Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ

Սկիզբը` 2013 թ. թիվ 44 – 2014թ. թիվ 6-ում

-Ընկե՛ր մայոր, ճի՞շտ է, որ պսկովցիները հայտնի են իրենց ֆիզիկական ուժով,-հարցրեց Աբոն:

-Ճի՛շտ է, դարբնությունը այստեղ տարածված է եղել: Դարեր շարունակ Ռուսաստանում ամենալավ ամրանները, շղթաները, ծխնիները, դռների բռնակները և էլի շատ ու շատ բաներ Պսկովում են պատրաստել: Արհեստագործական այդ առարկաներն օգտագործվել են կենցաղում, տներ կառուցելիս…
Մինչ պատվիրված ուտեստները կմատուցեին, մայոր Ֆյոդորովը սկսեց հետաքրքրվել մեր հետագա ծրագրերով: Իմանալով, որ սովորելու ցանկություն ունեմ, առաջարկեց մնալ ու սովորել Պսկովի մանկավարժական ինստիտուտում: Ասացի՝ լեզվական դժվարություններ կունենամ և հետո էլ ուզում եմ ոչ թե պարզապես դիպլոմ ունենալ, այլ նախընտրածս կրթությունն ստանալ հայկական բանասիրականում:

-Դա արդեն ուրիշ հարց է, հակառակ դեպքում՝ մենք այստեղ ամեն ինչով կօգնեինք քեզ:

Ի վերջո, բերեցին խոզի մսով տապակած կարտոֆիլը: Ֆյոդորովը հորդորեց, որ չամաչենք ու կարգին ուտենք, թեպետ շատ էինք զինվորական ճաշարանում միասին հաց կիսել, բայցևայնպես, գիտեինք, որ նրա սկզբունքներից մեկը զինվորներին լավ կերակրելն է, ուստի բոլորովին էլ չէինք քաշվում: Երբ կարտոֆիլը կերանք և սկսեցինք կում-կում գարեջուր խմել, Ֆյոդորովն ասաց.

-Տղե՛րք, ձեզ մի բան պիտի խնդրեմ, անցած բան է, ձեզ համար նշանակություն չունեցող, բայց ինձ կարող է պետք գալ,- զարմացած նայեցինք իրար՝ ինչ կարող է հարցնել, իսկ ինքը շարունակեց,- միայն խնդրում եմ՝ անկեղծ լինեք, ճիշտն ասեք:- Խոստացանք, որ ինչ էլ հարցնի, ազնվորեն կպատասխանենք: -Խոսքս Նոր տարվա մասին է: Հիշում եք, թե ես ինչ խիստ հսկողություն էի սահմանել, քանի տեղ էի սպաների ներգրավմամբ օրապահներ կարգել, բայց նույնիսկ այդ պայմաններում դուք կարողացել էիք խմիչք ներս բերել, էն էլ ինչքա՜ն… կարծեմ՝ վեց շիշ… Ուզում եմ՝ գաղտնիքն ասեք, իմանամ, որ նման սխալ թույլ չտամ, դրա համար էլ խնդրում եմ՝ ճշմարտությունը ներկայացնեք:

Թեև Ֆյոդորովի կողմից մեր թույլ տված սխալին անդրադառնալը մի տեսակ անակնկալ էր, բայց նա շատ նրբորեն էր հիմնավորում իր ուզածը, ու մենք էլ չէինք կարող անկեղծ չլինել այդ իրոք մեծահոգի, բարեսիրտ մարդու նկատմամբ: Այնուամենայնիվ, խոսելը դժվար էր, գլուխներս կախեցինք, սկսեցինք քթներիս տակ ծիծաղել: Հետո Աբոն խոսքը ծամծմելով՝ ասաց.

-Ընկե՛ր մայոր… գիտե՞ք… խմիչքը վեց շիշ չէր, շատ էր:

-Շա՞տ, ինչքա՞ն շատ…

-Դե, մի երեք-չորս անգամ շատ,-Ֆյոդորովը ձգվեց, զարմացած նայեց բոլորիս, Աբոն շարունակեց,-ալկոհոլայինը քիչ էր, շատը լիմոնադն ու պունշն էին:

-Կարևոր չէ, թե ինչ է եղել, հետաքրքիր է, թե ոնց եք ներս բերել այդքանը,- սկսեց հաշվել,-քսանից ավելի, չէ՞:

-Թերմոսներով, ճաշի թերմոսներով,-միանգամից կարճ կապեց Աբոն, ու Ֆյոդորովը ձեռքի ափը խփեց ճակատին։

-Ա՜խ, խորամանկներ:

Հետո ներկայացրինք մանրամասները` սկզբում որքան ենք գնել, ու թե ոնց է Սերժիկ Ստեփանյանի հորեղբոր նվիրատվության շնորհիվ այդքան շատացել, ինչպես ենք անձնակազմի ստուգման ժամանակ թաքցրել գնումների գնացած տղաների բացակայությունը, ոնց ենք բարձրացրել վեր ու թաքցրել…: Ֆյոդորովին հետաքրքրում էր ամեն մի մանրուք, իսկ վերջում ասաց.

-Կեցցե՛ք, բան չունեմ ասելու, փաստորեն լուրջ «ռազմական գործողություն» եք իրականացրել, շատ ուսանելի է,-ասաց ու որոշ դադարից հետո շարունակեց,-եթե կռվի ժամանակ էլ նման հնարամտություն ցուցաբերեք, իմացե՛ք, որ չեք կորչի: Շնորհակալ եմ անկեղծության համար:

Խորովածն արդեն բերել էին, որն էլ մեզ շատ համեղ թվաց, ախորժակով կերանք, կարոտած: Ֆյոդորովի հետ այս անկեղծ խոսակցությունից հետո ես մի տեսակ հոգեկան թեթևություն զգացի:

FFF

Նոյեմբերի չորսին՝ ճաշից առաջ, փոխգնդապետ Գերասիմովն ինձ իր մոտ կանչեց և ասաց.

– Ղազարյա՛ն, ես գիտեմ, որ դու շատ լավ ես ծառայել, քեզնից բոլորը գոհ են, նույնիսկ առաջարկած արձակուրդից ես հրաժարվել: Քիչ առաջ ձեր զինկոմիսարիատից հեռագիր ստացանք: Փոքր եղբորդ երկու օրից բանակ են տանում, եթե այսօր քեզ բաց թողնեմ, կհասցնես տեսնել:

Ասացի, որ կհասցնեմ: Նա վերցրեց զինգրքույկս, կանչեց շարային մասի պետին, հաշվապահին, կարգադրեց, որ տան ամփոփման թերթիկը, կատարեն աշխատավարձի վերջնահաշվարկը, ինձ էլ պատվիրեց, որ զգեստափոխվեմ ու ճամպրուկով ներկայանամ: Ես շատ արագ գործերս կարգավորեցի, ստացա ինձ հասանելիք գումարը` երեք հարյուր վաթսուն ռուբլի և ներկայացա հրամանատարին: Նա ստուգեց ճամպրուկս, որի մեջ հիմնականում գնածս քաղաքացիական հագուստն էր, և երբ տեսավ, որ ամեն ինչ կարգին է, կանչեց քաղգծով իր նոր տեղակալին՝ մայոր Սամոյլովին:

-Ընկե՛ր մայոր, շարքային Ղազարյանն իր ծառայությունը կատարել է պատվով, և ես որոշեցի նրան այսօր զորացրել, որպեսզի ժամանակին տուն հասնի և տեսնի բանակ մեկնող եղբորը: Իհարկե, եթե իրավիճակն այսպիսին չլիներ, մենք նրան կճանապարհեինք՝ ինչպես հարկն է, ամբողջ զորքի ներկայությամբ, հանդիսավոր կերպով, բայց ժամանակը չի ներում: Եթե դուք շարքային Ղազարյանին ասելիք ունեք, խնդրե՛մ, եթե ոչ, նրան ասենք շնորհակալություն և մաղթենք բարի ճանապարհ ու հետագա հաջողություններ անձնական կյանքում:

Քաղղեկն ավելացնելու բան չուներ, և Գերասիմովն ինձ հանձնեց արդեն կնքած զինգրքույկս: Պատվի առնելով՝ հրաժեշտ տվեցի նրանց, դրսում զրուցող սպաներին, որոնց մեջ էր նաև Ֆյոդորովը, ընկերներիս ու դուրս եկա զորամասից: Գրեթե վազքով հասա ավտոկայան: Երկու ժամից արդեն Պսկովում էի, որոշել էի Երևան թռչել Տալլինից ու նստեցի Տալլին-Ռիգա-Վիլնյուս երթուղու գնացքը: Պարեկների հետ գործ չունենալու համար հենց գնացքում էլ փոխեցի արտահագուստս: Առավոտյան Տալլինում էի: Թռիչքը Երևան կայանալու էր երեկոյան` 21.30-ին ու թեև ծառայության ընթացքում կարճատև գործուղումով երկու անգամ արդեն եղել էի Էստոնիայի մայրաքաղաքում, այդուհանդերձ, ուրախ էի, որ ամբողջ օրն ազատ եմ ու դարձյալ շրջելու եմ այս ոչ շատ մեծ եվրոպական քաղաքի կենտրոնական մասում և էստոնացիների կողմից բարեխղճորեն պահպանվող հին ճարտարապետությանը ծանոթանալու ևս մեկ հնարավորություն ունեի: Նախաճաշեցի «Տասը րոպեանոց» սրճարանում, որից հետո սկսեցի թրև գալ վերանորոգման համար գրեթե ամբողջովին տախտակամածների մեջ առնված կենտրոնական թաղամասերում, իսկ երեկոյան՝ օդանավակայան մեկնելուց առաջ, գնացի «Կովկաս» ռեստորան:

FFF

Կեսգիշերին ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոցում»: Գյուղի ճանապարհին տաքսու վարորդը կասկածանքով հարցրեց.

-Կարողա՞ բանակից ես գալիս։

Ասացի` ոչ, գործուղման էի: Չեմ սիրում զորացրված տղաներին տուն հասցնող «շահամոլ վարորդներին», նրանց կեղծ բարեսրտությունը, քանի որ ամեն ինչ արվում է միմիայն հայրենիքի հանդեպ պարտքը կատարած տղաներից, նրանց ծնողներից, հարազատներից, որքան հնարավոր է, շատ փող պոկելու համար: Գյուղի կենտրոնում վճարեցի նրան խոստացածս տասնհինգ ռուբլին ու նրան ետ ճանապարհեցի:

Միայնակ կանգնել էի իմ հարազատ փողոցում, ու ոտքերս դողում էին, մի՞թե արդեն տանն եմ, ոնց անցան կյանքիս երկու տարիները, որքան մեծ ու որքան փոքր է աշխարհը… Խաղաղ գյուղի վրա կախվել էր Լուսաստղը` մեծ, պայծառ և շատ մոտիկ: Ձորից լսվում էր Ազատ գետի խշշոցը, ինչը ցերեկով երբեք չի լսվում: Մեծացել, բարձր հասակ էին առել Հայրենական պատերազմում զոհված գառնեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի հետեւի բարդիները, որոնցից մեկն էլ ես էի տնկել: Մի կուշտ խմեցի ցայտաղբյուրի սառը ջրից ու հանգիստ քայլեցի տուն:

Մերոնք քնած էին, կամաց ներս մտա, վառեցի լույսը…

Երեկոյան եղբորս ճանապարհեցինք բանակ` Չիտա: Հաջորդ օրը իմ վերադարձի կապակցությամբ աչքալուսանքի եկած մարդկանցից իմացա, որ խորհրդային զորքերը մտել են Աֆղանստան, չին-վիետնամական պատերազմի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր:

FFF

Անցան տարիներ, ես արդեն սովորում էի համալսարանում ու մի օր դասամիջոցին հանդիպեցի Արսենին: Եկել էր բարեկամուհուն տեսնելու, որը, պարզվեց, իմ համակուրսեցին էր: Միասին գնացինք սրճարան, զրուցեցինք, հիշեցինք զինվորական ծառայությունը, իրարից հետաքրքրվեցինք մեր ընկերներով: Երբ Նիզամիից հարցրի, ասաց, որ նստած է, դատել են.

-Ինչի՞ համար։

-Գողության: Համագյուղացիներից եմ լսել:

FFF

Ավարտական կուրսում ամուսնացա: Հարսանիքիս, բնականաբար, հրավիրել էի նաև բանակի ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր մոտ էին ապրում, և իրար հետ կապ էինք պահպանում: Այդ ժամանակ Աբոն առաջարկեց հավաքվել, որքան հնարավոր է, ավելի մեծ խմբով ու մի լավ քեֆ անել: Շատ չանցած՝ նա անցավ գործի ու խոստացած հավաքը կազմակերպեց: Բոլորին հրավիրել հնարավոր չէր, ես համակուրսեցուս միջոցով կանչեցի Արսենին: Երբ արդեն գլուխներս տաքացել էր, ու առաջարկ եղավ խմել բացակա ընկերների կենացը, Խաչիկը դարձավ Արսենին.

-Սերժանտ Դավթյան, մեր էն ոչ բարով ընկերը դեռ նստա՞ծ է:- Ովքեր գիտեին, որ Նիզամին բանտում է, հասկացան, թե խոսքն ում մասին է, և սկսեցին հեռակա «օրհնել», Նիզամի Բայրամօղլիին։ -Գերասիմովը երկու ամսում նրա մեջ բանտային ռեժիմի հանդեպ կախվածություն սերմանեց, -եզրակացրեց Վարդանը:

-Եվ երբ տղերքի հիշողությունները կամաց-կամաց մարեցին, Արսենը հանկարծ նստած տեղից ոտքի կանգնեց.

-Տղե՛րք, ոնց ասեմ… ,-մի քիչ լռեց ու շարունակեց,-Նիզամին չկա, մեռել է… ավելի ճիշտ, սպանել են:

-Ո՞նց:

-Չի կարող պատահել… երևի բանտում են սպանել:

-Չէ, բանտում չէ, սարում: Ձմռանն էր բանտից դուրս եկել: Մի երկու ամիս առաջ իրենց գյուղսովետի նախագահին հանդիպեցի ու նրա ասածն եմ պատմում: Ազատվելուց հետո էս ամռանը սար են բարձրանում, Նիզամին զանգելանցիների արոտավայրերից տավար է գողանում, հինգ կամ վեց երինջ, բերում, թաքցնում է, որ աղմուկն անցնելուց հետո տանի, հանձնի մսի գործ անողներին, բայց ծրագիրն իրականացնել չի հաջողվում, ինչ-որ մեկը մատնում է, ու զանգելանի ադրբեջանցիները գալիս, Նիզամիին գտնում են: Վրանի տակ վիճում են, Նիզամին հրաժարվում է երինջները վերադարձնել, հետո էլ զանգելանցիների վրա դանակ է քաշում, կռվում են, ու էդ նրանցից մեկը ձեռքն ընկած արդուկով խփում է Նիզամիի գլխին, հիշո՞ւմ եք են փայտածուխով տաքացվող ցարական արդուկը, որ առել էր, հենց էդ արդուկով:

Ես անմիջապես հիշեցի, թե որքան ծանր էր…

-Չեմ հավատում, Նիզամին մեռնող պտուղը չէր,- լռությունը խախտեց Սահակը:

-Եթե ասեին՝ սպանողը հայ է եղել, ես էլ չէի հավատա, բայց որ ասում է՝ ադրբեջանցիներն են սպանել, չեմ կասկածում,- վստահաբար վերջակետ դրեց Աբոն:

Դարձյալ լռություն տիրեց՝ նախորդից որակապես տարբերվող… Աբոն չդիմացավ, ձեռքն առավ բաժակը և ինչպես «հին ու բարի ժամանակներում»՝ ասաց.

-Տղե՛րք, խմենք մեր բանակային անաղարտ ու երբեք չմոռացվող ընկերության կենացը…

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Երևան, 2011թ.

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Հոգևոր-մշակութային


27/02/2014