Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴԵ, ՔԵԶ ՏԵՍՆԵՄ, ԳՐՈՄԻԿՈՅԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ԹՌՑՐՈՒ»



Հարություն ՀԱԿՈԲՅԱՆԸ (1918-2005)` հռչակավոր աճպարարը, վառ եւ ինքնատիպ անհատականություն էր բոլոր առումներով: Ծնունդով իգդիրցի` նա իր ողջ գիտակցական կյանքն ապրեց Մոսկվայում, սակայն այդպես էլ, ինչպես հարկն է` ռուսերեն չսովորեց: Մասնագիտական ասպարեզում նա հասավ շատերի համար անմատչելի բարձունքների` միշտ մնալով հանրության, հեռուստատեսության եւ իշխանությունների սիրելին: Աճպարարության նրա հղկված, վիրտուոզ տեխնիկան նյարդայնացնում ու կատաղեցնում էր իր շատ գործընկերների, որոնք էլ, իրենց հերթին, բավական բարդացնում ու փչացնում էին նրա կյանքը:

Որքան էլ տարօրինակ է` հայ լրագրողները Հարություն Հակոբյանին շատ քիչ ուշադրության են արժանացրել, եւ այդ պատճառով էլ Հայաստանում շատ բան չգիտեն նրա մասին, ոչ թե` որպես աշխարհահռչակ արտիստի, այլ որպես սովորական մարդու:

Ներկայացնում ենք որոշ ուշագրավ դրվագներ Հարություն Հակոբյանի որդու` Հմայակ Հակոբյանի հուշերից:

…Հորս ընտանիքում ո՛չ էստրադայի, ո՛չ էլ կրկեսի հետ որեւէ մեկն առնչություն չէր ունեցել: Հայրս 42-ին ավարտել էր Հողաշինարարական ինստիտուտը, սակայն այդպես էլ չէր հասցրել ինժեներ աշխատել: Որովհետեւ դեռ ուսանող ժամանակ պատահաբար ներկա էր եղել ինչ-որ ձեռնածուի ելույթին: Կախարդական հնարքներն այնպես էին ցնցել նրան, որ նա թափանցել էր ետնաբեմ, գրիմանոցում մտել էր այն արկղի մեջ, որից քիչ առաջ` ելույթի ժամանակ, ճագար էր դուրս եկել, եւ սկսել էր ներսից «քջջել» այն, որպեսզի պարզի, թե դա ինչպես է տեղի ունենում: Հենց այդ գործի վրա էլ աճպարարը նրան բռնեցրել էր ու ոստիկանություն կանչել հանցանքի վայր: Մեքենայի մեջ «հանցագործն» սկսել էր աղաչել. «Բաց թողեք, խնդրում եմ: Ես ոչ մի բան էլ չէի ուզում գողանալ: Ուղղակի ինձ հետաքրքիր էր, թե էդ ճագարը որտեղից է դուրս գալիս»: Ձեռնածուն խղճացել էր անբախտ ուսանողին եւ առաջարկել էր աշխատել որպես իր օգնականը: Անվճար: Եւ հայրս ազատ ժամերին սկսել էր օգնել նրան, ավելին, քիչ անց` սկսել էր առաջարկներ անել, թե ինչպես ավելի բարդացնի այս կամ այն հնարքը: Հոգնելով իր աշակերտի «նորարարական» գաղափարներից` ձեռնածուն որոշում էր կայացրել. «Եթե այդքան խելացի ես, վերցրու կախարդական արկղիկը ու եւս մի քանի գաղտնիքներ եւ գնա` ուր ուզում ես»: Հայրիկը կազմել էր իր սեփական ծրագիրը եւ աշխատանքի անցել «Մոսկոնցերտում»: Եւ դերասանական բրիգադի կազմում անմիջապես մեկնել էր ռազմաճակատի առաջավոր գիծ` համերգների:

Մի անգամ ելույթ էին ունեցել Առաջին Բելոռուսական ռազմաճակատում` Օրշայի մոտ: Հազվադեպ դադարներից մեկի ժամանակ որպես բեմահարթակ ծառայող բեռնատարի թափքի վրա սկսվել էր համերգը զինվորների համար: Գերմանացիներն այնքան մոտիկ էին, որ կարելի էր լսել նրանց ձայները: Դրա համար էլ ողջ համերգի ընթացքում դիպուկահարները օպտիկական նշանառությամբ հետեւում էին հակառակորդին: Երբ երգչուհին ավարտել էր իր ելույթը, գերմանացի զինվորներն իրենց խրամատներից գոռացել էին. «Ռուս, երգիր, էլի երգիր»: Իսկ հորս ելույթից հետո նրան էր մոտեցել դիպուկահարներից մեկը եւ ասել էր. «Գիտե՞ք, գերմանացիները հեռադիտակով ձեր ելույթն էին դիտում»: Հայրս ժպտացել էր ու պատասխանել. «Նայում են` նայեն: Մեկ է` ոչինչ էլ չեն նկատի»: Օրշայի մոտ համերգային բրիգադը շրջապատման մեջ էր ընկել: Այդ անգամ զոհեր չէին եղել, ռմբահարվել էր միայն բեռնատարը` դաշնամուրով, բայանով ու հորս բեմիրերի չորս ճամպրուկներով: Սակայն հետագայում բայանահար Յուշինը, որը նվագակցում էր հայրիկիս, զրկվել էր ոտքից, երգչուհիներից մեկը կորցրել էր աչքը, իսկ հայրս կոնտուզիա էր ստացել եւ վիրավորվել:

Պատերազմից հետո հայրս շարունակեց իր ելույթները: Նրա համերգացանկում ամեն ինչ կար` ե՛ւ տարածության վրա մտքեր փոխանցել, ե՛ւ հիպնոսի սեանսեր, ե՛ւ դահլիճում թաքցրած առարկաներ գտնել, ե՛ւ քնած կնոջ թռիչք… Նրա «ռեկվիզիտը» դարձան խաղաթղթերը, մետաղադրամները, պարանները, առավոտյան լրագրերը…

Պատերազմից հետո նրան հրավիրել էին կուսակցական ժողովի, թեեւ նա երբեք կուսակցության անդամ չի եղել, եւ կուսկազմակերպիչը, բարկությունից բռունցքները թափահարելով` քիչ էր մնացել նրա վրայից հաներ ֆրակն ու ցիլինդրը ու նաեւ պահանջել էր, որ նա սափրի իր բեղիկները (նա բարակ, պիժոնական բեղիկներ էր պահում` Դուգլաս Ֆերբենքսի նման): Նրան մեղադրել էին «Արեւմուտքի առջեւ խոնարհվելու» մեջ:

Եւ սա «կուսակցական զգոնության» միակ դեպքը չէր:

1980 թվականն էր, Օլիմպիական խաղերը: Հայրս այդ առիթով հատուկ տրյուկ էր հնարել: Հանկարծ Կենտկոմից զանգում են «Մոսկոնցերտ». «Մենք ահազանգ ենք ստացել, որ ընկեր Հակոբյանը համերգների ժամանակ հրապարակավ այրում է խորհրդային դրոշը»: Հակոբյանին շտապ կանչում են Կենտկոմ` «տնտղելու», եւ նա այնտեղ հեղինակավոր հանձնաժողովին ցուցադրում է իր համարը: Չեկիստներից մեկն ինչ-որ վարդագույն կտոր էր պահել, որի վրա նկարված էր օլիմպիական կրակի երթուղին` Աթենքից մինչեւ Մոսկվա: Արտիստը վառվող մոմը մոտեցնում է կտորին, եւ կրակն սկսում է շարժվել ճիշտ այդ երթուղով` Աթենքից մինչեւ Մոսկվա: Դա այնքան գեղեցիկ էր, որ բոլորն սկսել էին ծափահարել:

50-ական թթ. սկզբին` մինչեւ մորս հանդիպելը, հայրս մի հավատարիմ երկրպագուհի ուներ Մարինա անունով: Կրակոտ ու սեւաչյա այդ գեղեցկուհին, հորս տեսնելով բեմում, անմիջապես սիրահարվել էր: Հայրս հենց նոր էր եկել Հայաստանից` հրաշալի կոստյումով, արեւառված, իսկը արտասահմանցի: Մարինան ոչ մի վայրկյան չէր հեռանում նրանից: Հայրս նրան իր հետ նույնիսկ Հայաստան էր տարել: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ այդ կինը ոչ միայն հորս սիրուհին էր, այլեւ… Լավրենտի Պավլովիչ Բերիայի: Ինչը, բնականաբար, հորս մտքով անգամ չէր անցնի: Իսկ Բերիան, իմանալով մրցակցի մասին, նրան աքսորել էր Հայաստան: Այսինքն` հայրս էժան էր պրծել: Երբ Բերիան հեռացավ ասպարեզից, Մարինան նույնպես անհետացավ…

… Իմ մանկությունն անցել է Պերեդելկինոյում` մարշալ Բաղրամյանի շքեղ ագարակի հարեւանությամբ: Այո, Հովհաննես Բաղրամյանը մեր հարեւանն էր: Հայրս գեներալ Զելինսկուց գնել էր այն ժամանակների համար (60-ական թթ.) համեստ մի տուն, որը Բաղրամյանի հսկայական սյունազարդ տան կողքին էր: Հիշում եմ, ես հատկապես ցնցված էի վարդերի եւ ելակի առատությունից: Ամեն մի ելակը` իսկական կոնի մեծության:

Մարշալի տանը մշտապես ապրում էին ղարաբաղյան-հայաստանյան անթիվ-անհամար ազգականներ: Միանգամից մի տասնհինգ հոգի կարող էր հյուր գալ`աղմկոտ երեխաների մի ամբողջ երամ էլ հետը: Մենք, որպես հարեւաններ, նույնպես հաճախ էինք վազվզում մարշալի ամառանոցի տարածքում, խաղում էինք Բաղրամյանի հեռու-մոտիկ, անթիվ-անհամար ազգականների երեխաների հետ: Կովկասում, ի դեպ, ազգակցական կապերը հզոր ուժ են:

Բաղրամյանի կողքին ապրում էր Սեմյոն Բուդյոնին: Այն ժամանակ Բուդյոնու աղջիկն ամուսնացած էր Միխայիլ Դերժավինի հետ: Մենք ցանկապատի ետեւից հետաքրքրությամբ դիտում էինք, թե ինչպես է սիրունատես քեռի Միշան տիկնոջ հետ մեքենա նստում: Իսկ Բուդյոնին, հասարակ հագնված` սիրում էր առավոտները նստել իր տան շեմին` «տաբուրետկային» եւ հարմոնի նվագակցությամբ չաստուշկաներ երգել: Ինչպես հետագայում իմացա Դերժավինից` նրա աները հաճույքով հավաքում էր այն չաստուշկաները, որ ժողովուրդը հնարում էր հենց իր` Բուդյոնու մասին:

Հայրս նույնպես, Բաղրամյանի նման, շատ հյուրասեր մարդ էր: Ես եւ եղբայրս երջանիկ մանկություն ենք ունեցել` մորս ռոմանսների եւ նշանավոր հյուրերի զվարճախոսությունների ուղեկցությամբ: Մեր մոսկովյան տանը եղել են Մարիա Միրոնովան, Միխայիլ Ցարյովը, Բորիս Չիռկովը, Ռինա Զելյոնայան, մարշալ Բաղրամյանը, Բաբաջանյանները: Բակում մանղալ էին դնում եւ շամփուրների վրա խորոված էին անում: Միլիցիայի 23-րդ բաժանմունքը եւ հրշեջ ծառայությունը գիտեին, որ Հակոբյանի տանը հյուրեր կան: Մեր տանը նույնիսկ հռչակավոր Ֆանտոմասն է եղել, պատկերացնու՞մ եք: Հորս կանչել էին մշակույթի նախարարություն եւ խնդրել ընդունել Ժան Մարեի գլխավորած ֆրանսիական պատվիրակությանը: Նրանք գիտեին, որ Հակոբյանը շքեղ բնակարան ունի, իսկ նրա կինն այնպես է հագնվում, որ արեւմտյան կինոաստղերից չես տարբերի: Իրոք, երբ մայրս դուրս էր գալիս զբոսանքի, ոչ միայն տղամարդիկ, շներն անգամ շրջվում էին, որ նրան նայեն` այնքան սիրուն էր:

Ինչեւէ: Հյուրերին ընդունելու համար հարկավոր էր նախապատրաստվել: Հայրս բակում արեւելյան վրան էր խփել, ներսում սեղաններ էր գցել, շուրջը խարույկներ վառել, որոնց վրա գառներ էին խորովվում: Մոսկվայի կեսը հավաքվել էր` տեսնելու հանրահայտ Ֆանտոմասին: Մարեն մայրիկիս վարդեր նվիրեց: Հայրս կենացներ ասաց եւ խաղաթղթերով ցույց տվեց իր վիրտուոզ ֆոկուսները: Մարեն հիացմունքով գոռում էր` «Բրավո»` չմոռանալով այդ ընթացքում հաճույքով վայելել բորշչը եւ խմել օղին: Տատիկս սանդուղքով վերուվար էր անում` կարկանդակներով լիքը մատուցարանները հրամցնելով հյուրերին: Նրբակազմ ֆրանսիացի աստղերն այնքան արագ էին սրբում կաղամբով, կարտոֆիլով ու մսով նրա կարկանդակները, որ իսպառ ցնդեցրին ֆրանսիական անվերջանալի ու տառապալից սննդակարգերի մասին առասպելը:

… Ժամանակներն արդեն այնքան դաժան չէին, ինչպես առաջ էր. խրուշչովյան հալոցքի շրջանն էր: Անձի պաշտամունքը մերկացված էր, սակայն, դրա փոխարեն ամբողջ երկիրը «ներծծված» էր եգիպտացորենով: Հայրս նույնպես այդ թեմայով մի քանի ֆոկուս էր պատրաստել, որոնք, ի դեպ, շատ էին դուր եկել Նիկիտա Սերգեեւիչին: Հակոբյանին սկսեցին հրավիրել կառավարական համերգների: Մի անգամ Խրուշչովը նույնիսկ օրինակ է բերել նրան: Ուրեմն, մայրս խոհանոցում ճաշ պատրաստելիս է եղել, ու հանկարծ ռադիոյով լսել է, թե ինչպես է Նիկիտա Սերգեեւիչը համագումարում «քլնգում» կովկասյան հանրապետություններից մեկի գյուղատնտեսության նախարարին: Նա բռունցքը խփել էր սեղանին եւ ասել. «Եթե ինքներդ գլուխ չեք հանում, ձեր Հակոբյանին հրավիրեք»: Մեկ այլ նախարարի նա ասել էր. «Էս էլ չլինի Հարություն Հակոբյանը, որն իր բռից ինչ ուզի` կհանի: Էստեղ աշխատել է հարկավոր»: Իսկ մի անգամ էլ Կրեմլում կուսակցական ինչ-որ հավաքի ժամանակ Խրուշչովը բաժակ էր բարձրացրել եւ ասել. «Ուզում եմ խմել միջազգային մասշտաբի ժուլիկ Հարություն Հակոբյանի կենացը»: Դրանից հետո հայրս, երբ պատմում էր այդ դեպքի մասին, անընդհատ զարմացած հարցնում էր. «Բայց ինչու՞ ժուլիկ: Ախր ես Խրուշչովի շրջապատի ժուլիկների համեմատ` հեչ բան եմ»:

Հակոբյանի հանդեպ իր սերը Նիկիտա Սերգեեւիչը փոխանցեց Բրեժնեւին` գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ միասին: Գաղտնիք չէ, որ Լեոնիդ Իլյիչը սիրում էր կրկես, եւ հորս ֆոկուսները նույնպես նրան շատ էին դուր գալիս: Եւ ահա, 1976 թ. Բրեժնեւը Հակոբյանին հրավիրում է Բարվիխա` աշխատակազմի համար ելույթ ունենալու: Երբ հայրս բեմ է դուրս գալիս, Բրեժնեւը, հարեւանին ցույց տալով, բարձր ծիծաղելով` ասում է. «Դե, քեզ տեսնեմ, թռցրու Գրոմիկոյի ժամացույցը»: Բոլորն ուրախ արձագանքում են գլխավոր քարտուղարի կատակին:

Համերգից հետո հայրս գրիմանոցում ուզում է շորերը փոխել եւ հազիվ շալվարը հանած` շքախմբով սենյակ է ներխուժում Բրեժնեւը: Հայրս անակնկալի եկած` սառում է տեղում: Պատկերացրեք. սպիտակ «թիթեռնիկով», օսլայած կրծքակալով, սեւ լաքապատ կոշիկներով եւ… վարտիքով: Գլխավոր քարտուղարը գրկում համբուրում է շփոթահար Հակոբյանին եւ ասում է. «Թանկագին Հարություն Հմայակովիչ, ինձ սեւ մոգություն սովորեցրեք»: «Իհարկե, ընկեր Բրեժնեւ,- հուզմունքից հայրիկս մոռացել էր երկրի ղեկավարի անուն-հայրանունը:- Իսկ ձեզ կոնկրետ ի՞նչ է հետաքրքրում»: Եւ Լեոնիդ Իլյիչն սկսել էր պատմել. «Երբ փոքր էի, հայրս առաջին անգամ ինձ կրկես տարավ: Եւ այնտեղ աճպարարը գլխիցս հանեց գլխարկս, թեփ լցրեց մեջը, վրան ձու կոտրեց, աղ ու պղպեղ ցանեց ու դրեց կրակին: Իսկ գլխարկի միջից թխվածքաբլիթներ եւ օղաբլիթներ դուրս եկան: Դա ինչպե՞ս են անում, ինձ կսովորեցնե՞ք»: «Դե իհարկե, դա հին ֆոկուս է, ես դա նկարագրել եմ իմ գրքում: Ուզու՞մ եք` վաղը բերեմ Կրեմլ»: «Արի»,- ուրախացել էր գլխավոր քարտուղարը: Թեեւ մայրս համոզված էր, որ Բրեժնեւը նրան չի ընդունի, սակայն հաջորդ օրը նա ոչ միայն ընդունել էր Հակոբյանին, այլեւ երկար ժամանակ փակվել աշխատասենյակում ու ֆոկուսներ սովորել:

Դրանից հետո հայրս Կրեմլի ոչ մի համերգից չէր բացակայում: Դեռ համերգը չսկսած` Բրեժնեւը հարցնում էր. «Իսկ Հակոբյանը որտե՞ղ է»: Հարավսլավիայի առաջնորդ Բրոզ Տիտոյի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Հակոբյանը ցուցադրում է իր հանրահայտ համարը` մանր կտորների է վերածում իր ազդագիրը, իսկ հետո այդ կտորտանքի միջից ժապավեններ ու խաղաթղթեր հանում: Վերջում փողերի իսկական շատրվան է խփում առաստաղին: Ու երբ հյուրերի վրա է թափվում փողերի այդ անձրեւը, Բրեժնեւը շրջվում է դեպի Գրոմիկոն. «Արի Հակոբյանին նշանակենք ֆինանսների նախարար»: «Մեր երկրո՞ւմ»: «Չէ՛, Հարավսլավիայում: Համա թե ծիծաղելի կլինի»:

…Հայրս վախճանվեց խաղաթղթերը ձեռքին, որ վերջին օրերին ցած չէր դրել: Թեեւ անգիտակից վիճակում էր, սակայն նրա ճկուն ձեռքերը դեռ հիշում էին իրենց գործը…

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Հոգևոր-մշակութային


27/12/2014