Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Հրետանային զորավարժության հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են հրամանատարության մտավոր և կազմակերպչական ունակություններով, փորձառությամբ, տեսականը գործնականի հետ համադրելու անձնական վարպետությամբ: Հրետանավոր սպայի ուսուցումից ու զինվորի ճշգրիտ հաշվարկներից է կախված հրետանու անվրեպ խոցումը, որն իրականացվում է խմբային կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Նրանց հիմնական դարբնոցը հրետանու ճամբարային հավաքներն են, երբ վարժությունների ու նորմատիվների միջոցով յուրացվում է հրետանավորի բարդ ու պատասխանատու գործը:

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ 1-ին բանակային զորամիավորումում գնդապետ Մինասյանի հրամանատարությամբ գործող հրետանային գունդը մասնակցեց մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժության: Հակատանկային պահեստազորի դերում հանդես եկող փոխգնդապետ Հ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող հակատանկային հրետանային դիվիզիոնին խնդիր էր առաջադրված զորամիավորման պաշտպանության նախապատրաստման ու վարման ժամանակ պայքարելու հակառակորդի տանկերի ու զրահամեքենաների դեմ:

«Տագնապ» ազդանշանով դիվիզիոնի անձնակազմը կազմակերպված իրականացրեց վերկացն ու զորանոցի լուսաքողարկումը: Ստանալով հանդերձանքն ու սպառազինությունը՝ սահմանված ժամկետում զորքը հասավ ավտոտեխնիկայի շարասյուների շրջան:

Երթի նախապատրաստման ժամանակ դիվիզիոնի հրամանատարն անձնակազմին ներկայացրեց մարտական խնդիրը՝ կարևորելով զենքի ու զինամթերքի հետ վարման անվտանգության կանոնների պահպանումը: Կատարվեց ռազմերթ դեպի կենտրոնացման շրջան, որտեղ էլ դիվիզիոնը տեղաբաշխվեց: Մշակվեցին համապատասխան փաստաթղթեր, իրականացվեցին տեղազննման աշխատանքներ, կազմակերպվեց փոխգործակցություն: Տեղում մեկ անգամ եւս ճշտվեցին զորամիավորման հակատանկային պահեստաուժի խնդիրները:

Հրետանային ցուցադրական զորավարժության պատշաճ անցկացման համար զորավարժության ղեկավար, զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Մարդոյանը կազմակերպեց մի շարք նախապատրաստական միջոցառումներ, որոնց ընթացքում հանդես եկավ խորհրդատվությամբ, ցուցումներով ու անհրաժեշտ պարզաբանումներով:

Զորավարժությանը մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը՝ գնդապետ Փարվանյանի ղեկավարությամբ, ենթակա զորամասերի, հրետանային ստորաբաժանումների հրամանատարներ, զորամիավորումների հրետանու պետեր: Գործողությունների ընթացքին հետևում էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Փուլերից մեկում բացազատված տեղանքում անցկացվեց ցուցադրական պարապմունք, որի թեմաներն ընտրված էին զորավարժության սցենարին համապատասխան` «Զորավարժության նախապատրաստումը», «Հրետանային մարտկոցի ուսումնանյութական բազան», «Հրանոթի նախապատրաստումը մարտական կիրառման», «Հակատանկային հրթիռային համալիր» և այլն:

Որպես ուսուցանողներ հանդես եկան ինչպես հրետանու վարչության, այնպես էլ զորամիավորման հրետանային զորամասի սպաները, որոնք մատուցվող նյութին զուգահեռ, գործնական ցուցադրությամբ առավել պատկերավոր դարձրին առաջադրված խնդրի կատարումը:

Կրակային փուլում լսվեց զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբայանի զեկույցը մեր պաշտպանությունը հանկարծակի ճեղքած հակառակորդի գրոհող տանկերն ու զրահապատ տեխնիկան ոչնչացնելու վերաբերյալ, որն ուղեկցվում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի, զորավարժության ղեկավարի և զորամիավորման հրամանատարի՝ մարտական խնդրին առնչվող հարցադրումներով ու պարզաբանումներով:

Հակատանկային հրետանային դիվիզիոնն առաջխաղացումով հաստատվեց առաջավոր բնագծի քողարկված հատվածում, որտեղ եւ բացազատվեց մարտակարգը, եւ հրետանավորները նախապատրաստվեցին կրակի արձակմանը:

Նշանակետերի դիպուկ խոցումներով դիվիզիոնը ոչնչացրեց թշնամու շարժվող տանկերն ու զրահապատ տեխնիկան: Ապա գործարկվեց արագ տեղաշարժ: Հաշվված րոպեների ընթացքում դիվիզիոնը տեղափոխվեց նոր բնագիծ: Համալրված հակատանկային հրթիռային համալիրներով մեր հակատանկային պահեստուժը առաջ շարժվեց՝ բացազատվելով նահանջող զինտեխնիկայի համար աննկատ տեղանքում, որտեղից 2-րդ շարակազմով հակահարված կազմակերպելու նպատակով հակառակորդին հասցրեց ուժգին կրակային խոցում: Մեր հրետանավորների հարվածները հուժկու էին, խոցումը՝ անվրեպ: Հաջողությամբ կատարելով նախնական մարտական խնդիրը՝ դիվիզիոնն այնուհետև տեղ զբաղեցրեց պահեստային կենտրոնացման շրջանում: Մարտական հրաձգության ժամանակ սպայակազմը խստորեն վերահսկում էր անվտանգության կանոնների պահպանումը:

Դիվիզիոնի և մարտկոցի հրամանատարների, համազորային ստորաբաժանումների և շտաբների փոխգործակցության, մարտական գործողությունների հաջող կառավարման, կրակի անվրեպ կառավարման շնորհիվ զորավարժությունն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ:

Գլխավոր շտաբի պետի տեղակալն իր գոհունակությունը հայտնեց մարտական հրաձգությամբ հրետանային ցուցադրական մարտավարական զորավարժության արդյունքների վերաբերյալ՝ նշելով ձեռքբերումներն ու արձանագրված լավ ցուցանիշները:

Միաժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց թերություններին, որոնց շուտափույթ շտկմամբ զորամիավորման հրետանին կհասնի է՛լ ավելի բարձր աստիճանի:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ – Լուսանկարները վերցված են տեսանյութից: Որակի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Ազգային բանակ


30/04/2014