Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿՈՒ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ



Նա եղել է Ռուդոլֆ Հեսսի անձնական աստղագուշակը, բժշկել է Ադոլֆ Հիտլերին, համագործակցել է Իոսիֆ Ստալինի հետ, գուշակել է Լեոնիդ Բրեժնեւի ճակատագիրը

Սկիզբը՝ նախորդ համարում

ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ձեւակերպելով գերմանական դիվանագիտական անձնագիր՝ Վրոնսկին ուղեւորվում է իր հայրենի Մերձբալթիկա: Այստեղ (անհավանական է, բայց՝ փաստ) անհրաժեշտ ինքնաթիռը ձեռք բերելու համար նա հիպնոսում է գերմանական ռազմաճակատային օդանավակայանի սպասարկող անձնակազմին եւ ստիպում վառելիքով լիցքավորել թեթեւ աեորոպլանը, որով մտադիր էր հատել ռազմաճակատի գիծը:

…Խոցված ինքնաթիռի այրվող խցից նրան դուրս բերեցին յուրայինները եւ տարան հրամանատարության մոտ: Սրանք էլ, իրենց հերթին, արդեն պատրաստվում էին նրան ուղարկել Ռոկոսովսկու շտաբը, բայց տեղեկանալով, որ նա վիրաբույժ է, անմիջապես ուղեկցեցին մոտակա բլինդաժը, որը ծառայում էր որպես դաշտային հոսպիտալ: Վրոնսկին մի քանի օր շարունակ չէր հեռանում վիրահատական սեղանից, մինչեւ որ լազարեթի վրա արկ ընկավ: Գերանը ճմլեց Վրոնսկու ուսը, վնասեց ներքին օրգանները, ու որոշվեց նրան վերջապես ուղարկել ռազմաճակատի շտաբ: Բայց ճանապարհին Վրոնսկուն թիկունքից, իբր՝ պատահաբար, կրակեց խմբի սպաներից մեկը: Գլխի ծանր վնասվածքով նրան ուղարկեցին մեռնելու ռազմական հոսպիտալում, որտեղ, բարեբախտաբար, աշխատում էր նշանավոր վիրաբույժ Բուրդենկոն: Վերջինս անհուսալի հիվանդների ցուցակում տեսնելով ծանոթ ազգանուն (ժամանակին նա բավական մտերիմ էր եղել ավագ Վրոնսկու հետ)՝ պահանջեց հիվանդին անմիջապես նախապատրաստել վիրահատության: Եւ անհուսալի հիվանդը փրկվեց: 1943-ին Վրոնսկուն զորացրեցին հաշմանդամության առաջին աստիճանով եւ ուղարկեցին խորը թիկունք: 1944թ. Վիլիս Լացիսը՝ Խորհրդային Լատվիայի ապագա վարչապետը, պատահաբար Ուֆայում հանդիպեց թշվառության մեջ գտնվող մանկության ընկերոջը եւ օգտագործելով իր կապերը՝ կարողացավ նրան աշխատանքի տեղավորել գերմանացիներից ազատագրված բալթյան հանրապետության քաղաքացիական ավիացիայում՝ որպես տեսուչ: Մեկ տարի անց նա նշանակվեց Յուրմալայի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրեն: Բայց 1946-ին նրան մատնությամբ ձերբակալեցին, դատապարտեցին 25 տարվա ազատազրկման աշխատանքային գաղութում եւ ուղարկեցին Մորդովիա: «Ճամբարի ղեկավարության աչքում ես համարյա աստված էի,- հիշում էր Վրոնսկին:- Նրանք անվերապահորեն ենթարկվում էին ինձ՝ դողալով իրենց առողջության վրա, իսկ ես նրանց բուժում էի հիպնոսով եւ հոգեթերապիայով»: Եւ հենց այդտեղ էլ նա որոշեց օգտվել առիթից եւ կիրառել «Թիվ 25 ուսումնական հաստատությունում» ձեռք բերած հմտությունները. նա շատ հաջող ձեւացրեց, թե իր մոտ ուռուցքային հիվանդության վերջին աստիճանն է, եւ բանտի բժիշկն իր պատժաչափի մեկ երրորդն անցկացրած հիվանդին «դուրս գրեց», որ նա ազատության մեջ մեռնի:

ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Վրոնսկին հաստատվեց Յուրմալայում, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում աշխատանք գտնել: Որոշ ժամանակ օգնեց դասընկերը, որը Ռիգայում քննիչ էր աշխատում. Սերգեյի արտասովոր ունակություններն օգտագործվում էին կորած մարդկանց եւ իրերը հայտնաբերելու համար:

1963 թ. Վրոնսկին վերջապես տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ծանոթացավ փիլիսոփա Ալեքսեյ Լոսեւի հետ եւ մեկ տարի ապրեց նրա տանը: Հիմնական աշխատանքի փնտրտուքի ընթացքում նա իր ուժերը փորձեց ՆԳՆ-ում, ՊԱԿ-ում, պաշտպանության նախարարությունում: Վերջապես, Խրուշչովի անձնական կարգադրությամբ, նրան ուղարկեցին Զվյոզդնի ավան՝ աշխատելու ըստ մասնագիտության: Սակայն, ցավոք, այստեղ նրա խորհուրդներին հաճախ չէին էլ հետեւում: Օրինակ, նա պնդում էր փոխել Սերգեյ Կորոլյովի վիրահատության օրը (գլխավոր կոնստրուկտորը մահացավ վիրահատական սեղանին):

Ուշագրավ է, որ Վրոնսկին Յուրի Գագարինի հետ այցելել է ԱՄՆ, հանդիպել Քենեդի եղբայրներին, գուշակել նրանց եւ Մերիլին Մոնրոյի ողբերգական վախճանը: Շուտով նրան գնահատեցին «ամենավերեւներում», սկսեցին խորհուրդ հարցնել, ավելի հաճախ բարձրագույն ղեկավարության թիկնապահներին հետաքրքրում էին արտասահման մեկնելու կամ ժամանելու համար բարենպաստ օրերը: Բրեժնեւը, «չինական սպառնալիքից» գլուխը կորցրած, շատ էր ուզում իմանալ Մաոյի մահվան ստույգ օրը՝ հուսալով, որ դրանից հետո խորհրդա-չինական հարաբերությունները կբարելավվեն:

Սակայն նման աշխատանքը Վրոնսկուն ոչ փառք էր բերում, ոչ էլ փող: Միայն Անդրոպովի իշխանության գալուց հետո նրան պաշտոնապես թույլատրվեց զբաղվել աստղագուշակությամբ: Ի դեպ, ասում էին, թե Անդրոպովը վաղուց՝ դեռեւս Երկրորդ աշխարհամարտի տարիներին, լսել էր մի մարդու մասին, որը գործում էր Գերմանիայում՝ ի նպաստ մեր երկրի:

Կյանքի վերջին տարիները Սերգեյ Վրոնսկին անցկացրեց կարիքի մեջ:

Մի անգամ, գլխի վնասվածքից հետո հիվանդանոցում բուժվելու ընթացքում, նրան է այցելում հայտնի գրող Ալեքսեյ Ֆադեեւը, որը մտադիր էր Վրոնսկու մասին գիրք գրել: Ասում են՝ այդ միտքը նրան հուշել էր Լավրենտի Բերիան: Նա նաեւ, ի միջի այլոց, ասել էր, որ կոմսը միայնակ է ու կարիքի մեջ: Ֆադեեւն էլ այցելության ժամանակ փողի երկու տռուզ կապ էր դրել Վրոնսկու սեղանիկին: Եւ…խայտառակ ձեւով վռնդվել էր:

90-ական թթ. Վրոնսկին հրատարակեց մի քանի գիրք, սկսեց աշխատել դասական աստղագիտության հանրագիտարանի վրա: Նրա կյանքն ընդհատվեց 1998 թ. հունվարի 10-ին, երբ գրեթե ավարտել էր «Դասական աստղագուշակության» 12-հատորյա հիմնարար աշխատությունը, որի նմանը չկա աշխարհում:

Ճակատագիրը, որն այնքան շռայլ էր եղել երբեմնի պատանյակի հանդեպ, հետագայում անարդար կերպով շրջանցեց նրան: Արդյո՞ք նա երբեւէ տրտնջացել է այդ բոլոր անարդարություններից:

Վրոնսկին ասում էր. «Մենք ի զորու չենք ընտրելու մեր կյանքի ժամանակը: Այն շնորհված է մեզ, եւ մեր պարտքն է գնահատել այն»:

«Սովերշեննո սեկրետնո»
Թարգմանեց ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Պատմության էջերից


14/08/2014