Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ. ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Փորձառու զինվորական է գնդապետ Կարապետ Հովհաննիսյանը: Ծնվել է 1961թ. Շիրակի մարզի Գուսանագյուղում: 1978թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Խմելնինսկի հրետանային բարձրագույն ուսումնարանը: Նախկին Չեխոսլովակիայի տարածքում տեղակայված խորհրդային զորամասերից մեկում նշանակվել է դասակի հրամանատար: 1988թ., երբ արդեն «կապիտանի» կոչումով մարտկոցի հրամանատար էր, տեղափոխվել է Հայաստան և Ախուրյանի զինկոմիսարիատում նշանակվել բաժնի պետ: Այնուհետև դարձել է Մարալիկի զինկոմի տեղակալ: 1992թ. տեղափոխվել է ազգային բանակ, նշանակվել է զորամասի հրամանատարի տեղակալ, մասնակցել Արցախյան պատերազմին, իսկ հետո նշանակվել զորամասի հրամանատար: 2006-2011թթ. գնդապետ Կ. Հովհաննիսյանը ցիկլի պետ էր (հոսքի պետ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այժմ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի զինվորական ամբիոնի պետն է:

Նախկին ԽՍՀՄ-ն ուներ հստակ մշակված զինվորական ուսումնական համակարգ, բայց դրանով չէր բավարարվում և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծում էր զինվորական ամբիոններ, որոնք արական սեռի ուսանողներին տալիս էին բավարար գիտելիքներ ռազմարվեստի մասին: Ուսման վերջում նրանց շնորհվում էր սպայական կոչում, և նրանք հաշվառման էին վերցվում պահեստազորում: Դա արվում էր այն նպատակով, որ անհրաժեշտության դեպքում բանակը համալրվի սպաներով: Արտադրության և իշխանության ղեկավար աշխատողները պետք է ունենային զինվորական գիտելիքներ, որպեսզի կարողանային հնարավոր պատերազմի դեպքում ինքնուրույն կազմակերպել ժողովրդի պաշտպանությունը:

Երբ սկսեցին գործել ու բանակին մասնագետ սպաներով ապահովել մեր երկրի ռազմական ուսումնական հաստատությունները, բուհերից հանվեցին զինվորական ամբիոնները, սակայն նրանցից մեկը՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ամբիոնը, պահպանվեց և շարունակում է զինվորական գործի մասնագետներ պատրաստել դպրոցական կրթական համակարգի, ինչպես նաև բանակի համար:

Այդ զինվորական ամբիոնում ընդունելության, ուսման կարգի, շրջանավարտների աշխատանքային հեռանկարների մասին է մեր զրույցը ամբիոնի պետ, գնդապետ Կարապետ Հովհաննիսյանի հետ:

-Պարոն գնդապետ, նախ ուզում եմ, որ մեր ընթերցողներին ներկայացնեք Ձեր ամբիոնի պատմությունը: Ե՞րբ է ստեղծվել, ի՞նչ ճանապարհ է անցել և զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի:

-Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ռազմական ամբիոն ստեղծելու որոշումը կայացրել է նախկին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Հայաստանի կառավարության երաշխավորությամբ՝ 1984թ.-ին: Առաջին տարում ընդունվել են հիսուն ուսանողներ: Ի տարբերություն մյուս բուհերի, որոնք ունեին զինվորական ամբիոններ և հիմնական մասնագիտությանը զուգահեռ պատրաստում էին պահեստազորի սպաներ, մեր ինստիտուտում հիմնականը հենց զինվորական մանկավարժների պատրաստումն է եղել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշ ժամանակով ամբիոնի գործունեությունը դադարեցվել է, սակայն 1994թ. այն կրկին սկսել է գործել: Այժմ ամբիոնը գտնվում է ինստիտուտի ՆԶՊ և ֆիզդաստիարակություն ֆակուլտետի կազմում: ՀՀ կառավարության 1998թ. 127 որոշմամբ՝ ամբիոնի ընդունելության քննություններին կարող էին մասնակցել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի քաղաքացիները: 2006թ. թույլատրվեց ընդունելության քննություններին մասնակցել միջնակարգ դպրոցը նոր ավարտածներին, իսկ 1999թ. սկսվեց նաև իգական սեռի ներկայացուցիչների ընդունելությունը:

Ամբիոնի դասախոսական կազմից Վարդան Մայիլյանը, Աշոտ Սիմոնյանը, Մուշեղ Տիտանյանը և Վլադիմիր Մխիթարյանը մասնակցել են Արցախյան ազատամարտին: Ամբիոնն ունի ուսումնական համապատասխան տարածք, մասնագիտական լսարաններ, շարահրապարակ, մարզավան, արգելագոտի, խրամուղիներ, հրաձգարան, ուսումնական զենքեր ու զինամթերք: Ակտիվորեն համագործակցում ենք Գյումրիի կայազորի զորամասերի հետ, օգտվում ենք զորավարժարանից: Ունենք նաև գրադարան՝ ռազմամասնագիտական և մանկավարժամասնագիտական անհրաժեշտ գրականությամբ, դասախոսներն ու ուսանողները մասնակցում են գիտաժողովների, հրատարակում են հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ: Ուսանողների մի մասը իրենց ցանկությամբ բնակվում է հանրակացարանում: Ճիշտ է՝ այսօր շատ դպրոցներում ՆԶՊ առարկան դասավանդում են բանակից զորացրված սպաները, բայց, կարծում եմ, գնալով կաճի մանկավարժական կրթություն ունեցող մասնագետների պահանջարկը:

-Ովքե՞ր են ամբիոնի զինվորական դասախոսները, և ովքե՞ր են գալիս ձեզ մոտ սովորելու: Մեր մարզերի բնակիչներն արդյոք բավականաչափ տեղեկացվա՞ծ են ամբիոնի մասին:

-Զինվորական դասախոսները փորձառու զինծառայողներ են և ամբիոն են գալիս զորամասերից, պաշտպանության նախարարությունից, ԶՈՒ գլխավոր շտաբից կամ էլ մյուս զինվորական ուսումնական հաստատություններից: Ուսանողներ ունենք հանրապետության գրեթե բոլոր մարզերից՝ Ջավախքից, Երևանից: Ամեն տարի ուսանողական տեղերն ամբողջությամբ համալրվում են, ինչը ցույց է տալիս, որ երիտասարդությունը տեղեկացված է ամբիոնի մասին և ուզում է ստանալ մեր առաջարկած կրթությունն ու մասնագիտությունը:

-Խնդրում եմ ներկայացնել ուսման ձևերը, պայմանները և թե ի՞նչ ծրագրերով է կազմակերպվում ուսուցումը, շրջանավարտները մասնագիտական ի՞նչ որակավորում են ստանում:

-Ունենք ինչպես առկա՝ չորսամյա, այնպես էլ հեռակա՝ հնգամյա ուսուցում: Ուսման վարձը երեք հարյուր հազար դրամ է: Ծրագիրը, որը համատեղ հաստատում են պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունները, բարձրագույն ուսումնական հաստատության ծրագիր է, այսինքն` ուսանողներն անցնում են բոլոր առարկաները, բայց ավելի խորացված՝ զինվորական (մասնագիտական) առարկաները: Ուսանողները դասերին հաճախում են զինվորական համազգեստով: Մեր շրջանավարտներն ստանում են միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական կրթօջախների նախնական զինվորական պատրաստության և ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում, իսկ «Մարտավարություն» և «Կրակային պատրաստություն» առարկաներից պետական քննություն հանձնած տղաներն ստանում են նաև «Մոտոհրաձգային դասակի հրամանատար» որակավորում, և նրանց շնորհվում է պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում: Կոչում շնորհվում է միայն բանակում ծառայածներին: Աղջիկները զինվորական կոչում չեն ստանում: Բոլոր տղաները զինվորական կոչում են ստանում, որովհետև նրանք, ովքեր անմիջապես դպրոցից հետո են ընդունվում, ուսումն ընդմիջելով գնում են բանակ, վերադառնում ու շարունակում են սովորել, մյուսներն էլ բանակից հետո են ընդունվում: Եվ եթե մեր շրջանավարտն ուզում է ծառայության անցնել բանակում, ուրեմն պետք է մեկամյա վերապատրաստում անցնի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

-Պետական պատվեր կա՞, թե՞ ոչ, և ընդհանրապես, Դուք հետաքրքրվո՞ւմ եք Ձեր շրջանավարտների հետագա ճակատագրով: Ավարտելուց հետո նրանք աշխատո՞ւմ են իրենց մասնագիտությամբ, թե՞ ոչ:

-Պետական պատվեր չունենք: Եվ դժվար է հետևել, թե տարբեր մարզերում բնակվող շրջանավարտներից քանի՞սն են միանգամից աշխատանք գտել: Այնուամենայնիվ, տարբեր ճանապարհներով տեղեկություններ ենք ստանում նրանց մասին, և պետք է ասեմ, որ շատերն են մասնագիտությամբ աշխատում: Քիչ չեն նրանք, ովքեր մեզ մոտ սովորելուց հետո որոշում են անցնել զինվորական ծառայության: Աղջիկների համար ևս աշխատանք գտնելը դժվար չէ:

-Պարոն Հովհաննիսյան, իսկ ի՞նչ կարգով է կատարվում ընդունելությունը:

-Ցանկացողը դիմում է ներկայացնում ինստիտուտի ռեկտորի անունով, ինչպես մյուս բոլոր տեղերում, ներկայացնում է դպրոցի գնահատականները և քննություն է հանձնում ՆԶՊ-ից ու ֆիզկուլտուրայից: Ի դեպ, շատ շուտով ինստիտուտին կտրվի համալսարանի կարգավիճակ:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/07/2014