Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆ. 1965 թվական



…1965թ. ապրիլի 24-ի` սգո օրվա շունչն այդ տարի շատ ավելի վաղ զգացվեց Թեհրանի մեր «Նաիրի» ազգային դպրոցում։ Օրեր առաջ մեր դպրոցի բակում, ի զարմանս աշակերտների, մի մեծ բեմահարթակ կառուցվեց Եղեռնի արարողությունները բացօթյա կազմակերպելու համար։ Ես այդ տարի սովորում էի 5-րդ դասարանում։

Մեր դպրոցի խիստ, բայց սիրելի ուսուցիչներից պարոն Հովսեփ Փոլադյանը, որ սովորաբար իր դասաժամի վերջին 15-20 րոպեն հատկացնում էր մեծ վիպասան Րաֆֆու պատմավեպերն ու մյուս ստեղծագործությունները մեզ` աշակերտներիս ներկայացնելուն, նախօրեին կիսատ թողեց քավոր Պետրոսի մասին իր պատմությունն ու շատ հանդիսավոր ձայնով ասաց. «Այսօր ես ձեզ կպատմեմ Սողոմոն Թեհլերյանի մասին»։ Ճիշտն ասած, մենք` տղաներս, մի քիչ հիասթափվեցինք, քանի որ անհամբերությամբ տրամադրվել էինք հայտնի խաչագող քավոր Պետրոսի քաջ ու համարձակ արկածների շարունակությունը լսելու։ Մենք նույնիսկ բերանացի էինք արել եւ տանը, փողոցում առիթ-անառիթ բարձրաձայն արտասանում էինք Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» գրքի չափածո շատ հատվածներ, ասենք` «Շաքարից ավելի քաղցր է, մեղրից ավելի անուշ, շտապեցե՛ք, աղքատնե՛ր, պրծնելու վրա է», կամ` «Սոխ ու սխտոր, ալելուիա, կանաչ կխտոր, ալելուիա…»։ Քանի՜-քանի՜ սերունդ էր դաստիարակվել պարոն Հովսեփի հայոց հերոսական պատմություններով, քանի՜-քանի՜ աշակերտներ էին հայտնագործել-սիրել իրենց հայրենի աշխարհը «Սամվելով», «Դավիթ Բեկով», «Կայծերով»… Եվ շնորհիվ պարոն Հովսեփի է, որ հայ պատանիներս համաիրանական սկաուտական հավաքների ընթացքում բարձրացնում էինք հայոց եռագույնն ու խրոխտ երգում «Զեյթունցիներ» քայլերգը… Եվ ահա պարոն Հովսեփն ասաց. «Ես այսօր կպատմեմ Սողոմոն Թեհլերյանի մասին»։ Այդ օրվանից անցել է 40 տարուց էլ ավելի ժամանակ, բայց դեռ հիշում եմ մեր սիրելի ուսուցչի ոգեշնչված դեմքի արտահայտությունը։ Նա պատմելով հասել էր այն տեղը, երբ Սողոմոն Թեհլերյանն սպանում է հայատյաց Թալեաթին։ Եվ հանկարծ նա կանգնեց, աջ ձեռքը բարձրացրեց, իբրեւ թե ձեռքում ատրճանակ կա, ու բարձր գոռաց. «Կանգնի՛ր, Թալեա՛թ»։ Թալեաթը նրա ձայնի վրա շուռ եկավ։ Սողոմոն Թեհլերյանը մոտեցավ նրան ու անշտապ կրակեց, հետո ատրճանակը գետնին նետեց ու հպարտորեն սպասեց մինչեւ ոստիկանները կգան ու իրեն կձերբակալեն»։ Այդ օրվանից հետո մեր բառապաշարում քավոր Պետրոսի հայտնի խոսքերին գումարվեց եւս մի արտահայտություն` «Կանգնի՛ր, Թալեա՛թ»։ Առաջ ընկնելով ասեմ, որ այդ տարի դասարանական լուսանկարում ես նկարվեցի աջ ձեռքիս մատները ատրճանակ արած` «որպես քաջ վրիժառու Սողոմոն Թեհլերյան»։

Մինչդեռ 1965թ. ապրիլի 24-ն իմ հիշողության մեջ դաջվել-մնացել է եւս մի անմոռաց դիպվածով։

Սովորաբար ապրիլի 24-ի նախօրեին մայրս արդուկում էր իմ ամենալավ կարճաթեւ սպիտակ վերնաշապիկը ու շատ զգուշորեն, որ հանկարծ կտորը չփչացնի, փակցնում էր դպրոցից ստացած սգո սեւ կրծքանշանն ու սգո ժապավենը, որի վրա ոսկե տառերով գրված էր. «Բյուրավոր ու անշիրիմ նահատակաց հիշատակին»։ Ինչ խոսք, այդ տարիներին ես չէի կարող խորությամբ զգալ մեր ժողովրդի նկատմամբ իրագործված ահավոր ողբերգության ամբողջ ցավը, թեեւ մեր ծնողներն ու ուսուցիչները ջանք չէին խնայում այդ գիտակցումը մեզ հասցնելու համար։ Եվ վերնաշապիկիս խնամքով փակցված սեւ կրծքանշանն ու սեւ ժապավենն ինձ ավելի շատ տոնական ուրախ տրամադրություն էին պատճառում, քան տխրություն, ավելին` ես ինձ կարեւոր մարդ էի համարում, եւ ինձ անընդհատ չէր լքում այն զգացողությունը, որ ես մի շատ կարեւոր իրադարձության մասնակիցն եմ եւ կարեւոր մասը… Եվ հպարտանում էի ինձնով… Սակայն իմ այդ լիակատար ուրախությունը շատ հեշտ մթագնում էր ընդամենը մի բան, մի շատ փոքրիկ բան` թվաբանության դասը։ Ես այդ առարկայից թույլ էի, ըստ մեր ուսուցչի` պարոն Վարուժի, ահավոր թույլ, եւ այդ միտքն ինձ նույնիսկ սովորական օրերին էր տխրեցնում, վիրավորում ու խեղճացնում, ուր մնաց` նման հանդիսավոր օրը։ Պարզվում է` իմ օրին էին նաեւ մեր դասարանի բոլոր այն տղաները, ովքեր թվաբանությունից թույլ էին։ Իսկ պարոն Վարուժի` այդ մշտապես կոկիկ ու լավ հագնված երիտասարդ ուսուցչի սարսափը վաղուց արդեն դուրս էր եկել մեր «Նաիրի» դպրոցի սահմաններից ու հասել էր հայաբնակ մյուս թաղամասերի «Րաֆֆի», «Թունյան» դպրոցները։ Ըստ շրջանառվող լեգենդի, նրա խստության մասին լուրը հասել էր շատ ավելի հեռու` քաղաքի կենտրոնում գտնվող «Դավթյան» դպրոց, որը կրում էր մեծ հայրենասեր, ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Եփրեմ խան Դավթյանի անունը։

Թեհրանում ժամանակին, այսօր էլ, գործում է 40-ից ավելի հայկական դպրոց։ Դպրոցներում դասավանդվող լեզուն հայերենն էր, եւ համարյա բոլոր առարկաները` կրոնը, հայոց պատմությունը, հայոց լեզուն, գրականությունը, երգեցողությունը, ձեռքի աշխատանքը հայերենով էինք անցնում, բացառությամբ թվաբանության, պարսից լեզվի ու պատմության։ Թվաբանության դասավանդման լեզուն, իհարկե, պարսկերենն էր, եւ պարոն Վարուժը խոսում էր շատ գեղեցիկ պարսկերենով, ասես պարսկերեն ամեն բառն արտասանելիս նա հաճույք էր զգում։ Նրա այդ գեղեցիկ պարսկերենը սակայն վիրավորում էր աշակերտներիս ազգային գիտակցությունը։ Նրա բերանից մենք դեռ երբեք հայերեն բառ չէինք լսել։ Նույնիսկ կասկածում էինք` գիտե՞ արդյոք, թեեւ նա մեր թաղամասի բնակիչ էր ու չէր կարող հայերեն չիմանալ։

1965 թվի ապրիլի 24-ի նախօրեին նա սովորականի պես դասարան մտավ նոթերը կիտած, խստահայաց։ «Ծույլերիս» սիրտը դողաց։ Դասը դեռ չսկսած` ընկերներիցս Լեւոնը ձեռք բարձրացրեց ու դասարանից դուրս գալու թույլտվություն խնդրեց։ Ի զարմանս բոլորի, պարոն Վարուժը չմերժեց։ «Ծլկե՜ց»,- նախանձով մտածեցի ես։ Դուրս գալիս Լեւոնը շուռ եկավ եւ, ի նշան երախտագիտության, հայերեն ասաց` «ըստեսություն»։ Հանկարծ պարոն Վարուժը Լեւոնին դռնից հետ կանչեց, կանգնեցրեց դասարանի առաջ ու մաքուր հայերենով ասաց. «Մենք «ըստեսություն» բառ չունենք։ Չի՛ կարելի, անմտություն է «ըստ» «տեսություն» ասելը։ Ինչ խոսք, «ցտեսություն» երկար բառ է, բայց կարելի է նաեւ օգտագործել կարճ ձեւը` «Ցո՛»։

Մենք բոլորս զարմացած էինք. հայերենը նույնքան գեղեցիկ էր հնչում նրա շուրթերից։ Եվ այդ օրը ես մեկընդմիշտ սովորեցի ցտեսություն բառը ճիշտ արտասանել։ Այո՛, անցել է 40 տարի եւ ավելի քան 40 տարի ամեն անգամ, երբ այդ բառն ականջիս է հասնում, ես ակամայից հիշում եմ 65 թվականի Եղեռնի 50-ամյակը, որ տոնվեց Թեհրանի «Նաիրի» ազգային դպրոցում եւ այդ ամենի հետ նաեւ պարո՛ն Վարուժին։ Եվ ես ահա տարիների հեռվից ասում եմ. «Շնորհակալություն, պարո՛ն Վարուժ, Դուք այդպես էլ չկարողացաք ինձ թվաբանության գաղտնիքներին հասու դարձնել, բայց փոխարենն ինձ ցույց տվեցիք, թե որքան գեղեցիկ եւ որքան չքնաղ է մեր լեզուն, մեր հայերենը։ 40 տարուց ավելի է, ինչ ցտեսություն բառն ինձ տանում է դեպի իմ մանկությունը, իմ արմատները»։

Եվ «ցո»-ն այլեւս ինձ համար պարզապես տառանուն չէ, բառ չէ, այլ հայրենասիրության ճշմարիտ դաս, որ ես կրում եմ իմ մեջ եւ փոխանցելու եմ իմ ժառանգներին։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. Գ.
Իմ այս հուշագրությունը նոր էր տպագրվել, երբ մի օր տան հեռախոսը զանգեց: Ինչ-որ անծանոթ ձայն ինձ հարցնում է. «Պարոն Գևորգին կարելի՞ է»: Երբեք ինձ այդպես չէին դիմել` «Պարոն Գևորգ»: Ո՞վ կլինի, ավելի շուտ` ո՞վ է այդպես կատակում: Անմիջապես էլ գլխի եմ ընկնում` կարդացել են թերթն ու ահա ինձ են դիմում այնպես, ինչպես ես եմ դիմել իմ ուսուցչին` «պարոն Հովսեփ»: Եվ փորձում եմ կատակասերին ձայնով բացահայտել. տասնյակ անուններ եմ տալիս… Ճարահատ մտերմիկ զայրույթով հարցնում եմ` ո՞վ է: Հեռախոսի մյուս ծայրից պատասխանում են` պարոն Հովսեփը: Հիմա արդեն հաստատ համոզվում եմ, որ կատակում են: Եվ երբ անծանոթ ձայնը նույն ներողամիտ հանդարտությամբ կրկնում է` պարոն Հովսե՛փն է, Հովսեփ Փոլադյա՛նը, Թեհրանի Նաիրի դպրոցի հայոց լեզվի ուսուցի՛չը, ես զգաստանում եմ, ո՛չ, ինչ եմ ասում, ապշում եմ, ականջներիս չեմ հավատում… Մի՞թե երազում եմ… Այդ ձայնը գալիս էր տասնամյակների խորքից, գալիս էր իմ հեռու հեռավոր մանկությունից, անիրական, երազային ժամանակներից… Երբ գրում էի իմ մանկության անմոռաց հուշի մասին, ինքս իմ գրածին չէի հավատում, թվում էր` երևակայության խաղ է, հորինվածք, մտացածին մի պատմություն… Եվ ահա…

Հեռախոսային կցկտուր բացատրություններից իմանում եմ, որ պարոն Հովսեփ Փոլադյանն իր կնոջ հետ արդեն երկու տարի Երևանում է ապրում և զբաղվում է իր տնամերձ փոքրիկ այգին մշակելով: Իսկ իր մասին գրված հոդվածին ծանոթացել էր պատահաբար` զինվորական հարևանի տանը:

…Հաջորդ առավոտյան դպրոցական դստերս հետ, որ չորրորդ դասարանում էր սովորում և ճիշտ այն տարիքին էր, ինչ ես՝ հեռավոր 1965 թ.-ին, գնացի Զեյթուն թաղամաս ու թակեցի պարոն Հովսեփի տան դարպասը: Երբ դուռը բացվեց, ալեհեր ծերունու մեջ ես անմիջապես ճանաչեցի իմ սիրելի ուսուցչին և, ողջագուրվելուց առաջ, կռացա ու համբուրեցի այն դողդոջ ձեռքը, որ համարյա հինգ տասնամյակ առաջ ինձ մեսրոպյան գրերն էր ուսուցանում…

Ասե՞լ, որ գիշերն անքուն էի լուսացրել:

Ասե՞լ, որ աչք չէր կպցրել նաև իմ ծերունազարդ ուսուցիչը:

…Իսկ փոքրիկ դուստրս լաց էր լինում խոշոր ու տաք արցունքներով:

Տեղի էր ունեցել անհնարինը` ես հանդիպել էի իմ մանկությանը:

Գ. Ա.

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Հոգևոր-մշակութային


23/04/2014