Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՔՍԻ ԱՓԻՆ



Արաքսավանը նոր բնակավայր է, գտնվում է Հադրութի շրջանի հարավում: Այն մտնում է Առաջամուղ համայնքի մեջ: Բնակավայրում այժմ տեղադրված են 30-ից ավելի տնակներ՝ բոլոր հարմարություններով: Ապրում են 70-ից ավելի բնակիչներ, որոնք եկել են Եղեգնաձորից, Էջմիածնից, Գյումրիից, Հադրութից: Գտնվելով բնակլիմայական բարենպաստ վայրում՝ Արաքսավանն ունի լավ ապագա և կարճ ժամանակում կարող է զարգանալ: Ավարտին է մոտենում խանութի շինարարությունը: Տարածքում գործում են տարբեր ընկերություններ, որոնք զբաղվում են հիմնականում հողագործությամբ, հողատարածքների մաքրմամբ եւ Արաքսավանի բնակիչներին աշխատատեղ ունենալու հնարավորություն են տալիս: Բացի այդ, բնակչությանը հատկացված են գյուղնշանակության հողատարածքներ տարբեր բանջարաբոստանային մշակաբույսեր և հացահատիկ արտադրելու նպատակով: Լուծված է խմելու և ոռոգման ջրի հարցը: Տարածքում արդեն գործում են մի քանի արտեզյան ջրհորներ: Կապը շրջկենտրոնի հետ կատարվում է Երևան-Հադրութ երթուղային ավտոբուսով և անհատական մեքենաներով: Կարևորն այն է, որ Արաքսավանում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են բնակեցվել: Երկու տարիների ընթացքում Արաքսավանում արդեն գրանցվել է երեխայի ծնունդ:

Դպրոցահասակ երեխաներն ընդամենը երկուսն են: Նրանք հաճախում են հարևան Վարդահովիտի դպրոց: Տարածքում գործող «Գրոհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն զբաղվում է մշակաբույսերի արտադրությամբ: Արդեն պատրաստ է պահածոների գործարանը, և այս ամռանը կթողարկվեն էկոլոգիապես մաքուր տոմատի մածուկ և այլ պահածոներ: Սա էլ հնարավորություն է տալիս մեծ քանակությամբ լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլ մշակաբույսեր արտադրել: «Արաքսֆուդ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Միրզոյանն ասաց, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի գործարանն աշխատի անխափան և տա մեծ քանակությամբ արտադրանք: Պահածոյագործ Սեյրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախատեսված է արտադրել մրգային հյութեր, մարինադներ, տոմատի մածուկ, խավիար, մուրաբաներ, ջեմեր և այլն: Հումքն ամբողջությամբ լինելու է տեղական և էկոլոգիապես մաքուր: Բնակչությանը տրամադրվելու է հողատարածք, որպեսզի տարբեր բույսեր մշակեն, ծառեր տնկեն՝ նռան, արքայախնձորի, թզի և այլ այգիներ հիմնեն: Ընկերությունը գնելու է հումքը և վճարումը կատարելու է տեղում: «Հողը կա, բերրի է, ոռոգման ջուրը կա, մնում է մեր բնակիչներն աշխատեն, բարիք ստեղծեն իրենց և մեր ողջ ժողովրդի համար», -ասաց Ս. Խաչատրյանը: Ըստ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի՝ այստեղ կան բոլոր պայմանները երիտասարդ ընտանիքների հաստատվելու համար: Միակ պակասը մարդկային ռեսուրսն է: 2012 թվականից սկսած՝ կառուցվել է մոտ 50 կմ բարձր լարման հոսանքագիծ: Վերակառուցվել է 40 կմ ոռոգման ջրատար: Մոտ 10 000 հա հողատարածք մշակելու հնարավորություն կա: Բացի տնտեսական նշանակությունից, ԼՂՀ իշխանությունների այս ծրագիրն ունի ռազմավարական մեծ նշանակություն, որի հիմնական նպատակը մեր երկրի հարավային սահմանը ամրացնելն է, մեծ քանակությամբ հացահատիկ և այլ մշակաբույսեր աճեցնելը՝ երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Բանակ և հասարակություն


05/06/2014