Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



Մեր ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել թերթի առաջին էջը. «Հայ զինվորի» շապիկին օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզախափանարար գործողության ժամանակ հերոսաբար մարտիրոսված ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի մեծադիր լուսանկարն էր, նաեւ հրապարակել էինք մոր՝ Հերմինե Քոչարյանի հուշերը որդու մասին: Գրառումը դիտել է 10 հազարից ավելի մարդ, 357 ընթերցող հավանել է այն, 32-ը՝ կիսվել իր էջում, 15-ը՝ մեկնաբանել… Նորա Գասպարյանը գրում է. «Այնքան հուզված եմ, որ բառեր չեմ գտնում… Բառերը, իրոք, քիչ են շնորհակալությունս հերոս մայրիկին հայտնելու համար… Դուք մեծատառով մարդ եք դաստիարակել…», Նատալի Տալյան. «Զորի՛կ ջան, դու անմահ ես», Մարիամ Ավագյան. «Ախ, նրա ժպիտը, որ հիմա հուշ է դարձել», հերոսի քույրը՝ Անի Գեւորգյանը, մեկնաբանել է. «Կարոտն ու ցավը ներսից մեզ մաշում են, Զոր ջան: Դու ամենուր մեզ հետ ես, մեր մեջ ես, բոլորինս ես…»:

Ադրինե Բաղդասարյանը թերթի խմբագրակազմին ուղղված իր խոսքում ասում է. «Շնորհակալություն, որ ստվերում չեն մնում երախտագիտության արժանի զինվորականները, այն զինվորականները, որոնք փորձության պահին իրենց դրսևորեցին որպես հայրենիքի իսկական պաշտպաններ ու նվիրյալներ: Զորիկին եւ մյուս բոլոր տղաներին պետք է մեծարել, որովհետեւ նրանք իրենց կյանքով, իրենց գործով մարմնավորում են այն լավը, որ դեռ ապրում է մեր մեջ, որովհետեւ նրանց շնորհիվ է մեր պետությունը զորեղ, տոկուն, պինդ, ամուր»:

♦♦♦

«…Երբ դիրքերը ամուր են». այս վերնագրով հոդվածը մեր ֆեյսբուքյան էջում հրապարակելուց հետո եւս մեկ անգամ համոզվեցինք՝ դիրքապահ զինվորը համաժողովրդական սեր, հարգանք եւ համակրանք է վայելում: ԼՂՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետից մեր թղթակից Շուշան Ստեփանյանի ռեպորտաժը դիտվել է 7776 անգամ, արժանացել 317 հավանման, 24 կիսում է ունեցել եւ բազում մեկնաբանություններ, որոնցից թերեւս պարզ է դառնում՝ մեր ընթերցողին իսկապես հետաքրքիր է՝ ինչի՞ մասին են մտածում հակառակորդի հետ դեմ առ դեմ կանգնած զինվորները, ի՞նչ ապրումներ ունեն, ի՞նչ մտահոգություններ, ի՞նչ տրամադրությամբ են կանգնում խրամաբջիջում, արդյոք իրար հետ լեզո՞ւ են գտնում, արդյոք իրենց գնահատվա՞ծ են զգում, արդյոք գիտե՞ն, որ քաղաքի, ավանի, գյուղի յուրաքանչյուր բնակիչ շնորհակալ է հանգիստ առավոտվա եւ անվրդով քնի համար: Մեր ընթերցողներն անփորձանք ծառայության տասնյակ բարեմաղթանքներն են հղում դիրքերն ամուր պահող տղաներին, Մարգարիտա Քարամյանն իր երախտիքի խոսքն է ուղղում Գոռին, Նարեկին, Վանիկին եւ բոլոր-բոլոր զինվորներին խաղաղ կյանքով ապրելու հնարավորության համար, թշնամուն հաղթած զինվորներին Կամիլա Պետրոսյանն ասում է. «Մեռնեմ ձեր կյանքին, ձեր սրտին, միշտ էդպես հզոր եւ ուժեղ լինեք…»:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


16/10/2014