Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ



2010թ. ընթացքում փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը ցուցաբերեց բարձր առաջադիմություն եւ պարգեւատրվեց «ՀՀ ԶՈՒ լավագույն տանկային զորամաս» պատվո դրոշով։
Այցելելով տանկիստներին՝ մենք հետեւեցինք մեքենավարման եւ կրակային պատրաստության ցուցադրական պարապմունքի ընթացքին, զրուցեցինք հաջողության գործում առավել մեծ ներդրում ունեցող զինծառայողների հետ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Փոխգնդապետ Աշոտ Ղազարյանը ծնվել է Հադրութ քաղաքում։ Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվել է Երեւան, եւ նա սովորել է N 95 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Նա իր պարտադիր ժամկետային ծառայությունն է անցկացրել ազգային բանակում, որից հետո, շարունակելով ծառայությունը, 1995թ. առաջնագծի զորամասերից մեկում նշանակվել է դասակի հրամանատար, ավելի ուշ՝ վաշտի հրամանատար։ 2001-2003թթ. սովորում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ակադեմիայում։ 2007-ից փոխգնդապետ Ա. Ղազարյանը տանկային զորամասի հրամանատարն է, պարգեւատրվել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» «Անբասիր ծառայության համար» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

-Քանի որ մեր բանակում բարձր հիմքերի վրա են նյութամատակարարման, ուսումնական բազայի, կադրերի պատրաստման եւ մյուս խնդիրները, զորամասերը կենտրոնացել են միմիայն ռազմական ուսուցման, մարտունակության բարձրացման վրա, իսկ մրցակցությունն էլ ծավալվում է լավագույնների միջեւ։ Ես այս մասին պարբերաբար հիշեցնում եմ անձնակազմին ու նախազգուշացնում, որ պետք չէ մեծամտանալ կամ բավարարվել ունեցած հաջողությամբ, այլ հարկավոր է շարունակել աշխատանքն ավելի մեծ եռանդով եւ անցած տարվա արդյունքները դարձնել պարտադիր չափանիշ,- ասաց փոխգնդապետ Ա. Ղազարյանը եւ շարունակեց։ -Հայտնի է, որ երիտասարդ տանկիստները գալիս են մեզ մոտ ուսումնական զորամասից, եւ նրանց գիտելիքների, ունակությունների եւ հմտությունների հետագա աճն ու զարգացումը կախված է մեզնից, մեր կրտսեր ու միջին հրամանատարական կազմերի ծառայությունից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ մեր վերաբերմունքից։ Իմ համոզմամբ եւ արձանագրված արդյունքներով՝ սկսած 2009-ից զորամասի մարտունակությունն զգալիորեն բարձրացել է։ 2009թ. տանկիստների համաբանակային մրցույթում մեր անձնակազմը գրավեց առաջին տեղը, իսկ 2010-ին մրցույթին մասնակցեցինք երկու անձնակազմով, որոնցից մեկը գրավեց առաջին, իսկ մյուսը՝ երրորդ տեղը։ Անցած տարվա գլխավոր իրադարձությունը գլխավոր ռազմական տեսչության կողմից զորամասի ստուգումն էր, որի արդյունքում ստացանք «լավ» գնահատական։ Նույնպիսի գոհացուցիչ արդյունք ցույց տվեցինք նաեւ հանկարծակի ստուգման ժամանակ։ Ասեմ նաեւ, որ 2010-ին մասնակցել ենք նաեւ մարտավարական զորավարժության։ Սահմանի պահպանություն իրականացնող մոտոհրաձգային զորամասի հետ անցկացրած զորավարժությունը նույնպես հաջող էր, մեր անձնակազմերը ցույց տվեցին բարձր արդյունքներ։ Անցած ուսումնական տարվա ընթացքում շատ լավ աշխատեցին կապիտաններ Ա. Բալասյանը, Է. Տերտերյանը, ավագ լեյտենանտ Է. Ավալյանը եւ այլք։ Զորամասում բավական բարձր է բարոյահոգեբանական մթնոլորտը։ Սպաները, զինվորները ծառայում են նվիրումով, աշխատում, հաջողությունների են հասնում համաբանակային տարբեր միջոցառումներում։ Այս ուսումնական տարին նույնպես լավ ենք սկսել։ Հաջողությամբ ավարտեցինք ջոկերի եւ դասակների ներդաշնակումը, այժմ ընթանում է վաշտերի ներդաշնակման գործընթացը։ Այս տարի նույնպես կարեւոր «քննություն» է սպասում զորամասին. սեպտեմբեր ամսին մասնակցելու ենք հայ-ռուսական համատեղ զորավարժությանը։

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտական պատրաստության գործընթացի վերահսկման եւ օգնության ցուցաբերման նպատակով զորամասում աշխատում էր ԶՈՒ ԳՇ հանձնաժողովը՝ գնդապետ Գագիկ Ավշարյանի ղեկավարությամբ։ Անձնակազմի վերկացը կատարվել էր մարտական տագնապով։ Այնուհետեւ, որոշ ստուգումներից եւ նախաճաշից հետո, վաշտերից մեկը մեկնել էր տանկարշավարան, որպեսզի իրականացներ նախատեսված ցուցադրական պարապմունքները, որոնցից մեկը՝ կրակայինը, հետաձգվել էր նախորդ օրվանից՝ խիստ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
♦♦♦
Ավագ լեյտենանտ Վ. Բուռնուսուզյանը զորամասի հրամանատարին զեկուցեց կատարված բացազատման եւ անձնակազմի շարված լինելու մասին։ Այնուհետեւ, որպես պարապմունքի ղեկավար, նա ներկայացրեց միջոցառման պլանը՝ ուսումնական թեման եւ նպատակները։
Ըստ պլանի՝ նախատեսված են վարում անձնակազմի կազմով, լեռնային պայմաններում առավելագույն արագությամբ, որի նպատակն էր տանկի հրամանատարի ղեկավարման ունակությունների կատարելագործումը, ինչպես նաեւ անձնակազմի մարզումը արգելանքների եւ խոչընդոտների հաղթահարման միջոցով։
Պարբերաբար ընդմիջելով զեկուցողին, փոխգնդապետ Աշոտ Ղազարյանն ավելի մանրամասնեց ուսումնական պլանի կետերի պահանջները՝ նշելով, օրինակ, թե երբ են տրվում մեքենավարման կողմնորոշիչները, նշվում երթուղին, ինչպես պետք է հաղթահարել ականապատ դաշտը եւ անվամեջ կամուրջը եւ այլն։ Նա շատ ավելի մանրամասնեց անվտանգության կանոնների պահպանման խնդիրը։ Հարցերի միջոցով հրամանատարն ստուգեց զինվորների իմացությունը մեքենայի ջրի, յուղի ջերմաստիճանի, վերջինիս ճնշման վերաբերյալ, ճշտեց, թե խոչընդոտները հաղթահարելիս երբ եւ ինչու չպետք է շարունակել վարումը։ Զորամասի հրամանատարի հարցերին զինվորները տվեցին լիարժեք պատասխաններ։ Շարունակելով հրահանգավորումը՝ փոխգնդապետ Ա. Ղազարյանը վարման ղեկավարներին հանձնարարեց նշել յուրաքանչյուր անձնակազմի, զինվորի թույլ տված սխալներն ու վրիպումները, առանձնացնել պատճառները, որպեսզի հետագայում տարվի համապատասխան աշխատանք՝ դրանք շտկելու համար։
Առաջին անձնակազմի հրամանատարը, որ առաջադրանքը կատարեց, սերժանտ Վահագն Հովսեփյանն էր։ Նրա հետ էին նշանառու օպերատոր շարքային Էդուարդ Արսենյանը եւ մեխանիկ-վարորդ շարքային Մնացական Ավետիսյանը։ Վարումից հետո զրուցեցինք տղաների հետ։
-Ծնողներս Գավառից են, ես մեծացել եմ Երեւանում։ 2005թ. N 7 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Եվրոպական համալսարանի տուրիզմի կազմակերպման ֆակուլտետ։ Բանակ եմ զորակոչվել 2009թ. հունիսին, շուտով կլրանա ծառայությանս ժամկետը եւ կզորացրվեմ։ Շատ գոհ եմ իմ ծառայությունից, մասնակցել եմ զորավարժության, իսկ գլխավոր ռազմական տեսչության քննությունից ստացել եմ «գերազանց» գնահատական, որի համար էլ խրախուսվել եմ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով եւ ստացել հնգօրյա արձակուրդ,- ասաց սերժանտ Վահագն Հովսեփյանը։
-Ես էլ եմ Երեւանից, սովորել եմ N 183 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ՝ Եվրոպական համալսարանում։ Իմ ծառայությունն էլ է հունիսին ավարտվում։ Ես էլ եմ խրախուսվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով,- ընկերոջից ետ չմնալով՝ իր մասին ասաց տանկի նշանառու Էդուարդ Արսենյանը։
Զորամասում լավագույններից մեկը համարվող անձնակազմի մեխանիկ-վարորդ շարքային Մնացական Ավետիսյանը Շենավան գյուղից է։ Մեծ է նրա ավանդը անձնակազմի հաջողության գործում։ Մնացականը, որի ծառայության ժամկետը աշնանն է լրանում, ցավով նշեց, որ բաժանվելու է լավագույն ընկերներից ու հրաշալի տանկիստներից։
♦♦♦
Առաջադրանքը կատարած հաջորդ անձնակազմը ներկայացնում էին կրտսեր սերժանտ Կարեն Մկրտչյանը, սերժանտ նշանառու-օպերատոր Ռազմիկ Բոշյանը եւ ավագ մեխանիկ-վարորդ շարքային Իշխան Պետրոսյանը։ Կարենը քսանմեկ տարեկան է։ N 161 դպրոցի շրջանավարտ, 2010թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը եւ զորակոչվել բանակ՝ ուսումնական զորամաս, որտեղից էլ տեղափոխվել է այստեղ։ Սերժանտ Ռ. Բոշյանն էլ գավառցի է, դպրոցից հետո սովորել է տեղի պետական համալսարանում։ Նա եւս խրախուսվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով՝ գլխավոր ռազմական տեսչության քննությունների եւ զորավարժության ժամանակ «լավ» գնահատականներ ստանալու համար։
Շարքային Իշխան Պետրոսյանն էլ Արա գյուղից է։ Նա մասնագիտությամբ կինոօպերատոր է, մինչ բանակ գալը աշխատել է ATV հեռուստաընկերությունում, արժանացել է «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշանի։
-Մնացել է երկու ամիս, կզորացրվեմ ու դարձյալ կաշխատեմ հեռուստաընկերությունում, գոհ եմ, որ բանակում տանկ վարել սովորեցի,- ասաց նա։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Դաշտային բացօթյա լսարանը պատրաստված է հավուր պատշաճի։ Մասնագիտական վահանակները շատ են օգնում տանկիստներին առաջադրանքը հաջող կատարելու համար։
Ավագ լեյտենանտ Վ. Բուռնուսուզյանը ներկայացրեց թեման եւ նպատակները. «Հարձակողական մարտում տանկի սպառազինությունից կրակի վարման ձեւերն ու եղանակները»։ Կարեւորվում է հայտնվող եւ շարժվող նշանակետերի ուղղությամբ տանկի հաստիքային զենքից ճշգրիտ նշանառություն կատարելու եւ կրակ վարելու՝ անձնակազմի հմտությունների կատարելագործումը։ Հրամանատարի համար՝ կրակի կառավարումը, անձնակազմի համար՝ կրակ վարելու գործնական հմտությունների զարգացումը։ Այստեղ դարձյալ, չբավարարվելով վաշտի հրամանատարի պարզաբանումներով, անհրաժեշտ լրացումներ կատարեց փոխգնդապետ Ա. Ղազարյանը։ Նա ստուգեց տանկիստների մասնագիտական գիտելիքները հաստիքային արկերի եւ ներդիր փողից արձակված կրակի ձեւերի, ժամանակի, գնահատման կարգի, կրակից հետո կատարվող զեկուցման կարգի, ինչպես նաեւ թիրախների տեսակների, առաջադրանքը կատարելու ձեւերի՝ խոցելու կամ գնդակոծելու մասին։ Այս անգամ էլ զինվորներն իրենց պատասխաններով ապացուցեցին, որ զորամասն արժանիորեն է կրում լավագույնի կոչումը։ Նրանք լիարժեք պատասխաններ տվեցին նաեւ գնդապետ Գագիկ Ավշարյանի տված մասնագիտական հարցերին։
Առաջինը կրակային բնագիծ դուրս եկան Սուրեն Սարգսյանը, Հակոբ Աբաջյանը եւ Մկրտիչ Մարկոսյանը։ Երբ առաջադրանքը հաջողությամբ կատարելով՝ նրանք վերադարձան եւ զեկուցեցին վաշտի հրամանատարին, խնդրեցինք ներկայանալ.
-Ես երեւանցի եմ, բայց ապրել եմ Հրազդանում, սովորել եմ N 11 միջնակարգ դպրոցում։ Այնուհետեւ ընդունվել եւ ավարտել եմ ճարտարապետաշինարարական համալսարանը։ Մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ աշխատել եմ «Գրիար» ընկերությունում։ Իմ նախագծերով երկու բնակելի տներ են կառուցվել։ Ծառայությունս լավ է անցնում, շուտով կլրանա մեկ տարին։ Հարաբերությունները զինվորների եւ սպաների միջեւ շատ լավ են, օրերն անցնում են արագ, հագեցած տարբեր պարապմունքներով, միջոցառումներով,- ասաց Սուրենը։
-Ես էլ եմ Երեւանից, բանակ եմ զորակոչվել ճարտարապետաշինարարական համալսարանի երրորդ կուրսից, «գերազանց» գնահատականներ եմ ստացել գլխավոր ռազմական տեսչությունից եւ զորավարժությունից, ինչի համար էլ խրախուսվել եմ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով եւ հնգօրյա արձակուրդով,- ասաց Հակոբ Աբաջյանը։
Մեխանիկ-վարորդ շարքային Մկրտիչ Մարկոսյանը, որն արդեն ծառայել էր մեկուկես տարի, ասաց, որ բանակ է զորակոչվել ագրարային համալսարանի երկրորդ կուրսից։ Նա ասաց, որ շուտով ստանալու է ավագ մեխանիկ-վարորդի որակավորում։ Մկրտիչը նույնպես իր վաստակն ունի զորամասի հաջողության հասնելու գործում եւ նույնպես արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Վ. Բուռնուսուզյանն այս տարի է նշանակվել վաշտի հրամանատար։ Մինչ այդ նա դասակի հրամանատար էր, եւ այդ դասակը 2009 եւ 2010թթ. ճանաչվել է լավագույնը ինչպես զորամասի, այնպես էլ զորամիավորման կազմում։
Նա Ջավախքից է, Ախալքալակի Արագվա գյուղից։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2003թ. եկել է Հայաստան եւ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Նվիրված ծառայության եւ զորամիավորման դասակի հրամանատարների մրցույթում հաղթելու համար ավագ լեյտենանտ Վ. Բուռնուսուզյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։
-Կողքից ամեն ինչ հեշտ է թվում, բայց երբ մտնում ես գործի մեջ, զգում ես դժվարությունները։ Այժմ ես սովորում եմ վաշտ ղեկավարելու նրբությունները եւ շնորհակալ եմ հրամանատարին, շտաբի պետին, բոլոր փորձառուներին, որոնք ինձ օգնում են եւ աջակցում,- ասաց վաշտի հրամանատարը։
♦♦♦
Շարքային Մհեր Հակոբյանը տանկային վաշտի լավագույն զինվորներից է։ Նա ծնվել է 1991թ. Արարատի մարզի Նոր ուղի գյուղում, երկար ժամանակ ապրել է Մոսկվայում։ Այնտեղ դպրոցն ավարտելուց հետո շտապել է հայրենիք, որպեսզի առանց ժամանակ կորցնելու ծառայության անցնի ազգային բանակում։ Մհերը դասական ոճի ըմբշամարտիկ է՝ սպորտի վարպետ։ Նա 2010թ. համաբանակային սպարտակիադայում երրորդ մրցանակային տեղն է գրավել, այժմ էլ պատրաստվում է այս տարվա մրցումներին եւ արդեն իր քաշային կարգում առաջին տեղն է գրավել զորամիավորման կազմում։ Մոսկվա՝ նրա ծնողներին զորամասի հրամանատարությունը շնորհակալական նամակ է ուղարկել։
-Չէի պատկերացնի, որ մեր բանակում այսքան շատ եւ ուժեղ մարզիկներ են ծառայում, մրցակցությունը շատ մեծ է։ Անցած տարի անփորձ էի, այս անգամ ամեն ինչ կանեմ, որ հաղթեմ։
♦♦♦
Անցած ուսումնական տարվա հաջողության մեջ մեծ է կապիտան Ա. Բալասյանի ներդրումը։ Նա այժմ զորամասի շտաբի պետն է։ Ծնվել է Գերմանիայում, զինվորականի ընտանիքում։ Նրա հայրը՝ ավագ լեյտենանտ Ռազմիկ Բալասյանը, ծառայել է նաեւ հայոց ազգային բանակում։ Արմեն Բալասյանը սովորել է Վանաձորի N 28 միջնակարգ դպրոցում, որից հետո, ընդունվել է ՌԴ տանկային ինստիտուտներից մեկը, որն ավարտելով, վերադարձել է հայրենիք եւ որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվել առաջնագծի զորամասերից մեկում։ Այս տարվա հունվարից կապիտան Ա. Բալասյանը զորամասի շտաբի պետն է։ Նա 2009 եւ 2010թթ. զորամիավորման կազմում ճանաչվել է որպես լավագույն վաշտի հրամանատար՝ հաղթելով այդ կոչման համար անցկացված մրցումներում։
Կապիտան Ա. Բալասյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, խրախուսվել բազմաթիվ պատվոգրերով, թանկարժեք նվերներով։ Նա ամուսնացած է, ունի երկու աղջիկ։
-Ես միշտ ձգտել եմ սովորել իմ հրամանատարներից, փորձառու սպաներից եւ իմ գիտելիքները փոխանցել ենթականերիս։ Թող ինքնագովություն չթվա, բայց ես միշտ հասել եմ իմ առջեւ դրված խնդիրների կատարմանը։ Անցած տարվա զորամասի հաջողությունը իմ զինվորների հաջողությունն է, նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Անցած տարին, իրոք, շատ հագեցած էր՝ դաշտային ելքեր, շտաբային մարզումներ, ստուգումներ գլխավոր ռազմական տեսչության կողմից, զորավարժություններ գումարտակի եւ վաշտի կազմերով, մարտունակությունն ստուգող եւ մարտունակության բարձրացմանը նպաստող միջոցառումներով։ Այժմ ես թեեւ շտաբի պետ եմ, բայց միշտ վաշտերի հրամանատարների կողքին եմ, միշտ օգնում եմ նրանց, որ ուսման որակը չընկնի, զորացրումից հետո անձնակազմերը համալրվեն բանիմաց մասնագետներով։ Այժմ զորամասում աշխատում է ԶՈՒ ԳՇ հանձնաժողովը։ Հանձնաժողովի անդամները գոհ են, թերություններ չկան։
♦♦♦
Շարքային Անդրանիկ Հարոյանը Արթիկի Հոռոմ գյուղից է։ Նա սկզբում սովորել է գյուղի, այնուհետեւ Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան N 85 միջնակարգ դպրոցներում։ Անդրանիկը բանակ է զորակոչվել 2009թ. գարնանը եւ շուտով զորացրվելու է։ Նա արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։ Անդրանիկ Հարոյանը մասնակցել է «Շնորհավոր ծննդյանդ 18-րդ տարեդարձը» թեմայով շարադրության մրցույթին եւ պարգեւատրվել թանկարժեք նվերով։
♦♦♦
Ավագ լեյտենանտ Է. Ավալյանը ծնվել է Հրազդանում, սովորել է Չարենցավանի N 12 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Զորակոչվելով ուսումնական զորամաս, երեք ամիս սովորելուց հետո նա ստացել է լեյտենանտի կոչում եւ ծառայության նշանակվել այս զորամասում, այժմ դասակի հրամանատար է։ Նրա դասակը լավագույններից մեկն է զորամասի եւ զորամիավորման կազմում։ Է. Ավալյանը առաջին տեղն է գրավել համաբանակային ՀՊՊ մրցումներում եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմից պարգեւատրվել հեռուստացույցով։ Նա նաեւ պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով։

ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ավագ սերժանտ Էդգար Հունանյանը սպաների եւ զինվորների վստահությունը վայելող անձնավորություն է։ Նա սովորել է Մանուկ Աբեղյանի անվան դպրոցում, որից հետո 2005թ. ընդունվել եւ 2009-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը։ Ուսումնական զորամասում ձեռք է բերել տանկի հրամանատարի որակավորում եւ կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել այս մարտական զորամասը։ Նա այժմ նաեւ դասակի հրամանատարի տեղակալ է։ Ռազմական տեսչության ստուգումների ժամանակ Էդգարի հրամանատարությամբ գործող անձնակազմը «լավ» գնահատականներ է ստացել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային հրաձգությունների ժամանակ։ Ավելացնենք, որ Էդգարը բանակ է զորակոչվել եւ ծառայում է եղբոր՝ կրտսեր սերժանտ Էդուարդ Հունանյանի հետ, որը վերակարգում էր։ Էդուարդն էլ զորակոչվել է պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսից։
-Յուրաքանչյուր երեքշաբթի սերժանտական խորհրդի նիստ ենք գումարում, լսում ենք բոլորի առաջարկները, որոնք, եթե հետաքրքիր են, ներկայացնում ենք հրամանատարական կազմին։ Կազմակերպում ենք ժամանցային, մշակութային, մարզական միջոցառումներ։ Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որ մեր ծառայությունն անցնի հետաքրքիր։
Զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Ա. Մաթեւոսյանը ներկայացրեց իր անմիջական պատասխանատվությամբ կազմակերպվող աշխատանքները։
-Վերջերս մեր քաղաքում զորամասին մոտ կառուցվել է եկեղեցի, որն ամեն կիրակի այցելում են զինվորները։ Միաժամանակ, կազմակերպում ենք էքսկուրսիաներ դեպի մոտակա պատմական հուշարձանները։ Մեր ուժերով պատրաստել ենք նախարարի փոստարկղ, արդեն գիտենք, որ այն պետք է փոխարինվի նորով, որը տրամադրելու է կապի վարչությունը։ Զինվորների հետ պարբերաբար ընթերցում (դիտում) եւ քննարկում ենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձները, որոնք շատ են օգնում մեզ ինչպես ծառայությունը, այնպես էլ զինծառայողների փոխհարաբերությունները կարգավորելու հարցում։ Որպես հրամանատարի տեղակալ, ես գոհ եմ մեր զորամասի բարոյահոգեբանական մթնոլորտից, որը նաեւ մարտական առաջադրանքի, ռազմական ուսուցման մեջ է դրսեւորվում,- ասաց մայոր Ա. Մաթեւոսյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Ազգային բանակ


28/04/2011