Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈ՞Տ, ԹԵ ԵՐԱԶԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ Է…



Շատ անգամ եմ մտածել` հայրենիքի կարոտը դարերով բերնեբերա՞ն է գալիս, թե՞ մեր արյան մեջ է: Ծնվածս օրվանից գիտեմ, որ մի բուռն է միայն ինձ ու ինձ նման հայերին բաժին հասել, բայց կարոտի մի տեսակ կա, որ ոչ մի բառով չես բացատրի. որտեղի՞ց է ծնվել, ինչպե՞ս է մեջս մտել…

Զորամասս տեղակայված է հենց Արարատի դեմ դիմաց: Ամեն առավոտ, երբ արեգակն ինձ «վերկաց» է տալիս, ժպիտով, կարոտով ու երազանքով աչք եմ գցում Արարատին, չէ՛, ավելի ճիշտ մեր Արարատին: Հաճելի է մտածել, որ մի օր այդ երազանք բառը չեմ ասի: Մարդկանց եմ հանդիպել, ովքեր փնովում են ինձ ու ինձ նմաններին` երազներով ու խաբկանքներով եք ապրում, իրատես չեք… Չեմ հանդիմանել նրանցից և ոչ մեկին, որովհետև նրանք լռությունը լսել չգիտեն: Հապա մի օր կանգնեք Արարատի դեմն ու լուռ նայեք նրան, լսեք նրա տրտունջները, տեսեք՝ ինչպես է բնությունը խոսում արծիվների թռիչքով: Չէ՜, դա կարոտն է խոսում, այն անբացատրելի կարոտը, որ մեր արյունն է կարմրացնում, այն նույն կարոտը, որ ականջիս Կոմիտասի մեղեդիներ է բերում ու քամու հետ` մորս բույրը:

Ա՜խ, որքան հաճելի է երազելը…

Հրաման տրվեց. «շարվե՛լ», ու բանակային առօրյան ինձ իրականություն վերադարձրեց… Տեսա մեր տղաներին և հասկացա, որ երազելով հետ չենք բերի մեր կորուստները, չենք սփոփի մեր հոգին, այլ միայն ուժով ու ազգային, համընդհանուր կամքով…

Չեմ մոռանա. մի օր քաղաքով զբոսնում էի՝ զինվորական համազգեստս հագիս: Հայր ու որդի քայլում էին հետևիցս: Որդին, թե.

-Հայրի՛կ, որ պատերազմ լինի, իրե՞նք են մեզ պաշտպանելու:

-Այո՛, իրենք: Նրանք հայրենիքի զինվորներն են, նրանց գործը հայրենիքը պաշտպանելն է: Բայց, եթե բանը հասավ պատերազմի, մենք իրենց մենակ չենք թողնի… Մենք կռվելու ենք նրանց հետ կողք կողքի…

-Ե՞ս էլ եմ կռվելու, հայրի՛կ…

-Դո՛ւ էլ, եթե մեծացած լինես…

-Ես արդեն մեծ եմ…

-Ուրեմն` դո՛ւ էլ, ե՛ս էլ, բոլո՛րս…

Եվ ուրախ-ուրախ առաջ ընկան-գնացին:

Կանգնել էի փողոցում ու ժպիտով նայում էի նրանց հետևից… Ա՛յ, սա է հայրենասիրությունը, ա՛յ, սա է այն կարոտը, որ ծնվել է Հայի հետ ու փոխանցվում է արյան հետ, հորից` որդուն, Արարատից` մեզ…

ՆԱՐԵԿ ՉՈԲԱՆՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Ազգային բանակ


23/10/2014