Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ»



Բոլորովին վերջերս հայ ընթերցողի դատին ներկայացվեց իսրայելցի գիտնական, պատմաբան, ցեղասպանագետ, Սորբոնի համալսարանի դոկտոր, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի՝ «Անընդունելի անտարբերություն» աշխատությունը։ Հեղինակը փորձում է պարզել, որոշակիացնել հրեաների վերաբերմունքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման հանդեպ։ Գիրքը խնդիր ունի նաև գիտական հիմքի վրա առավելագույն ճշգրտությամբ վերականգնելու պատմական ճշմարտությունը համարյա մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ Յաիր Աուրոնը, որպես պատմությանը քաջատեղյակ և անաչառ գիտնական, չի կենտրոնանում միայն 1915 թվականի իրադարձությունների վրա: Աշխատության առաջին իսկ էջում գրում է. «Հայերի նկատմամբ հաշվեհարդարներն սկսվեցին 19-րդ դարի վերջին տասնամյակներին և բարձրակետին հասան 20-րդ դարի սկզբին»։

Յաիր Աուրոնը, հրեա լինելով հանդերձ, դատապարտում է հրեա ժողովրդին, հատկապես՝ իսրայելական կառավարությանը, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և չդատապարտելու համար՝ նկատելով, որ ժամանակին եթե ճանաչվեր ու դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա հրեաների Հոլոքոստը թերևս տեղի չունենար. «Չճանաչելով, չդատապարտելով այլ ազգերի ցեղասպանությունը, մենք նսեմացնում ենք Հոլոքոստը… Մենք պարտավոր ենք հարգել նաև այլ ժողովուրդների հիշողությունը, պարտավոր ենք խորհրդարանական մակարդակով առաջ տանել Հայոց ցեղասպանության քննարկումը։ Մենք՝ իսրայելցիներս, պետք է առաջինը ճանաչեինք այդ ցեղասպանությունը…»։

Հեղինակին իրապես մտահոգում է այն փաստը, որ Իսրայել ժամանած յուրաքանչյուր պաշտոնական հյուրի հրեաները տանում են Յադ Վաշեմ (Հոլոքոստի պետական թանգարան), բայց, միևնույն ժամանակ, կարողանում են անտարբեր մնալ ուրիշ ժողովուրդների ողբերգությունների ու տառապանքների հանդեպ։

«Սա գիրք է Իսրայել պետության բնույթի և էության մասին, և, գրելով այն, ես՝ որպես անհատ, իմ պարտքն եմ կատարել իմ ժողովրդի, իմ հասարակության և հայ ժողովրդի առջև։ -Գրում է Յաիր Աուրոնը։ -Ես համոզված եմ, որ ժխտելով այլ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը՝ մենք պղծում ենք մեր սեփական Հոլոքոստի ժառանգությունը։ Ահա թե ինչու էի ամենից շատ ցանկանում գիրքս թարգմանված տեսնել հայերեն, քան մի որևէ այլ լեզվով։ Այժմ դա իրականացած հույս է, նույնիսկ՝ երազանք»։

Ընդգծելով Հոլոքոստի առանձնահատկությունը՝ հեղինակը կարծիք է հայտնում, որ այն ավելի կարժևորվի, եթե համեմատության մեջ դրվի այլ ժողովուրդների նկատմամբ իրագործված ցեղասպանությունների հետ։

Հեղինակն իր ընդարձակ աշխատության մեջ հանգամանորեն տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի ծագման, հայկական բարձրավանդակում հայերի հայտնվելու, նրա խաղացած դերի մասին։

Յաիր Աուրոնը, որ ցեղասպանագետների եւ պատմաբանների մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների անդամ է, խորապես անհանգստացած է այն փաստով, որ իսրայելական իշխանությունները համառորեն հրաժարվում են հայ ժողովրդի մեծագույն ողբերգության փաստն ընդունելուց. «Սա վրդովեցնող մոտեցում է նման պատասխանատու հարցին։ Մենք Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչենք ոչ թե այն բանի համար, որ ուզում ենք վրեժխնդիր լինել Էրդողանից, այլ որովհետև մեր ժողովուրդը Հոլոքոստ է վերապրել, և մենք բարոյական պարտավորություն ունենք բոլոր նրանց առջև, ովքեր զանգվածային ոչնչացման են ենթարկվել»։

Յաիր Աուրոնի համոզմամբ՝ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օգնել ապագայում կանխելու նման ոճիրները։

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Հոգևոր-մշակութային, Տարածաշրջան


23/04/2014