Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՎԻՊԱԿ

Սկիզբը` 2013 թ. թիվ 44 – 2014թ. թիվ 5-ում

Սեպտեմբերն էլ, ուր որ է, կավարտվեր, բայց մեր «ակորդային» աշխատանքը դեռ չէր սկսվել: Մենք էլ, կապիտան Ռոդիոնովն էլ հասկանում էինք, որ այն երբեք էլ չի սկսվի: Բայց նույնպես Ռոդիոնովը չէր ուզում ժամանակից շուտ մեզ Օստրով ուղարկել, որովհետև վաշտում մեր ներկայությունը կարևոր էր, իսկ աշխատանքի վրա նա թքած ուներ:

Սկսել էինք նախապատրաստվել զորացրմանը: Որոշեցինք շալվար կարել տալ: Ենթասպա Միշա Բոգդանովն ասաց, որ Բալդարայում լավ դերձակ կա:

-Հետը կխոսեմ, և ձեզ կասեմ՝ երբ մոտը գնաք:

Հաջորդ օրն ասաց, որ արդեն պայմանավորվել է, միայն պետք է առավոտ կանուխ գնալ, մինչև ժամը ինը: Երբ ազատական ուզեցի, նեղսրտեց.

-Ինչ ազատական, թերթիկ չունեմ, երկու քայլ է, ձեզ ո՞վ բան կասի, արագ կգնաք-կգաք:

Հաջորդ առավոտյան՝ նախաճաշից անմիջապես հետո, ես ու Աբոն գնացինք Բալդարա, որը գրեթե կպած է Ուզդվինսկին և ավտոբուսով հինգ-վեց րոպեի ճանապարհ է: Միասին ընտրեցինք կտորը, դերձակը վարպետորեն վերցրեց մեր չափսերը, և մենք ազատ էինք: Վերադարձին, երբ ավտոբուս բարձրացանք, այն գրեթե դատարկ էր: Միայն նստարաններից մեկին Բորմանն էր նստած, ձեռքին շատ ճոխ մի ծաղկեփունջ, կողքին` միջին տարիքի շատ գեղեցիկ մի կին: Երկուսի տրամադրությունն էլ բարձր էր: Մեզ տեսնելով՝ Բորմանն ավելի պայծառացավ.

-Արծիվնե՛րս… իմ զինվորներն են, իմ զինվորները, օհ, ինչ տղաներ են, ինչ տղաներ, Լարիսա Վլադիմիրովնա, շատ լավն են, շա՛տ, խելացի զինվորներ են, իսկական շինարարներ, պատվախնդիր հայեր…

Բորմանը դեռ շարունակում էր մեր գովքը, երբ ավտոբուսը հասավ Ուզդվինսկի վերջին կանգառ: Առաջինը, ծաղկեփունջը գրկած, իջավ նա և օգնեց տիկնոջը, այդ ընթացքում էլ հասցրեց համբուրել նրա ձեռքը: Երբ մենք էլ նրանց հետևից ցած իջանք, և ավտոբուսը շարժվեց, Բորմանը հանկարծ թևքը վեր քշտեց և, ժամացույցին նայելով, միանգամից լրջացավ:

-Կացե՛ք, սրիկանե՛ր, դուք այս ի՞նչ եք անում, հը՛, էս ժամին որտեղի՞ց եք գալիս: Դուք հիմա պետք է շարահրապարակում կանգնած լինեիք, որտե՞ղ եք գիշերն անցկացրել, հը, ձեզ ազատությո՞ւն եք տվել, հա, փախե՜լ եք, հա՞, գիշերը լրբերի հե՞տ եք անցկացրել, հա՜, սրիկանե՛ր…, ես էլ ձեզ մի գլուխ գովում եմ… Լարիսա Վլադիմիրովնա, սրանք շարքային խուլիգաններ են, անբարոյական լրբերի հետևից են քարշ գալիս, անամոթներ, ես ձեզ ցույց կտամ…

Մինչ Բորմանն առանց դադարի նախատում էր մեզ, տիկինը` Լարիսա Վլադիմիրովնան, լիաթոք ծիծաղում էր: Եվ երբ շունչը տեղը բերելու համար Բորմանը մի ակնթարթ խոսքին դադար տվեց, Աբոն անմիջապես ասաց.

-Իրավացի չեք, ընկեր գնդապետ, մենք չենք փախել, գիշերը զորանոցում ենք եղել և ենթասպա Բոգդանովից էլ թույլտվություն ենք առել, որ հենց այս ժամին Բալդարա գնանք շալվար կարելու:

-Ձայնդ, անամո՛թ, կարծես ես նոր եմ քեզ ճանաչում, համոզված եմ, որ դուք պոռնիկների մոտից եք գալիս:

-Թող… թող… թող որ այդպես լինի,- ծիծաղը մի կերպ զսպելով՝ միջամտեց կինը,- ի՞նչ մի վատ բան է, Անդրեյ Արտյոմիչ, տղաներն ասում են, որ դերձակի մոտից են գալիս, ինչու չհավատալ երիտասարդներին, և եթե նույնիսկ, ինչպես դուք եք պնդում, կանանց շրջապատում են եղել, ի՞նչ կա որ, սերը հետաքրքիր է դարձնում ծառայությունը, չնայած, էլի եմ ասում, զինվորներին հավատալ է պետք, մանավանդ, ինչպես ինքներդ ասացիք, նրանք հրաշալի տղաներ են…

Գնդապետը թողեց, որ կինն ավարտի ասելիքը և այդ ընթացքում մի փոքր հանգստացավ, հանդարտվեց, բայց նա Բորմանն էր ու քանի որ սկսել էր, չէր կարող միանգամից հետ կանգնել: Մենք նրան լավ էինք ճանաչում` պոռթկում էր հանկարծահաս փոթորկի պես ու շուտ էլ հանդարտվում, սիրտը մաքուր էր, ոչ մեկի վատություն չէր անի:

-Արդարացնո՞ւմ ես, հա, անպատկառներին, ախր, սրանք մի ամսից տուն են գնալու, չեմ ուզում, որ հետները ինչ-որ սիրային ախտ շալակեն, մեղք են, չէ որ վաղը, մյուս օրը ամուսնանալու են: Լավ, շուտ գնացեք զորամաս, գալու եմ ստուգեմ, տեսնեմ տեղում եք, թե չէ։ -Աբոն նորից կրկնեց, որ Բոգդանովի թույլտվությամբ ենք զորամասից դուրս եկել, ու Բորմանը ձայնը կրկին բարձրացրեց:

-Տե՛ս, է, էլի աղվեսը պոչին է վկա բերում, մի կնամոլն էլ Բոգդանովն է, կարծես չենք ճանաչում, ընտանիքը Պսկովում թողած՝ ամիսներով Ռիգայում է քարշ գալիս, ինչ է, ձեզ թվում է՝ չգիտեմ, թե ինչու է փախչում կնոջից… ասացի՝ քայլով մարշ, դեպի զորամաս, շո՛ւտ…

♦♦♦

Նոյեմբերի մեկի առավոտյան կապիտան Ռոդիոնովն ինձ, Ալբերտին, Չալաբյան Սոսին և Պետյա- Վարդանին, զորացրման նպատակով, Օստրով գնալու համար գործուղման թերթիկներ տվեց.

-Անկախ նրանից, ես այստեղ կլինեմ, թե չէ, երեկոյան գնացքով դուք կմեկնեք: Միշա Բոգդանովը ձեզ կճանապարհի,- ասաց ու գնաց:

Գիտեինք, որ գնացքը ժամը 22.00-ին է շարժվում, ու որոշեցինք դուրս գալ 20.00-ին: Երբ Բոգդանովին ջերմորեն հրաժեշտ տալով ամենքս մեր ճամպրուկները վերցրինք ու զորանոցից դուրս եկանք, պարզվեց, որ թալիշ Մամեդով եղբայրները մեզ համար անակնկալ են պատրաստել: Ճանապարհի կեսին, նրանց գլխավորությամբ, մեզ էր սպասում նորակոչիկների քառասուն հոգանոց խումբը, որոնցից շատերի ձեռքերում երկար փայտեր էին՝ ծայրերին դյուրավառ նյութով թրջած քրջեր կապած: Մեր մոտենալուն պես տղաները վառեցին իրենց ձեռքի ջահերը և ուրախ բացականչություններով, հարայ- հրոցով մեզ ուղեկցեցին մինչև ավտոբուսի կանգառը: Ջահերով երթն ինձ ակամա հիշեցրեց մանկությանս տարիների գյուղական հարսանիքները, որոնք տեղի էին ունենում ուշ աշնանը կամ ձմռանը, երբ ցերեկը կարճանում էր, ու մարդիկ թոնրի շշի ծայրին ամրացրած աթարի վրա նավթ էին լցնում, վառում ու լուսավորում հարսանքավորների ճանապարհը:

-Ես մինչև մահ քեզ չեմ մոռանա,- հրաժեշտ տալիս արտասվախառն ձայնով ականջիս շշնջաց իմ ընկեր Մամեդովը:

♦♦♦

Հաջորդ օրվա ճաշին հասանք հիմնական տեղակայման՝ մայր զորամաս, որտեղ միայն տասնչորսօրյա կարանտինն ու դրան հաջորդած ծառայության մեկ շաբաթն էինք անցկացրել և առանձնապես էլ ցնցող զգացումներ, հուշեր և հիշողություններ չունեինք, բայց ասել, թե զորամասն ամբողջովին օտար էր մեզ, ճիշտ չէր լինի, մանավանդ որ մեր անուն-ազգանունները, որպես օրինակելի ծառայողների, հրամանատարությանը վաղուց հայտնի էին: Մեր ընկերների մեծ մասը դեռեւս Կալինինգրադում էր: Նիզամին նույնպես չէր երեւում: Հետաքրքրվեցինք նրա որպիսությամբ, Միշա Մաղաքելյանն էք պարզաբանեց, որ կալանատանը նստած է:

Ռիգայից վերադառնալուց հետո փոխգնդապետ Գերասիմովը նրան ավտոծառայությունում պատասխանատու աշխատանքի է նշանակել: Միշա Մաղաքելյանի պատմածի համաձայն՝ որոշ ժամանակ անց՝ մարտական տագնապի ընթացքում, մեքենաներից մի քանիսը չի հաջողվել գործարկել, ինչի պատճառով զորամասն «անբավարար» գնահատական է ստացել: Ծառայողական քննություն են անցկացրել ու պարզել, որ չաշխատած բոլոր մեքենաների մարտկոցները հին են ու ժամկետանց: Նիզամին եղած նորերը վաճառել է ու տեղը դրել հները: Անհետացել են նաև մեծ քանակությամբ պահեստամասեր: Զայրացած հրամանատարը իր երբեմնի սիրելի սերժանտին աստիճանազրկել է մինչև «շարքային» և ուղարկել կալանատուն:

-Էս տասը օրը նստեց, դուրս եկավ, էլի է նստելու, մինչև դեկտեմբերի վերջը Գերասիմովը նրան չի զորացրելու և պարբերաբար կալանատուն է ուղարկելու,-համոզված ասաց Միշան ու շարունակեց։ -Չես պատկերացնի, թե ինչ վիճակի մեջ էր Բատյան, երբ պարզվեց, որ այդ թալանը Նիզամիի ձեռքի գործն է, ջղայնությունից կատաղել-կապտել, դողում էր, քիչ էր մնում կաթված ստանա, ասում էր՝ չեմ ուզում հավատալ, որ այդ օձին ինքս եմ կրծքիս վրա տաքացրել:

Երբ Միշային հարցրի զորամասում տիրող մթնոլորտի մասին, ասաց.

-Հաջորդ օրը՝ նախաճաշից հետո, հանկարծ զորանոց մտավ Ֆյոդորովը՝ մայորի ուսադիրներով: Ինչ-ինչ, բայց երբեք չէի մտածի, որ կարող եմ նրան էլի հանդիպել, որովհետև բոլորս էլ գիտեինք, որ նա մեկնել է Մոնղոլիա: Մոտեցավ ու ջերմորեն ողջունեց, հետո թևը գցեց ուսս ու սկսեց մտերմորեն հարցուփորձ անել ընկերներից, Ռիգայի գործերից: Խոսեցինք դեսից-դենից, մոտ կես ժամ, այնուհետև նա անսպասելի ասաց.

-Դե լավ, տղե՛րք, այժմ ես պետք է զբաղվեմ իմ տեղափոխման հարցերով, բայց ձեզ մի առաջարկ ունեմ, այսօր զորամասում չճաշեք, ես կգամ ու միասին դուրս կգնանք, հրամանատարին ես կզգուշացնեմ,- և իսկույն լրացրեց,- հա՛, մի բան էլ, ուրիշ բան մտքներովդ չանցնի, ես եմ հրավիրողը:

Նրա պարզությունն ու անմիջականությունն ինձ համար նորություն չէր, բայց այս հանդիպումը և հյուրասիրության հրավերը միանգամայն անակնկալ էին:

Ժամը երկուսին շտաբի օրապահը մեզ` Ռիգայից եկածներիս կանչեց: Ֆյոդորովն ու Գերասիմովը շտաբի դռան մոտ կանգնած զրուցում էին: Երբ ներկայացանք, Գերասիմովը նախ հարցրեց, թե ինչպես ենք մեզ զգում, ապա դառնալով Ֆյոդորովին, ասաց.

-Դե, ի՞նչ, կարո՞ղ եք գնալ…

Սննդի կետը, ուր մտանք, ո՛չ ճաշարան էր, ո՛չ էլ ռեստորան, այլ այդ երկուսին բնորոշ բաղադրատարրեր պարունակող կասկածելի մի հաստատություն: Ֆյոդորովի պահանջով մեզ տեղավորեցին մի փոքր առանձին սրահում: Եկան մատուցողն ու շեֆ-խոհարարը: Առաջարկեցին երկու տեսակի առաջին` սուպ: Ֆյոդորովը դեմքը թթվեցրեց.

-Մենք հենց սուպից ենք փախել, դուք մեզ խոզի մսով կարտոֆիլ բերեք՝ յուղի մեջ դաղած, և եթե կարող եք հայերին զարմացնել` խորոված, միայն թե՝ կողոսկրի, որ համով լինի, նաև աղցաններ, թթու, հանքային ջուր, լիմոնադ և ամեն մեկիս մի-մի գավաթ գարեջուր:

Երբ աշխատողները գնացին պատվերը կատարելու, Ֆյոդորովը խոսքը շարունակեց.

-Ոնց որ տեսնում եք՝ խորտկարանի պայմանները էնքան էլ լավը չեն, ընդհանուր տեսքն էլ անհրապույր է, բայց վատ չեն սպասարկում: Ժամանակին էստեղ մի հայ է աշխատել, նրանից էլ սովորել են խորոված սարքել:

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Փոխգնդապետ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Հոգևոր-մշակութային


20/02/2014