Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԱՏԻ ԳՐՉՈՎ ՈՒ ՍՐԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ



Այս պատմությունները թող լինեն հիշատակն ու խնկարկումը այն հայորդիների, ովքեր հավատի գրչով ու սրի զորությամբ, արորով ու արդար վաստակով մեզ ավանդեցին Հայաստան աշխարհը։ Քանի-քանի սերունդ այդ ճանապարհն անցավ արհավիրքների ու ալեկոծությունների միջով։ Եվ սակայն պատմության մեջ եղավ մի տարեթիվ, 1915թ., երբ զոհ գնացին միլիոն ու կես անմեղ մարդիկ։ Արցախյան հերոսամարտի այս պատմությունները Մեծ եղեռնը վերապրածների զավակների մասին է։

Այնտեղ չկա ողբ ու կական, լաց ու կոծ… Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին այս հերոսական պատմությունները թող սփոփանք լինեն մեր թափառող, անմեղ զոհերի հիշատակին։
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՄԱՐԱԹՈՒԿ ՔԵԶ ՕԳՆԱԿԱՆ

Ծերությունն ու հիվանդությունը Արշակ պապին գամել էին անկողնուն։ Հարազատները, գյուղացիները շրջապատել էին նրան ու հայացքները հառել ծերունու դեմքին։ Լուռ էր, ինքնամփոփ, մտքով նորից հասել էր Սասնո Գելիգուզան գյուղը՝ իր ծննդավայրը, որտեղ անցել էին իր մանկության երանելի պահերը, եւ սակայն ամեն մի լուսավոր պահ գալիս ու ընդհատվում էր դաժան մի տարեթվով։

Երբ ներս մտավ կրտսեր զավակը՝ Ալֆրեդը, ու քայլեց դեպի մահճակալը, ծերունու դեմքին ժպիտ նկատվեց։ Ալֆրեդ Ներսիսյանը Արշակ պապի տասնմեկերորդ զավակն է՝ ամենափոքրը։

-Հայրի՛կ, վաղը ջոկատով մեկնելու ենք կռվի։ Թուրք ասկյարը նորից գլուխ է բարձրացրել։

Մինչ այդ անխոս ու հանգիստ ծերունու հայացքը մեկեն բոցավառվեց ու պատանու առույգությամբ իջնելով մահճակալից՝ ընդառաջ գնաց որդուն, համբուրեց ճակատն ու կտրուկ շուռ գալով՝ քայլեց դեպի պատը, իջեցրեց գլխավերեւում պատից կախ մոսին հրացանը, երկու ձեռքով ամուր բռնած սեղմեց կրծքին, ապա ծնկի եկավ, համբուրեց ու հանձնեց որդուն։ Որդին նույնպես ծնկի եկավ, համբուրեց զենքը։

-Էս մոսին իր կռիվը կիսատ թողեց, իմ հոր, իմ պապի, իմ փոխարեն զա՛րկ ասկյարին։ Մեր մուրազն ի կատար ածի, հավատդ՝ անսասան, բազուկդ՝ ամուր, Մարաթուկ քեզ օգնական, գնա՛, զավա՛կս։

Մահճակալի կողքին կանգնած էր ճերմակ մազերով, շապիկ վարտիքով ծեր սասունցին՝ երջանիկ ժպիտը դեմքին։ Պահն այնքան հուզիչ էր, ազդեցիկ, որ հավաքվածների դեմքերին՝ չնայած հուզմունքին, զգացվում էր զսպված հիացմունք ու ոգեւորություն։ Ծերունին, երանելի ժպիտը դեմքին, քայլեց դեպի մահճակալը։ Արագածի փեշերի փոքրիկ գյուղը անէացել էր, ու ծեր սասունցու հայացքի դեմ պատկերվել էր Սասնա բարձրիկ լեռներին թիկնած իր ծննդավայրը…

ԵՎ ՆՈՐԻՑ ՈՐՈՏԱՑ

Արա Թովմասյանն իր կենսագրությունն սկսում է Սասուն լեռնաշխարհի Մգդինք գյուղից, թուրքական կառավարությանը հայտնի որպես հայդուկապետ Առաքելի, Գևորգ Չաուշի ծննդավայր։ -Մանկուց այնքան եմ լսել, հայրս, պապս այնքան են պատմել մեր գյուղի, մեր քար ու աղբյուրի մասին, որ եթե ինձ բախտ վիճակվի, առանց դժվարության կգտնեմ մեր գյուղը, գյուղի եզրի մեր տունը,- պատմում է Արան։ -Գյուղում հաճախ էին երեւում ասկյարներ, որոնք փնտրում էին Առաքելին։ Մի օր էլ Կարմիր Երեցի (այդպես էր կոչվում մեր տոհմը) հարսները գնում են ջրի։ Աղբյուրի մոտ՝ ծառի շվաքում հանգստացող երեք ասկյար հռհռում եւ ջուր են շաղ տալիս Առաքելի տոհմի հարսների վրա։ Վրա հասած ձիավորը տեղնուտեղը սպանում է ասկյարներին եւ նորից հեռանում լեռները։ Վրիժառուն եղել է Հակոբի պապիս եղբայրը՝ Արան։ -Գաղթի տարիներին,- շարունակում է Արան,- մեր մեծ գերդաստանից փրկվել է միայն Հակոբ պապս։ Զորավար Անդրանիկի կամավորականների հետ անցել է Արաքսը՝ հետը բերելով իր Արա եղբոր մոսինը, որը 17 տարի որոտացել էր Սասնա լեռներում։ Այն տարիներին զենքի համար շատ սասունցիներ աքսորվեցին։ Նրանք աքսոր էին գնում, սակայն չէին հանձնում զենքը։ Մոսինը հողում շնչահեղձ էր եղել, երբ ծնվել եմ ես։ Ու Գեղամ հայրս ինձ Արա է կոչել իմ պապ Հակոբի եղբոր՝ Արայի պատվին։

1988թ,-ից նորից որոտաց մոսինը։ Որոտաց Մեղրիում, Կապանում, Շուշիում, Աղդամում, Ֆիզուլիում, Լաչինում, Լիսագորում։ Այդ ճանապարհին չորս անգամ վիրավորված Արան կորցրել է ընկերներ՝ Ահարոն, Կայծեր, Վիտյա, Մայիս, ու ամեն անգամ մոսինի ձգանը քաշելուց տվել է այդ անունները։

-Սասնա լեռներում դեռ չի մարել Հակոբ պապիս Արա եղբոր մոսինի որոտն ու արձագանքը։ Երազում եմ այն օրը, երբ այդ մոսինը կորոտա Արարատի փեշերին։

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Պատմության էջերից


24/07/2014