Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ԿՌԻՎԸ ԱՐՅԱՆ ԿՌԻՎ Է



Գրող Մկրտիչ Սարգսյանն ինձ հյուրընկալեց իր բնակարանում՝ ջերմ, սրտաբաց, հազար տարվա ծանոթի պես (մինչդեռ առաջին անգամ էինք հանդիպում)։ Արձակագիրը հիվանդ էր (կինը ասաց), սակայն աշխատում էր թաքցնել թուլությունը։ Մեր զրույցի չնչին մասը հոդվածի նյութ դարձավ, որովհետեւ պաշտոնական հարցազրույցը րոպեներ անց վերածվեց մտերմիկ զրույցի. գրողն սկսեց զանազան հուշեր ու զվարճալի պատմություններ պատմել՝ կապված Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Մարո Մարգարյանի եւ շատ այլ գրողների ու արվեստագետների հետ։

-Պարոն Սարգսյան, հայ գրողներից թերեւս միայն Ձեզ են կոչում պատերազմագիր…
-Դա իմ ցավն է, իմ ողբերգությունը, ես անձամբ մասնակցել եմ Մեծ հայրենականին։ Եղել եմ դասակի, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ։Պատերազմն իմ սրտի միջով է անցել։ Ես մինչեւ հիմա չեմ կարողանում առանց արցունքի խոսել պատերազմի մասին։ 1941-ի հունիսի 21-ին մեր դասարանի ավարտական երեկոն էր։ Մենք լի էինք երազանքներով, ավյունով, աշխարհը նվաճելու վճռականությամբ։ Մի քանի օր հետո ես եւ 7 դասընկերներս դիմում գրեցինք, որ մեզ ճակատ տանեն։
-Փոքր չէի՞ք պատերազմ գնալու համար։
-Մենք խորհրդային գաղափարախոսությամբ էինք դաստիարակվել։ Որքան էլ այսօր փնովեն խորհրդային բարքերն ու գաղափարները, մի բան հաստատ է՝ երիտասարդ սերունդը հասակ էր առնում վեհ նպատակներով ու ազնիվ մղումներով, հպարտ ու հայրենասեր։ Մենք շտապում էինք, վախենում էինք, որ կռիվը շուտ կավարտվի, ու մենք չենք հասցնի հերոսանալ, անմասն կմնանք հաղթանակից։ Այսպիսին էր իմ սերունդը՝ խիզախ ու գեղեցիկ։ Կյանքիս առաջին մեծ ողբերգությունը ապրեցի այն ժամանակ, երբ զոհվեց ճակատային ընկերս։ Վայրկյաններ առաջ նա խոսում էր, ապրում, երազում ու… հեռացավ կյանքից այնքան հեշտ…
Պատերազմն ավարտվեց։ Մենք հաղթեցինք, ես վերադարձա հայրենիք։ Բայց… որոշ ժամանակ անց հասկացա, որ պատերազմը շարունակվում է իմ ներսում՝ իմ հոգում, իմ գլխում, իմ արյան մեջ։ Ու ես սկսեցի գրել։ Ես կրկին «անցա» մահ ու նախճիրի, ռումբերի ոռնոցի ու կորուստների միջով։ Գրքերը հաջորդում էին մեկը մյուսին՝ «Ճակատագրով դատապարտվածները», «Սերժանտ Կարոն», «Կյանքը կրակի տակ», «Խաղաղություն պատերազմից առաջ»։ «Չմակարդվող արյուն» գիրքը ավարտելուց հետո հասկացա, որ պատերազմը շարունակվելու է իմ ներսում, քանի դեռ կամ։ Հիշողություններն ապրելու են։
-Ո՞րն էր Ձեր ամենակարեւոր ասելիքը պատերազմի մասին։
-Ես նժարել եմ հայրենիքը։ Ես պատմել եմ, թե ինչ թանկ, անսահման թանկ զոհողություն ենք դրել հայրենիքի փրկության նժարին՝ մեր երիտասարդ կյանքը, մեր երազանքները… Թե որքան ծանր գին ենք վճարել։ Ես ցույց եմ տվել պատերազմի իրական դեմքը, ամենակործան շունչը։
-Թերեւս փոքր-ինչ այլ շեշտադրում ունի Ձեր «Դարավերջի հայը» գիրքը, որն Արցախյան պատերազմի մասին է։ Ո՞վ է դարավերջի հայը։
-Ես ատում եմ պատերազմ սանձազերծողին, բռնացողին, ագրեսորին, ավարառուին, բայց սիրելով սիրում եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարը, որը պայքար է հենց պատերազմի ու բռնության դեմ, ճնշումների ու ստրկության դեմ, վեհացնող է, գեղեցիկ, ազնվացնող։ Արցախյան պատերազմը թուրքի դեմ մեր անավարտ կռվից մի արար էր, մի դրվագ, վրեժի կռիվ էր, արյան կռիվ, արժանապատվության կռիվ էր։ Հայի ամեն սերունդ պիտի իր կռիվը տա թուրքի դեմ, իր բաժին հողը ազատագրի՝ երբեք չմտածելով պարտության մասին։
-Բայց մենք նաեւ պարտվել ենք…
-Հարցնում եք՝ ո՞վ է «դարավերջի հայը»։ Հաղթած հայն է։ Իր ցավը, իր կորուստները ուժ դարձրած հայը, պարտությունից չվախեցող հայը։ Ազատատենչ, հպարտ հայը։ Այո՛, մենք նաեւ պարտվել ենք… երբ չենք հավատացել մեր հաղթանակին։ Երբ չենք միացել խիզախ ըմբոստների պայքարին, զենքը վայր ենք դրել եւ չենք զոհվել մինչեւ վերջին փամփուշտը կրակելով։ Ես համոզված էի, որ Արցախում հաղթելու ենք, որովհետեւ տեսել էի մեր համազգային ոգու ուժը։ Վազգեն Սարգսյանն ընդամենը 500 մահապարտ էր ուզում 100 000-անոց բանակի դեմ։ Միայն իր ազգի, իր ոգու ուժը ճանաչող մարդը կարող է նման խիզախության գնալ։ Գիտեք՝ ո՞րն է մեր կենսունակության գաղտնիքը. անհրաժեշտ 500 մահապարտ, 500 հերոս, 500 դյուցազուն միշտ գտնվում է մեր մեջ ու ազգը դուրս է բերում օրհասից։ Թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ պատերազմի…
-Ճիշտ ասացիք՝ օրհասից։ Քանի դեռ օրհաս չկա, քանի դեռ լինել-չլինելու վտանգ չկա, այդ 500-ը, մեղմ ասած, չեն «ակտիվանում»։
-Գուցեեւ դուք ճիշտ եք։ Ես մտածում եմ, որ մենք մեզ ինչպես հարկն է չենք գնահատում։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ մենք նույնիսկ ազգային սնապարծություն ունենք, սիրում ենք կրկնել մեր մեծերի անունները՝ Նարեկացի, Տիգրան Մեծ, Արամ Խաչատրյան, ասել, որ երբ մենք մշակույթ ունեինք, շատ ազգեր դեռ չէին էլ ձեւավորվել…Մինչդեռ իրականում մենք մեզ լավ չենք ճանաչում, մենք չգիտենք մեր մշակութային ժառանգության ճշմարիտ արժեքն ու կշիռը։ Մենք տեղի-անտեղի խոսում ենք մեր մեծերից, բայց մեր պանթեոնը դատարկ է, մեր մեծերի գերեզմանաքարերին, մահարձաններին ծաղիկներ չկան… Վենետիկում, Բայրոնի սենյակում կարդացի՝ «Ինչ որ լավ է հայերի մեջ, հայերինն է, ինչ որ վատ՝ օտարինն է» կամ «Աստծո հետ կարելի է խոսել միայն հայերեն»։ Օտարները փորձում են խորապես ճանաչել մեզ, հասկանալ հայի ֆենոմենը, տաղանդի ուժը, ոգու ամրությունը, կենսունակությունը։ Գիտեք՝ Գամսախուրդիան ի՞նչ է ասել։ Ասել է՝ «Դուք՝ հայերդ, անհատների ազգ եք, մենք՝ վրացիներս, ազգ ենք ազգովի»։ Ցավոք, Գամսախուրդիան ճիշտ է։ Ցավոք։
-Արցախում անհատնե՞րը հաղթեցին, թե՞ ազգը… Գուցե Գամսախուրդիան այնքան էլ ճիշտ չէ…
-Արցախյան կռիվն ուրիշ էր։ Թուրքի հետ մեր կռիվն արյան կռիվ է՝ իմ հոր, քո պապի կռիվն է։ Ազգի կռիվն է։ Արցախում մենք ազգովի հաղթեցինք։ Ի դեպ, մենք հրաշալի կռվող ենք, բնատուր ռազմական տաղանդ ունենք։ Սեփական փորձից եմ ասում։ Հայրենական պատերազմի ժամանակ ես տեսել եմ թե՛ հայ, թե՛ թուրք մարտիկների։ Թուրքը ոհմակով է ուժեղ, քանակով, զենքով, հայն ուժեղ է ինքն իրենով, իր քաջությամբ, ոգով։ Երբ Արցախյան կռիվն սկսվեց, ես ասացի՝ թուրքերի վերջը եկավ։ Մեր փոքրիկ ազգը Հայրենական պատերազմին 60-ից ավելի գեներալ տվեց, չորս մարշալ, Անդրկովկասը 2 կրկնակի հերոս ունի, երկուսն էլ՝ հայ։
Հա՛, ավելացնեմ, որ իմ «Դարավերջի հայը» գիրքը արժանացավ ԼՂՀ պետական մրցանակի։ Ես շատ եմ պարգեւատրվել, բայց ԼՂՀ պետական մրցանակը համարում եմ ամենաբարձրը, ամենապատվելին։ Այն ընդունեցի մեծ հպարտությամբ։ Երջանիկ եմ, որ Ղարաբաղը անկախ պետություն է եւ իր պետական մրցանակն է տալիս հայ գրողին։ Ես պարտավոր եմ գրել Արցախյան հաղթանակի մասին, որպեսզի ժողովուրդը ճանաչի ու սիրի իր հաղթանակը, հաղթանակի համար կյանքը զոհաբերած հերոսներին։
-Ինչո՞ւ Արցախյան կռիվը չտվեց իր գրողին, կոմպոզիտորին, ինչո՞ւ մեր արվեստը «չվարակվեց» հաղթանակի շնչով, թափով, վեհությամբ…
-Չգիտեմ։ Իրոք, չգիտեմ։ Ժամանակակից հայ արվեստագետը բախտ ունեցավ տեսնելու բաղձալի Անկախությունն ու հայկական բանակի կազմավորման հրաշքը։ Հայկական բանակի առաջին շքերթի ժամանակ ես երեխայի պես լաց էի լինում։ Զինվորները քայլում էին հպարտ, խրոխտ, հաղթած։ Բանակը մեր ամենաոգեղեն, ամենամաքուր, ամենահերոսական տարածքն է։ Բանակը մեր համազգային վեհությունն է, արժանապատվությունը, հայրենասիրությունը։ Բանակը իմն է, բանակի թերությունը ի՛մ թերությունն է, բանակի զորությունը ի՛մ զորությունն է։ Ես բանակը սիրում եմ՝ ինչպես կսիրեմ երեխայիս, որդուս։
Արվեստը պիտի ավելի հաճախ անդրադառնա բանակին։ Գրքեր պիտի գրվեն, ֆիլմեր պիտի նկարվեն, ներկայացումներ բեմադրվեն։ Հայ սպան ու զինվորը պիտի ֆիլմի հերոս դառնան, բեմ բարձրանան։ Տարիներ առաջ մի պաշտոնյա կոպտել էր իր ենթակային։ Վերջինս արժանապատվորեն ասել էր՝ ինձ մի՛ վիրավորեք, ես ճակատային եմ։ Այսինքն՝ ես արժեք եմ, ես մեծ վաստակ ունեմ, ես պատվելի եմ։ Մեր զինվորն ու սպան սահման են պահում, նրանք կանգնած են թշնամու առաջ, իրենց կյանքի գնով մեր կյանքն են պաշտպանում։ Նրանք պիտի հասարակության մեջ իրենց բարձր, ամենաբարձր դիրքն ունենան։ Նրանք պիտի չափանիշներ թելադրեն։ Պիտի լինեն սիրված ու հարգված։
-Պարոն Սարգսյան, կարծում եք՝ հասարակության մեջ բարձր (ամենաբարձր) դիրք ունենալու համար բավական է միայն պատերազմում հաղթելը կամ սահման պահելը։ Խաղաղությունն իր օրենքներն ունի, իր առաջնահերթությունները։ Պահանջում է նաեւ ուրիշ արժեքներ եւ արժանիքներ։ Ասենք՝ ինտելեկտ, բարեկեցություն, օրինապահություն, ազնվություն։
-Ես լավ եմ ճանաչում մեր բարձրաստիճան սպայականությանը։ Նրանք մտավոր բարձր կարողություններ ունեն, բարեկիրթ են, օրինավոր են, ազնիվ են (համենայն դեպս՝ մեծ մասը) եւ կարող են ձեւավորել այն պատկառելի ու հզոր խավի դիմագիծը, որը կոչվում է զինվորականություն։ Պարզապես, պետք է փոքր-ինչ ակտիվ ու նախանձախնդիր լինել։ Սիրելիներս, բանակը դուք եք, մեր պաշտելի, մեր երազած բանակը դուք եք։ Մաքրեք Ձեր շարքերը պատեհապաշտներից ու պատահական մարդկանցից։ Փառավորեք մեր հայ զինվորին, դարձրեք ուժեղ, արժանապատիվ, ոգեղեն, հպարտ։ Ես հավատում եմ ձեզ։ Հավատում եմ, որ խաղաղ բանակաշինության ծանր փորձությունից նույնպես հաղթանակած եք դուրս գալու։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/04/2011