Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ



Ամենակարեւոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց… թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը, երբ կյանքում անընդհատ բաժանվելու էինք… մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից… Մեզ սովորեցրին հին ու նոր տարիների պատմությունը… բայց ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել արժանապատվությամբ…

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրողի այս տողերը հիշեցի իրանահայ թարգմանիչ, ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանի հետ հարցազրույցի ժամանակ, երբ նա ասաց. «Մեր դպրոցի պատին, նաև մյուս բոլոր դպրոցների, ամենաերևացող տեղում, մեծ-մեծ տառերով գրված էր հանճարեղ բանաստեղծ Սաադիի տողերը` ոտքդ զգույշ դիր գետնին, որպեսզի հանկարծ չտրորես մրջյունին»: Ես անմիջապես մեր դպրոցը հիշեցի և հայաստանյան բոլոր դպրոցներն ու… ահռելի ցուցանակը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Իսկապես հանճարեղ միտք: Հետո աչքիս առաջ կանգնեցին Մեծն Նժդեհի պատգամները հայրենիքի, սիրո, ինքնազոհության, հերոսանալու մասին՝ բոլորն էլ մեծ-մեծ տառերով ու երևելի՝ իմ դպրոցի պատին: Բայց որքան էլ լարեցի հիշողությունս, ոչ մի հորդոր չհիշեցի իր բույնն շտապող մրջյունին չտրորելու մասին, ասել է թե` բարության… Բայց փոխարենը իբրև մխիթարություն հիշեցի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի խոսքերը. «Մենք սովորել ենք թռչել ինչպես թռչունները, լողալ, ինչպես ձկները. մեզ մնում է մարդ լինել սովորել»: Այսինքն՝ մեծ գրողն էլ, նրա ապրած ժամանակաշրջանն ու միջավայրն էլ զերծ չեն եղել նույն ցավից: Մտովի թերթեցի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, մեր ամրոցում՝ մեր օրենքներով…» տարեմուտի ուղերձը: Առաջին բառից մինչև վերջին բառը բարություն, հանդուրժողականություն, կարեկցանքի, ընկածին բարձրացնելու, օգնելու, կողքինի ցավին ապրումակից լինելու քարոզ էր… ուղղված հայ ծնողին, ուսուցչին, մարդուն. «Հավատացած եմ, որ եղած խնդիրները կլուծվեն, եթե մենք կարողանանք մեր սերնդի մեջ իսկական հային բնորոշ հանդուրժողականություն, զիջողականություն, բարություն արթնացնել հատկապես իր հայրենակցի՝ հայ մարդու հանդեպ…»:

Պաշտպանության նախարարի ուղերձից 6 ամիս անց մեր զինվորները փակեցին մեր հողը մտած հրոսակախմբերի ճանապարհը, մեր շարքային զինվորները՝ հայ տղաներ, մի քանի վայրկյանում հերոսացան՝ վնասազերծելով հակառակորդի «հատուկ նշանակության» զինծառայողներին… Մեր տղաները զոհվեցին՝ փրկելով ծառայակից ընկերոջ կյանքը:

«Փա՛ռք հայ ուսուցչին»,- կասեր Բիսմարկը, եթե ողջ լիներ: Այդ սխրագործությունից օրեր անց… զորամասերից մեկում գտան մահացած զինվորի դին, մեկ ուրիշ զինվորի դեմ քրեական գործ հարուցվեց՝ ծառայակից ընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով… Չգիտեմ՝ ինչ կասեր Բիսմարկը հայ ուսուցչին, եթե ողջ լիներ: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ պատասխանատվության են ենթարկվելու ոչ միայն հանցագործության անմիջական մեղավորները, այլև զորամասի սպայակազմը՝ կրտսերից մինչև ավագ… Ծառայակից ընկերոջը ինքնասպանության հասցրած զինվորի ուսուցիչների մասին ոչինչ չասաց:

Հոկտեմբերի 3-ին պաշտպանության նախարարությունը իր հարկի տակ հյուրընկալել էր հանրապետության լավագույն ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական տոնի առթիվ: Այն ուսուցիչներին, որոնց սաները հերոսաբար զոհվել էին հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Այն ուսուցիչներին, որոնց սաները ազգային բանակում աչքի էին ընկել օրինակելի ծառայությամբ: Միջոցառման կազմակերպիչները ամեն ինչ արել էին, որ տոնը կայանա: Հրավիրել էին օրինակելի զինվորներին ու նրանց սիրելի ուսուցիչներին: Գրկախառնություններ, ծաղկեփնջեր, պատվոգրեր, մեդալներ, գովասանքի խոսքեր, հայ ուսուցչի փառաբանություն:

Միջոցառումը բացեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նա խոսեց հայրենիքի պաշտպանության, հայրենասեր սերունդ դաստիարակելու հայապահպանության գործում հայ ուսուցչի բացառիկ դերակատարության մասին: Նշեց, որ այս իրողության գիտակցումով պաշտպանության նախարարությունը սերտացնում է կապը բանակի և կրթօջախների միջև, իրականացնում նոր, առավել նպատակային ու մեծածավալ ծրագրեր:

Ապա խոսեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու ունակությունը հայ ուսուցիչն է տվել հայ զինվորին»: Բայց այս ամենով հանդերձ, պաշտպանության նախարարը բանաձևեց, որ մենք լուրջ խնդիրներ ունենք միջանձնային հարաբերությունների ասպարեզում, ինչը գթասրտության պակասի, անհանդուրժողականության, երբեմն նույնիսկ անմարդկային վարքի հետևանք է. «Չի կարող լինել մարտական ոգի՝ առանց մարդկային վերաբերմունքի, միայն հանդուրժողականության և բարյացակամության հենքի վրա կարող է բարձրանալ մարտական ոգին, քաջությունն ու սխրագործությունը»:

Կողքիս նստած ուսուցչուհին (Բերդ քաղաքից) մեկնեց նախարարի խոսքը ինձ համար. «Ուզում է ասել՝ հերոս դաստիարակելուց առաջ մարդ դաստիարակեք»: Հետո սկսեցին խոսել ուսուցիչները: Նրանք հուզմունքով ու հպարտությամբ պատմում էին իրենց սխրագործ աշակերտների մասին, որոնք հայրենիքը պաշտպանելիս ընկել էին քաջի մահով: Պահը հուզիչ էր: Բայց ես նախատրամադրված էի եկել այս միջոցառմանը ու սպասում էի, թե վերջապես ուսուցիչներից որ մեկը կխոսի այն բացթողումների մասին, որոնց պատճառով հայ տղան զենք է բարձրացնում ծառայակից ընկերոջ վրա, որոնց պատճառով փոքրիկ վեճը ավարտվում է սպանությամբ. ով կասի՝ ահա այստեղ վրիպել ենք, ով կասի՝ ինչպես շտկենք թերությունը: Ով կհուշի ավելի կարեկից, հանդուրժող, խաղաղասեր, մարդկային հասարակություն ձևավորելու ճանապարհը:

Միջոցառման ավարտին բազմաթիվ ուսուցիչներ պատվոգրեր, գերատեսչական մեդալներ ու ծաղկեփնջեր ստացան… Ու ես վերաձևակերպեցի նախապես պատրաստած հարցերս: Օրինակ՝ զորամասերում միջանձնային հարաբերությունների անկատարության մեջ դպրոցը տեսնո՞ւմ է մեղքի իր բաժինը. հարցը հնչեց այսպես՝ կրթադաստիարակչական ծրագրերում ի՞նչ տեղ է հատկացվում աշակերտի բարոյահոգեբանական դաստիարակությանը:

Ճեպազրույցները մի քանի ուսուցիչների հետ, այնուամենայնիվ, դուրս չեկան տոնական տրամադրության շրջանակից:

ՄԵԶ ԿԱՐԵԿԻՑ, ՆԵՐՈՂԱՄԻՏ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

ԳՈՀԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագ դպրոցի ուսուցչուհի

Ես հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում: Գրականության թեման մարդն է, նրա բարոյականությունը, առաքինություններն ու մոլորությունները: Ես շատ լավ գիտեմ ուսուցչի իմ առաքելությունը, գիտեմ, որ առարկայական գիտելիքներ տալուց առաջ պարտավոր եմ մարդկային առաքինություններ սերմանել սաներիս հոգում: Եվ այդպես էլ անում եմ, սակայն միշտ չէ, որ իմ ցանած սերմերը ծլարձակում են, որովհետև տանը, փողոցում շատերը ուրիշ քարոզ են լսում, ուրիշ բարքեր են տեսնում: Մենք պիտի միասնաբար լինենք՝ ընտանիքը, դպրոցը, հասարակությունը, բանակը. բոլորս պիտի հասկանանք, որ մեզ կարեկից, հանդուրժող ու ներողամիտ հասարակություն է պետք:

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԵՐՊԱՐԸ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՀԻՄՆԱՔԱՐՆ Է

ՄԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ՝

Լոռու մարզի Օձուն գյուղի դպրոցի ուսուցչուհի

Ես աշխարհագրություն եմ դասավանդում. իմ առարկան առաջին հայացքից կապ չունի ո՛չ բարոյական, ո՛չ ռազմահայրենասիրական դաստիարակության հետ: Բայց ես ուսուցիչ եմ, ու լավ մարդ դաստիարակելը իմ առաջին պարտականությունն է: Ես կարծում եմ՝ մարդու ամենակարևոր առաքինությունը բարեխղճությունն է և պարտքի զգացումը: Ես իմ աշակերտներին սովորեցնում եմ բարեխղճորեն ապրել ու կատարել պարտքը: Մենք կողքի մարդուն օգնելու, նրա ցավը մեղմելու, հոգսը թեթևացնելու պարտք ունենք, որովհետև մենք բանական էակ ենք ու զգացմունքներ ունենք: Մենք հոգի ունենք, որ պիտի ցավի ուրիշի ցավով: Սեփական ցավը կենդանին էլ է զգում: Մենք պիտի սովորեցնենք մեր անձնական օրինակով: Մենք չենք կարող լինել շահախնդիր ու սովորեցնել անձնուրացություն, մենք չենք կարող լինել անտարբեր ու սովորեցնել գթասրտություն: Հայ ուսուցչի կերպարը սերունդ դաստիարակելու հիմնաքարն է:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԻՑ

ՌԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ՝

Երևանի թիվ 115 դպրոցի ուսուցչուհի

Ռազմահայրենասիրական մերկապարանոց քարոզները անպտուղ են, եթե այդ սերմերը չեն թափվում բարությամբ, սիրով, հանդուրժողականությամբ, ներողամտությամբ ներծծված հողի վրա: Մենք պիտի մեր աշակերտներին սովորեցնենք մարդ լինել, ու այդ դեպքում նրանք առանց մեր քարոզի էլ կհերոսանան: Ի դեպ, ես վերջերս կյանքի գնով հակառակորդի խափանարար գործողությունները հետ մղած, մարտական ընկերների կյանքը փրկած Ազատ Ասոյանի ուսուցիչն եմ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Բանակ և հասարակություն


09/10/2014