Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ



Ապրիլի 5-ին պաշտպանության նախարարությունում կազմակերպվել էր տոնական ցերեկույթ՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան։ Պաշտպանական գերատեսչության հյուրընկալ հարկի ներքո հավաքվել էին ամենատարբեր տարիքի ու մասնագիտության կանայք՝ զինծառայողներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, զինվորականների կանայք, Արցախյան պատերազմում հերոսացած քաջորդիների մայրեր, այրիներ եւ դուստրեր, զինվորների մայրեր, բանակին ու երկրի պաշտպանությանը առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ… Նրանք եկել էին լսելու ներկաների երախտիքի խոսքերը, մեկ անգամ եւս իմաստավորելու իրենց զրկանքներն ու զոհողությունները, իրենց ծառայություններն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին, համոզվելու, որ ոչինչ չի մոռացվել եւ չի մոռացվելու, որ ներկա ու գալիք սերունդները մշտապես ոգեկոչելու են ավագների սխրանքը եւ այդքան թանկ գնով ձեռք բերված նվաճումներն ու հաղթանակները պաշտպանելու համար չեն խնայելու ոչինչ։
Նախքան դահլիճ մտնելը միջոցառման մասնակիցները դիտեցին սրահում ցուցադրված կտավները, հայ ոսկեձեռիկ վարպետների պատրաստած զարդերի ու կենցաղային իրերի թանգարանային նմուշներ, Արցախյան պատերազմի հերոսական դրվագներն ու բանակաշինության ձեռքբերումները անմահացնող լուսանկարներ…
Դահլիճում նրանց սպասում էր «Հենսայուները» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր հայրենիքի հենասյունը դարձած, հայրենիքի պաշտպանության խաչը հպարտորեն կրող, հայրենիքի հավերժության ծանր բեռը կամովին ուսած կանանց ճակատագրի ու ավուր սխրանքների մասին։ Հինգ հայուհի, հինգ առինքնող կերպար, հինգ խորհրդանիշ՝ ու նրանցից առաջինը Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրն է՝ Գրետա մայրիկը, ով մարմնավորում է իրենց զավակներին պատերազմ ճանապարհած բոլոր հայ մայրերի հոգու կորովը, արիությունը, տոկունությունը, հայրենասիրությունը, ով կիսեց որդեկորույս մայրերի վիշտն ու ցավը, նաեւ վշտին ու ցավին հաղթելու, իր կորուստը հպարտությամբ իմաստավորելու խիզախությունը։ «Ես գիտեի, որ տղաս վտանգներով լի ճանապարհ է ընտրել, բայց երբեք հետ չէի պահում նրան։ Մտածում էի՝ եթե ես արգելեմ որդուս, մյուսն արգելի, ո՞վ է տիրություն անելու հայրենիքին»։ Գրետա մայրիկի խոսքը հնչեց իբրեւ պատգամ, իբրեւ հայ մոր անվիճարկելի հորդոր-հրաման՝ յուրաքանչյուր հայ զավակ առաջին հերթին երկրի տերն է ու պաշտպանը։
Նույնքան խրոխտ ու հուզիչ էր ռազմիկ կնոջ կերպարը։ 20 տարի առաջ նա երիտասարդ աղջիկ էր, բայց չվախեցավ ադրբեջանցու գնդակից ու գնաց ճակատ, իր բառերով ասած, ոչ թե ճաշ եփելու ազատամարտիկների համար, այլ զենքը ձեռքին մարտնչելու հանուն հայրենիքի ազատության։ Այսօր նա ավելի ուժեղ է ու համարձակ, քանի որ՝ «եթե պատերազմ լինի, իմ կողքին կկանգնեն նաեւ ամուսինս ու աղջիկներս, ու միասին կփակենք ոսոխի ճանապարհը»։
Խաղաղ բանակաշինության տարիներին իրենց նվիրված աշխատանքով զինվորի կողքին են եղել նաեւ զինծառայող կանայք՝ կանացի քնքշանքով ու մայրական հոգատարությամբ կիսել են զինվորի հոգսը, դարմանել ցավը, ապրել զինվորի մտահոգություններով եւ ուրախությամբ, օգնել, որ զինվորի ծառայությունն անփորձանք լինի։ Հայրենիքի պաշտպանությանը իրենց բաժին տառապանքը, հոգսը, կարոտը, սպասումը, համբերությունն ու տոկունությունն են տվել մեր զինվորների մայրերը, ովքեր արժանի զավակ են դաստիարակել հայրենիքի համար եւ զինվորացած որդիներին հորդորել են պատվով պաշտպանել երկիրն ու ոչինչ չխնայել հայրենիքի ազատության համար։
Անմիջական, անկեղծ ու անբռնազբոս էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ խոսքը։ «Ես Ձեզնից մեկն եմ,- ասաց նա,- ապրում եմ նույն հոգսերով ու մտահոգություններով. խորապես ցավում եմ, երբ բանակը մարդկային կորուստ է ունենում խաղաղ ժամանակներում, եւ ուրախանում, հպարտանում եմ բանակի հաջողություններով։ Ես էլ յուրաքանչյուր զինվորականի կնոջ պես հասկանում եմ, որ շատ ծանր ու պատասխանատու աշխատանք է բաժին ընկել իմ ամուսնուն, եւ հնարավորինս աջակցում եմ, որ թեթեւացնեմ նրա հոգսը։ Ես էլ, ինչպես յուրաքանչյուր հայ մայր, ցանկանում եմ, որ որդիս զինվոր դառնա ու ծառայի հզոր, պաշտպանված ու մարտունակ բանակում»։
Ներկաներին շնորհավորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Հայրենիքը, հիրավի, շեն ու հզոր է իր մայրերով։ Հայ մայրը իր զավակին օրորոցից սկսած պատվախնդրության, հայրենասիրության, ազնիվ ու արժանապատիվ ապրելու դասեր է տալիս։ Դարեր շարունակ հայ մայրն է վառ պահել ընտանիքի օջախը, դարձել ամուր թիկունք ամուսնու համար, իսկ վտանգի պահին զենք է վերցրել, զինվորացել՝ պաշտպանելով իր օջախը, ընտանիքը, զավակներին, պաշտպանելով մեր հայրենիքը»։ Մենք մայրապաշտ ազգ ենք՝ նշեց պաշտպանության նախարարը, ու հայրենիքը մեզ համար նույնանում է մոր կերպարի հետ. նույնքան թանկ ու պատվելի է։ Այդ պատճառով էլ հայրենիքի փրկության զոհասեղանին մենք դնում ենք ամենաթանկը՝ մեր կյանքը, որ մայր հայրենիքը լինի ազատ, հզոր ու հարատեւ, որ մեր մայրերը լինեն պաշտպանված, հարգված ու երջանիկ։
Պաշտպանության նախարարը մեդալներով, պատվոգրերով ու նվերներով պարգեւատրեց կին ազատամարտիկներին, զինծառայող կանանց, զինվորների մայրերին, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ասպարեզում աչքի ընկած դպրոցների տնօրեններին։ Արցախի Հանրապետության ազգային հերոսների մայրերը ու այրիները նույնպես պարգեւատրվեցին նվերներով ու գեղեցիկ ծաղկեփնջեր ստացան անձամբ պաշտպանության նախարարից։
Ազգային հերոսների մայրերը, կին ազատամարտիկները, զինծառայող կանայք, զինվորների մայրերը իրենց սրտի խոսքն ասացին ցերեկույթի մասնակիցներին։ Նրանք նշեցին, որ հայրենիքի պաշտպանության ու բանակաշինության հիրավի դժվարին գործին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտքն ու պարտականությունն է, եւ իրենք այդ սրբազան պարտքը կատարել են հպարտությամբ, պատասխանատվության գիտակցումով ու անմնացորդ նվիրումով։ Նրանք հիշեցին Արցախյան պատերազմի ծանր տարիները, խաղաղ բանակաշինության դժվարին ընթացքը, հարազատ ժողովրդի տքնանքն ու զոհողությունները եւ հավաստեցին, որ անօրինակ օրհասից հաղթանակով դուրս եկած քաջորդիները երբեք այլեւ չեն ընկրկի ոչ մի ուժի առաջ, ու հայոց պատմությունն այսուհետ նվաճումների ու առաջընթացի պատմություն կլինի։ Նրանք շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին, նշելով, որ պետության գնահատանքն ու ժողովրդի սերը բազմապատկում է իրենց հոգու ուժը, մղում նորանոր սխրանքների, արժեւորում իրենց ծառայությունները հայրենիքին։
Տոնը եզրափակվեց համերգային ծրագրով։ Հայ էստրադայի լավագույն երգիչները եւ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը է՛լ ավելի բարձրացրին հավաքվածների տրամադրությունը։ Վերջում «Հայկական բանակ» երգը հավաքվածները երգեցին միասին, հոտնկայս, ծափերով։ Ճեպազրույցների ժամանակ հանրապետության տարբեր լրատվամիջոցների լրագրողները լսեցին միայն ոգեշունչ, խրոխտ, նվիրումով եւ լավատեսությամբ լի խոսքեր՝ հայրենիքը անսակարկելի արժեք է, հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, կանայք են հայրենիքի հենասյուները ու երկիրը միշտ կանգուն են պահելու։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Ազգային բանակ


07/04/2011