Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴՆ ԻՐ ՀՈԳՈՒ ՀԵՏ ԿԵՐԹԱ ԿԱՄ`ՍԱՍՈՒՆԸ ՍՐՏԵՐԻ ՄԵՋ



«Մեր ամրոցում մեր օրենքն է։ Միասնական պայքարենք փողոցային բարքերի դեմ, մեր Հայաստան աշխարհում, որի քարերն ու սյուները մեր լավագույն որդիների արյան գնով շարել են մեր հայրերն ու պապերը։ Ուրեմն առաջին և ճշմարիտ ազգապահպան մարտավարությունը պետք է ստեղծել ներսից՝ գենի արթնացմամբ և դաստիարակությամբ։ Միայն որակյալ ուսուցմամբ հայ զինվորը կարող է հակառակորդի նկատմամբ պահպանել գերազանցությունը։ Լինելով ուխտյալ՝ գերազանցել հակառակորդին։ Ուստի, որպեսզի մեր հանճարեղ միտքն օտարին չտանք, պետք է պայքարենք այս սերնդակործան վարակի դեմ, որ կոչվում է փողոցային արատավոր բարքեր, ուստի օգնության ենք կանչում դպրոցներին, բուհերին, նաև ծնողներին, ուսուցիչներին, մտավորականներին, զինվորականներին»։

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Զրույցը գնդապետ Ռոմիկ Մարգարյանի հետ հետաքրքիր է, ուսուցանող։ Նա իր ամենօրյա աշխատանքով հարստացնում է ոչ միայն իր կենսագրությունը, այլ նաև իր նախնիների, որոնք գաղթել են Սասունի Շենիկ գյուղից։ Ռոմիկ Մարգարյանը կարող էր դառնալ մտավորական՝ բանաստեղծ, նկարիչ (նկարում, գրում էր դեռ դպրոցական տարիներից), սակայն ճակատագիրը նրան այլ ուղի էր նախանշել։ Արցախյան ազատամարտին գրիչն ու վրձինը մի կողմ թողեց ու զենքը ձեռքին մեկնեց հայրենի սահմանները, Արցախը պաշտպանելու։ Հայրն էլ, եղբայրն էլ դուրս եկան պայքարի։ Մի առիթով հայրը տղաներին ասել էր. «Սասունի ինքնապաշտպանական մարտերին Արցախից քանի՜-քանի հայորդիներ հասան էրգիր՝ Թորգոմը, Եգորը, Իշխանը, և էլի շատ շատեր, որոնք իրենց ընկերների հետ օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին։ Ժամանակն է, որ մենք էլ մեր հերթին մեր պարտքը կատարենք Արցախում»։

Եվ Ռոմիկ Մարգարյանը քայլեց պատերազմական ճանապարհներով։ Այն, ինչ պետք էր, հաստատեց իր զենքով և խաղաղության հետ լծվեց բանակաշինության կարևոր ու պատասխանատու գործին։ Որտեղ էլ ծառայել է՝ նրա հիմնական նպատակը եղել է այն, որ կարևոր ու մնայուն հիմք գցի, որ աշխատանքը արդյունք տա, և գործը մնա հիշատակող։

«Չեմ ուզում, որ հայրենասիրությունը մի տեսակ դառնա պարտավորություն, ձևական, երբ մեջբերումներ են անում, կարդում են մտքեր մեծերից, իրենց հոգուց, իրենց սրտից ոչ մի պտղունց չխառնելով այդ ամենին։ Ես ուզում եմ, որ հայրենասիրությունը չհնչի որպես բառ, այլ դառնա կենսակերպ, նստվածք տա պատանու հոգում և քայլի նրա հետ իր ողջ կյանքի ընթացքում»,- ասում է հարգարժան գնդապետը։

Ուզում եմ հատկապես անդրադարձ կատարել գնդապետ Ռ. Մարգարյանի՝ Շահումյանի զինկոմ աշխատած տարիների գործունեությանը։

Դպրոցների միջև անցկացվեց մրցույթ-ցուցահանդես՝ բանակը պատանի նկարիչների աչքերով, այնուհետև հայրենասիրական երգերի մրցույթ-փառատոն։ Լավագույն նկարները տպագրվեցին «Ծիծեռնակ» ամսագրի առանձին համարում, իսկ երգի մրցույթ-փառատոնի հաղթող եռյակը երգերը կատարեց Եռաբլուրի բարձունքին։ Հավաքվել էին դպրոցների աշակերտները, նրանց ծնողները, հարազատները։ Երեխաները ներկայացնում էին երգի պատմությունը, որից հետո կատարում երգը։

Ռոմիկ Մարգարյանի նույնանուն ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Մարդն իր հոգու հետ կերթա» և «Սասունը սրտերի մեջ» տեսաֆիլմերը։ Վերջերս Հ. Պարոնյանի անվան թատրոնում ներկայացվեց հեղինակի «Իմ Արամ պապը» պիեսը։ Այն ներկայացրին Ապարանի թատրոնի դերասանները (թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Հարությունյան)։ Մինչ ներկայացումը անցկացվել էր մրցույթ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 15 դպրոցների միջև։ Մտավորական-արվեստագետներից ընտրված ժյուրիի անդամների (Անդրանիկ Հարությունյան, Ռուբեն Կարապետյան, Ռոլանդ Շառոյան, Դավիթ Ամալյան, Գագիկ Հարությունյան) քվեարկությամբ 2-րդ փուլ անցան համայնքի 8 դպրոցների սաները, որտեղ էլ հաղթող ճանաչվեց Երևանի N 181 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Վ. Կիրակոսյան, կազմակերպիչ՝ Ա. Կարապետյան, զինղեկ՝ փոխգնդապետ Ն. Ավետիսյան)։

2-րդ տեղում էր Սիամանթոյի անվան N 162 հիմնական դպրոցը (տնօրեն՝ Ա. Ստեփանյան, կազմակերպիչ՝ Ի. Դալլաքյան, զինղեկ՝ փոխգնդապետ Ս. Հակոբյան)։

3-րդ մրցանակային տեղը գրավեց Գ. Գյուլբենկյանի անվան N 190 ավագ դպրոցը (տնօրեն՝ Ռ. Ազիզյան, կազմակերպիչ՝ Ջ. Սարգսյան, զինղեկ՝ ավագ ենթասպա Ե. Մազմանյան)։

Գնդապետ Ռ. Մարգարյանի «Իմ Արամ պապը» ստեղծագործությունը կարելի է բնորոշել որպես ինքնակենսագրական գործ։ Գրական անունով Արամ պապը հեղինակի Խանե Սարգիս պապն է, որն ապրեց 105 տարի: Կյանքի վերջին տարիներին նա խառնել էր ժամանակները և հաճախ էր պատից ցած իջեցնում մոսինը… Պիեսում այսպիսի մի դրվագ կա. թոռը ծանուցագիրը ձեռքին ներս է մտնում ու հայտարարում, որ բանակ պիտի մեկնի և այն էլ՝ Արցախ, հարսը հուզմունքով ասում է.

-Այդքան հեռո՞ւ։

Ու այստեղ հնչում է պապի պատասխանը.

-Արցախը հեռո՞ւ է, բա էրգիրը հեռու չէ՞, պիտի պատրաստ լինենք…

Զորակոչին նվիրված այս պիեսը մեծ ընդունելության արժանացավ նաև Ապարանում, Արթիկում։ Մրցույթին հաղթած դպրոցները ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի, հանրապետության զինկոմ, գնդապետ Հ. Մուրադյանի, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի կողմից պարգևատրվեցին ՀՀ պետական զինանշանով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով, իսկ հեղինակը պարգևատրվեց նաև Հայաստանի գրողների միության պատվոգրով։

-Ռոմիկ Մարգարյանը արվեստագետի հոգի ունի և այդ հոգով դաստիարակում է նոր սերնդին՝ մարդ մնալու, հայ մնալու, Հայաստանը Հայաստան պահելու ոգով,- իր խոսքում ասաց բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը։

…Քանի՜ քանիսը դիտեցին պիեսը ու Սասունը, Արցախը սրտերի մեջ հաշտ քայլեցին իրենց հոգու հետ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Բանակ և հասարակություն


24/07/2014