թերեւս այս հանդգնությանս համար անհապաղ իմ կյանքով պիտի հատուցեի, մանավանդ այնպիսի մի ժամանակ եւ մի այնպիսի քաղաքի մեջ, որտեղ ցեցի, անարգ ճճվի շունչն ավելի էր հարգվում, քան կրոնակիցներիս կյանքը:
Երեւի դեմքս մի արտակարգ արտահայտություն ուներ, որովհետեւ Աբդուլլան հանկարծ մի բաժակ ջուր առաջարկեց ինձ՝ ասելով.
-Մի՛ վախեցիր, ա՛ռ, խմիր: Ֆաթման իմ կինն է, քո քույրը:
Ա՜հ, այն ահռելի ցերեկը, ա՜հ, այն սարսափելի գիշերը:
Հավետ անմոռանալի այն քսանչորս ժամերի ընթացքում սրտի տրոփյունով այնքան տարբեր զգացմունքների, սոսկումների մեջ տապակվեցի, որ զարմանում եմ, թե ինչպես չխելագարվեցի եւ ողջ մնացի:
Սակայն կինը չէր դադարում ինձ պարզել երեխային, որի նիհար, փոքրիկ դեմքին արդեն մահվան դալկություն էր դրոշմվել:
-Էֆենդի, էֆենդի, – հեծկլտում էր խեղճ մայրը, – փրկիր որդուս, փրկիր Օսմանիս: Ոտքդ համբուրեմ, հորդ, մորդ սիրույն համար փրկիր, զավակիս փրկիր:
-Քույրս, – թոթովեցի ես, – ես բժիշկ չեմ:
-Ա՛հ, դու բժիշկ չես, – մի ոստյունով ոտքի ելնելով գոչեց մահամերձ մանկան մայրը:
Հետո մի տառապագին, աղեկեզ շեշտով շարունակեց.
-Ա՛հ, Օսմանս պիտի մեռնի: Պատվելի Աբուհայաթը եթե մեռած չլիներ, կփրկեր նրան, ինչպես փրկեց իմ մյուս վեց զավակներին: Բայց պատվելի Աբուհայաթը երեկ սպանվեց: Քահանա էլ չմնաց զավակիս գլխին աղոթք կարդալու համար:
-Աստված ողորմի հոգուն, – քրթմնջաց Աբդուլլան:
Եվ Ֆաթման կրծքին էր սեղմում, արցունքներով էր ողողում, իր համբույրներով ցանկանում էր վերակենդանացնել մանկանը, որի մարմնի ծայրանդամներն արդեն սկսել էին սառչել:
-Զավակս պիտի մեռնի, – դարձյալ գոչեց կինը:
-Աստված ինչպես ուզի, այնպես էլ կլինի, – լսվեց թիկունքիցս մի խորունկ ձայն:
Սարսափած ետ դարձրի գլուխս:
Խոսողը երկու ձեռնափայտերի վրա հենված, դողդոջագլուխ, սմքած մարմնով, տարիքն առած մի ծեր կին էր:
-Մայրս է, – ասաց Աբդուլլան եւ շտապեց հարգալից ծեր կնոջ ձեռքը համբուրել:
Բայց նա խոժոռադեմ ետ մղեց նրան:
-Հեռո՛ւ, հեռո՛ւ, – գերեզմանային ձայնով գոչեց կինը, – հեռո՛ւ, մարդասպան, հեռո՛ւ, ոճրագործ:
-Մայր, – հեզորեն քրթմնջաց Աբդուլլան, – հորս գերեզմանով եմ երդվում, որ ձեռքս արյունոտ չէ:
-Եվ մի՞թե դա հերիք է, – պատասխանեց ծեր կինը զայրագին, – ո՞ւր են այն աղջիկները, այն կանայք, այն մանուկները, այն ծերերը, այն հիվանդները, այն երիտասարդները, որոնց, իբր ճշմարիտ հավատացյալ, պիտի փրկեիր, պիտի այստեղ` տունդ բերեիր, հորդ տունը, որ պիտի ապաստան դառնար բոլոր հալածյալների համար: Այսպես պիտի աներ հայրդ: Ո՞ւր են այն վերքերը, որ ստացար անգութ ծանոթի, բարեկամի, ազգականի զինված ձեռքերից մի անմեղի խլելու համար: Հայրդ այդ տեսակ վերքերով պիտի պարծենար: Ա՜հ, մեր օրերում քաղաքացիությունն իր պարտականությունն ու իրավունքն ուներ, հարեւանությունն իր պարտականությունն ուներ, աղն ու հացն իրենց նվիրական պարտականությունն ու իրենց նվիրական իրավունքն ունեին: Աստված ուզեց ինձ էլ ձեր օրերի պես անիծյալ օրեր ցույց տալ: Ես շուտով կմեռնեմ, դուք ողջ կմնաք, բայց գիտցե՛ք, որ մուսուլմանությունը, իր արդարամտությունը կորցնելով, կկորցնի նաեւ իր փառքը եւ նույնիսկ` կմոտենա իր կորստին:
Ծեր կինը չէր հանդարտվում:
-Եվ ինչի՞ համար է այդ ամենը, – շարունակեց նա` ավելի բարձրաձայն, – քանի որ թագավորն է հրամայել: Բայց տեսե՞լ եք այդ թագավորին, ո՛չ, միայն գիտեք, որ գոյություն ունի: Ինչո՞ւ երկու օրվա թագավորի խոսքն եք կատարում եւ ականջալուր չեք լինում Աստծու անսկիզբ ու անվերջ պատվիրաններին: Հանցավորը թող պատժվի, բան չունեմ ասելու, բայց անմեղների՞ց ինչ եք ուզում: Ո՞րն է մանուկների, կանանց, ծերերի, հազարավոր անտեղյակների հանցանքը: Իմամը` Ղուրանը փոխարինելով շերիֆով (ոստիկանապետով), ընդհանուր ջարդ է քարոզում: Թող գնա՛, քարոզի՛: Դուք կարդացե՞լ եք այդ գիրքը, ո՛չ: Ուրեմն չե՞ք մտածում, որ իմամը կարող է ձեզ խաբել կամ մոլորեցնել: Դուք այդ ինչ տեսակ ապիկար մարդիկ եք, որ ձեր տունը քանդելու եւ ձեզ վրա հրեղեն անեծքներ վերցնելու համար կուրորեն հետեւում եք մի քանի մարդկանց խոսքին:
Ծեր կինը լռեց:
-Բայց, մայր, – ասաց Աբդուլլան ակնածանքով, – Նվարդը եւ Գեւորգը …
-Նվարդը եւ Գեւորգը, – ընդմիջեց ծեր կինը, – սովալլուկ գայլերի առջեւից հուսահատորեն փախչող գառնուկների նման, մեկը մյուսին գրկած, առանց գիտենալու, թե ուր են գնում, ինքնաբերաբար այստեղ ընկան: Այո՛, Նվարդը եւ Գեւորգն այստեղ են: Բայց արդյոք քաջություն եւ վեհանձնություն կունենա՞ս նրանց պաշտպանելու, եթե անխիղճ, անհավատ մուսուլմանները նրանց ոչնչացնել ուզեն:
Հետո, դեպի դուռը դառնալով, ծեր կինը շարունակեց.
-Ներս եկե՛ք, զավակներս, մի՛ վախեցեք, քանի այս դողդոջ ձեռքերն ու ատամնազուրկ բերանը փաթաթված չէ պատանքի մեջ` ձեր մազին իսկ դիպչող չի լինի:
Մի պահ, ինքս ինձ մոռացած, հետաքրքրությամբ դռան կողմը նայեցի:
Մոտ տասնվեց տարեկան մի աղջիկ, վեց-յոթ տարեկան մի տղայի ձեռքը բռնած, ներս մտավ: Աղջկա խարտյաշ եւ անխնամ մազերը թափված էին մեջքն ի վար, սեւ եւ ազնվահայաց աչքերն ուռել էին լացից, բարձր հասակը կորացած էր: Տղան` Գեւորգը, մի սիրուն փոքրիկ տղա էր` վախից խոշորացած աչքերով: Երկուսն էլ ցնցոտիներով էին:
-Եկեք զավակներս, ձեր երկրորդ մոր գիրկն ընկեք, – ասաց ծեր կինը՝ հենակները նետելով եւ բացելով թեւերը: – Մի վախեցեք, թեեւ ծեր եմ, բայց ձեզ պաշտպանելու համար բավական մայրական գորով ունեմ իմ պառաված սրտի մեջ: Ովքեր էլ լինեն ձեր հայրն ու մայրը, թող Աստծու օրհնությունը լինի նրանց վրա, որ այս դժոխային օրերին ինձ իմ հանգուցյալ ամուսնուն հաճելի մի գործ անելու հնարավորությունը տվեցին:
Գուշակո՞ւմ եք արդյոք, թե այդ պահին ինչ էր անցնում իմ մտքով: Առանց այդ ծեր կնոջ բարեսրտությանն ու անկեղծությանը կասկածելու, մտածում էի, որ այն երկու որբերը ժամեր անց իրենք էլ իրենց ազգակիցների բախտին պիտի արժանանան, Աբդուլլան նրանց համար մի՞թե իրեն պիտի մահառիթ վտանգի ենթարկեր:
Հիվանդ մանուկն իրար ետեւից սկսեց զկռտալ, ինչը առանձնապես մի բարի նշան չէր: Բայց մանկան մոր մոտ մի հույս ծագեց:
-Նվարդ եւ դու` Գեւորգ, – ասաց որբերին, – դուք հազիվ էիք ներս եկել, ահա պստիկիս ձայնը լսվեց: Խնդրում եմ՝ աղոթեք, որ Աստված կատարյալ առողջություն շնորհի զավակիս:
Օրիորդն ու տղայիկը վարանած կանգնել էին:
-Ձագուկներս, մի՛ վախեցեք, – ասաց ծեր կինը, – ձեր լեզվով ու ձեր ձեւով աղոթեք, թերեւս Աստված ձեր անմեղ ձայնը լսի:
Որբերը խաչակնքելուց հետո ծնկի էին եկել, երբ մի թուրք տղա ներս վազեց ու գոչեց.
-Ֆաթմա տատ, մայրս է սա ուղարկել, ասում է, որ եթե խաշես ու ջուրն Օսմանին խմեցնես, հիվանդությունն անմիջապես կանցնի:
-Տուր տեսնեմ, սա ի՞նչ է, – ասաց ծեր կինը։
Տղան կարմիր շորով մի փաթեթ դրեց նրա ձեռքերի մեջ ու ասաց.
-Մոր արգանդից հանված մի գյավուրի սիրտ է:
Գրեթե նույն վայրկյանին Աբդուլլայի կինը բղավեց՝
-Ա՜խ, Օսմանս մեռավ:
Եվ մինչ ծեր կինը, անլուր անեծքներ տեղալով, բերողի երեսին էր շպրտում փաթեթը, մինչ Նվարդն իր եղբորը գրկած ուժակորույս ընկավ վար, մինչ որդեկորույս մայրն իր զավակի դին կրծքին էր սեղմել, Աբդուլլան քաշեց թեւս եւ ուզեց ինձ սենյակից դուրս հանել:
-Շուտ մեկնեք, – ասաց, – իրավունք չունենք ժամանակ կորցնելու:
Անշուշտ իրավացի էր: Յուրաքանչյուր վայրկյան կարող էր ճակատագրական լինել ինձ համար: Ես էլ էի ուզում անմիջապես հեռանալ այդ «վայոց ձորից», որ, միաժամանակ, հրաբխային երկունքի մեջ տնքում էր: Րոպե առաջ, առանց ետ նայելու, ուզում էի փախչել: Բայց ոտքերս կաշկանդում էին Նվարդը եւ Գեւորգը` այդ երկու անօգնական որբերը, որոնք, անտարակույս, մահվան դատապարտված լինելով հանդերձ` հրաշալի կերպով ազատվելուց հետո, մի զույգ տատրակի նման ընկել էին անգղների երամի մեջ: Ճիշտ է, այնտեղ մի բարեկամ կար` ի դեմս մի թրքուհու, բայց այդ կինը մինչեւ ե՞րբ կարող էր պաշտպանել նրանց եւ միթե՞ կկարողանար նրանց պաշտպանել, երբ ինքը գրեթե անշարժ մի հաշմանդամ էր: Ուստի ուզում էի նրանց էլ տանել հետս եւ աչքերս չէի կարողանում հեռացնել նրանց ուժեկորույս մարմիններից:
Կարծես ծեր կինը կռահեց տագնապալի միտքս:
-Քրիստոնյա, – ասաց, – դու ուշանալովդ քո կյանքն ես վտանգում, առանց որեւէ մեկին օգտակար լինելու: Նվարդը եւ Գեւորգը քեզ հետ չեն կարող մեկնել. այս պահին նրանց տնից դուրս հանելը նշանակում է նրանց գլուխները սրին հանձնել: Դու գնա եւ վստահ եղիր, որ նրանց ամենափոքր վնաս իսկ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Աստված հոգիս չի առել: Նրանք իմ զավակներն են: Ծեր կնոջ պատճառաբանություններն անվիճելի էին: Ուստի, ակամա, հեռացա:
Լույսը նոր էր բացվում: Աբդուլլան բերեց նոր զգեստս, որ, լավ թե վատ, հարմարեցրի ինձ: Դուրս եկանք տնից եւ ճամպրուկներս վերցնելու համար ուղղվեցինք դեպի խանութ: Ես համարյա կիսամեռ էի: Կարմիր փաթեթը սառեցրել էր արյունս:
Հայոց թաղամասին էինք մոտենում, երբ մի խումբ հրեաների հանդիպեցինք. սրանք անձայն, անշշուկ, իբր ճակատագրով դատապարտվածներ, իրենց ետեւից քաշ էին տալիս դիակներ, որոնց գլուխների` չարաշուք համաչափությամբ ու ոստոստումով քարերին զարնվելու եւ փողոցի արյունալի փոսորակների մեջ ընկնելու խուլ ձայները խանգարում էին գիշերվա լռությունն ու մահառիթ ոգեւորությամբ էին օժտում թաղամասի ամայությունը, որի բոլոր տների դռները կոտրատած էին եւ փողոց էին նետված: Շատ անգամ թանձրացած արյան միջով էինք քայլում, եւ երբեմն ոտքերս բախվում էին մարմինների բեկորների: Հասնում էինք խանութին, երբ սարսռեցնող ձայներ լսելով շրջեցի գլուխս եւ արշալույսի աղոտ լույսով ականատես եղա աննկարագրելի, անլուր, հրեշային մի եղելության, որ ինձ դրդեց կորցնել զգուշությունս եւ խոհեմությանս բնազդը: Թաղամասից դուրս, խանութից քիչ այն կողմ նախորդ օրվա մարդասպաններն առանց խղճի եւ տարրական պատկառանքի ամենավերջին տանջանքների էին ենթարկում կանանց, աղջիկներին եւ մանուկներին:
Չկարողանալով զսպել ինքս ինձ, ամբողջ ուժով փախա …
Երեւի Աբդուլլան գալիս էր ետեւիցս, որովհետեւ երբ դուրս ելա քաղաքից, զգացի, որ մեկը բռնեց քղանցքիցս:
-Փախչելով մեծ անմտություն արեցիր, – ասաց ինձ, – բարեբախտաբար տղաները զբաղված էին ու ուշադրություն չդարձրին քեզ վրա, իսկ հրեաները խիստ գաղտնապահ են: Սպասի՛ր այստեղ: Գնամ, ուղարկեմ ճամպրուկներդ ու մեկին, որ քեզ Դիարբեքիրի քարավանին հասցնի, որը իջեւանել է մոտակայքում:
Մի ժամ անց սարավանդի վրա էի, երբ արեւակարմիր երկինքը խավարեց թանձր ծխով, մինչդեռ սրտակեղեք վայնասունները, դժոխային քրքիջների ներքո, թնդեցնում էին օդը:
Մեծ ողբերգության վերջին տեսարանն էր. Ուրֆայի Հայոց եկեղեցին, որ թուրքերն ու համիդիեները հրկիզել էին, իր բոցավառ փլատակների տակ թաղում էր երկսեռ եւ տարբեր հասակի ութ հազար դժբախտներին, որոնց կառավարությունը քշել ու հավաքել էր այդ սրբավայրում:
Սոսկումով եւ նողկանքով համակված քառատրոփ հեռացա նախճիրների եւ ոճիրների այդ բնից:

Նյութը վերցված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Պատմության էջերից


05/05/2011