Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



Բերձորում արդեն 4-րդ տարին է, ինչ կառուցվում է շրջանային բուժմիավորման նոր շենք (ճարտարապետ՝ Մ. Մելքումյան): 2013 թ. շինարարությունը գրեթե դադարեցվել էր: Այս տարվա սկզբից ընդհատված շինարարական աշխատանքները վերսկսվել են:

Շինարարության գլխավոր ինժեներ Աշոտ Դավթյանը տեղեկացրեց, որ շինարարությունն իրականացնում է «Ստակ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Մ. Ասրյան): Ասաց, որ շինանյութի պակաս չկա. հիմնականում բերում են Երևանից, Ստեփանակերտից և Գորիսից: Դրսի պատերը շարվում են կարմրավուն պեմզաբլոկով, որոնք պատրաստվում են Երևանում «Շեն» կոնցեռնի կողմից, եվրոպական տեխնոլոգիայով, և ամրությամբ չեն զիջում քարին: Պատերի մեջ դրվում են նաև հատուկ ցանցեր, որոնք ավելի են ամրացնում կառույցը: Ձգտում են մինչև ցրտերն ընկնելը տեղադրեն պատուհաններն ու դռները, որ ձմռանը կարողանան ներսի աշխատանքներն իրականացնել:

Գլխավոր ինժեներ Ա. Դավթյանը կարևորեց այն, որ համագործակցում են շրջվարչակազմի հետ, որ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության շրջանային կապշինվարչության ներկայացուցիչները մշտապես այցելում են շինհրապարակ, աշխատում համատեղ՝ ձգտելով ամեն ինչ կատարել որակով: Աշխղեկ Արմեն Եղիազարյանը, խոսելով աշխատուժի մասին, ասաց, որ այդ խնդիրը նույնպես լուծված է: Այդ պահին մոտ 15 հոգի Քաշաթաղի շրջանից էին աշխատում, տարբեր մասնագետներն ու վարպետները եկել են ՀՀ մարզերից, Երևանից: Նա հավելեց նաև, որ 2015 թվականի վերջերին շենքն ամբողջությամբ կհանձնեն:

Աշխղեկի օգնական Նաիրի Բաբայանը վերջերս է եկել այստեղ: Ավարտել է ԱրՊՀ ճարտարագիտության ֆակուլտետը և գործուղվել Բերձոր: Նրա ուղեկցությամբ շրջում ենք շինհրապարակում: Նկուղային հարկում հողային աշխատանքներ են իրականացվել, և շուտով կսկսվեն հատակի՝ մանրախճով պատումը և բետոնային աշխատանքները: Առաջին հարկի դրսի և ներսի պատերը նույնպես պատրաստ են: Երկրորդ հարկում որմնադիրներ Խաչիկ Շամամյանը և Աշոտ Բաբայանը հերթական քարն էին դնում պատին: 2-րդ ամիսն է, ինչ այստեղ են աշխատում: Գոհ են աշխատանքից, կարևորում են հայրենի քաղաքի բուժհիմնարկի կառուցումը: Իրականացվում էին տանիքի թիթեղապատման աշխատանքները:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կապշինվարչության գլխավոր մասնագետ Գագիկ Ասրյանը նույնպես հավաստեց, որ շինարարությունն ընթանում է ըստ նախատեսածի՝ ժամանակին և անընդհատ վերահսկվում է իրենց կողմից: Հավելեց նաև, որ շինարարության հիմնական ֆինանսավորումը կատարվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի կողմից: Հուսանք՝ բուժմիավորման նոր շենքը 2015թ.-ի վերջին պատրաստ կլինի:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Հոգևոր-մշակութային


24/07/2014