Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ



ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ավանդաբար զինված ուժերում ուսումնական փուլերն սկսվում են եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով: Ջոկերի և դասակների, վաշտերի և գումարտակների, այնուհետև զորամասի կազմով անցկացվող (օրվա ընթացքում բազմիցս կրկնվող) պարապմունքները, փաստորեն, հղկում, կատարելագործում են զինծառայողների (ստորաբաժանումների) համար նախատեսված այն պարտադիր գործողությունները, որոնք պետք է կատարվեն տագնապով վերկացից մինչև կենտրոնացման շրջան հասնելը կամ մարտական խնդրի կատարումն սկսելը: Այս ամենն արվում է, որ ուսումնական կամ մարտական տագնապների դեպքում յուրաքանչյուր զինծառայող, առանձին ստորաբաժանում հստակորեն իմանա իր անելիքը, որպեսզի բացառվեն խառնաշփոթները, ժամանակի ձգձգումները, խուճապային իրավիճակները: Փաստորեն եռօրյա մարտավարաշարային պարապմունքների ընթացքից ու վերջնական արդյունքից կարելի է որոշակի կարծիք կազմել տվյալ զորամասի մարտական պատրաստականության մասին: Պարապմունքների առաջին և երկրորդ օրերին հաշվարկների, մարտկոցների և դիվիզիոնների կազմերով մշտական տեղակայման վայրի ուսումնական կետերում փորձարկումներ, մարզումներ անցկացնելուց հետո հրթիռահրետանային զորամասի հրամանատար Ա. Բաղդասարյանի հրամանով երրորդ օրվա լուսաբացից առաջ՝ ժամը 4:30-ին, տրվեց ուսումնական տագնապ՝ դիվիզիոնների դուրսբերումով դեպի պայմանական կենտրոնացման շրջաններ:

Վերկացից, ռազմական հանդերձանք, զենք-զինամթերք ստանալուց անմիջապես հետո դիվիզիոնների ստորաբաժանումները վազքով հասան նստեցման շրջան, որը գտնվում է հենց ռազմական տեխնիկայի հավաքակայանում: Մեկ-երկու րոպե անց շվաքարաններից, ըստ դիվիզիոնների, սկսեցին դուրս գալ հրթիռակիր մեքենաները: Այդ ընթացքում հրամանատարի մոտ խորհրդակցության հրավիրված վարչակազմի անդամներից ու դիվիզիոնների հրամանատարներից յուրաքանչյուրն իր հաջորդ գործողության հրամանն էր ստանում: Երբ ռազմական տեխնիկան և անձնակազմերը երկար շարասյուներով դուրս եկան ռազմերթի, զորամասում պահեստազորից բացազատումներ կատարվեցին անձնակազմի ու տեխնիկայի ընդունման համար: Ռազմերթի ընթացքում էլ պարզվեց, որ դիվիզիոններից յուրաքանչյուրը բաժանվելու է մի քանի խմբերի, որոնցից ամեն մեկի համար հանրապետության տարբեր վայրերում առանձին կենտրոնացման շրջաններ են նախանշված: Մենք որոշեցինք գնալ այն խմբի հետ, որի հետ կգնար զորամասի հրամանատարը:

Արդեն լուսանում էր, երբ գնդապետ Ա. Բաղդասարյանի որոշած վայրում (կենտրոնացման շրջանում) դիվիզիոնների հրամանատարների հրամաններով նշանակվեցին ժամապահներ, իսկ մարտկոցներն սկսեցին բացազատվել և կատարել տեխնիկայի քողարկումներ: Անմիջապես բացազատվեցին և օդային դիտարկումների համար հենակետեր ստեղծեցին նաև զորամասի հակաօդային պաշտպանության վաշտի ուղեկցող դասակները:

Շատ չանցած՝ կապի պետ, կապիտան Վ. Պետրոսյանը հրամանատարին զեկուցեց, որ հրամանատարական կետը պատրաստ է աշխատանքի, բոլոր ստորաբաժանումների հետ ստեղծված է ռադիո, ռադիոգաղտնագրված և գծալարային կապ: Ասենք, որ չափազանց տպավորիչ էր շարժական հրամանատարական կետը, որը կահավորված էր ժամանակակից տեխնիկայի վերջին միջոցներով, ստեղծված էին համաժամանակյա աշխատանքային բաժանմունքներ «Տոչկա», «Թայֆուն», «Սմերչ», «Սքադ» դիվիզիոնների հրամանատարների համար, հետաքրքիր մտահղացմամբ ստեղծված էին երկարաժամկետ աշխատանքի ու հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

-Մեր հնարավորությունները և պայմանները պետք է լինեն կատարյալ, որովհետև զորամասը մշտապես գտնվում է մարտական պատրաստականության բարձր աստիճանում: Այս ամենն ստեղծել ենք հանրապետության լավագույն գիտնականների և ինժեներների օգնությամբ,-արձագանքելով մեր հիացմունքին՝ պարզաբանեց գնդապետ Ա. Բաղդասարյանը: Քանի որ հրամկազմն անցավ առաջադրանքների, խնդիրների կատարմանը, մենք որոշեցինք շրջել մարտավարական դաշտով, ուսումնական կետերով և տեսնել, թե ինչպես են ստորաբաժանումները բացազատվել ու նախապատրաստվել հնարավոր խնդիրների կատարմանը:

***

Քողարկված ուսումնական կետերից մեկում զրուցեցինք մարտկոցի հրամանատար, մայոր Կ. Մարգարյանի, տեղագրակապող, շարքային Ներսիկ Ոսկանյանին, կառավարման ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, շարքային Արմեն Սահակյանին, հաշվարկող օպերատոր, պայմանագրային շարքային Արմեն Սուքիասյանին, վարորդ, շարքային Գարեգին Անտոնյանին:

-Մենք առաջադրանքը կատարել ենք հատկացված ժամանակից էլ շուտ: Այժմ կատարում ենք հրամանատարական կետից ստացվող խնդիրները: Փաստորեն, զորավարժություն ենք անցկացնում,-ասաց մայոր Կ. Մարգարյանը:

Եղանք նաև «Տոչկա» գերճշգրիտ մարտավարական հրթիռների դիվիզիոնի հրամանատարական կետում: Շտաբի պետ, մայոր Տ. Գրիգորյանը և մարտկոցների հրամանատարները վերադասից ստացված առաջադրանքներն էին կատարում: Հերթական խնդիրը կատարելուց հետո մայոր Տ. Գրիգորյանը մեզ թույլատրեց ծանոթանալ և զրուցել արձակման կայանքներից մեկի հաշվարկի անդամների հետ: Մեկնարկային մարտկոցի հրամանատար, մայոր Ս. Կրիմլյանը ներկայացրեց հաշվարկի հրամանատար Հովիկ Պապիկյանին, ավագ օպերատոր, եֆրեյտոր Պողոս Բադալյանին, շարքային օպերատոր Արծրուն Ծատինյանին և ավագ մեխանիկ-վարորդ, շարքային Արմեն Մովսիսյանին:

-Փաստորեն, եթե հրաման ստանաք, այս ահավոր զենքը (հրթիռը) ինքներդ եք բաց թողնելու:

-Այո՛, մենք, բայց թույլ տվեք ուղղել . ոչ թե ահավոր, այլ շատ լավ, սիրելի ու համակրելի հրթիռը…, որովհետև կրակելու ենք հակառակորդի ուղղությամբ,-ասաց հաշվարկի հրամանատարը:

-Ինչո՞ւ «Տոչկա»:

-Եթե հաշվարկը ճիշտ է, հրթիռը շեղում չի ունենում, մեխում է ուղիղ նշանակետը, այսինքն՝ դա վերջն է՝ տոչկա, վերջակետ:

-Որտե՞ղ եք սովորել,

– Ես Եվրոպայում եմ կրթություն ստացել,- ասաց ավագ լեյտենանտը:

-Զինվորներին էլ մենք ենք սովորեցրել, խելացի տղերք են, ուսանողներ: Համալիրի առավելություններից մեկն էլ այն է, որ շատ «խելացի» և հեշտ կառավարվող է,- պարզաբանեց մայոր Ս. Կրիմլյանը:

Իսկ երբ հարցրի, թե որտեղից է իր անսովոր ազգանունը, ասաց.

-Մերոնք Սուխումի համշենահայերից են, միշտ Ղրիմ աշխատանքի են գնացել եւ այդպես վաստակել են Կրիմլյան ազգանունը:

Հետո նաեւ իմացանք, որ մայորը «հիվանդագին» հայրենասեր է, մոլի նժդեհական:

***

Հանդիպեցինք նաև հակաօդային պաշտպանություն իրականացնող դասակի հաշվարկներից մեկին: Օդային դիտորդ, շարքային Ռուստամ Խաչիկյանը, ավագ հրաձիգ, շարքային Սևակ Կուրղինյանը և մյուսները նշանակված տեղերում հրթիռային դիվիզիոնի անվտանգությունն էին ապահովում: Զինվորներն ասացին, որ մասնագիտությունը ձեռք են բերել ՀՕՊ ուսումնական զորամասում:

Կենտրոնացման շրջանում ստորաբաժանումների կատարած աշխատանքն էր վերահսկում ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հ. Խաչատրյանը: Օգտվելով պատեհ առիթից՝ նրան խնդրեցինք իր կարծիքը հայտնել եռօրյա մարտավարաշարային պարապմունքների ընթացքում զորամասի կատարած գործողությունների մասին:

Այս երեք օրերի ընթացքում զորամասի անցկացրած պարապմունքները լիովին համապատասխանում են ներկայացվող պահանջներին: Ինչպես տեղի ունեցած միտինգի ժամանակ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշեց, մեր զինվորների մարտունակության աստիճանից, ռազմական գործը սովորելու նրանց նվիրվածությունից, զենքին տիրապետելու վարպետությունից է կախված խաղաղության պահպանման, պատերազմի լինել-չլինելու հարցը: Դրա համար մեր զորամասերի հրամանատարներն ամեն ինչ անում են, որ զորքերը մշտապես, ամբողջությամբ պատրաստ լինեն թշնամուն արժանի հակահարված տալու: Ես կարող եմ վստահեցնել, որ հրթիռային զորամասերը, նաև այս զորամասը, ի վիճակի են հնարավոր ամենաբարձր կատարման մակարդակով իրականացնել մարտական խնդիրները: Այստեղ մենք ունենք մարտկոցներ, որոնք նոր համալրումներ են ստացել, և ես ուզում եմ տեսնել, թե նրանք ինչպես են ներգրավվել ծառայության մեջ: Իսկ ընդհանուր առմամբ ես գոհ եմ պարապմունքների ընթացքից, արդյունքներից, զորամասի մարտունակությունից: Սա այն զորամասերից է, որի հրամանատարությունն աշխատում է բացառիկ նվիրվածությամբ:

Նախաճաշը կազմակերպվեց դաշտում: Պարապմունքները շարունակվեցին մինչև կեսօր, ճաշից առաջ գնդապետ Ա. Բաղդասարյանը բոլոր դիվիզիոններին և խմբերին զորամաս վերադառնալու հրաման տվեց:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/08/2014