Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ



Ինժեներասակրավորային զորքերը ռազմական գործողություններին իրենց ներգրավվածությամբ անգնահատելի, նույնիսկ ճակատագրական ազդեցություն կարող են ունենալ ռազմական գործողությունների ընթացքի ու ելքի վրա: Անփոխարինելի է ինժեներական զորքերի նշանակությունը մանավանդ լեռնային շրջաններում ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակողական մարտերի ժամանակ: Զինված ուժերի այս կարևոր զորատեսակի ձեռքբերումների, զարգացման հեռանկարների և առկա խնդիրների մասին է մեր հարցազրույցը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Հարությունյանի հետ:

-Զորատեսակը բազմաթիվ խնդիրներ է իրականացնում, համառոտ ներկայացրեք, խնդրեմ, անցած ուսումնական տարվա ձեռքբերումները:

-Մենք ամեն տարի ճանապարհաշինական, կամրջաշինական, ինչպես եւ ամրաշինական ծավալուն ծրագրեր ենք իրականացնում: Ինժեներական աշխատանքները կատարվում են վարչության ենթակա զորամասերի, մյուս զորամասերի համապատասխան ստորաբաժանումների ուժերով: Նախ՝ հարկադրված ենք լինում ամեն տարի հալոցքներից, տեղատարափներից հետո կատարել նորոգման աշխատանքներ, որպեսզի բարձր լեռնային գոտիներում տեղակայված հենակետերի հետ կապը լինի անխափան, հերթափոխները կատարվեն ժամանակին ու ապահով, սահման պահող զինվորների սնունդը չուշանա: Միաժամանակ կառուցում ենք նոր ու անվտանգ ճանապարհներ: Շարունակում ենք ապահով ու անվտանգ կառույցների տեղափոխումն ու տեղադրումը: Անցած տարի շատ բարձրակարգ ճանապարհ ենք կառուցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջաններից մեկում:

-Պարոն գնդապետ, քանի որ խոսում ենք ինժեներական աշխատանքներից, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ վիճակում է բանեցվող տեխնիկան, և ինչպե՞ս եք համագործակցում մեր քաղաքացիների, առանձին կազմակերպությունների հետ:

-Հարցը տեղին է. ինչ խոսք, Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած մեքենայական պարկում հին սերնդի մասնագիտական մեքենաներ շատ կան, բայց մեզ համար պիտանի տեխնիկայի ամենօրյա գործածական միջոցներն այնքան էլ հին չեն, և մենք դրանք հաջողությամբ պահպանում ու շահագործում ենք: Զուգահեռաբար կատարվում են ինժեներական տեխնիկայի նորացման աշխատանքներ, ձեռք ենք բերում ժամանակակից տարբեր նշանակության մեքենաներ, տրակտորներ, բուլդոզերներ, խրամատափոր, ականազերծող և այլ նշանակության մեքենասարքավորումներ: Անհատների դիմում ենք հազվադեպ, առանձին դեպքերում, եթե հարկ է լինում՝ օրենքով նախատեսված կարգով դիմում ենք համագործակցել ցանկացողների օգնությանը:

-Ասում են՝ սակրավորը սխալվում է մեկ անգամ, ասացեք խնդրեմ՝ ո՞րն է Ձեր աշխատանքի նշանաբանը, որով առաջնորդվում եք:

-Մեր ծառայության, այսպես ասած, կարգախոսն է՝ քիչ միջոցներով, նվազագույն կորուստներով (ավելի լավ է առանց կորուստների) ավելի շատ վնաս և ավելի շատ կորուստներ պատճառենք հակառակորդին: Դրա համար հարկավոր է ճիշտ հետախուզություն կատարել: Կարևոր է ստեղծել այնպիսի արգելափակոցներ, որոնք կկանխեն, կխոչընդոտեն հակառակորդի շարժը, առաջխաղացումը, միաժամանակ պետք է աշխատել հակառակորդի արգելափակոցներն առանց կորուստների ճեղքելու ուղղությամբ: Մեծ է ինժեներական զորքերի դերն ու նշանակությունը մարտական ստորաբաժանումների քողարկման, նրանց կենսունակության բարձրացման գործում:

-Պարոն գնդապետ, գաղտնիք չէ, որ սակրավորային զինամթերքը մշտապես կատարելագործվում է, մարդիկ ձգտում են ստեղծել ականորսիչների համար «անծանոթ» ականներ, պայթուցիկ սարքեր: Մեր հակառակորդը կարո՞ղ է մեզ մոլորեցնել…

-Կարծում եմ, որ ոչ, որովհետև մեր ունեցած տեխնիկան համապատասխանում է այսօրվա միջազգային չափորոշիչներին:

-Մեր ստորաբաժանումներն ապահովված չեն այնպիսի մասնագիտական համազգեստով, ինչպիսին ականազերծման կենտրոնինն է, հնարավոր չէ՞ այդ հարցը որեւէ կերպ լուծել:

-Մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ գործողություններ ծավալել: Մոտ ապագայում մեր սակրավորները համալրված կլինեն լավագույն հանդերձանքով և սպառազինությամբ: Խնդիր է դրված զորամասերի ստորաբաժանումների հնարավորություններն ու մարտունակությունը բարձրացնել այնքան, որպեսզի նրանք ինքնուրույն լուծեն առաջնագծի բոլոր խնդիրները: Միաժամանակ մենք ձգտում ենք սակրավորի աշխատանքում նվազագույնի հասցնել մարդկային գործոնը:

-Արդյոք կա՞ համագործակցություն հայրենի գիտական, արտադրական կազմակերպությունների հետ:

-Երբ ասում եմ, որ ծրագրված է վերոնշյալ հարցերին լուծում տալ մոտ ժամանակներս, ապա նկատի ունեմ, որ դրանց մեծ մասը կյանքի է կոչվելու հենց հայրենական գիտության և արտադրության միջոցով, եւ արդեն իսկ լուրջ հաջողություններ ունենք: Մենք արտադրում ենք զորատեսակին անհրաժեշտ միջոցներ, որոնք հետաքրքրում են նույնիսկ մեր ռուս գործընկերներին: Մենք բազմաթիվ խելացի առաջարկներ ենք ստանում մեր գիտաշխատողներից, նույնիսկ շարքային քաղաքացիներից և դրանք ուղարկում ենք համապատասխան ուսումնասիրության, փորձաքննության:

-Կա՞ն խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:

-Այսօր մեր զորամասերը, նորոգման արհեստանոցներն ունեն կռունկավարների, տրակտորիստների, ավտոէլեկտրիկների, եռակցողների, նորոգող վարպետների կարիք, և այս բացը լրացնելու համար, իմ կարծիքով, պետք է աշխատանք տանել գործող քոլեջներում, պաշտպանամարզատեխնիկական ընկերության տարածքային կազմակերպություններում պատշաճ ուսուցում կազմակերպելու միջոցով:

-Անցած ուսումնական տարում ո՞ր զորամասերի ինժեներական ծառայություններն են ավելի լավ կատարել իրենց առաջադրանքները:

-Այդ տեսակետից ուզում եմ առանձնացնել փոխգնդապետ Ա. Մանուկյանին, մայոր Լ. Ղահրամանյանին, մայոր Է. Գրիգորյանին, մայոր Հ. Մակարյանին, մայոր Կ. Ավետիսյանին:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ազգային բանակ


06/03/2014