Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՌՉՈՂ ԷՍԿԱԴՐՈՆ



Չճանաչված թռչող օբյեկտները կառավարում են ուսադիրներով մարդիկ

ՉԹՕ-ների ծագման ամենաուշագրավ վարկածներից մեկը կապում են ֆիլադելֆիական փորձի հետ, որն անցկացվել է հեռավոր 1943 թ. հոկտեմբերին ԱՄՆ ՌԾՈՒ ռազմածովային հետազոտությունների բաժնի կողմից: Փորձի նպատակն էր ռազմանավն անտեսանելի դարձնել թշնամու ռադիոտեղորոշիչ սարքերի համար: Սակայն կատարվեց մի բան, որը ոչ ոք չէր նախատեսել. «Էլդրիջ» էսկադրոնային ականակիրը ոչ միայն անհետացավ տեղորոշիչների էկրանից, այլեւ, բառիս բուն իմաստով, չքվեց, անհետացավ Ֆիլադելֆիայի նավանորոգարանից, որտեղ անց էր կացվում փորձը, կարճ ժամանակով նյութականացավ մեկ այլ վայրում, ապա վերադարձավ իր տեղը՝ ցնորված անձնակազմով հանդերձ: Այս դեպքերը մի քանի գրքերի եւ ֆիլմերի թեմա են դարձել: Խնդրի հետազոտությամբ զբաղվողներից շատերը մահացել են հանելուկային հանգամանքներում, մինչդեռ մարդկությունն այդ առեղծվածի լուծումից նույնքան հեռու է, որքան սրանից 71 տարի առաջ էր: «Էլդրիջի» նավամատյանները, թերեւս, կարող էին շատ հարցերի պատասխանը տալ, սակայն դրանք էլ տարօրինակ կերպով անհետացել էին: Բոլոր հարցումներին ԱՄՆ կառավարությունը եւ ռազմական գերատեսչությունը պատասխանում են, թե դրանք հնարավոր չէ գտնել…

Համենայն դեպս, կարելի է փորձել համակարգել այն տեղեկատվությունը, որը կուտակվել է անցած դարի կեսերից ի վեր:

Ֆիլադելֆիական նախագիծը հայտնի է նաեւ «Ծիածան» անվանումով: Նախատեսվում էր «Էլդրիջի» շուրջ ստեղծել էլեկտրամագնիսական պղպջակ՝ ինքնատիպ մի էկրան, որը շեղելու էր նավի ռադարների ճառագայթումը եւ, փաստորեն, անտեսանելի էր դարձնելու նավը: Նավանորոգարանում տեղադրվեցին հզոր մագնիսական գեներատորներ, որոնք աշխատում էին ռեզոնանսային հաճախականություններում եւ նավի շուրջ ստեղծեցին սարսափելի ուժգնության, էլիպսաձեւ պտտվող մագնիսական դաշտ:

Երբ գեներատորները միացրին, սկզբում անթափանց կանաչավուն մշուշ առաջացավ (նման բան են նկարագրում նաեւ բերմուդյան աղետներից փրկվածները): Շուտով ամբողջ նավը լցվեց այդ կանաչ մշուշով եւ անձնակազմի հետ միասին սկսեց անհետանալ նավանորոգարանում գտնվող մարդկանց տեսադաշտից, մինչեւ որ նրանից մնաց միայն ջրի վրայի հետքը, ապա դա էլ անհետացավ: Նավն անհետացավ Ֆիլադելֆիայում, հայտնվեց հարյուրավոր մղոն հեռու՝ Նորֆոլկում, Վիրջինիա նահանգ: Ֆիլադելֆիայում գտնվող ՌԾՈՒ ռազմակայան վերադառնալուց հետո պարզվեց, որ անձնակազմի անդամներից շատերը զոհվել են, իսկ ողջ մնացածներն էլ հազիվ էին կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, եւ նրանց բանականությունը խանգարվել էր: Որոշ ժամանակ անց նրանց հետ սկսեցին անհավանական բաներ տեղի ունենալ. մարդիկ, կարծես թե, դուրս էին ընկել իրականությունից եւ, ինչպես բժիշկներն էին ասում, «սառչում էին»: Նրանց կարելի էր «հալեցնել» ձեռքի հպումով, հակառակ դեպքում՝ նման վիճակը կարող էր շարունակվել ժամեր, օրեր կամ ամիսներ… Եթե «սառեցումը», մեր չափանիշներով, մեկ օրից ավելի էր տեւում, ապա մարդը ցնորվում էր: Սակայն «Ծիածանի» զոհերը ժամանակի ընթացքի այլ ընկալում ունեին, քան սովորական մարդիկ: Նրանք ապրում էին, շնչում, լսում, սակայն ոչ մի բանի չէին արձագանքում համարժեքորեն: Եղան նաեւ ինքնահրկիզման դեպքեր: Մի անգամ, օրինակ, երկու «սառածներ» անակնկալ բռնկվեցին եւ տասնութ օր շարունակ մխում էին: Փրկարարներին ոչ մի կերպ չէր հաջողվում «հանգցնել» նրանց: Ուրիշ տարօրինակ բաներ էլ էին տեղի ունենում: Օրինակ, «Էլդրիջի» անձնակազմի անդամներից մեկը, սեփական կնոջ եւ երեխայի աչքի առաջ անցնելով պատի միջով, ընդմիշտ անհետացավ: Անձնակազմի բոլոր անդամներին զորացրեցին՝ որպես հոգեպես անհավասարակշիռ հիվանդների: Այդպես հարմար էր. ոչ ոք չէր հավատա հոգեկան հիվանդին, երբ նա սկսեր պատմել ռազմական գերատեսչության ինչ-որ փորձերի մասին…

«Էլդրիջի» անձնակազմի վրա այսպիսի կործանարար ազդեցություն գործած փորձի հիմքում Էյնշտեյնի՝ միասնական դաշտի տեսությունն է, որի օգնությամբ Էյնշտեյնը փորձում էր մաթեմատիկորեն բացատրել երեք հիմնական համապարփակ ուժերի՝ էլեկտրամագնիսականության, ձգողության ուժի եւ միջուկային էներգիայի փոխկապակցվածությունը: Աշխատելով այս տեսության վրա՝ Էյնշտեյնն առաջ քաշեց մի վարկած, որի համաձայն՝ էլեկտրական եւ մագնիսական դաշտերին զուգահեռ պետք է լինի նաեւ մի երրորդ՝ գրավիտացիոն դաշտ: Ամբողջ խնդիրն այն էր՝ ինչպես ստեղծել այդ դաշտը:

Ալբերտ Էյնշտեյնն այս տեսությունն առաջին անգամ հրապարակեց 1925-27 թթ. գերմանական ամսագրերում, սակայն այնուհետեւ, ըստ որոշ տվյալների, հրաժարվեց դրանից՝ զուտ մարդասիրական նկատառումներով: Մարդկությունը, Էյնշտեյնի ասելով, դեռ չէր հասունացել այդ տեսության համար: Ուշագրավ է, որ միասնական դաշտի ուղղությամբ աշխատանքները վերսկսվեցին միայն 1939-1940 թթ., երբ մինչեւ ուղնուծուծը պացիֆիստ Էյնշտեյնը համոզվեց, որ ցանկացած միջոցներով պետք է արմատախիլ անել նացիոնալ-սոցիալիզմը: Եւ հենց 1940 թվականին էլ ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ն սկսեց աշխատել Ֆիլադելֆիական նախագծի վրա: Ի դեպ, 1943 թ. մայիսի 31-ից մինչեւ 1944 թ. հունիսի 30-ը Էյնշտեյնը, որպես գիտական խորհրդական, ծառայության մեջ էր Վաշինգտոնի ծովային նախարարությունում եւ, ամենայն հավանականությամբ, անմիջական կապ ուներ «Էլդրիջի» փորձի եւ անհետացման հետ:

«Էլդրիջի» առեղծվածի վրա որոշ չափով լույս է սփռում ամերիկացի ֆիզիկոս Թոմաս Բրաունի գյուտը. վերջինս ինչ-որ «գրավիտոր» էր ստեղծել, որը երբ դնում էին կշեռքին եւ միացնում 100 կիլովատանոց էներգիայի աղբյուրին, ըստ բեւեռայնության՝ ավելացնում կամ կորցնում էր իր քաշի մեկ տոկոսը: Բրաունը համոզված էր, որ նոր էլեկտրական սկզբունք է հայտնաբերել, սակայն չգիտեր, թե ինչպես պետք է դա գործածել. այդ ժամանակ նա նոր-նոր միջնակարգ դպրոցն էր ավարտում: Իր հայտնագործությանը նա անդրադարձավ ավելի ուշ, երբ արդեն Դենիսոնի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող էր: 1930 թվականից Բրաունն աշխատում էր Վաշինգտոնի ռազմածովային հետազոտությունների լաբորատորիայում՝ որպես դաշտի ֆիզիկայի եւ սպեկտրոսկոպիայի մասնագետ: 1939 թ. նրան ՌԾՈՒ լեյտենանտի կոչում շնորհեցին եւ նշանակեցին Նավային բյուրոյի պատասխանատու աշխատող՝ մագնիսականության եւ ակուստիկ հետազոտությունների գծով: Հենց այդ ժամանակ էլ Բրաունն սկսեց զբաղվել «Ծիածան» նախագծով:

Ֆիլադելֆիական փորձից հետո՝ 1943 թ. դեկտեմբերին, նրան արձակուրդ ուղարկեցին, այնուհետեւ, առողջական նկատառումներով, պաշտոնաթող արեցին (որոշ հետազոտողներ ուղղակի կապ են տեսնում Բրաունի հիվանդության եւ աշխատանքի միջեւ): Պաշտոնաթողությունից հետո նա հրապուրվեց ուֆոլոգիայով եւ 50- ականների վերջերին, երբ զինվորականների եւ գիտնականների միջեւ թունդ բանավեճ էր ծայր առել, իր կարծիքը հայտնեց ՉԹՕ-ների շարժիչ ուժի վերաբերյալ: Բրաունն ակնարկում էր, որ էլեկտրամագնիսականության վերաբերյալ իր հետազոտություններում ինքը, հնարավոր է, գտել է այդ առեղծվածի լուծման բանալին: 1952 թ. նրան հաջողվեց այնքան մեծացնել իր «գրավիտորի» վերամբարձ ուժը, որ սարքը բարձրացրեց իր սեփական քաշը գերազանցող ծանրություն: Տեսականորեն Բրաունն այդ արդյունքները բացատրում էր միասնական դաշտի տեսությամբ: Նա համոզված էր, որ որոշակի կապ գոյություն ունի գրավիտացիայի եւ էլեկտրականության միջեւ:

Բայց որքան էլ գայթակղիչ հնչի այս ամենը, միասնական դաշտի տեսությունը մեծ վտանգ է պարունակում ողջ մարդկության համար, քանի որ այն հնարավորություն է տալիս կառավարել, եթե ոչ՝ ներգործել, ժամանակի եւ տարածության վրա, որի ապացույցը հենց «Ծիածան» նախագիծն էր: Ֆիլադելֆիայի պատմությունից հետո այդ նախագիծը կասեցվեց: Իհարկե՝ առժամանակ: Արդեն 50- ական թթ. սկզբներին մարդկային գործոնն ուսումնասիրելու նպատակով այն վերաբացվեց եւ միավորվեց մեկ այլ ծրագրի հետ՝ «Փյունիկ» ընդհանուր անվամբ եւ Գերմանիայից Միացյալ Նահանգներ տեղափոխված մաթեմատիկոս, դոկտոր ֆոն Նեյմանի ղեկավարությամբ: Խորանալով մետաֆիզիկայի մեջ՝ ֆոն Նեյմանը պետք է պարզեր ֆիլադելֆիական փորձի կործանարար հետեւանքների պատճառները մարդկանց հոգեբանության եւ ֆիզիոլոգիայի վրա: Ֆոն Նեյմանն ու իր թիմը տասը տարուց ավելի փորձում էին պարզել՝ ինչու էր անձնակազմը այդպես տուժել էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունից, որը նրանց շպրտել էր ժամանակի եւ տարածության միջով: Եւ նրանք եկան այն եզրակացության, որ մարդկանց բնորոշ է այն, ինչ անվանում են «ժամանակի ստանդարտ»: Նրանց տեսության համաձայն՝ մեր բոլորի կյանքն սկսվում է նրանից, որ էներգետիկ էակն ընկնում է ժամանակի հոսքի մեջ եւ «սոսնձվում» դրան: Դա գիտակցելու համար անհրաժեշտ է էներգետիկ էակը (կամ հոգին) դիտարկել որպես մարդու ֆիզիկական մարմնից առանձին մի բան:

Ըստ երեւույթին, երկրային միասնական ժամանակային ստանդարտը անխզելիորեն կապված է մեր մոլորակի էլեկտրամագնիսական ֆոնի հետ: Այդ ժամանակային ստանդարտը Տիեզերքում մեր հիմնական ելակետն է եւ Տիեզերքի ներգործության միջոցը: Ֆիլադելֆիական փորձի ընթացքում ինչ-որ կետով անցնելիս ժամանակի սովորական ստանդարտի փոփոխությունը վնասել էր «Էլդրիջի» անձնակազմի հոգեկան աշխարհը: Չհետազոտված տեխնոլոգիաների կիրառումը հանգեցրել էր նրան, որ նավաստիները հայտնվել էին այլընտրանքային իրականության մեջ: Այդ մարդկանց ուղղակի դուրս էին մղել մեզ ծանոթ Տիեզերքից: Հենց դրանով է բացատրվում նավի եւ նրա անձնակազմի անհետացումը: Այդ կերպ ստեղծված արհեստական իրականությունը առհասարակ ժամանակային ստանդարտից զուրկ է, քանի որ ժամանակի կանոնավոր ընթացքի հետ կապ չունի: Ալտերնատիվ իրականությունը ոչ մի տեղ է եւ ոչ մի ժամանակ, իսկ դա անտանելի է մարդու հոգեբանության համար:

«Փյունիկ» ծրագրի վրա աշխատելու ընթացքում հետազոտողների առջեւ խնդիր դրվեց՝ ինչպես մարդուն տեղադրեն «պղպջակի» մեջ եւ վերադարձնեն այնտեղից՝ պահպանելով սովորական, երկրային ժամանակային ստանդարտի զգացողությունը: Դրա համար անհրաժեշտ էր «պղպջակի» ներսում ապահովել կենսագործունեության նորմալ պայմաններ: Թերեւս, դա կարելի է անել՝ «պղպջակի» ներսում ապահովելով Երկրի բնական էլեկտրամագնիսական դաշտը. դա բավական էր՝ ժամանակի հոսքի անդադարության զգացողություն ապահովելու համար: Հակառակ դեպքում տարածությունից դուրս ընկած մարդը չի խուսափի հոգեկան խանգարումից:

Ֆոն Նեյմանը հաշվարկում էր ընտրված մարդկանց ժամանակի ստանդարտները եւ այդ պայմանները պատճենահանում այլընտրանքային իրականություն անցնելիս: Մարդիկ պետք է «էլեկտրամագնիսական պղպջակի» ներսում հայտնվեն՝ անցնելով «զրո» ժամանակի միջով, այսինքն՝ անիրականության, որտեղ նրանք պարզապես ի վիճակի չեն գիտակցել իրենց գոյությունը: Համակարգիչը պետք է ապահովի երկրային ֆոնի առկայությունը, որն ամենալավն է համապատասխանում մարդկանց հոգեբանությանը: Հակառակ դեպքում՝ մարդու մեջ հոգեկանն ու ֆիզիկականը կբախվեն, ինչն էլ կհանգեցնի խելագարության: Ավելի պարզ ասած՝ հոգին եւ մարմինը պետք է ներդաշնակ գործեն:

«Փյունիկի» հետազոտություններն սկսվել էին 1948 թ., պաշտոնապես դադարեցվել՝ 1967-ին, սակայն քչերին է հայտնի, որ դրանք առանց ընդհատվելու շարունակվեցին մինչեւ 1983 թվականը, երբ Մոնթաուկում հաջողվեց ստեղծել տարածության-ժամանակի միջանցք…

«Վերսիա»

Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Պատմության էջերից


05/06/2014